Գլխավոր
Նորություններ
Մանկական մաշկաբանություն
18 ապրիլ 24
Մաշկի առողջությունը կարևոր է Եթե ձեր փոքրիկի մաշկին, մազերին, եղունգներին, ինչպես նաև լորձաթաղանթներին, արտասովոր երևույթներ եք նկատում` ցան, բշտիկներ, չորություն, թեփոտում, գույնի կամ ձևի փոփոխություն, մազաթափություն և այլն, անպայման դիմեք մանկական մաշկաբանի: «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանները պատրաստ են օգնել մաշկային ցանկացած խնդրի դեպքում: Երևան Մամիկոնյանց 30 015 400 300 և ներքին` 12 16 https://arabkirmc.am/hy/services/127
Պրոֆեսոր Պիյուշ Ջանին «Արաբկիր» ԲՀ-ում
17 ապրիլ 24
Անցած շաբաթ «Արաբկիր» բժշկական համալիրում էր Քեմբրիջի համալսարանական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության, պարանոցի և գլխի վիրաբուժության գծով խորհրդատու, վիրաբույժ, պրոֆեսոր Պիյուշ Ջանին: Ճանաչված պրոֆեսորը հանդես է եկել դասախոսությամբ` քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում ուռուցքային խնդիրների վերաբերյալ, ապա «Արաբկիրի» գործընկերների հետ քննարկել կլինիկական մի քանի դեպք և տվել խորհորդներ` ելնելով իր ակտիվ պրակտիկայից: Այցի վերջում Պիյուշ Ջանին հանդիպել է բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ: Պրոֆեսոր Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հարգարժան հյուրին` այցի համար, ներկայացրել եվրոպական, այդ թվում բրիտանական մի շարք կլինիկաների հետ համագործակցության «Արաբկիր» բժշկական համալիրի երկարամյա և արդյունավետ փորձը, նշել, որ ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներով առաջնորդվելն արաբկիրցիների սկզբունքներից է: Պիյուշ Ջանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ ինքն էլ շատ կարևորում է մասնագիտական մշտական զարգացումն ու փորձի փոխանակումը և հաջողություն մաղթել բժշկական համալիրի ողջ թիմին:
12-ամյա Ալբերտի լյարդի փոխպատվաստումը
16 ապրիլ 24
Երեխայի լյարդի փոխպատվաստման հերթական վիրահատությունն «Արաբկիր» բժշկական համալիրում բարեհաջող է անցել: Չնայած դեպքը բավական բարդ էր, քանի որ երեխան ուներ ստանդարտից դուրս հավելյալ զարկերակ, այնուամենայնիվ, հայ և բելառուս բժիշկների թիմին հաջողվել է 14 ժամ տևած վիրահատությունից հետո ստանալ լավ արդյունք: 12-ամյա տղան իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո` անցնելով հետվիրահատական խնամքի ոչ պակաս բարդ ճանապարհ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:   Ալբերտը, նրա ընտանիքն ու բժիշկները մեծ դժվարությունների առջև կկանգնեին, եթե չունենային Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի անգնահատելի աջակցությունը: Հիմնադրամը հանդիսանում է երեխաների լյարդի փոխպատվաստման մշտական հովանավորը` հատկացնելով վիրահատության համար անհրաժեշտ 14 մլն դրամ` ի հավելում պետության կողմից տրամադրվող 5մլն դրամ պետպատվերի գումարի: Այս անգամ, ելնելով ընտանիքի կարիքներից, հիմնադրամնն աննախադեպ որոշում է ընդունել` ֆինանսավորել նախավիրահատական թանկարժեք հետազոտությունների և դեղամիջոցների ձեռբերման ծախսերը ևս, որոնց մասին հաշվետվությունները Ալբերտին օգնության ձեռք մեկնած յուրաքանչյուր անհատ կկարողանա գտնել հիմնադրամի ֆեյսբուքյան էջում և կայքում:   Շնորհակալ ենք հիմնադրամին` նման մեծ աջակցության համար: Շնորհակալ ենք լյարդի փոխպատվաստման ամբողջ թիմին` գաստրոէնտերոլոգներ, վիրաբույժներ, այդ թվում` հեպատոբիլիար և ընդհանուր վիրաբույժներ, անոթային միկրովիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, ճառագայթային և լաբորատոր ախտորոշման մասնագետներ, իմունոսուպրեսիվ թերապիայի մասնագետներ, տրանսֆուզիոլոգներ, բուժքույրեր, ինժեներներ, տեխնիկներ, մայրապետներ, հերթապահ վարորդներ ու ադմինիստրատիվ աշխատակիցներ: Եվ, իհարկե, շնորհակալ ենք մեր բելառուս գործընկերիներին` ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"֊ից։   Առանց միահամուռ ջանքերի այս ամենն ավելի դժվար կլիներ:    ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии" #երեխաներիԼյարդիՓոխպատվաստում #ChildrenLivertransplantation #ТрансплантацияПечениДетям #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC #МинскийНПЦЬирургииТрансплатологииГематологии #ՀայաստանիԵրեխաներիԱռողջությանՀիմնադրամ #HFCArmenia
Մինսկի Գործընկերներն «Արաբկիր» ԲՀ-ում
15 ապրիլ 24
Համագործակցային հերթական այցով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Մինսկի Վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնի լյարդի փոխպատվաստման թիմը` պրոֆեսոր Օլեգ Ռումոյի գլխավորությամբ:   Հայ և բելառուս բժիշկները համատեղ մասնագիտական քննարկում են անցկացրել լյարդի ախտահարում ունեցող մի խումբ պացիենտների վերաբերյալ, ընդունել նախկինում լյարդի փոխպատվաստման վիրահատություն կրած երեխաներին, գնահատել նրանց ներկա վիճակը: Փոխպատվաստված օրգաններով պացիենտները դիսպանսեր հսկողություն են անցնում բժշկական համալիրի համապատասխան բաժանմունքում:   Բժիշկները մանրամասն քննարկել են նաև փոխպատվաստման նախապատրաստված հերթական պացիենտի հետազոտական տվյալներն ու կատարվելիք վիրահատության նրբությունները: Կոնսիլիումի հաջորդ օրն իրականացվել է 12-ամյա տղայի լյարդի փոխպատվաստում: Որպես դոնոր հանդես է եկել երեխայի մայրը:
Պարկինսոնիզմի վիրահատություն արթուն պայմաններում
11 ապրիլ 24
Ապրիլի 11-ը Պարկինսոնի հիվանդության համաշխարհային օրն է: Հիմնական նպատակը՝ բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունն այս խնդրի, դրա ախտանշանների, ախտորոշման և բուժման ձևերի մասին:   Հիմնականում վերջույթների դողով արտահայտվող այս հիվանդությունը բնորոշ է հատկապես 60 տարեկանին մոտ մարդկանց: Պարկինսոնիզմը վիճակ է, որն ազդում է մարդու կյանքի որակի վրա, և բժշկության արդի մեթոդների միջոցով այդ դողից ազատվելը վերադարձնում է պացիենտին կյանքի սովորական հուն՝ առանց ավելորդ դժվարությունների: News.am-ի տեսանյութը Պարկինսոնիզմի վիրահատական բուժման մասին է, որն արդեն հնարավոր է նաև Հայաստանում, «Արաբկիր» բժշկական համալիրում: Ընդ որում, հիմա արդեն մեր նյարդավիրաբույժներն այդ միջամտությունը կատարում են առանց ընդհանուր անզգայացման, երբ պացիենտն արթուն է և անմիջապես հնարավոր է գնահատել նրա ռեակցիաներն ու միջամտության ընթացքը: #ՊարկինսոնիՀիվանդությանՕր #Պարկինսոնիզմ #ՊարկինսոնիՀիվանդությանԲուժում #ՊարկինսոնիզմիՎիրահատականԲուժում #ԱրաբկիրԲՀ   Պարկինսոնի հիվանդության վիրահատկան բուժում` պացիենտի արթուն վիճակում ՏԵՔՍՏ------62–ամյա կինը, որը Պարկինսոնի հիվանդության պատճառով ուներ ձեռքի և ոտքի անկառավարելի դող և անկանոն շարժումներ, վիրահատությունից հետո հանգիստ քայլում է, և վերջույթներն այլևս չեն դողում։ Ավելի ճիշտ՝ ոտքի դողն անմիջապես անցնում է այն պահից սկսած, երբ բժիշկներին հաջողվում է էլեկտրոդը տեղադրել գլխուղեղի համապատասխան հատվածում , որի անոմալ ակտիվությունն էլ բերում էր ոտքի խնդրին։ ՏԵՔՍՏ------Կինը 9 տարուց ավելի է ունի Պարկինսոնի հիվանդություն։ Վերջին շրջանում հիվանդությունն ավելի էր զարգանում , և դեղորայքային բուժումն այլևս անօգուտ էր։ Առաջարկվեց կատարել գլխուղեղի խորանիստ կորիզների աբլյացիա։ Ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ գլխուղեղի խորանիստ հյուսվածքի համապատասխան հատվածում գերճշգրիտ եղանակով տեղադրվեց էլեկտրոդ, այնուհետև կատարվեց նշված կորիզի ստիմուլյացիա, և դողի վերացման ցանկալի արդյունքը տեսնելուց հետո ռադիոհաճախային ազդակներով կատարվեց նշված կենտրոնի աբլյացիա ։ ՍԻՆԽՐՈՆ-----Նիկո Արզումանյան-----Հիվանդը, ինչպես տեսաք վիրահատության ընթացքում արթուն էր, մեր հետ կոնտակտի մեջ էր, վիրահատության ընթացքում մենք վերահսկում էինք նրա համապատասխան ֆունկցիան անմիջապես մեր աբլյացիայի ընթացքում, որը իրենից ենթադրում է նշված կորիզների ռադիոհաճախային կոագուլյացիա։ Մենք տեսնում ենք մեր դրական արդյունքը, և հասկանում ենք, թե երբ պետք է կանգ առնել, որպեսզի չվնասենք շրջակա այլ հյուսվածքներ և չառաջացնենք նոր նյարդաբանական խանգարումներ։ Այս միջամտությունն ունի իր առավելությունը, քանի որ հիվանդը արթուն է, և մենք անմիջապես տեսնում ենք էֆեկտը, միջամտության դրական արդյունքը։ Հիվանդի դողը միանգամից պակասում է, և մենք վերահսկում ենք ընթացքը։ ՏԵՔՍՏ------ Վիրահատարանում աշխատում է նյարդավիրաբույժների, նյարդաբանների և անեսթեզիոլոգների թիմը: Վիրաբուժական միջամտությանը զուգահեռ հատուկ վերապատրաստված նյարդաբաններն ամբողջ ընթացքում հետևում են գլխուղեղի ստիմուլյացիային ի պատասխան պացիենտի վերջույթների ռեակցիաներին, վերահսկում նրա խոսքը և ուղեղային այլ ֆունկցիաներ: Վիրահատությունն ընթանում է ոչ թե ընդհանուր, այլ տեղային անզգայացումով: ՍԻՆԽՐՈՆ-----Նիկո Արզումանյան----- Չնայած այն հանգամանքին, որ միջամտությունն ընթանում է արթուն վիճակում և հիվանդը ընդհանուր անզգայացում չի ստանում, հիվանդի համար այն լուրջ դիսկոմֆորտ չի առաջացնում,քանի որ գլխի մաշկը նախապես տեղային անզգայացնողներով անզգայացվումէ և և գանգոսկրի վրա իրականացվում է շատ փոքրիկ անցք` համապատասխան գործիքների օգնությամբ, և հիվանդները երբեք չեն բողոքում նշված միջամտությունը արթուն իրականացնելուց: ՏԵՔՍՏ------Բժիշկը հավելում է, որ այս վիրահատությունը ցուցված է առավելապես ձեռքերի և ոտքերի անկառավարելի դողով Պարկինսոնի հիվանդություն և էսենցիալ դող ունեցող պացինետներին: Բայց կան որոշակի սահմանափակումներ, ոչ բոլոր հիվանդներին է այն առաջարկվում: Պարկինսոնի հիվանդության շատ բարդացած դեպքերում ցուցված է մեկ այլ միջամտություն՝ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա, որը ևս նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանն ու Նիկո Արզումայանը հաջողությամբ կատարում են «Արաբկիր» բժշկական համալիրում:  
Կոնֆերանս. մաշկաբանություն և ալերգոլոգիա
11 ապրիլ 24
«Մանկական մաշկաբանություն և ալերգոլոգիա. համընկնող և հակասական օղակներ» թեմայով միջմասնագիտական կոնֆերանս է տեղի ունեցել ապրիլի 6-ին, որին մասնակցել է շուրջ 130 մասնագետ Երևանից և մարզերից:   Բանախոսությամբ հանդես են եկել «Արաբկիր» բժշկական համալիրի և այլ բժշկական հաստատությունների մաշկաբաններ ու ալերգոլոգներ: Թեմաները նվիրված են եղել ատոպիկ մաշկաբորբին, դեղորայքային ալերգիաներին, սուր եղնջացանին, կոնտակտային մաշկաբորբին և ավելի հազվադեպ հանդիպող մաշկախտների:   Նախաձեռնությունը Մանկական մաշկաբանության հայկական ասոցիացիայինն էր, որը նախագահում է «Արաբկիր» ԲՀ մաշկաբանական ծառայության ղեկավար Արմինե Ադիլխանյանը:
Միզաքարերի լաբորատորիայի մասին
05 ապրիլ 24
Պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը` միզաքարերի և դրանց բաղադրությունը հետազոտելու կարևորության մասին` #OPENFamilyEducation-ի` ծնողներին ուղղված խորհուրդների շարքով:      
Աուտիզմի մասին
02 ապրիլ 24
Աուտիզմի օրվա առիթով լսեք մեր զարգացման մանկաբույժներ Իրինա Թովմասյանի և Նվարդ Տեր֊Ոսկանյանի խորհուրդները` #OpenFamilyEducation-ի շարքից։
Ապրիլի 2. աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր
02 ապրիլ 24
Ապրիլի 2. աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր   Այս օրը բժշկական օրացույցում առանձնացել է 2007թ-ից` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Նպատակը` խոսել և բարձրացնել հասարակության իմացությունը` աուտիզմ ունեցող մարդկանց, նրանց իրավունքների և հնարավորությունների մասին:   Այս տարի առաջին անգամ այդ մասին խոսելու են հենց իրենք` աուտիզմ ունեցող անհատներ, միջազգային ֆորումի ժամանակ ներկայացնելով իրենց փորձը` տարբեր տարածաշրջաններից: Օրվա կարգախոսն է` «Շարժվելով առաջ` գոյատևումից դեպի բարգավաճում»:   «Արաբկիր» բժշկական համալիրը աուտիզմ ունեցող երեխաների հարցերով զբաղվող առաջին կազմակերպություններից է մեր երկրում, եթե ոչ հենց ամենաառաջինը: Դեռ 90-ականների սկզբին մեր մասնագետները` «ԱրԲեՍ» առողջության կենտրոնից, վերապատրաստումներ են անցել ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում` մասնակից դառնալով մանկական վերականգնողաբանության, զարգացման մանկաբուժության և հարակից այլ ոլորտների ամենաթարմ ծրագրերով դասընթացների ու միջազգային գիտաժողովների և Հայաստան բերելով մասնագիտական այդ նորություններն ու այստեղ հիմք դնելով նոր ծառայությունների ստեղծմանը, այդ թվում և` աուտիզմի ախտորոշման, վերահսկողության ու երեխաների հետ մասնագիտացված թիմի աշխատանքի:   Կարևոր է հիշել, որ աուտիզմը, ինչպես և ցանկացած այլ խնդիր, կարող է պատահել ցանկացած մեկին, ոչ ոք ապահովագրված չէ, և տեղեկացված լինելն ու գրագետ քայլերով առաջ գնալը նման դեպքերում չափազանց կարևոր են:
ԴԻՆՈ մանկապարտեզ
28 մարտ 24
«Արաբկիր» բժշկական համալիրի համահիմնադրմամբ ստեղծվել է «ԴԻՆՈ» մանկապարտեզը «Դինոն» ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախադպրոցական կրթական ծրագրի իրականացման նպատակով լիցենզավորված մանկապարտեզ է, ունի 3 խումբ. մսուր` 1,5-3, միջին` 3-5, ավագ` 5-6 տարեկանների համար: Յուրաքանչյուր խումբ նախատեսված է 15 երեխայի համար: Աշխատանքային օրերն ու ժամերը` երկուշաբթիից ուրբաթ, 08:30-ից 18:00: Բացի հիմնական կերակուրներից` երեխաներն ամեն օր ունենում են նաև մրգային և բանջարեղենային դադար` «վիտամինների ժամ»: Քունը` ժամը 13:30-ից 15:30: «ԴԻՆՈ»-յում կրթական համալիր ծրագրերից զատ գործում են նաև այլընտրանքային ծրագրեր, որոնք անընդմեջ փոփոխվում և թարմացվում են` ժամանակի պահանջներին համապատասխան: Եթե ցանկանում եք, որ Ձեր փոքրիկի առօրյան լինի հագեցած և հետաքրքիր, ապա կարող եք դիմել #դինոմանկականզարգացմանկենտրոն: Մեզ մոտ Ձեր փոքրիկը կտիրապետի գրագետ և վարժ խոսքի, օտար լեզուների, տարրական թվաբանությանն ու թվի ճանաչմանը, էթիկայի կանոններին, ինչպես նաև հնարավորություն կունենա մասնակցելու երգի, պարի, կարատեի, ամառային դպրոցի, դասապատրաստման ծրագրերի: Երևան, Վահե Վահյան 2 [email protected] +374 98 342 702 և +374 95 557 163 https://www.facebook.com/profile.php?id=100078210485841
Մանուշակագույն օր
26 մարտ 24
Այսօր մարտի 26-ն է` Մանուշակագույն կամ էպիլեպսիայի մասին իրազեկման օրը: Այն առանձնացվել է էպիլեպսիա ունեցող 9-ամյա աղջնակի` Քեսիդի Մեգանի շնորհիվ, որը նամակ էր գրել մարդկանց` պատմելով էպիլեպսիայով ապրելու մասին և հորդորելով էպիլեպսիան ընկալել ոչ թե որպես դատավճիռ, այլ ընդամենը մի վիճակ, որի հետ կարելի է ապրել և որով կարելի է ապրել ճիշտ այնպես, ինչպես մյուսները: Աշխարհում 65 մլն մարդ էպիլեպսիա ունի: 50% դեպքերում պատճառներն անհայտ են լինում: Էպիլեպսիա կարող է ի հայտ գալ ցանկացած մեկի մոտ` անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բնակության վայրից ու սոցիալական կարգավիճակից: Հայաստանում էպիլեպսիա ունեցող երեխաների մեծ մասը բժշկական օգնություն և սպասարկում է ստանում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի բաժանմունքում, որին կից գործում է նաև դիսպանսեր վերահսկողության ծառայությունը: Մեր մասնագետների թիմն անում է ամեն հնարավորը հանուն պացիենտների` քայլելով ժամանակակից բժշկագիտությանը համընթաց և Հայաստան բերելով ոլորտի ախտորոշիչ, կոնսերվատիվ և վիրաբուժական նորությունները: Կարդացեք և հիշեք «Արաբկիր» ԲՀ նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Անի Գևորգյանի առանձնացրած մի քանի պարզ խորհուրդ. ինչ անել և չանել, եթե ականատես ենք լինում էպիլեպտիկ ցնցումների:
Մարտի 21. Դաունի համախտանիշի համաշխարհային օր
21 մարտ 24
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է   Բժշկական օրացույցում այս օրն առանձնացվել է 2011թ-ից` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Նպատակը` բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը Դաունի համախտանիշի մասին և բարձրաձայնել այդ համախտանիշն ունեցող մարդկանց իրավունքները: Այս տարի օրվա կարգախոսն է` «Վերջ դնել խարանին ու խտրականությանը»: Աշխարհի շատ երկներում Դաունի համախտանիշի օրվա առիթով իրականացվող ամենատարածված ֆլեշմոբը գունավոր գուլպաներով փողոց դուրս գալն ու կարծրատիպեր կոտրելն է` լինելով այնպիսին, ինչպիսին ոչ բոլորն են:   Օրվա ընտրությունը պատահական չի կատարվել` 21.03. բանն այն է, որ Դաունի համախտանիշի հիմքում մարդու 21-րդ քրոմոսոմի եռակի լինելն է. սովորաբար քրոմոսոմները լինում են երկու կրկնօրինակով, այս դեպքում դրանք երեքն են, ինչի հետևանքով քրոմոմոսոմների ընդհանուր թիվը ոչ թե 46 է լինում, այլ 47: Եվ հենց 47-րդ քրոմոսոմն էլ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց յուրօրինակ և ճանաչելի է դարձնում:   Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Դաունի համախտանիշով է ծնվում յուրաքանչյուր 1000 կամ 1100 երեխայից մեկը: Քանի որ այս համախտանիշը չի ճանաչում ազգություն, սեռ, մաշկի գույն, բնակության վայր կամ այլ տարբերակիչներ, հետևաբար ենթադրվում է, որ ԱՀԿ-ի նշած այդ թիվը տարածվում է բոլոր երկրների վրա, այդ թվում` Հայաստանի, որտեղ չկա հստակ վիճակագրություն Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց վերաբերյալ:   Մեր երկրում գործում են Դաունի համախտանիշ ունեցող երեխաների և մեծերի հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ, որոնք նպատակ ունեն նպաստել նրանց ներառմանը, կարողությունների զարգացմանն և իրավունքների պաշտպանությանը: Իսկ բժիշկները, նրանց մեջ և «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետները, իմանալով Դաունի համախտանիշի բժշկական կողմերը, օրինակ, հակվածություն սրտային, շնչառական, լսողական և մարսողական խնդիրների նկատմամաբ, Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց ուշադրության կենտրոնում են պահում` ելնելով հենց այս կետերից և, իհարկե, վերականգնողական աջակցությունից` զարգացնելով նրանց ֆիզիկական հմտությունները:   #ԴաունիՀամախտանիշիՀամաշխարհայիՕր #WorldDownSyndromeDay #ԱրաբկիրԲՀ #ArabkirMC
Ռենտգեն-տեխնիկ
20 մարտ 24
«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում ճառագայթային ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի: Մանրամասների համար զանգել 015 400 300 և ներքին` 11 75: Ինքնակենսագրականն ուղարկել [email protected] հասցեին:
Խորհուրդներ ծնողներին. ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուս
19 մարտ 24
Շարունակում ենք ներկայացնել մեր բժիշկների խորհուրդները ծնողներին` #OPENFamilyEducation -ի շրջանակում:   Լսեք մեր ամենափոքրիկների` մինչև մեկ տարեկանների բաժանմունքի բժիշկներից Սերինե Մաթևոսյանի խորհուրդները` ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուսի դեպքում ճիշտ գործողությունների մասին. ինչ կարելի է անել տանը, և ինչ` ոչ, ինչպես օգնել երեխային` հաղթահարելու վիրուսից առաջ եկած խնդիրները և երբ է, որ հարկավոր է շտապ դիմել բժշկի: https://www.facebook.com/reel/1055688485464345
Երիկամի առողջությունը բոլորի համար. սիմպոզիում
18 մարտ 24
Հանրային հեռուստաընկեությունը նույնպես անդրադարձել է Երիկամի համաշխարհային օրվա առիթով անցկացված սիմպոզիումին: Ինչու է այդքան կարևոր երիկամի առողջությունը, երիկամային հատկապես որ խնդիրներն են առավել տարածված և որոնք` հազվադեպ, որոնք են երիկամային խնդիրների հայտնաբերման ու բուժման ժամանակակից ձևրեը:  Մանրամասները` տեսանյութում:      Հեմոդիալիզից, երիկամի փոխպատվաստումից մինչև օնկոերիկամաբանություն: «Երիկամների առողջությունը բոլորի համար» սիմպոզիումին մասնակցում է 80-ից ավելի բժիշկ: Ներկայացվում են ոչ միայն զեկույցներ, վերլուծություններ, այլև` գործնականում հանդիպած բացառիկ դեպքեր:    Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, «Արաբկիր» ԲԿ Նեֆրոլոգիական ծառայության ղեկավար Աշոտ Սարգսյանն ասում է. - Թեմաների մեջ ընտրել ենք նրանք, որոնք չափազանց կարևոր են, որպեսզի մենք կարողանանք խորհրդակցել իրար հետ` բոլոր կլինիկաները տարբեր հիվանդությունների շուրջ: Օրինակ` երիկամաբանությունն ուռուցքաբանության մեջ, հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշը, էն հիվանդությունները, որոնք չափազանց տարածված են:   Հատված «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար Արա Բաբլոյանի խոսքից. - Երիկամաբանությունը բարդ, հետաքրքիր և շատ խորը մասնագիտություն և գիտություն է: Երբ որ ինչ-որ բան վերցնում ես, ժամ առաջ պիտի տաս, ազատվես, նոր բան վերցնես: Ուրեմն այս պռոցեսը այսօր մենք Ձեզ հետ միասին կանենք այս սիմպոզիումի ժամանակ:    Ինչպես ամբողջ աշխհարհում` Հայաստանում էլ, տարեց տարի երիկամային պաթոլոգիաներով բուժառուների թիվն աճում է: Հեմոդիալեզ ստացողները հազարից ավելին են, մինչդեռ երիկամի փոխպատվաստում իրականացվում է միայն ազգակից, հարազատ դոնորներից:   «Արաբկիր» ԲԿ Օրգան փոխպատվաստված պացիենտների դիսպանսեր բաժանմունքի վարիչ Միլենա Ոսկանյանն պատմում է. - Այսօր ամփոփելու ենք նաև Հայաստանում այս տարիների ընթացքում իրականացված երիկամի փոխպատվաստման արդյունքները, նվաճումները: 20 տարիների ընթացքում իրականացվել է 245 ազգակից դոնորներից երիկամի փոխպատվաստում, և ունենք զգալի նվաճումներ: Ունենք արդեն 4 երիկամ փոխպատվաստած կանայք երիտասարդ, որոնք ունեն ընդհանուր առմամբ 5 բալիկ: Բոլոր բալիկները և երիկամ փոխպատվաստված պացիենտներն առողջ են և շարունակում են վայելել իրենց կյանքը:   Սիմպոզիումին քննարկվում է նաև երիկամային հիվանդությունների առաջնային և երկրորդային պաթոլոգիաները:   ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյունաբանական և քիմիոթերապիայի կլինիկայի դիսպանսերային բաժանմունքի վարիչ Ներսես Ղահրամանյանը պատմում է. - Ներկայացնելու եմ մի հիվանդության ախտորոշման և բուժման մասին, որը կոչվում է AL Ամիլոիդոզ: Սա շատ հազվադեպ հանդիպող և բավականին ծանր ընթացքով հիվանդություն է: Տարեկան մի քանի դեպք է այս հիվանդությամբ ախտորոշվում: Բուժումը կազմված է քիմիոթերապեվտիկ դեղորայքներից և նաև իմունոթերապիայից: Նաև այս հիվանդներին ցուցված է ոսկրածուծի փոխպատվաստում:   Հանդիպմանն անդրադարձ է կատարվում նաև Հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշին, ներկայացվում է հայկական փորձը:   Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, «Արաբկիր» ԲԿ Նեֆրոլոգիական ծառայության ղեկավար Աշոտ Սարգսյանն ասում է. - Շատ տարածվեց Հայաստանում, բռնկում ունեցանք: Դա Հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշն է, որը երեխաների մոտ է շատ տարածված, բայց մենք տեսանք նաև մեծահասակների մոտ, և անգամ հղի կնոջ մոտ, որը վերջերս ծննդաբերեց երկարատև դիալիզ ստանալուց հետո, որը հաղթանակ է մեզ համար:   Երիկամային որոշ հիվանդություններ զարգացման շրջանում հիմնականում ախտանշաններով չեն ուղեկցվում: Դրանք հնարավոր է բացահայտել միայն պարբերական հետազոտություններով:
«Միր» TV-ն` Երիկամի համաշխարհային օրվա մասին
16 մարտ 24
«Միր» հեռուստաընկերությունը` Երիկամի համաշխարհային օրվան նվիրված սիմպոզիումի մասին Օրվա կարգախոսն էր` Երիկամի առողջությունը բոլորի համար. առաջնահերություն տալով խնամքին և բուժման հասանելիությանը: #WorldKidneyDay2024 #ԵրիկամիՀամաշխարհայինՕրը2024 #ArabkirMC #ԱրաբկիրԲՀ https://mir24.tv/.../vsemirnyi-den-pochki-v-erevane...      
news.am-ի անդրադարձը Երիկամի համաշխարհային օրվա սիմպոզիումին
15 մարտ 24
news.am-ի անդրադարձը Երիկամի համաշխարհային օրվա առիթով անցկացված սիմպոզիումին: Բժշկական օրացույցում նման օրեր առանձնացնելն առաջին հերթին հանրային իրազեկվածությունը բարձրացնելու, հիվանդությունների և դրանց կանխարգելման ճանապարհների մասին խոսելու նպատակ ունեն: Սիմպոզիումին հնչած ելույթներն առավելապես մասնագիտական էին, բայցև իրազեկող:   https://med.news.am/.../erikamayin-anbavararutyunn-aylevs... #WorldKidneyDay #ԵրիկամիՀամաշխարհայինՕր #ArabkirMC #ԱրաբկիրԲՀ Երիկամային անբավարարությունն այլևս դատավճիռ չէ. բուժման ի՞նչ մեթոդներ կան այսօր Հայաստանում և որո՞նք են հայտնվելու ապագայում   Ընդամենը 50 տարի առաջ երիկամային անբավարարությունը, ինչպես երիկամների այլ հիվանդությունների մեծ մասը, համարվում էր դատավճիռ: Այսօր արդեն Հայաստանում այս հիվանդություններով պացիենտների հետ  խոսում են ոչ թե կյանքի տևողության, այլ դրա որակը բարելավելու և յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար լավագույն բուժման մեթոդն ընտրելու մասին։   Հայաստանում նեֆրոլոգիայի և օնկոնեֆրոլոգիայի զարգացում, երիկամների հիվանդությունների բուժման աշխարհում կիրառվող մեթոդների ներդրում, այդ թվում՝ փոխպատվաստում. այս բոլոր թեմաները քննարկվեցին 2006 թվականից ամբողջ աշխարհում նշվող Երիկամների համաշխարհային օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում կազմակերպված սիմպոզիումի ժամանակ։   «Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգիայի, հեմոդիալիզի և երիկամների փոխպատվաստման կլինիկայի ղեկավար, դոկտոր պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ Երիկամների համաշխարհային օրվա նպատակն է ուշադրություն հրավիրել այս օրգանի հիվանդությունների վրա, որոնք այսօր շատ տարածված են ամբողջ աշխարհում: Սիմպոզիումի շրջանակներում քննարկման համար ընտրվել են թեմաներ, որոնք առավել արդիական են այսօր Հայաստանում։   Նեֆրոլոգիան Հայաստանում. «դատավճռից» մինչև հեմոդիալիզի ներդրում Մանկական ուրոլոգ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ անցյալ դարի 60-70-ական թվականներին ընդունված էր համարել, որ երիկամային անբավարարություն ունեցող անձը ապագա չունի։ Եվ այն տարիներին, ավաղ, սա ամենևին էլ թյուր կարծիք չէր, Հայաստանում իսկապես քիչ բան էր հնարավոր անել նման պացիենտների համար։   Թե որքան վատ էր ամեն ինչ, պարզ դարձավ Սպիտակ քաղաքի 1988-ի երկրաշարժից հետո. փլատակների տակից փրկվածներից շատերը հետագայում մահացան միայն հեմոդիալիզի սարքերի բացակայության պատճառով։   Ինչպես պարզաբանեց հեմոդիալիզի և երիկամների փոխպատվաստման բաժանմունքի վարիչ, նեֆրոլոգ Հելեն Նազարյանը, որոշ տուժածների մոտ, ովքեր ստիպված են եղել երկար ժամանակ անցկացնել փլատակների տակ, զարգացել է այսպես կոչված «Քրաշ սինդրոմ»`երկարատև ճզմման համախտանիշ, որն ուղեկցվում է երիկամային սուր անբավարարությամբ։ Այս մարդկանց երիկամների ֆունկցիաները կվերականգնվեն, և ապագայում նրանք կվերադառնան բնականոն կյանքին, եթե կարողանաք նրանց անհրաժեշտ ժամանակ (երբեմն մինչև 40 օր) պահել հեմոդիալիզի վրա: Սակայն առանց դիալիզի այդ հիվանդները սովորաբար մահանում էին։ Եվ սա հենց այն ճակատագիրն էր, որը սպասվում էր երկրաշարժից հետո բազմաթիվ տուժածների։ Իհարկե, այդ տարիներին միջազգային հանրությունը երկրին ցուցաբերում էր հնարավոր բոլոր օգնությունները, բայց դեռևս չկար բավարար քանակությամբ դիալիզի ապարատներ։   Երկրաշարժից հետո, ինչպես նշեց բժիշկ Նազարյանը, սկսեցին Հայաստան բերել հեմոդիալիզի մեքենաներ, տարբեր հիվանդանոցներում բացվեցին համապատասխան բաժանմունքներ, վերապատրաստվեցին բժիշկներ ու բուժքույրական անձնակազմ։ Այսօր ամբողջ հանրապետությունում գործում է հեմոդիալիզի 16 բաժանմունք և բոլորը հագեցած են լավ սարքավորումներով։   Փոխպատվաստում. նոր հույս և կյանքի նոր որակ Հեմոդիալիզը, իհարկե, կարող է մարդուն փրկել հնարավոր մահից` երիկամային անբավարարության ժամանակ: Բայց եթե պացիենտը պետք է այս պրոցեդուրան անցնի 15-20 տարի, շաբաթը երեք անգամ, դա կարող է որոշակի դժվարություններ ստեղծել և բացասաբար անդրադառնալ նրա կյանքի որակի վրա։ Իսկ եթե պացիենտը երեխա է, ապա մշտական ​​դիալիզը, ինչպես նշեց բժիշկ Նազարյանը, կարող է ազդել նրա աճի ու զարգացման վրա։ Նման պացիենտների համար խնդրի լուծում կարող է լինել երիկամի փոխպատվաստումը, որը նրանց ավելի լիարժեք կյանք կապահովի։   Հայաստանում երիկամի փոխպատվաստման առաջին վիրահատությունները պրոֆեսոր Բաբլոյանի խոսքով, կատարվել են դեռևս 1970-ականներին։ Այն ժամանակ դրանք միայն առանձին վիրահատություններ էին, սակայն 1991 թվականից հետո նման վիրահատություններ սկսեցին շատ ավելի հաճախակի լինել։ Մինչև 1994 թվականը Հայաստանում կատարվել է դիակային դոնորների երիկամների մոտ 20 փոխպատվաստում. երիկամները, ինչպես բժիշկ Նազարյանն է հիշում, բերում էին Լենինգրադից (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ): Խորհրդային Միության փլուզումից հետո ի հայտ են եկել որոշակի դժվարություններ, և հաջորդ մի քանի տարիների ընթացքում երկրում փոխպատվաստումներ չեն իրականացվել։ Սակայն 1999 թվականին պրոֆեսոր Բաբլոյանը կատարել է ևս 2 փոխպատվաստում, իսկ 2002 թվականից՝ օրգանների փոխպատվաստման մասին օրենքի ընդունումից հետո, նման վիրահատություններ սկսել են ավելի կանոնավոր կերպով իրականացվել։   Ինչպես նշեց Հելեն Նազարյանը, 2002 թվականից մինչ օրս Հայաստանում իրականացվել է երիկամի 245 փոխպատվաստում` ոչ մահացած, ողջ դոնորներից։   Հաջորդ քայլերը՝ դիակային դոնորներ և արհեստական ​​օրգաններ Այսօր հանրապետությունում տարեկան մինչև 22 երիկամի փոխպատվաստում է իրականացվում։ Այնուամենայնիվ, հեմոդիալիզ ստացող շատ ավելի շատ պացիենտներ կան, որոնք փոխպատվաստման կարիք ունեն, այս պահին` մոտ 1200-ը: Նրանցից շատերի համար դոնորներ չեն գտնվել: Այնուամենայնիվ, երկրում դիակային դոնորության զարգացումը կարող է արմատապես փոխել այդ պացիենտներից առնվազն մի քանիսի կյանքը:   Ինչպես նշեց բժիշկ Նազարյանը, Հայաստանում ներկայումս չկան դիակային օրգանների և հյուսվածքների նվիրատվության օրենսդրական խոչընդոտներ, սակայն կան որոշ խնդիրներ՝ կապված ինչպես բնակչության, այնպես էլ բուժանձնակազմի մտածելակերպի հետ։ Բայց եթե մենք հաղթահարենք դրանք և դեռ սկսենք փոխպատվաստել ուղեղային մահվամբ մարդկանց օրգանները, դա կարող է փրկել երիկամների լուրջ հիվանդությամբ շատ պացիենտների կյանքեր:   Աշոտ Սարգսյանի խոսքով, տեսանելի ապագայում ցանկալի կլինի լուծել նաև փոխպատվաստման հետ կապված որոշ խնդիրներ՝ ինչպես կենդանի, այնպես էլ դիակային դոնորներից։ Խոսքն, առաջին հերթին, փոխպատվաստված օրգանը «մերժելու» մասին է, երբ ռեցիպիենտի օրգանիզմը չի ընդունում դոնորական օրգանը, արտամտղում է այն. դա կանխելու համար այսօր օգտագործվում են իմունոսուպրեսանտներ, որոնք, սակայն, ունեն բազմաթիվ անցանկալի կողմնակի ազդեցություններ։ Եթե ​​կարելի լինի գենային ինժեներիայի կամ այլ մեթոդների միջոցով ճանապարհ գտնել` ռեցիպիենտի օրգանիզմը փոխպատվաստված օրգանի նկատմամբ «հանդուրժող» դարձնելու համար, որպեսզի իմունոսուպրեսիա չպահանջվի, սա կլինի երիկամների հիվանդության բուժման հաջորդ կարևոր քայլը: Այս ուղղությամբ աշխատանքներ արդեն ընթանում են, և ամբողջ աշխարհում բազմաթիվ բժիշկներ և պացիենտներ սպասում են դրանց արդյունքներին։   Սակայն մասնագետները պատկերացում չունեն, թե երբ կհայտնվեն փոխպատվաստման համար նախատեսված արհեստական ​​կամ 3D տպիչով օրգանները: Երիկամը, ըստ բժիշկ Սարգսյանի, շատ բարդ ու «խելացի» օրգան է, և դրա արհեստական ​​կրկնօրինակը ստեղծելը շատ դժվար կլինի։ Չնայած նա չի բացառում, որ ապագայում մի օր դա հնարավոր կլինի։ Հնարավոր է նաև, որ ապագայում լինի քսենոտրանսպլանտացիա՝ կենդանիներից օրգանների փոխպատվաստման հնարավորություն։ Բայց սրա համար նույնպես գիտնականները ստիպված կլինեն երկար ու դժվարին ճանապարհ անցնել։  
Երիկամի համաշխարհային օր. սիմպոզիում
14 մարտ 24
Ավարտվեց Երիկամի համաշխարհային օրվան նվիրված սիմպոզիումը՝ 80-ից ավել բժիշկների մասնակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկան պրոֆեսոր Արա Բաբլոյանն ու պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը: Սիմպոզիումի գիտական մասում ներկայացվեցին օնկոերիկամաբանությանը, ինչպես նաև հեմորագիկ ուրեմիկ համախտանիշին, հեմոդիալիզին ու երիկամի փոխպատվաստմանն առնչվող թեմաներ, յուրօրինակ և հազվագյուտ դեպքեր: Բանախոսները ներկայացնում էին «Արաբկիր» բժշկական համալիրը, «Միքայելյան» համալսարանան հիվանդանոցը, Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և Աստղիկ բժշկական կենտրոնը: Սիմպոզիումը կազմակերպել էին «Արաբկիր» բժշկական համալիրը, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան, Հայ երիկամաբանների, հեմոդիալիզի բժիշկների և տրանսպլանտոլոգների ասոցիացիան` Նեֆրոլոգների միջազգային միության աջակցությամբ:
Մարտի 14-ը երիկամի համաշխարհային օրն է
14 մարտ 24
  Երիկամները բարդ և զարմանալի օրգաններ են, կամ ինչպես ընդունված է ասել բժշկական գրականության մեջ` զույգ օրգան` յուրաքանչյուրը` մեր մի բռունցքի չափ, տեղադրված որովայնի խորքում, կողոսկրի տակ: Դրանք կատարում են բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ մեզ առողջ պահելու համար: Այդ գործառույթներից ամենահիմնականը արյունը տոքսիններից մաքրելն ու ավելորդ ջրից ազատելն է: Երիկամներն օգնում են նաև վերահսկել մեր արյան ճնշումը, արտադրել արյան կարմիր բջիջներ և պահպանել ոսկրերի առողջությունը` վերահսկելով արյան մեջ բազմաթիվ հանքային նյութերի և տարրերի, ներառյալ նատրիումի և կալիումի, մակարդակը, արյան թթվահիմնային և օրգանիզմի ջրաաղային հավասարակշռությունը:   Երիկամի համաշխարհային օրվա առիթով այսօր ժամը 15:00 «Արաբկիր» ԲՀ կոնֆերանսերի դահլիճում տեղի կունենա սիմպոզիում` Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Հայ երիկամաբանների, հեմոդիալիզի բժիշկների և տրանսպլանտոլոգների ասոցիացիայի հետ համատեղ ջանքերով և Նեֆրոլոգների միջազգային միության աջակցությամբ:
Զեղչ մինչև 30 %
08 մարտ 24
Գարնանային տոների առիթով «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ լաբորատորիան առաջարկում է զեղչեր վիտամին D3-ի և վահանաձև գեղձի նշված հորմոնների հետազոտությունների համար. վիտամին D3 - 7 000 դրամ` 10 000-ի փոխարեն թիրեոիդ խթանող հորմոն (TSH) - 3 500դրամ` 4 500-ի փոխարեն հակապերօքսիդազային հակամարմիններ (Anti TPO) - 4 900դրամ` 5 500-ի փոխարեն թիրեոգլոբուլինային հակամարմիններ (Anti TG) - 4 900դրամ` 5 500-ի փոխարեն ազատ թիրօքսին (FT4) - 3 500դրամ` 4 500-ի փոխարեն տրիյոդթիրոնին (T3) - 3 600դրամ` 4 500-ի փոխարեն Հետազոտվեք մարտի 8-ից ապրիլի 7-ը` մինչև 30% զեղչված գներով: Առողջ եղեք: Երևան, Մամիկոնյանց 30, 015 400 300 և ներքին` 11 36 [email protected]
Շնորհավոր Մարտի 8
08 մարտ 24
Սիրելի մայրեր, կանայք, քույրեր, աղջիկներ և գործընկերուհիներ,   տոները պարզապես առիթ են՝ բարձրաձայնելու մեր մեջ եղած մշտարթուն, հավերժական ու անսպառ սերը: Առողջություն, խաղաղություն ու գարնանային տրամադրություն ենք մաղթում: Շնորհակալություն մեզ կյանք պարգևելու, մեր աշխարհն ավելի սիրուն դարձնելու և, իհարկե, մեր և մեր փոքրիկների առողջությունը ձեր նվիրյալ աշխատանքով պահելու համար:
Սիմպոզիում
07 մարտ 24
Մարտի 14. Երիկամի համաշխարհային օր Առողջապահության համաշխարհային կազմակերպության` օրվան նվիրված այս տարվա կարգախոսն է` Երիկամի առողջություն բոլորի համար Առաջնահերթություն տալով խնամքին և բուժման հասանելիությանը: Օրվա առիթով աշխարհի շատ երկրների բժշկական և հասարակական համայնքներ տարբեր միջոցառումներ են անցկացնում, որոնց հիմնական նպատակը երիկամների և դրանց առողջության պահպանության մասին իրազեկվածության բարձրացումն է: «Արաբկիր» բժշկական համալիրը, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան, Հայ երիկամաբանների, հեմոդիալիզի բժիշկների և տրանսպլանտոլոգների ասոցիացիան` Նեֆրոլոգների միջազգային միության աջակցությամբ, նույնպես միանում են այդ նպատակին և հրավիրում երիկամաբաններին, հեմոդիալիզի մասնագետներին և մյուս բոլոր ցանկացողներին` մասնակցելու «Երիկամի համաշխարհային օր» սիմպոզիումին` մարտի 14-ին, ժամը 15:30, բժշկական համալիրի կոնֆերանսների դահլիճում: Հասցեն` Մամիկոնյանց 30: Ողջույնի խոսքով հանդես կգան պրոֆեսորներ Արա Բաբլոյանը և Աշոտ Սարգսյանը: Թիրախային լսարանը` մեծահասակների և մանկական երիկամաբաններ, հեմոդիալիզի բժիշկներ, տրանսպլանտոլոգներ: Հարցերի դեպքում գրել [email protected] կամ [email protected] հասցեներին:   
Հարցրու բժշկին. լսողություն
03 մարտ 24
Լսողության համաշխարհային օրվա առիթով news.am-ի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի սուրդոլոգ Նելլի Մոսեսովան. ինչպե՞ս կարող են ծնողները հասկանալ, որ նորածին երեխան լսողության խնդիր ունի, ի՞նչ է լսողության նորածնային սկրինինգը, երբվանի՞ց է այն իրականացվում Հայաստանում և ի՞նչ արդյունքներ կան, որո՞նք են ի ծնե և ձեռբերովի ծանրալսության և խլության պատճառները, ծանրալսության և խլության բուժման ի՞նչ եղանակներ կան, սկրինինգի և խխունջային ներպատվաստման շնորհիվ կհասնե՞նք նրան, որ այլևս ժեստերի լեզվի կարիք չի լինի:   Ինչպե՞ս կարող են ծնողները հասկանալ, որ նորածինը լսողության խնդիր ունի: Երեխայի զարգացման առաջին տարիներին իհարկե շատ բարդ է գուշակել կա՞ ինչ-որ խնդիր լսողության հետ, թե` ոչ: Չնայած կան հստակ կետեր, որոնք երեխան պետք է կատարի իր զարգացման տարբեր փուլերում: Օրինակ` 1 ամսեկան երեխայից մենք առանձնապես ձայնին ռեակցիաներ չենք սպասում: Միայն մոտիկից հնչած` կտրուկ ու բարձր, ձայնին կարող ենք տեսնել կամ հայացքի կենտրոնացում կամ թեթև թափահարում: 3 ամսեկանին մոտ երեխաներն արդեն շատ ավելի լավ արձագանքում են մարդու ձայներին: Մոր ձայնն են սկսում ճանաչել: Նույնիսկ չտեսնելով մայրիկին նրանք ժպտում են, ուրախանում են: 6 ամսեկանին մոտ արդեն հայտնվում է բլբլոցը, կարողանում է հստակ հասկանալ` ձայնի աղբյուրը որ կողմից է, հետևում է ձայնի աղբյուրին: 1 տարեկանին մոտ մենք արդեն ակնկալում ենք երեխայից առաջին բառերը: Իհարկե, սրանք կարևոր են, բայց շատ ավելի ճշգրիտ կլինի կատարել գործիքային հետազոտություն: Հենց դրա պատճառով Հայաստանի ծննդատներում երեխայի ծնվելիս առաջին օրերին կատարվում է երեխայի լսողական սկրինինգ:   Ի՞նչ է լսողության նորածնային սկրինինգը:  Լսողության նորածնային սկրինինգը դա նորածինների լսողության զանգվածային հետազոտություն է: Այն կատարվում է փուլային: Առաջին փուլը կատարվում է ծննդատանը` երեխայի ծնվելու առաջին օրերին, մինչև դուրսգրումը: Եթե առաջանում է լսողության իջեցման կասկած, ապա հետազոտությունը պետք է կրկնվի: Կրկնվում է երեխայի մինչ 2 ամսեկանը: Նորից կասկած առաջանալու դեպքում արդեն կատարվում է լիարժեք աուդիոլոգիական հետազոտություն, երբ որ շատ ավելի դժվար մեթոդներ են օգտագործվում և ստուգում է լսողությունը, մենք կարողանում ենք արդեն հստակ պատկերացնել` կա՞ լսողության իջեցում, թե` ոչ, և եթե կա` ինչքա՞ն է լսողության իջեցումը:   Երբվանի՞ց է այն իրականացվում Հայաստանում և ի՞նչ արդյունքներ կան: Լսողության նորածնային սքրինինգը Հայաստանում իրականացվում է 2008 թվականի հուլիսից: Այն ժամանակ իրականացվում էր միայն 4 ծննդատներում, բայց 2018 թվականից ի վեր գրեթե բոլոր ծննդատները Հայաստանում ունեն հնարավորություն կատարել լսողական սկրինինգ: Ստացված արդյունքերը համապատասխանում են միջազգային տվյալներին: Մոտավորապես հազարին  մեկ երեխա է ծնվում լսողության իջեցումով:   Որո՞նք են ի ծնե ծանրալսության և խլության պատճառները: Ի ծնե ծանրալսության զարգացման պատճառները շատ տարբեր են: Սովորաբար լինում է մի անգամից ոչ թե մեկ պատճառ, այլ` մի քանիսը: Ամենահաճախ հանդիպող լսողության իջեցման պատճառը համարվում է ժառանգականությունը: 30-50% դեպքերում հենց ժառանգություն է բերում լսողության իջեցման: Իդեպ պետք է նշել, որ, չնայած, մենք կոչում ենք այն ժառանգական, բայց ոչ պարտադիր պայման է, որ ծնողներն ունենան նույն խնդիրը:Սովորաբար` 80% դեպքերում, վատ լսող երեխաները ծնվում են առողջ ծնողներից: Մյուս պատճառը դա հղիության պաթոլոգիկ ընթացքն է: Այն ամենն, ինչը կարող է բերել բնականոն հղիության խաթարմանը, նույն ազդակներն ազդում են նաև լսողության զարգացման վրա: Կարող ենք նշել, որ մեծ խումբ են կազմում մոր հղության ընթացքում կրած ինֆեկցիոն հիվանդությունները: Որոշ դեղամիջոցներ հղիության ընթացքում օգտագործելուց հետո կարող է զարգանալ ծանրալսություն, նաև վաղաժամ ծննդաբերությունից և նույնիսկ երբ որ 42 շաբաթն է անցնում` ուշ ծննդաբերությունից: Նաև ծննդաբերական տրավմաների հետևանքով կարող է զարգանալ ծանրալսություն, մոր վնասակար սովորությունից, մոր սոմատիկ հիվանդություններից, ինչպիսին են դիաբետը, արյան որոշ հիվանդություններ` անեմիան, այն ամենն, ինչ բերում է երեխայի սնուցման խանգարմանը, բերում է նաև լսողության իջեցմանը:   Որո՞նք են ձեռքբերովի ծանրալսության և խլության պատճառները: Ձեռքբերովի ծանրալսության հիմնական պատճառներն են ինֆեկցիոն հիվանդությունները: Առաջին տեղերում են կարմրուկ, Քովիդ`վերջին տարիներին, նույնիսկ սովորական սուր շնչառական վարակները կարող են բերել լսողության իջեցման, որոշ դեղամիջոցներ` քիմիոթերապիայի, տուբերկուլոզի բուժման ընթացքում օգտագործած: Կարող են լինել տրավմաներ` գանգուղեղային, որոնք նույնպես կարող են բերել լսողության իջեցման: Մի քիչ ավելի մեծ տարիքում միանում են նաև աղմուկից առաջացած լսողության իջեցման դեպքերը, որոնք մեր ժամանակներում բավականին մեծ տոկոս են կազմում, որովհետև հիմա բոլորը կրում են ականջակալներ, լսում են բարձր երաժշտություն: Այդ ամենը կարող է բերել լսողության իջեցմանը:   Ծանրալսության և խուլության բուժման ի՞նչ եղանակներ կան: Ծանրալսությունը բուժվում է սուր առաջացման առաջին 5 օրվա ընթացքում: Նույնիսկ 2 շաբաթ հետո արդեն բուժման բոլոր միջոցառումներն առանձնապես արդյունավետ չեն: Դրա համար խորհուրդ է տրվում, եթե դուք նկատել եք լսողության կտուկ նվազում, մի անգամից դիմել բժիշկի, որովհետև այդ ժամանակ ամեն րոպեն, ամեն ժամը շատ կարևոր են: Մյուս հնարավորությունն արդեն ոչ թե բուժել, այլ` կոմպենսացնել այն, ինչ մենք կորցրել ենք: Մենք կոմպենսացնում ենք լսողության իջեցումը լսողական սարքերով, իսկ եթե դրանք անարդյունավետ են, այդպես էլ է լինում շատ ժամանակ, այդ դեպքում արդեն դիմում ենք վիրաբուժական մեթոդներին և կատարվում է կոխլյառ իմպլանտացիա:   Հնարավո՞ր է հասնել նրան, որ խուլ ու համրերի հատուկ լեզվի կարիք այլևս չլինի: Այս պահին չնայած տեխնոլոգիաների զարգացմանը և նրան, որ մենք հիանալի լսողական սարքեր ունենք ու հնարավորություն ունենք կոխլյառ իմպլանտացիայի, կենտրոնական իմպլանտի տեղադրման, սակայն լինում են դեպքեր, երբ այդ ամենն անարդյունավետ է, և դեռ ժեստերի լեզուն ու այդ հնարավորությունը` շփվել ուրիշ մարդկանց հետ ուրիշ միջոցներով, պարզապես ժեստերով շատ կարևոր է որոշ երեխաների և մեծերի համար: Ինձ թվում է, իհարկե շատ արագ է ամեն ինչը զարգանում, հուսանք, որ մոտակա ժամանակները մարդիկ կկարողանան հասնել արդեն դրան, որ բոլոր հնարավոր դեպքերում կկարողանան զարգացնել թե խոսքը թե լսողությունը:
Հայաստան. լսողության աջակցություն
03 մարտ 24
Այսօր մարտի 3-ն է՝ լսողության համաշխարհային օրը: Սա առիթ է մեկ անգամ ևս խոսելու լսողության զգայարանի, դրա խնամքի կարևորության մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա ուղերձն է՝ լսողական աջակցություն բոլորին. սա նշանակում է, որ լսողության խանգարումներն ուշադրության կենտրոնում պետք է լինեն մարդու ամբողջ կյանքի ընթացքում՝ նորածնային շրջանից մինչև ծերություն: Օրվա առիթով առաջարկում ենք դիտել «Հայաստան. լսողության աջակցություն» ծրագրի վերջին առաքելության մասին պատմող տեսանյութը: Ծրագիրը նախաձեռնել է լոսանջելեսաբնակ Հայկուհի և Արմեն Կավուկչյանների ընտանիքը, հայաստանյան գործընկերն է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը: Սկսած 2017թ-ից այս ծրագրով լսողական սարքեր են ստացել հազարավոր մարդիկ, նրանցից մի քանի հարյուրը՝ մեծամասնությամբ 44-օրյա պատերազմի մասնակիցներ, բարձրակարգ թվային լսողական սարքեր:  
Մարտի 3. Լսողության համաշխարհային օրը
03 մարտ 24
Լսողության համաշխարհային օրվան ընդառաջ Հանրային հեռուսատընկերության լրատվականի թիմը հյուրընկալվել է «Արաբկիր» բժշկական համալիրի Խոսքի զարգացման կենտրոնում, որտեղ տարեկան լսողական խանգարումներ ունեցող 40 երեխա է հաճախում՝ շաբաթական 4 անգամ:   Սուրդոլոգիական ծառայության թիմի՝ բժիշկների, աուդիոմետրիստների, սուրդոթերապիստների, արտթերապիստների, հոգեբանների, և իհարկե, ծնողների նվիրյալ աշխատանքի արդյունքում երեխաները խոսել են սովորում և հաճախում հանրակրթական դպրոցներ:   - Քո անու՞նը... - Նարեկ: - Քանի՞ տարեկան ես: - Յոթ: Չորորդ աստիճանի բնածին ծանրալսությամբ Նարեկն առաջին դասարանում է սովորում: Արաբկիր բժշկական համալիրի խոսքի զարգացման կենտրոնում է ստուգելու իր գրանցած առաջընթացը:   Նարեկի մայր Սյուզաննա Հարությունյանը պատմում է. - 4.5 տարեկանում ունեցանք առաջին բառերը` մամա, պապա մեկ էլ ամի, ատաչ` կարմիր, կանաչ գույները որպես էդպիսին: Արդեն մեկ տարի հետո ընկեր Ռոզայի ցուցումով ես օրագիր պահեցի, որտեղ նշում էի բառերը հերթականությամբ: Պատահմամբ հաջորդ տարի նույն ամսաթվին բացում եմ լրացնելու ու տեսնում եմ` արդեն 270 ավել բառ ունենք:   Լսողության պահպանման միջազգային օրը կենտրոնում շատ հյուրեր կան: Նախկին սաներն են եկել` անձամբ շնորհակալություն ասելու: 7 ամյա Մարիամն արտասանում է: Արդեն որոշել է, բժիշկ է դառնալու` ատամնաբույժ: Ոչինչ չի էլ հուշում, որ փոքրիկը ժամանակին լսողության կամ խոսքի խնդիր է ունեցել:   Սուրդոթերապևտ Մարինե Գրիգորյանը պատմում է. - Ավելի ուշ է ախտորոշվել Մարիամիկը, ունեցել է որոշակի խոսքային տվյալներ, պրոթեզավորվել է և արդեն աշխատել ենք խոսքի որակի լավացման վրա:    Վաղ ախտորոշումը և միջամտությունները նպաստում են խնդիրների արագ հաղթահարմանն ու սոցիալիզացիային:   Սուրդոթերապևտ Մարինե Գրիգորյանը պատմում է. - Վառ օրինակ է վաղ միջամտության, երբ որ երեխան ժամանակին ստուգվել է, հայտնաբերվել է, ախտորոշվել է, պրոթեզավորվել է և ուղղորդվել է պարապմունքների:   Աշխատանքների շնորհիվ Աննան ունի խոսքի այնպիսի զարգացում ինչպիսին իր հասակակիցները: Խնդիրների վաղ հայտնաբերումն ու համապատասխան միջոցառումները հիմնական գործոններն են, որոնք կարող են նվազեցնել ծանրալսության ազդեցությունը երեխայի զարգացման վրա:   Բժիշկ-սուրդոլոգ Նելլի Մովսեսովան պատմում է. - ԱՀԿ-ի տվյալներով բնակչության 5% ունի լսողության տարբեր խնդիրներ: Երեխաների մոտ էլ դա ահագին շատ է հանդիպում: Նույնիսկ նոր ծնված երեխաների մոտ համարվում է ամենահաճախ պատահող պոթոլոգիաներից մեկն է: Հանդիպում է հազարից մեկ հոգու մոտ միջինում:   30-50% դեպքերում համարվում է, որ լսողության կորուստն ունի ժառանգական բնույթ, բայց կարող են լսողական խնդիրներով երեխաներ ծնվել նաև առողջ ծնողներից:    Բժիշկ-սուրդոլոգ Նելլի Մովսեսովան պատմում է. - Տարբեր են պատճառները, ինչից հետո կարող է լինել լսողության իջեցում: Մեծ մաս դեպքերում լսողության իջեցումը կարող է լինել որպես հետևանք սուր-շնչառական վարակներից հետո կամ տարբեր, ուրիշ հիվանդություններից հետո ու մեծ մաս դեպքերում կրում է ժամանակավոր բնույթ:   Նորածինների լսողության սքրինինգի ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականին, իսկ 2018 թվականից այն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Ժամանակակից բժշկությունը տալիս է բոլոր հնարավորությունները երեխաների լսողությունը լավացնելու համար: Եթե ուզում եք աշխարհին կապող լսողական զգայարանը չկորցնել` հետևեք Ձեր առողջությանը:
Կյանք` փոխպատվաստված սրտով
01 մարտ 24
«ՄԻՐ» հեռուստաընկերության «24» լրատվականի անդրադարձը օրգանների փոխպատվաստման թեմային` փոխպատվաստված սրտով Եղիշե Խաչատրյանի օրինակով: Եղիշեն վիրահատվել է Մինսկում, վերահսկվում է «Արաբկիր» բժշկական համալիրի փոխպատվաստված օրգաններով պացիենտների դիսպանսեր ծառայությունում: Ասում է` 13 տարի առաջ երկրորդ անգամ է ծնվել, սրտի փոխպատվաստումն իր կյանքի երկրորդ շանսն էր:     Պատմում է Միր հեռուստաընկերության հայաստանյան թղթակից Արմեն Օսիպյանը: - Լաբորատոր հետազոտություններ անցնելուց հետո այցելություն սրտաբանին, ինքնազգացողության մասին զրույց, սրտի ուլտրաձայնային հետազոտություն,  ԷՍԳ և այլն երեք ամիսը մեկ։ Եղիշե Խաչատրյանը յուրահատուկ պացիենտ է՝ միակ մարդը Հայաստանում, որ ենթարկվել է սրտի փոխպատվաստման։ Բժշկուհին ասում է. - Եղիշեի վիճակը կայուն է։ Նա պատասխանատու է, ժամանակին գալիս է հետազոտությունների և դեղորայք ընդունում, հետևում է բոլոր խորհուրդներին: Ոչ մի վատ սովորություն չունի: Պետք է սնվել առողջարար մթերքներով, որոնք նվազեցնում են խոլեստերինը, հաճախ քայլեք մաքուր օդին և լինել ֆիզիկապես ակտիվ:   Թղթակիցը պատմում է. - 2004թ.-ին Եղիշե Խաչատրյանի մոտ սրտի խնդիր է առաջացել՝ կրծքավանդակի ցավ, թուլություն, օդի պակաս: Հետազոտությունները ցույց են տվել, որ նա սրտի կաթված է ստացել։ Երկրորդը կաթվածը պատահեց 4 տարի անց, սակայն սրտաբանական հիվանդանոցներում բուժվելուց հետո վիճակը չի բարելավվել։ Բժիշկների բազմաթիվ այցելություններից հետո պարզ դարձավ, որ սիրտն ու անոթներն այնքան են վնասվել, որ նույնիսկ ստենտավորումը կամ շունտավորումը չեն օգնի։ Անհրաժեշտ էր սրտի փոխպատվաստում, որը Հայաստանում չի արվում։ Եղիշեն հիշում է. - 2012 թվականին ես այլևս չէի կարողանում շնչել առանց թթվածնային ապարատի։ Եղբայրս ինձ տարավ Նովոսիբիրսկ, որտեղ խորհրդատվությունը հաստատեց, որ միայն փոխպատվաստումը կօգնի։ Մեզ խորհուրդ տվեցին Մինսկի հիվանդանոցներից մեկը։ Գնացինք այնտեղ, ինձ ավելացրին հերթացուցակում։ 15-20 օր հետո հայտնվեց դոնորը՝ երեսուն տարեկան տղա, որ մահացել էր ավտովթարից։   Թղթակիցն ասում է. - Վիրահատությունը կատարել է հայտնի սրտային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Օստրովսկին։ Այն ժամանակ արդեն Մինսկի սրտաբանական կենտրոնում մոտ 100 սրտի փոխպատվաստում էր կատարվել։ Պրոֆեսորն ասում է. - Տեխնոլոգիան մշակված էր, արդեն կար փորձ, և այդ իրավիճակում որոշումը կայացվել է հիվանդի վիճակից ելնելով։ Մեկ այլ բան է այն, որ դոնոր-փոխպատվաստվող զույգ ընտրելը միշտ խնդիր է: Սա, իհարկե, կախված է քաշից, հասակից, արյան խմբից և արված թեստերից, Cross Match-ից, այսինքն՝ դոնոր-փոխպատվաստվող զույգի համատեղելիությունից: Այս ամենն արված էր, ուստի փոխպատվաստումն իրականացվել է նշված չափանիշներին համապատասխան։   Թղթակիցն ասում է. - Վիրահատությունը, հետազոտություններն ու դեղերն արժեցել են 55,000 դոլար։  Ամեն ինչի համար վճարել են Եղիշեի եղբայրն ու ընկերները։ Եղիշեն ասում է. - Իհարկե հիշում եմ Յուրի Պետրովիչին։ Նա բարի մարդ է։ Ես երախտապարտ եմ նրան, ողջ բուժանձնակազմին, մեր բժիշկներին, ովքեր վերահսկում են իմ վիճակը, եղբորս և բոլոր նրանց, ովքեր օգնել են։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ սպասում են փոխպատվաստման: Ես անցել եմ դրա միջով և ուզում եմ հորդորել համաքաղաքացիներիս փոխել իրենց վերաբերմունքը այս երևույթի նկատմամբ, համաձայնել մահից հետո իրենց հարազատների օրգանների հավաքմանը, քանի որ այդպես շատ կյանքեր կփրկվեն։   Թղթակիցն ասում է: - Հայաստանում փոխպատվաստվում են միայն երիկամներ, լյարդ, եղջերաթաղանթ, իսկ դոնորները մերձավոր ազգականներ են։ Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին օրենքի համաձայն՝ եթե անձը գրավոր չի հրաժարվել, ապա մահից հետո համարվում է պոտենցիալ դոնոր, եթե նրա հարազատները համաձայնում են օրգան վերցնելուն, սակայն մինչ այժմ նման դեպքեր չեն եղել։ Առողջապահության նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխություններ, որոնք կմոտեցնեն հետմահու նվիրատվության համակարգի ներդրումը և փոխպատվաստվողների ռեգիստրի ստեղծումը: Արաբկիր բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Էլեն Նազարյանն ասում է. - Օրենքի փոփոխության դեպքում հնարավոր կլինի ստեղծել հետմահու դոնորների օրգանների ցանկ, որը թույլ կտա իրականացնել սրտի, թոքերի, ենթաստամոքսային գեղձի և ավելի շատ երիկամների փոխպատվաստումներ։ Այսօր Հայաստանում դիալիզ է ստանում 1100 հիվանդ, որից 400-ը երիկամի փոխպատվաստման կարիք ունեն, իսկ փոխպատվաստվողների ռեգիստրը կարող է իրականացվել, երբ բոլոր մասնագիտական ​​բժշկական կենտրոնները միանան էլեկտրոնային առողջապահության համակարգին։   Թղթակիցն ասում է: - Փորձագետները նշում են, որ հետմահու նվիրատվության ներդրումը մեծապես կշատացնի մարդկային կյանքեր փրկելու հնարավորությունները։ Եղիշե Խաչատրյանը երեկոյան հավաքվելու է ընտանիքի հետ՝ նշելու իր երկրորդ ծննդյան օրը և շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր իրեն երկրորդ կյանք են տվել։
Հազվադեպ հիվանդությունների օրը
29 փետրվար 24
Փետրվարի 29-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես հազվադեպ հիվանդությունների օր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանմամբ` հազվադեպ են համարվում այն հիվանդությունները, որոնք հանդիպում են 2000 մարդուց մեկի մոտ կամ ավելի սակավ: Աշխարհում մոտ 300 մլն մարդ հազվադեպ հիվանդություն ունի: Բժշկական գրականությունը նկարագրում է շուրջ 7000 տեսակի հազվադեպ հիվանդություն, որոնց 80%-ը գենետիկ ծագում ունի: Նշվում է նաև, որ հազվադեպ հիվանդությունների ախտորոշման միջին ժամանակը մոտավորապես 4,8 տարի է: Թերևս այս է պատճառը, որ օրվա այս տարվա նշանաբանն է հազվադեպ հիվանդությունների ավելի վաղ և ճշգրիտ ախտորոշումն ու բուժման հնարավորությունների մեծացումը:   «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության, ռևմոտոլոգիայի և մյուս ծառայություններում նույնպես ժամանակ առ ժամանակ ախտորոշվում են հազվադեպ հիվանդություններ: Այս դեպքերի հաճախականությունը Հայաստանում, կարելի է ասել, համեմատական է համաշխարհային տվյալների հետ: Հատկապես հազվադեպ հիվանդությունների ախտորոշման և պացիենտների հետագա վարման գործընթացում մեր մասնագետները կարևորում են համագործակցությունն իրենց արտասահմանյան գործընկերների հետ` չխնայելով ջանքերը յուրաքանչյուր պացիենտի կյանքի և կյանքի որակի համար:
Էպիլեպսիա. ստերեոէէգ
26 փետրվար 24
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշման և բուժման քիչ ինվազիվ վիրահատական ճանապարհին` «Արաբկիր» բժշկական համալիրում: Արդի բժշկագիտության այս ձեռքբերումը` ստերեոտակտիկ էլեկտրաէնցեֆալոգրություն, թույլ է տալիս հնարավորինս ճշգրիտ ախտորոշել էպիլեպտոգեն օջախն ու հեռացնել այն` էականորեն փոխելով պացիենտի կյանքի որակը:   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը պատմում է. - Իմպլանտացված էլեկտրոդների ամեն մի միկրոէլեկտրոդից մենք գրանցում ենք հերթականությամբ գլխուղեղի էլեկտրական ակտիվությունը և համապատասխան մասնագետները հայտնաբերում են հետազոտության ընթացքում հիվանդի մոտ էպիլեպսիայի ցնցումներ առաջացնող օջախները:    Հայաստանում էպիլեպսիա ունեցող երեխային առաջին անգամ կատարվել է ստերեո-էէգ: Սա այս հիվանդության բուժման արդիական ու ամենաբարդ մեթոդներից է: Իրականացվում է նվազ-ինվազիվ միջամտությամբ: Հետազոտության ընթացքում տեղեկություն է ստացվում ուղեղի բջիջների ակտիվության մասին` հնարավորություն տալով ճշգրիտ հայտնաբերել էպիլեպսիայի օջախը:    Նիկո Արզումանյանը ասում է.  - Երբ որ հայտնաբերվում է հստակ զոնան էպիլեպտոգեն, մի անգամից մենք առանց որևիցե կտրվածքի, առանց որևիցե գանգի վնասման մենք իրականացում ենք նշված զոնաների աբլիացիա` ռադիոհաճախային աբլիացիա, այսինքն վառում ենք նշված օջախները և հիվանդն ունի հնարավորություն ազատվելու իր էպիլեպտոգեն ցնցումներից: Հիվանդների մեծ մասի դեպքում ստերեո-էէգն պարզապես մեզ տալիս է հստակ ինֆորմացիա և նրա օգնությամբ մենք հայտնաբերում ենք էպիլեպտոգեն զոնան, որը հետագայում արդեն բաց եղանակով վիրահատում ենք և հասնում ենք ավելի մեծ արդյունքի:   Բիայնա Սուխուդյանն ասում է. - Էդ միջամտությունից հետո պացիենտը, ով ամեն ամիս ուներ ցնցումներ, մեկ ամիս ցնցում չունեցավ: Դա մեզ արդեն հուշում էր, որ մեր որոշումը ճիշտ էր, ու մենք գիտեինք, որ աբլիացիայից հետո հնարավոր չի, որ ինքը մեկընդմիշտ ազատվի իրա նոպաներից: Անցավ ևս մեկ ամիս և մենք էդ պացիենտին վիրահատեցինք արդեն ուղղակի էդ օջախը հեռացրեցինք: 14 ամյա երեխային ստերեո-էէգն հայ բժիշկները կատարել են բուլղարացի գործընկերների հետ: Բժիշկը բացատրում է այդ միջամտությունն իրականացվում է ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ:   Նյարդավիրաբուժ Նիկո Արզումանյանը պատմում ու ցույց է տալիս. - Սարքն ունի բազմաթիվ կորդինատներ, անկյուն և այս ամենի օգնությամբ մենք ստանում ենք հստակ այն կետը, որտեղից պետք է մեր էլեկտրոդը թափանցի գլխուղեղ: Ապա արվում է մաշկի 1.5մմ կտրվածք և գանգոսկրի ընդամենը 2մմ տրամագծով կտրվածքից այ այսպիսի խորանիստ էլեկտրոդներ տեղադրվում են գլխուղեղի համապատասխան զոնաներում:   «Արաբկիր» բժշկական համալիրում գործում է էպիլեպտոլոգիայի դիսպանսեր, որտեղ հաշվառված է մինչև 18 տարեկան մոտ 3800 բուժառու: Բիայնա Սուխուդյանը բացատրում է.  - Վիրահատությունը բոլոր պացիենտների համար չէ, պետք է դա նշել: Էպիլեպսիայով տառապող հիվանդների մոտ 70% ենթարկվում է դեղորայքային բուժման, և 30% դրանք դեղորայք կայուն տարատեսակներ են: Ուրեմն դրանցից էլ մոտավորապես 50% միայն կարող են հանդիսանալ թեկնածու էպիլեպսիայի վիրաբուժության համար:  Էպիլեպսիան քրոնիկ հիվանդություն է, կարող է տարբեր դրսևորումներ ունենալ` շարժողականից մինչև զգացողական ցնցումներ:    Բժիշկ Սուխուդյանն ասում է․  - Մանկական հասակում հիմնականում գործ ունենք ժառանգական ձևերի հետ, բայց թվեմ մի քանի ձեռքբերովի պատճառներ, օրինակ` նույն մանկական ուղեղային կաթվածը, փոքր տարիքում տարված պտղի ասվիքսիան, տարբեր ինֆեկցիոն հիվանդություններ, որոնք ախտահարում են գլխուղեղը, ուռուցքային հիվանդություններ, իմուն հիվանդություններ: Այսինքն պատճառները կարող են լինել շատ:   Եթե մարդը ցնցումների մեջ է ընկնում հանրային վայրում քաղաքացիներն առաջին օգնություն ցուցաբերելիս շատ հաճախ բժիշկի խոսքով ոչ ճիշտ քայլեր են անում:    Բժիշկ Սուխուդյանը հորդորում է․  - Չխառնվել, բերան չբացել, լեզու չքաշել, չփորձել որևէ կերպ գիտակցության բերել պացիենտին, որովհետև շատ անգամ հարվածում են, ջուր են լցնում վրան և այլն: Էդպիսի բաներ անել պետք չէ:    Առաջինը` մարդուն պետք է շրջել կողքի և շտապ օգնություն կանչել:    
Իմունիտետի մասին
15 փետրվար 24
Իմունիտետի և դրա վերաբերյալ միֆերի ու իրականության մասին Novosti-Armenia Stories-ը զրույցի էր հրավիրել «Արաբկիր» բժշկական համալիրի շնչառական բժշկության, ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ծառայության ալերգոլոգ-իմունոլոգ Աստղիկ Ղազանջյանին:   
Առողջ ապրելակերպը դպրոցներում
14 փետրվար 24
Դպրոցներում առողջ ապրելակերպի դասավանդման խմբակների գործունեության, դասընթացի բովանդակության ու ակնկալվող արդյունքների մասին «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիս մասնակցել է նաև «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան:   Բժշկուհին նշել է, որ դասընթացի թեմաներն ուղղված են անձի զարգացմանը, անվտանգությանը, առաջին օգնությանը, վնասակար ազդեցություններից խուսափելու կարողություններին: Մանրամասները` հղումով:  
Ուռուցքաբանական 4-րդ կոնգրես
06 փետրվար 24
Պրոֆեսոր Արա Բաբլոյանի խոսքը Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի բացման ժամանակ   News.am-ի անդրադարձը:  
Ջերմաչափեր և ջերմաչափում
02 փետրվար 24
Մեր մանկաբույժներից Քնարիկ Սուքիասյանը #OPENFamilyEducation-ի շրջանակում ներկայացրել է մի քանի հետաքրքիր փաստ ջերմաչափերի և ջերմաչափման մասին: Լսեք ու հիշեք, սիրելի ծնողներ, որ երեխայի մարմնի ջերմություն ձեռքի ափով «չափելը» պարզապես սխալ է:
1
...
2
3
4
5
6
7
8
9
10
...
13