Գլխավոր
Նորություններ
Փրկվել է թունաքիմիկատ խմած երեխայի կյանքը
25 հուլիս 23
Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության մեր պրոֆեսիոնալների թիմը բառի բուն իմաստով փրկել է ևս մեկ երեխայի` 2,5-ամյա Արփիի կյանքը, որն իրենց տան այգում խմել էր հյութի շշի մեջ լցված թունաքիմիկատից:   Սիրելի ծնողներ, ուշադիր եղեք, հեռու պահեք քիմիական նյութերը` դեղեր, թունաքիմիկատներ և այլն, երեխաներին հասանելի տարածքներից: Դրանց անզգուշաբար, չգիտակցված ներթափանցումն օրգանիզմ կարող է ամենաանցանկալի հետևանք ունենալ:   Շնորհակալություն, սիրելի բժիշկներ:  Շնորհակալություն, Հանրային հեռուստաընկերություն:     Ձիգ պոչիկներով հանգիստ քնածը` «Արաբկիրի» վերակենդանացման բաժանմունքում, 2,5 տարեկան Արփին է: Հենց այս փոքրիկն է, որ օրեր առաջ տանը հյութի շիշը լցված խիստ վտանգավոր ու բավական ուժեղ գյուղատնտեսական թունաքիմիկատ էր խմել: Աշոտ Գյուլբուդաղյան---«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար---Ծառերը սրսկելու դեղորայք է եղել, որն իրենից ներկայացնում է ֆոսֆոր-օրգանական միցություն, որը բավական թունավոր է: Որպեսզի պատկերացնեք` ինչքան թունավոր, կարող եմ ասել, որ դրա մի գրամը 20 լիտր ջրի համար է, որպեսզի լուծեն և օգտագործեն: Բժիշկ Գյուլբուդաղյանը շտապում է ստուգել երեխայի առողջական վիճակը, քանի դեռ աղջնակը չի զարթնել, որ կամակորություն անի: Փոքրիկին նախապատրաստում են դուրսգրման, ավելի ճիշտ` բուժման հետագա ընթացքը թունաբանության մանկական կենտրոնում շարունակելու: Հիվանդին Չարենցավանից այն աստիճան վատ, ծայրահեղ ծանր վիճակում էին իրենց մոտ հասցրել, որ անմիջապես միացրել էին արհեստական շնչառության ապարատին: Դեպքի մասին շատերն իմացան սոցցանցային գրառումից` փոքրիկի կյանքը մեզնից է կախված, պետք է արագ գտնել չճարվող դեղը: Մարդիկ նույնիսկ Մոսկվային օգնություն առաջարկեցին: Տեղում, սակայն, հնարավոր եղավ գտնել անհրաժեշտ պրեպարատը: Աշոտ Գյուլբուդաղյան---«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար---Ֆոսֆոր-օրգանական միացությունը երկու հակաթույն ունի` անտիդոտ, մեկը կար մեզ մոտ, մենք սկսեցինք անմիջապես, երկրորդը մեզ մոտ չկար, մենք կապվեցինք մանկական թունաբանության բաժանմունքի հետ` վերակենդանացման` Մուրացանի, բայց իրենք էլ չունեին, բայց իրենք էլ կապվեցին արդեն մեծահասակների թունաբանության Չերյոմուշկայի բաժանմունքի հետ, և էդ երկրորդ հակաթույնը էնտեղ կար և ծնողները բերեցին և մենք երկու հակաթույնն էլ արեցինք: Ամենավատն արդեն անցել է. սիրտ-անթային ու շնչառական համակարգերում թունաքիմիկատի առաջ բերած բարդությունները հաղթահարված են: Հինգշաբթիից Արփին արդեն ինքնուրույն է շնչում: Ինտենսիվ բուժման շնորհիվ կարողացել են խուսափել նաև լյարդի և երիկամի ախտահարումից: Բայց դեռ կան նյարդաբանական որոշակի հետևանքներ` ջղաձգություն, ձեռքի դող: Աշոտ Գյուլբուդաղյան---«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար---Էսօրվա դրությամբ երեխան բավական լավ է, բավական դրական դինամիկայով, գիտակցությունը պարզ է, սնվելը նորմալ է, շրջապատի նկատմամբ ռեակցիան նորմալ է, ունի որոշակի նևրոլոգիական խանգարումներ, որոնք թունավորման ժամանակ լինում են, բայց դրանք անցողիկ են: Կարևորը` օրգանիզմը մարքվում է թույնից: Փոքրիկ պացիենտների ցուցանիշները` ջերմությունից սնունդ, մատյանում գրանցում են նրանց աղջացմանը շուրջօրյա հետևող բուժքույրերը: Հատված բուժքույրերի խոսակցությունից----Կայուն վիճակ է: Ինչպես տեսնում եմ` քնած է դեռ: Այո: Կերակրվելու է ժամը 11:30` 150 մլ: Որքան թույն է Արփին խմել` անհայտ է: Մասնագետն ասում է` մի կում` 5 միլիգրամ էլ որ կուլ տված լիներ` իր քաշի համար մահացու դոզա է: Այս դեպքում կարողացան փրկել, որովհետև երեխան սոված չի եղել, նյութն արագ չի ներծծվել արյան մեջ: Բացի այց, մայրիկը` ճիշտ կողմնորոշվելով, փսխում էր առաջացրել, թույնի մի մասը թափվել էր: «Շնորհակալ եմ բոլորից». խնդրեց փոխանցել նկարահանվել չցանկացող հայրիկը: Նրան ու բոլոր ծնողներին մանկաբույժները զգոնության կոչ են անում դեղորայքն ու կենցաղային քիմիայի տարատեսակ նյութերը հեռու պահել երեխաներից: 2-5 տարեկանները թունավորման ամենառիսկային խումբն են. ինչ ձեռքն ընկավ առանց հասկանալու բերանն են տանում:
Վերականգնողական ծառայություն. Մհերն ու Արինը
21 հուլիս 23
15-ամյա Մհերի ու 10-ամյա Արինի պատմությունները հուզիչ են ու նման հրաշքի: Մհերը վրաերթի էր ենթարկվել Երևանում, Արինը` ավտովթարի` Իրաքում: Երկուսին էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներ` մեկին` Իրաքում, մյուսին` Երևանում, ապա կատարվել էին վիրահատություններ, և հետո երեխաներին տեղափոխել էին «Արաբկիր» բժշկական համալիրի վերականգնողական ծառայություն:   Հիմա, երբ երեխաներն արդեն դուրս են գրվել, նրանց հարազատները խոստովանում են, որ այս ճանապարհն, իսկապես, դաժան էր, և իրենք կարողացել են անցնել դա` նվիրյալ մասնագետների օգնությամբ, տարբեր բժշկական հաստատությունների միջև համագործակցության, նախարարության հետ համակարգված գործելու և ներհիվանդանոցային թիմային ուժեղ աշխատանքի շնորհիվ:   Շնորհակալություն, սիրելի բժիշկներ և վերականգնողական ծառայության սիրելի թիմ` ֆիզիոթերապիստներ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ, Մհերն ու Արինն իսկական ուժեղներ են` ձեր շնորհիվ: Շնորհակալություն news.am:   «Արաբկիր» բժշկական համալիրի կլինիկական վերականգնողական բաժանմունքում փորձում են կրկին ոտքի կանգնեցնել 15–ամյա Մհեր Ավդալյանին։ Նրա հետ աշխատում է ֆիզիոթերապիստների և էրգոթերապիստների մասնագիտացված թիմ: Փետրվարի 20-ին Մհերը ենթարկվել է վրաերթի։ Նրան տեղափոխել են հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում։ Տղան ուներ գանգուղեղային վնասվածք, բազմաթիվ կոտրվածքներ, այդ թվում՝ ծոծրակի։ Ինը օր գտնվել է կոմայի մեջ, ապա ուշքի եկել, սակայն ուներ բարդացած թոքաբորբ, շարժվելու և հաղորդակցվելու խնդիրներ։ Լիանա Աղաջանյան---Մանկական ռեաբիլիտոլոգ, մանուալ թերապևտ, «Արաբկիր» ԲՀ կլինիկական վերականգնողական բաժանմունքի ղեկավար---Մհեր Ավդալյանը հիվանդանոց էր եկել պատգարակով, տրախեոստոմայով, կերակրվում էր նազոգաստրալ զոնդով, քանի որ չէր կարող իր օրական ռացիոնը հավաքել, խմելու հետ խնդիրներ կային, չէր կարող նստել, ոտքը կոտրված էր՝ գիպսով։ Ռեաբիլիտացիան ուղղված էր երկրորդային խնդիրների բացառմանը, շատ դեպքերում հիվանդները կարող են կյանքից հեռանալ հենց դրանց պատճառով՝ վերքեր, անոթային խցանում և այլն։ Երկար ժամանակ գտնվել էր հորիզոնական դիրքում, դրա համար դժվարանում էր նստեցնելու պրոցեսը։ Հաջողվեց նստեցնել, հետո ստանալ ինքնուրույն նստած դիրք, ձեռքերի օգտագործում, ինքնուրույն վեր կենալ, կանգնել։ Մհերի մայրն էլ մեծ հավատով է և համոզված է, որ այս փուլը ևս կհաղթահարեն, երեխան կկարողանա քայլել։ Այդ գործում մասնագետների հետ Մհերին նաև ընտանիքն է օգնում: Գոհար Ավդալյան---Մհերի մայրը---«Արաբկիր» բժշկական կենտրոնը անչափ շատ օգնեց իմ երեխային ոտքի կանգնելու համար, ես շատ շնորհակալ եմ իրենց, բժիշկների հոգատարությունը, այդ ամենը... չգիտեմ... ամեն ինչի համար, շատ շնորհակալ եմ, իրենց, չէի պատկերացնում․ դե ես երբեք այդտեղ չեմ եղել, վեց երեխայի մայր եմ, բայց ոչ ոք հիվանդանոցում չէր հայտնվել: Նրանք ահռելի աշխատանք կատարեցին, որի շնորհիվ երեխաս հիմա կարողանում է նստել, իսկ այն ժամանակ չէր կարողանում և միշտ պառկած վիճակում էր, իսկ հիմա համ նստում է, համ խոսում է։ Այն ժամանակ կոնտակտի մեջ չէր մտնում, իսկ հիմա շփվում է, արտահայտում է իր ցանկությունները։ Սուր փուլում վերականգնողական բուժման ավարտից հետո, երբ վիճակն արդեն կայունացած էր և տղան կարողանում էր ինքնուրույն նստել, խմել և ուտել, լիարժեք վերականգնվել էր շնչառական ֆունկցիան և հեռացվել էր տրախեոստոման, Մհերն անցել է վերականգնողական բուժման հաջորդ փուլ` «Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում: Նա դեռ տեղաշարժվում է անվասայլակով, սակայն բժիշկ Լիանա Աղաջանյանի խոսքով՝ դա արդեն մեծ ձեռք բերում է և հույս ունեն, որ «ԱրԲեՍի» պարապմունքներից հետո կվերականգնվեն նաև կանգնելու և տեղաշարժվելու ֆունկցիաները: Բժիշկ Լիանա Աղաջանյանը ևս մեկ բարդ դեպքի մասին է պատմում. 10 տարեկան Արիի Պետրոսյանը «Արաբկիր» բժշկական համալիր էր տեղափոխվել ծանր ավտովթարից հետո։ Դեպքը տեղի էր ունեցել Իրաքում։ Այնտեղ երկու ամիս վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո, վերականգնողական ծառայության անմատչելիության պատճառով, աղջիկը տեղափոխվել էր Հայաստան։ Առողջապահության նախարարության կողմից ուղղորդվել էր «Արաբկիր» բժշկական համալիր, որտեղ գործում է հատուկ մասնագիտացված կլինիկական վերականգնողական բաժանմունք։ Լիանա Աղաջանյան---Ինչու՞ կլինիկական ռեաբիլիտացիա, քանի որ այլ բժշկական խնդիրներ կան և անվտանգ չէ ուղղակի գտնվել ստացիոնարում, որտեղ չկա բազմամասնագիտական թիմ, որը կկարողանա ժամանակին համապատասխան ծառայություն մատուցել։ Ցանկացած տրավմայից հետո, հատկապես գլխուղեղային, ողնուղեղային տրավմաներ, այրվածքներ, ամպուտացիաներ, ցանկացած օրթոպեդիկ ծանր վնասումներից հետո երեխաները կարիք ունեն վերաինտեգրվելու իրենց սովորական կյանք, և դա իրականացնելու համար պետք է կատարվեն մի շարք միջոցառումներ՝ երեխային առօրյա կյանք վերադարձնելու նպատակով: Արինը պատգարակով էր տեղափոխվել բուժհամալիր։ Ուներ բազմաթիվ կոտրվածքներ, շունտավորված էր, ստանում էր հակացնցումային բուժում։ Նյարդաբանական վնասման հետևանքով՝ չէր կարողանում պահել գլուխը, նստել, շրջվել անկողնում, խոսքը բացակայում էր: Երեխան հայերեն չէր հասկանում, ինչը դժվարացնում էր բժիշկների աշխատանքը: Արինը ուներ մեծ՝ ութ հոգանոց ընտանիք, որից միայն ինքն ու փոքր եղբայրն են ողջ մնացել։ Հայաստանում նրա խնամքով զբաղվում էին բարեկամները: Լիանա Աղաջանյան---Վերականգնողական աշխատանքներից հետո երեխան կարողանում էր ինքնուրույն նստել, նստած դիրքը կայուն պահել, չնայած որ այդ գործողությունները անհնարին էին առաջին ամսում: Սկսեց օգտագործել ձեռքերը, սակայն նեվրոլոգիական դեֆիցիտը կրկին առկա էր, և գործողությունները վրիպումներով էր կատարվում, բայց միևնույն է երկու ձեռքը լավ օգտագոծում էր, սկսեց հայերեն հասկանալ և հայերեն խոսել, ճիշտ է, հիմնական լեզուն արաբերենն էր. կենտրոնի լոգոպեդը արաբերեն սովորեց, Արինը՝ հայերեն, և հաղորդակցումը նույնպես բարելավվեց: Վերականգնումը հասավ այն փուլին, երբ երեխան կարողանում էր բռնվել ու կանգնել, սակայն քայլքը դեռ չհաջողվեց մշակել, որովհետև ոտքի մի մաս կոնտրակտուրան դեռ կար: Վերականգնողական թերապիան թիմային աշխատանք է, որը կորդինացնում է բժիշկ-վերականգնողաբանը և որտեղ ամեն մասնագետ իր գործն է անում. ֆիզիոթերապիստն աշխատում է խոշոր շարժումները բարելավելու ուղղությամբ` նստել, կանգնել, տեղաշարժվել, քայլել, ինչպես նաև զարգացնել հավասարակշռությունն ու կոորդինացիան, էրգոթերապիստի օգնությամբ վերականգնվում են ինքնասպասարկման հմտությունները` ուտել, հագնվել, սանրվել, լվացվել, զգայական ընկալիչների զարգացմամբ կատարել նուրբ գործողություններ` մանր առարկաներով, իսկ լոգոպեդի աշխատանքն ուղղված է խոսքի ընկալմանն և արտաբերմանն, նաև կլման ակտի խանգարումները շտկելուն` անվտանգ ուտելն ու խմելը ապահովելու համար: Լիանա Աղաջանյան-----Մեր ամբողջ թերապիան հիմնված է եղել խաղի վրա։ Ամենակարևորն է մեր աշխատանքում, որորվհետև մոտիվացիա է առաջացնում:  Այսպես` դանդաղ քայլերով առաջ գնալով էլ թիմը ճանապարհեց բոլորի սիրելին դարձած Արինին, որն արդեն կատակներ էր անում և անգամ կողքի սենյակում պարապող Մհերին նմանակում. Հատված Արինի խոսքից--- Լիլյա, Մհերը խոսում է` յա, յա, յա... Ընտանիքի բարեկամ հորեղբայր Վիգենն էլ, ինչպես Արինն էր նրան կոչում, եկել էր իր երեխաների հետ և փոխանցում էր տատիկի շնորհակալական խոսքը: Արինի և Մհերի նման բազմաթիվ երեխաներ ու մեծեր են անցնում «Արաբկիր» բժշկական համալիրի վերականգնողական ծառայությունով: Նրանց մեջ և զինվորներ, որոնք վիրավորվել էին պատերազմի օրերին: Մասնագիտական թիմի օգնությամբ նրանք վերագտնում են իրենց կորցրած հմտություններն ու վերաինտեգրվում`անցնելով կյանքի հաջորդ փուլերին:
Ապարանի առողջարանային ճամբար 2023
18 հուլիս 23
«Արաբկիր» բժշկական համալիրի Ապարանի առողջարանային ճամբարը կրկին բացել է դռները և արդեն երկրորդ հերթափոխն է ընթացքի մեջ: Անսպառ խաղեր, երգ ու պար, բեմադրություններ, նկարչություն ու կերպարվեստ, մրցույթներ, սպորտ, լողավազան. ամենաիսկական` մարդկային շփման ճոխություն են վայելում երեխաները` «Արաբկիր» ԲՀ-ի դիսպանսեր տարբեր ծառայություններից:   Ընկերների, դաստիարակների և վերականգնողական թիմի մասնագետների հետ այստեղ անցկացրած օրերն, իսկապես, մոռանալ չի լինի: Ճամբար եկած բոլոր երեխաներն ուզում են վերադառնալ, ասում է պատասխանատու Արմինե Եպիսկոպոսյանը, այստեղ մի առանձնահատուկ ձգողական ուժ է գործում կարծես, և դա բարեկամության ուժն է: Ճամբարը գործելու է մինչև օգոստոսի 23-ը` ընդունելով ևս երկու հերթափոխ: Ամեն հերթափոխի 3-4 տասնյակ երեխա է մասնակցում` 14 օրով:   Բարի հանգիստ և առողջություն, մեր սիրելի ճամբարականներ
Դեպի դպրոց` խոսքի զարգացման կենտրոնից
17 հուլիս 23
Ուրախ հանդեսով է ավարտվել Լսողական խնդիրներ ունեցող երեխաների Խոսքի զանգացման կենտրոնի այս տարվա շրջանը ևս: Երեխաներն իրենց 8 ընկերներին ճանապարհել են հանրակրթական դպրոցներ, և կարևորը` զարգացած խոսքով, ինչն անգնահատելի նշանակություն ունի նրանց հետագա ուսումնական ընթացքի և, ընդհանրապես, կյանքի համար:   Եթե հասարակության շատ քիչ, կարելի է ասել` հատուկենտ ներկայացուցիչներ են, որ գիտեն ժեստերի լեզու, որով հաղորդակցվում են խուլ և խոր ծանրալսությամբ մարդիկ, ուրեմն առավել քան առաջնային է դառնում այս երեխաների խոսքի զարգացումը, ինչին էլ ուղղված են «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմի ջանքերը: Երեխաների համար այստեղ, նախևառաջ, լսողական ճիշտ սարքեր են ընտրվում և հարմարեցվում դրանք` ըստ լսողության աստիճանի և անհատական կարիքի: Դրան զուգահեռ կազմակերպվում են սուրդոթերապիստների հետ խորհրդատվական հանդիպումները, մի փոքր ավելի ուշ` կանոկակարգված պարապմունքները` երկու օր անհատական և երկու օր խմբակային-երաժշտական ժամանակացույցով: Այսպիսով, մեր փոքրիկները սկսում են սովորել ամենավաղ տարիքից` հաճախելով պարապմունքների, զգալով պատասխանատվություն և դառնալով ավելի կազմակերպված ու ինքնուրույն: Դա նկատում են նրանց դպրոցում ընդունող ուսուցիչները:   Բարի երթ ենք մաղթում, հետաքրքիր և հաճելի ճամփորդություն դպրոցում, մեր սիրելիներ:
Հանրային հեռուստաընկերությունն այցելել է փոքրիկ Մոնթեին
12 հուլիս 23
Մեր փոքրիկ արցախցուն այս անգամ Հանրային հեռուստաընկերությունից էին հյուր եկել: Նկատել են, որ Մոնթեն կարոտում է մայրիկին:   Հույս ունենք, որ երեխան կհաղթահարի հիվանդությունն` առանց հետևանքների և ծնողների հետ տուն կվերադառնա` քույր-եղբայրների մոտ:   «Արաբկիր» ԲՀ-ի թիմն անում է հնարավոր առավելագույնը` հանուն փոքրիկի:
«Արաբկիր» ԲՀ-ը IMCA6-ում
11 հուլիս 23
Ամփոփելով «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնակցությունը IMCA6-ին` Հայաստանի միջազգային բժշկական 6-րդ համագումարին սատելիտային երկու սիմպոզիում` «Մանկական մաշկաբանություն» և «Ցիստիկ ֆիբրոզ» թեմաներով, շուրջ երեք տասնյակ բանավոր ելույթ համագումարի պլենար նիստերի և սատելիտային սիմպոզիումների ժամանակ` առողջապահության կազմակերպման, բուժքույրական գործի, թերապևտիկ և վիրաբուժական մասնագիտությունների թեմաներով, շուրջ երեք տասնյակ տպագրված աբստրակտ` Առողջապահության Ազգային Ինստիտուտի «Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդեսում»: «Արաբկիրի» 9 մասնագետ ընդգրկված էր համագումարի 119 հոգանոց գիտական խորհրդում Համագումարի պատվավոր նախագահն էր «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:   Նշենք, որ այս անգամ համագումարին մասնակցել է աննախադեպ թվով` 518 մասնագետ, նրանցից 345-ը` Հայաստանից:
Մեկնարկել է IMCA6-ը
06 հուլիս 23
Այսօր մեկնարկել է Հայաստանի միջազգային բժշկական 6-րդ համագումարը` «Միասին կարող ենք ավելին» կարգախոսով: Համագումարի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել երեկ` Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի ղեկավար Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը համագումարի մասնակիցներին է փոխանցել Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու ողջույնի խոսքը: Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արցախի հանրապետության Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը` տեսակապով, համագումարի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանը, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեպիլյանը, IMCA6-ի համանախագահներ Գևորգ Յաղջյանն ու Համբարձում Սիմոնյանը:   Համագումարի բացման արարողության ժամանակ հայկական բժշկագիտության մի խումբ երախտավորներ, նրանց մեջ և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար և կառավարման խորհրդի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը և համալիրի Նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, արժանացել են հատուկ պարգևների: Շնորհավորում ենք, մաղթում առողջ և խաղաղ ընթացք:   Համագումարը շարունակվելու է մինչև հուլիսի 8-ը: Բոլոր մանրամասներին կարող եք հետևել IMCA6-ի կայքով և ֆեյսբուքյան էջով: https://6imca.am/ https://www.facebook.com/6imca
Արցախցի փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա
04 հուլիս 23
Արցախից ուղղաթիռով Հայաստան տեղափոխված մեկամյա Մոնթեի մոտ դրական տեղաշարժ կա և հույս, որ հիվանդությունն անհետևանք կլինի, երեխան լիովին կվերականգնվի:   «Արաբկիր» բժշկական համալիրի թիմն արել և անում է հնարավոր առավելագույնը՝ բժշկական օգնության կարիք ունեցող մեր բոլոր պացիենտների, նրանց մեջ և՝ փոքրիկ Մոնթեի համար:   Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կարմիր խաչի օգնությամբ կրկին Արցախ է մեկնել «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, որն Արցախում էր շրջափակման նախորդ օրվանից` մոտ երկու ամիս շարունակ: Արցախում մանկական նյարդաբաններ չկան, մինչդեռ նրանց կարիքը շատ է զգացվում:   Շնորհակալություն, սիրելի բժիշկներ:  Շնորհակալություն, Ազատություն ռադիոկայան:
IMCA 6. «Արաբկիր» ԲՀ-ի սատելիտային սիմպոզիումները
03 հուլիս 23
Սիրելի գործընկերներ,   տարվա խոշորագույն բժշկական-առողջապահական իրադարձության` Հայաստանի միջազգային բժշկական 6-րդ համագումարի բացմանը հաշված օրեր են մնացել: Այն տեղի կունենա հուլիսի 5-ին` Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Հիմնական նիստերը կանցկացվեն հուլիսի 6-ից 8-ը` Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Համագումարի պատվավոր նախագահն է «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:   Համագումարին և սատելիտային համաժողովներին կմասնակցի շուրջ 2000 մասնագետ` Հայաստանից և արտասահմանից: Արդեն սկսվել են սատելիտային համաժողովները, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով: https://6imca.am/satellite-symposiums   «Արաբկիր» բժշկական համալիրը ևս հյուրընկալելու է սատելիտային համաժողովի մասնակիցների` «Ցիստիկ ֆիբրոզը 21-րդ դարում. ախտորոշման և բուժման ժամանակակից հնարավորությունները» թեմայով, հուլիսի 7-ին, համալիրի կոնֆերանսների դահլիճում: Սիմպոզիումի ծրագիրը` հղումով: https://6imca.am/.../%D4%BE%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80...   Իսկ մինչ այդ` հուլիսի 5-ին, «Արաբկիր» ԲՀ-ի մաշկաբանական ծառայությունն ու Մանկական մաշկաբանների հայկական ասոցիացիան հրավիրում են «Մանկական մաշկաբանություն» սատելիտային սիմպոզիումին` Ադմիրալ Իսակով 11 հասցեում (Downtown Foodpark): Ծրագիրը` հղումով. https://6imca.am/.../2023/05/Pediatric-Dermatology.pdf   Համեցեք: Արդյունավետ, հագեցած գիտական և համագործակցային օրեր ենք մաղթում բոլորիդ:
Միասին կարող ենք ավելին` հանուն Արցախի
30 հունիս 23
Սիրելի բարեկամներ, «Արաբկիր» բժշկական համալիրը միացել է «Միասին կարող ենք ավելին` հանուն Արցախի» նախաձեռնությանը, որի շրջանակում հուլիսի 4-ին տեղի է ունենալու բարեգործական համերգ` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:   Համեցեք դուք էլ` ունկնդրելու Անտոն Բրուքների 9-րդ սիմֆոնիան` Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ: Բարեգործական համերգից գոյացած հասույթն ուղղվելու է Արցախի երեխաների առողջական կարիքներին:    Հուլիսի 4, 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահ Տոմսերի ամրագրման համար` https://armsymphony.am/.../con.../178/tickets/get-tickets...
Մարզային վերապատրաստումներ. երեխաների զարգացում և զարգացման խանգարումներ
29 հունիս 23
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Արաբկիր» բժշկական համալիրը 6-օրյա դասընթացներ են անցկացրել Արմավիրի և Լոռու մարզերի առողջության առաջնային պահպանման օղակի մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և բուժքույրերի համար` «Երեխայի զարգացման խանգարումների վաղ հայտնաբերման և միջամտության հիմունքներ» թեմայով: Նպատակը` բարելավել ավագ և միջին բուժանձնակազմի գիտելիքներն ու հմտությունները` երեխայի զարգացման գնահատման, այս նպատակով Առողջապահության նախարարության չափորոշիչներով հաստատված քարտերի կիրառման, զարգացման հապաղումների վաղ հայտնաբերման ու միջամտությունների կազմակերպման ուղղությամբ: Դասընթացները վարել են երեխայի զարգացման ոլորտում փորձառու մանկաբույժներ, զարգացման մանկաբույժներ և վերականգնողաբաններ: Մասնակցել է 325 բուժաշխատող: Նրանք ստացել են Առողջապահության նախարարության հաստատած ՇՄԶ տեսական և գործնական կրեդիտներ, ինչպես նաև ձեռնարկ` «Երեխայի զարգացումը, զարգացման հապաղումները և վաղ միջամտության հիմունքները» թեմայով: Կազմակերպվում են նաև մշտադիտարկման աջակցային այցեր` դասընթացի գիտելիքներն անմիջապես պրակտիկայում կիրառելու և ծագող հարցերը փորձագետների հետ քննարկելու նպատակով: Ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» ծրագրի շրջանակում:  
Արցախցի փոքրիկն «Արաբկիր» ԲՀ-ում է
24 հունիս 23
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխան, որին ռուս խաղաղապահների միջոցով Արցախից ուղղաթիռով Հայաստան են տեղափոխել այսօր կեսօրին, ընդունվել է «Արաբկիր» բժշկական համալիր:   Նշենք, որ երեխան Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հանրապետական հիվանդանոց էր ընդունվել մի քանի օր առաջ՝ տոնզիլիտով և ցանով, ընդունվելուց մի քանի օր հետո բժիշկները փոքրիկի մոտ նկատել են քնկոտություն և տարօրինակ, ակամա շարժումներ: Նրանք կապ են հաստատել «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության իրենց գործընկերների հետ՝ մասնագիտական խորհրդատվության նպատակով: Արցախում այս պահին մանկական նյարդաբաններ չկան և մասնագիտական մշտական կապը «Արաբկիր» բժիշկների հետ պահպանվում է հեռահար կապի հնարավոր բոլոր միջոցներով: Մի քանի տեսազանգերից և հեռակա դիտարկումներից հետո որոշվել է, որ պետք է անպայման մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա կատարել, քանի որ կասկած էր առաջացել, որ վիրուսը ներթափանցել է նյարդային համակարգ, ախտահարել գլխուղեղը՝ առաջացնելով վիրուսային էնցեֆալիտ: Արցախի բժշկների թիմը հրատապ կազմակերպել է հետազոտությունն ու ախտորոշումը հաստատվել է: Սակայն հետագա ավելի մանրամասն ախտորոշումը, որը կպարզեր, թե կոնկրետ որ վիրուսն է առաջացրել այդ խնդիրը, հնարավոր չի եղել, քանի որ Արցախի ճանապարհն արդեն մեկ շաբաթից ավել է՝ ամբողջովին փակ է, իսկ հատուկ վիրուսային այդ թեստերն արվում են միայն Հայաստանում: Բուժումը նույնպես հնարավոր չէ կազմակերպել Արցախում, քանի որ այս պահին Ստեփանակերտում չկան բավարար քանակի անհրաժեշտ դեղեր: Երեխայի առողջական վիճակը փաստացիորեն վտանգված էր, հատկապես այն պարագայում, որ ՄՌՏ-ով բացահայտվել է մեկ այլ լուրջ խնդիր ևս. բացի բորբոքումից երեխայի ուղեղում նկատվել է նաև արյունազեղում: Արցախի բժիշկները հրատապ և անձնվիրաբար արել են հնարավոր առավելագույնը՝ երեխայի վիճակը վերակենդանացման բաժանմունքում կառավարելու համար, սակայն այն, այնուամենայնիվ, օր օրի ծանրացել է, պարզ է դարձել, որ այդ ծանրությամբ երեխան չի կարող կառավարվել շրջափակված Ստեփանակերտում, պետք է նրան տեղափոխել Երևան: Տեղափոխման կազմակերպումը ձգվել է ևս 24 ժամ, որի ընթացքում երեխայի վիճակն ավելի է վատացել, նրա մոտ սկսվել են ցնցումներ և նշանակվել է հակացնցումային դեղորայք:   Երեխան ուղղաթիռով Արցախից տեղափոխվել է Սիսիան: Սիսիանից Երևան նրան տեղափոխել է «Արաբկիր» բժշկական համալիրի ռեանիմացիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի թիմը՝ հատուկ կահավորված ռեանիմոբիլով: Այս պահին փոքրիկը գտնվում է հետազոտության փուլում՝ նախապես դրված ախտորոշումն ավելի հստակեցնելու և բուժման հետագա տակտիկան որոշելու համար:
Հարցի լուծում` ոչ խաղաղ բնակիչների կյանքի հաշվին
21 հունիս 23
«Առաջարկում եմ գտնել հարցի կարգավորման այլ ճանապարհներ և ոչ` խաղաղ բնակչության կյանքի հաշվին». Արա Բաբլոյանը պատասխանել է iravunc.com-ի հարցին:   Արդեն 7-րդ օրն է ո'չ ռուս խաղաղապահները, ո'չ էլ Կարմիր խաչը հնարավորություն չունեն դեղորայք, սնունդ հասցնել Ստեփանակերտ, ծանր վիճակում գտնվող հիվանդներին Երևան չեն կարողանում տեղափոխել։ Հակարիի անցակետը ադրբեջանական կողմը փակ է պահում մարդասիրական բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար։ Այն օրից, երբ ձախողվեց իրենց դրոշը կամրջից դեպի Կոռնիձոր տանող հատվածում տեղադրելու փորձը, Արցախում ապրողները ամբողջական մեկուսացման մեջ են։ Ի՞նչ առողջապահական խնդիրներ է իր հետ բերելու հումանիտար աղետը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՑ, ով փաստեց. -Այ՛ո, ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախն այս պահին էլ ավելի դժվար իրավիճակում է, որովհետև գիտենք, որ շրջափակումն էլ ավելի է խստացել և եթե մինչ այս հնարավոր էր Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախում ապրող մեր հայրենակիցներին դեղորայք ու բժշկական պարագաներ հասցնել և այնտեղից Հայաստան տեղափոխել պացիենտների, որոնց բուժումը հնարավոր չէր կազմակերպել Արցախում, ապա այս պահին, դա էլ հնարավոր չէ, այսինքն այդ մարդիկ կարող են պարզապես դատապարտված լինել մահնվան: Ես կոնկրետ կարող եմ ասել, որ մենք Արցախում ունենք  օրգան-փոխպատվաստված պացիենտներ, որոնք առանց մեր բժշկական ծառայությունների և մեր ուղարկած դեղամիջոցների, չեն կարող շարունակել ապրել: Ուրեմն ի ՞ նչ է նշանակում այս մոտեցումն ուղղակիորեն. ընտրեք` կամ մահ, կամ լինել Ադրբեջանի կազմու ՞ մ: Որպես բժիշկ, սա ինձ համար անընդունելի է: Միևնույն ժամանակ պրոֆեսորը ընդգծում է. -Մասնագիտական իմ կյանքում ես հարյուրավոր ադրբեջանցի երեխաների եմ բուժել և վստահեցնում եմ, որ նույնիսկ 80-ականների վերջին և 90-ականների սկբին, երբ խիստ լարված էին հարաբերությունները Ադրբեջանի հետ, երբևիցե տարբերություն չեմ դրել բուժման կարիք ունեցող ադրբեջանցի և հայ երեխաների միջև, սա մեր հումանիտար մասնագիտության հիմնարար սկզբունքներից է: Ուզում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները, նայելով իրենց երեխաների և թոռների աչքերին, կարողանան զգալ, թե ինչ է սպասում Արցախի փոքրիկներին` այս շրջափակման պատճառով:   Առաջարկում եմ գտնել հարցի կարգավորման այլ ճանապարհներ և ոչ` խաղաղ բնակչության կյանքի հաշվին:
Հունիսի 21. Բուժաշխատողների օրը
21 հունիս 23
Սիրելի գործընկերներ` բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ, առողջապահական գործի կազմակերպիչներ, շնորհավորում ենք բոլորիդ` Բուժաշխատողների օրվա առիթով:   Շնորհակալ ենք ձեր պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական աջակցության, նվիրումի, հոգատարության և աշխարհի առողջապահության առաջատարների հետ համաքայլ մեզ առաջ տանելու համար: Ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքն անգնահատելի մի օղակ է` հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման, պացիենտների վերահսկողության ու վերականգնման մեծ ու բարդ շղթայում, իսկ այդ շղթայի ամբողջականությունը պահպանելը` հաջողության ամենամեծ գրավականը:   Առողջություն և խաղաղություն ենք մաղթում, մասնագիտական շարունակական վերելքներ, գնահատված լինելու զգացողություն, երջանկություն` ձեր ընտանիքների հետ, և որ շարունակեք լինել կենսական այդ շղթայի կարևոր մի մասը` դարձնելով այն ավելի ուժեղ ու անկոտրելի:
Պրոֆեսոր Բրեգերի այցը «Արաբկիր» ԲՀ
16 հունիս 23
Շարունակվում են շվեյցարացի մեր գործընկերների այցելություններն «Արաբկիր» ԲՀ-ի տարբեր ծառայություններ ու բաժանմունքներ: Անցած շաբաթ գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների պատվավոր հյուրն է եղել գաստրոէնտերոլոգ, սննդաբան, Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության նախկին ղեկավար, պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը:   Պրոֆեսորն անց է կացրել վարպետության դասընթաց` նվիրված երեխաների էնդոսկոպիկ հետազոտությունների` գաստրոսոկպիայի և կոլոնոսկոպիայի կատարման հմտություններին և մեկնաբանությունների արդի մոտեցումներին: Գասրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անի Հովնանյանն այդ օրերին 22 հետազոտություն է կատարել` պրոֆեսորի անմիջական ներկայությամբ և հետազոտության ընթացքում տված խորհուրդներով: Հետազոտությունների անեսթեզիոլոգիական վարումն իրականացրել է Սոնա Մարտիրոսյանը: Պացիենտների ընտրությունն ու նախապատարաստական աշխատանքներն իրականացրել է գաստրոէնտերոլոգիական ծառայության թիմը` ընդհանուր մանկաբուժական բաժանմունքի հետ համատեղ:
Արա Բաբլոյանը` Երեխաների առողջության հիմնադրամի խորհրդի անդամ
14 հունիս 23
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հետ «Արաբկիր» բժշկական համալիրի համագործակցությունն օրինակելի է. համատեղված ջանքեր` հանուն երեխաների կյանքի և կյանքի որակի: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմում է նաև «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը: Բարի ընթացք ենք մաղթում հիմնադրամի ամբողջ թիմին` մարդասիրական բոլոր նախաձեռնությունների ճանապարհին: https://www.facebook.com/hfcarmenia/posts/pfbid0XDShnGhmAsZ1xWLWne7VVJ4f2XmeTGvbemFb2UkggkZYoLx478UgJJLS1qAz2TeHl
Կայացավ «Մանկաբուժական դպրոց 2023»-ը
13 հունիս 23
Կայացավ «Մանկաբուժական դպրոց 2023»-ը: Ավանդական դարձած դասախոսությունների ամենամյա շարքն անց է կացվում Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ: Այս տարի դպրոցին մասնակցեց 160-ից ավել բժիշկ` հանրապետության ամբողջ տարածքից: Նրանք հիմնականում առողջապահության առաջնային օղակի մանկաբույժներ և ընտանեկան բժիշկներ էին, նաև նեղ մասնագետներ` տարբեր բժշկական հաստատություններից: Ժամանակակից մանկաբուժության, մասնավորապես մանկական գաստրոէնտերոլոգիայի, նյարդաբանության, թոքաբանության, մաշկաբանության և սրտաբանության մի շարք խնդիրների նվիրված դասախոսություններ են ներկայացրել ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից: Ծրագիրը հավաստագրված է Առողջապահության նախարարությունից, բժիշկները կստանան ՇՄԶ կրեդիտներ:
Ցյուրիխ - «Արաբկիր» համագործակցություն
10 հունիս 23
Համագործակցության հերթական այցով «Արաբկիր» բժշկական համալիրում են Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի մասնագետները` անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Ջորջ Շտաբուլին և բուժքույրեր Նեիլա Պաիոնին ու Ստեֆանի Դեվիդսոնը: «Արաբկիրի» գործընկերների հետ հանդիպումներն, ինչպես միշտ, ընթանում են ակտիվ քննարկումներով, առանձին դեպքեր դիտարկելով, բժշկական տակտիկաների համեմատությամբ, դասախոսություններով և, իհարկե, գործնական հմտությունների ու ծրագրային մտքերի փոխանակությամբ: Ջորջ Շտաբուլի, Նեիլայի և Ստեֆանիի հետ իրենց փորձառության մասին խոսելու առիթ ունեն ինչպես Ընդունարան և անհետաձգելի բուժօգնության, այնպես էլ մանկաբուժական մյուս բաժանմունքների մասնագետները: Առանձնակի ակտիվ հարցերով ու քննարկումներով են ընթացել Ջորջ Շտաբուլիի և Նեիլա Պաիոնիի դասախոսությունները` ջերմող երեխա, ցավի կառավարում և տրիաժ թեմաներով: Բժիշկների խոսքով նման հանդիպումները դրական մեծ ազդեցություն են ունենում հատկապես երիտասարդների մասնագիտական ճանապարհին:  
Մանկաբուժական դպրոց 2023
06 հունիս 23
Սիրելի բժիշկներ, հունիսի 10-ին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում անց է կացվելու «Մանկաբուժական դպրոցի» ամենամյա դասախոսությունների այս տարվա շարքը:   Ծրագրում ընդգրկված են Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մանկաբույժների դասախոսություններ` նվիրված ժամանակակից մանկաբուժության խնդիրներին:   Ծրագիրը հավաստագրել է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Պահանջվող կարգով գրանցված և մասնակցած բժիշկները կստանան վկայականներ` ՇՄԶ կրեդիտներով:   Գրանցվելու համար կարող եք գրել [email protected] հասցեին: Ծրագիրն ու օրակարգը` ստորև:
Երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները
01 հունիս 23
«Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական և այլն».   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն Արման Բաբլոյանը պատասխանել է news.am-ի հարցերին. առիթը` Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, թեման` երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները:   Պարոն Բաբլոյան, երեխաների առողջության իրավունքի հիմքում բժշկագիտության ամենակարևոր ճյուղերից մեկն է` մանկաբուժությունը: Որպես Հայաստանի ամենահեղինակավոր և բարձր` երրորդ մակարդակի մանկաբուժական հաստատություններից մեկի ղեկավար, ի՞նչ կարծիքի եք, ինպիսի՞ն է այսօր մանկաբուժությունը Հայաստանում, ի՞նչ հեռանկարներ կան մեզ մոտ այս ասպարեզում: Շնորհակալություն, թեման իսկապես չափազանց կարևոր է: Մեզանում շատ ընդունված արտահայտություն կա` երեխաները մեր ապագան են, սակայն մեր մոտեցումն այլ է` երեխաները մեր ներկան են, մեր այսօրը և հենց այսօր ունեն իրենց իրավունքները, այդ թվում` առողջության իրավունքը: Եվ այդ առումով մենք` պետությունը, հասարակությունը, բժիշկները, բոլորս, պետք է անենք ամենը, ինչ անհրաժեշտ է երեխաների առողջության իրավունքի պաշտպանության համար: Միևնույն ժամանակ, որպես ռազմավարություն, պետությունը պետք է հաշվի առնի, որ չի կարող ունենալ առողջ հասարակություն, եթե չապահովի այդ հասարակության հիմնաքարի` երեխաների, մանուկների առողջությունը: Այսինքն հասարակության առողջությունը ուղիղ համեմատական է երեխաների առողջությանը, այսօրվա երեխաների առողջությունը վաղվա չափահաս առողջ հասարակության գրավականն է, և երեխայի այսօրվա իրավունքը պաշտպանելով` մենք հետագա առողջ հասարակություն և անվտանգ երկիր ենք ակնկալում ունենալ: Ուրեմն մանկաբուժությունն առողջապահության մեջ առաջնային, ուրույն տեղ պիտի ունենա միշտ, այնպես, ինչպես ԱՀԿ-ի մոտեցումներով է և զարգացած երկրների բարձրակարգ առողջապահական համակարգերում` մայրությունն ու մանկությունն առաջնահերթություն են և դա չի քննարկվում:  Բայց ցավալի է, որ վերջին 20 տարիներին մանկաբուժություն մասնագիտության նկատմամբ հետաքրքրության անկում է նկատվում, և միայն նվիրյալներն են գնում այս ուղղությամբ: Հնարավո՞ր է , որ դա կապված էր մանկաբուժության ֆակուլտետի փակման հետ: Իհարկե, մանկաբուժության ֆակուլտետի փակումն ուներ իր  նշանակությունն այս հարցում, բայց խնդիրը միայն դրա հետ կապել ճիշտ չէ, որովհետև բնագավառը պետք է հետաքրքրություն առաջացնի նորավարտների մոտ ընդհանրապես, որպեսզի նրանք որոշեն գնալ մանկաբուժությամբ: Իսկ հետաքրքրություն առաջացնող գուցե ոչ ամենաառաջին, բայց առաջնային գործոններից մեկն աշխատանքի դիմաց վարձատրությունն է: Եվ եթե մենք համեմատում ենք երեխաների և մեծահասակների բժշկական ծառայությունների գները, տեսնում ենք, որ մոտեցումների մեծ տարբերություն կա: Մեծահասակների դեպքում դրանք դիֆերենցված են և ավելի մոտ են ծառայության իրական արժեքին, իսկ մանկականի դեպքում դրանք միջինացված են, ինչը չի մոտիվացնում նորավարտներին ընտրել մանկաբուժությունը: Նրանք նախընտրում են մեծահասակների բժշկական մասնագիտությունները, որպեսզի հետագայում կարողանան նպաստել իրենց ընտանիքների ավելի բարեկեցիկ կյանքին: Եթե մի փոքր ավելի ընդհանուր դիտարկենք, ի՞նչը կառանձնացնեիք, ի՞նչն է կարևոր Հայաստանում մանկաբուժության առջև ծառացած խնդիրների լուծման համար: Կարծում եմ մենք երեք հիմնական ուղղությամբ պետք է մտածենք. առաջինն առաջնային օղակի զարգացումն է, ինչը մեծապես կթեթևացնի հիվանդանոցային օղակի բեռը և հիվանդանոցների ռեսուրսները չեն ծախսվի այն հիվանդությունների կանխարգելման, խորհրդատվությունների, հետազոտությունների, բուժման վրա, որոնք կարելի է լիարժեքորեն իրականացնել առաջնային օղակում: Եվ սրան զուգահեռ երկրորդ ուղղությունն է`  հիվանդանոցային ծառայությունների զարգացումը: Սրանք խիստ փոխկապակցված են: Իսկ երրորդ ուղղությունն, անշուշտ, կրթությունն է, ինչպես բուհական, այնպես էլ՝ հետբուհական և շարունակական մասնագիտական զարգացումը, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ կադրեր ոլորտի համար: Սա, կարծում եմ, առաջիկա տարիներին առաջնահերթություն պետք է լինի, քանի որ մասնագիտական ռեսուրսների պակաս է նկատվում` արդեն նշված հանգամանքներից ելնելով:   Եվ վերջում` Ձեր մաղթանքը` հունիսի 1-ի կապակցությամբ: Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական և այլն:              
Շնորհավոր Հունիսի 1-ը
01 հունիս 23
Ի՞նչ է անկեղծությունը: Դա ամենասովորական մանկական ժպիտն է: Երեխաների հետ աշխատող մեր թիմի բախտն, ինչպես ասում են, բերել է, մենք ամեն օր ենք տեսնում այդ անկեղծությունը, բայց այսօր անկեղծության ու ժպիտների մի մեծ փունջ ենք ունեցել` Հեփի Հաուսի արտիստների օգնությամբ:   Փոքրիկներն ամենաիսկական տոնական շոուի են մասնակցել` երգ ու պարով, խաղերով, փափուկ-տաքուկ արջուկի հետ լուսանկարներով, իսկ ամենավերջում էլ` փուչիկային կերպարներով, որոնք շատ արագ ու թեթև պատրաստում էր խաղավար Արմանը: Փոքրիկների հրճվանքն ու ուրախությունն, իսկապես, անսահման էին, ծնողներինն էլ` ոչ պակաս:   Շնորհավորում ենք բոլոր մանուկներին` հունիսի 1-ի առիթով, խոստովանում, որ առողջության նրանց իրավունքի համար նվիրյալ մեր բժիշկներն աշխատում են ամեն օր ու ժամ: Դա առաքելություն է` հանուն փոքրիկների առողջ, խաղաղ, անվտանգ, լուսավոր ներկայի ու ապագայի: Շնորհակալություն, սիրելի մանկաբույժներ և կրկին շնորհավոր, մեր երջանկություն-երեխաներ:
Սուրդոթերապիստը` երեխայի խոսքի զարգացման մասին
26 մայիս 23
Լսողական խնդիրներ ունեցող երեխաների խոսքի զարգացման մասին հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել սուրդոթերապիստ Մարինե Գրիգորյանը:   Լսեք լսողության խանգարումների պատճառների, վաղ տարիքում լսողության կորստի բացահայտման մասին, իմացեք, թե ինչպե՞ս է փոխհատուցվում լսողության կորուստը, ինչ հետևանքներ կարող է ունենալ մասնագիտական օգնության ուշացումը, որքան կարևոր են բարձրակարգ լսողական սարքերը խոսքի զարգացման գործում, ինչպիսի նշանակալի դեր ունի սուրդոմանկավարժը չլսող երեխայի զարգացման գործում և թե որոնք են այս ոլորտի միֆերն ու հակամիֆերը:
Սերգեյ Սարգսյանը` ԱՀԿ-ի քննարկումներին
23 մայիս 23
«Արաբկիր»բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրավերով Գերմանիայի Քյոլն քաղաքում մասնակցել է մոր ու մանկան առողջության ոլորտներում Եվրոպայում իրականացվող ԱՀԿ-ի ծրագրերի ընթացքի և հետագա պլանների քննարկմանը։ Ներկայացվել են, մասնավորապես, երեխայի զարգացման և վերականգնման, դպրոցական և դեռահասային առողջության, բուժօգնության որակի բարելավման, քաղաքականության մշակման և մի շարք այլ խնդիրներ։ Քննարկմանը մասնակցել են փորձագետներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Նորվեգիայից, Իռլանդիայից և Հայաստանից։   Գերմանիա այցի օրերին Սերգեյ Սարգսյանը եղել է նաև Համբուրգի Ուլենքինդեր կենտրոնում` ծանոթանալու մանկական պալիատիվ օգնության կազմակերպման տեղի փորձին: Գերմանացի գործընկերները ներկայացրել են տարբեր փուլերում մանկական պալիտիվ օգնության կարիք ունեցող երեխաների հայտնաբերման, ուղեգրման, հետագա խնամքի կազմակերպման առանձնահատկութուններն ու ծառայությունների գործառույթները: Սերգեյ Սարգսյանը պատմել է այս ուղղությամբ Հայաստանում տարվող աշխատանքների մասին, նշելով, որ վերջին տարիներին Առողջապահության նախարարությունն ու «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն աշխատանքներ են իրականացնում ` ուղղված մանկական պալիատիվ օգնության ներդրմանը: Մասնավորապես, Բաց հասարակության իսնտիտուտի աջակցությամբ կատարվել է իրավիճակի գնահատում, մշակվել են հայեցակարգ, ուղեցույցներ, կրթական նյութեր ու չափորոշիչների նախագիծ և այս պահին արդեն իրականացվում են գործնական աշխատանքներ` ծառայության ամբողջական ներդրման համար:
Գույքադարան «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում
22 մայիս 23
«ԱրԲեՍ» առողջության կենտրոնում «Գույքադարան» է բացվել, որն աշխատելու է ճիշտ գրադարանի սկզբունքով, պարզապես տրամադրելու է ոչ թե գրքեր, այլ գույք` «ԱրԲեՍ»-ում վերականգնողական թերապիա անցնող երեխաներին: Նպատակը` աջակցել երեխաների ընտանիքներին` տանն անհրաժեշտ գույք` հատուկ սեղան-աթոռներ, կանգնակներ, գլաններ, ներքնակներ ու ծալովի թեքահարթակներ ունենալու հարցում: Հատկապես հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար այս տեսակի գույքը կարևոր է: Այդ մասին լավ գիտեն ծնողները, որոնք Մարինա Պարազյանի ղեկավարությամբ միավորվել են «Սորս» հիմնադրամում և իրականացնում են ամենատարաբեր ծրագրեր` ուղղված երեխաների կյանքի որակի բարելավմանը: Այս ծրագիրը, որն իրականացվում է Յունիսեֆի և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, դրանցից մեկն է: Սա համագործակցության հաջողված օրինակ է, ինչը, ծնողների պատկերացմամբ, արժե, որ շարունակություն ունենա միջգերատեսչական մակարդակով: Գույքադարանի բացմանը ներկա են եղել Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արմեն Չոբանյանը, Յունիսեֆի մանկական ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն Արման Բաբլոյանը և գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի ղեկավար Մանուշակ Երիցյանը, մասնագետներ, ծնողներ և հյուրեր: Արա Բաբլոյանը կարևորել է ծնողների ակտիվությունը, նկատելով, որ առանց ծնողական ուժեղ օղակի անհնար կլինեն ամենափառահեղ գաղափարներն անգամ: «Սորս» հիմնադրամի և «Արաբկիր» ԲՀ-ի համագործակցությունն արդյունավետ օրինակներից մեկն է և այս ծրագիրն էլ, վստահաբար, կհաջողվի:  
Վիրտուալ իրականության ակնոցով` առանց ցավի
19 մայիս 23
Արթուրն ու Ալենը «Արաբկիր» բժշկական համալիր են եկել հետազոտվելու, ինչը սովորաբար սկսվում է լաբորատորիայից: Տղաներն, իհարկե, ուժեղ են և այնքան էլ չեն վախենում «մեղվի խայթոցից», բայց մեր գործընկեր 10X Immersive ընկերությունն այս գործընթացն ավելի ժամանցային է դարձրել նրանց և մյուս բոլոր փոքրիկների համար: Վիրտուալ իրականության ակնոցներով երեխաներն ուղիղ մուլտֆիլմի կենտրոնում են հայտնվում, դառնում, օրինակ, նավապետ, որ պաշտպանում է նավը հարձակվողներից, կամ մեկ այլ հերոս, որ պիտի օգնի կենդանիներին: Եվ հենց այդ րոպեներին էլ մեր հմուտ բուժքույրերը կատարում են միջամտությունը` առանց որևէ անհանգստություն կամ ցավ պատճառելու երեխաներին: Հոգեբաններն ասում են, որ սա լավ միջոց է երեխաների ուշադրությունն այդ պահին շեղելու և միջամտությունն արագ ու առանց սթրեսի իրականացնելու համար: Որոշ հետազոտությունների համաձայն վիրտուալ իրականության ակնոցի միջոցով հնարավոր է ցավի շեմն իջեցնել միչև 35%, ինչն առաջին հերթին երեխաներին, նրանց ծնողներին է օգնում, հետո, իհարկե, նաև մասնագետներին: Ամեն օր փոքրիկների հետ լաբորատորիայում աշխատող մեր բուժքույրերն ասում են` ինչ այստեղ են ակնոցները, քչացել է լացը, ամեն մարդ իր գործով է զբաղվում, իրենք իրենց մուլտն են նայում, մենք էլ մեր նմուշներն ենք վերցնում: Արթուրն ու Ալենն էլ խոստովանում են, որ ոչինչ չեն զգացել: Ալենն ասում է` ես լսել էի, որ կան նման ակնոցներ, բայց երբեք չէի կրել: Շատ հավես էր, ափսոս կարճ տևեց: Շնորհակալություն, 10X Immersive-ի թիմ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հերթագրումների փոփոխություններ
15 մայիս 23
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ   Սիրելի այցելուներ,   տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրում տեղի են ունեցել հերթագրումների փոփոխություններ:   Եթե Դուք որևէ ծառայությունում պետպատվերով սպասարկվելու համար ունեք ամրագրված օր և համապատասխան բաժնի մատենավարներից դեռևս չեք ստացել զանգ` հերթագրման նոր օրվա մասին, խնդրում ենք նորից զանգահարեք տվյալ բաժին և ճշտեք այցելության նոր օրը:   Ընդհանուր հեռախոսահամարը` 015 400 300 և ներքին` 11 11: Բաժինների հեռախոսահամարները` հղումով.
Բուժքույրերի միջազգային օրը
12 մայիս 23
1820թ-ի մայիսի 12-ին անգլիացի բանկիր Ուիլյամ Նայթինգեյլի ընտանիքում ծնված աղջկա` Ֆլորենսի պատվին է գրեթե 1.5 դար անց բժշկական օրացույցում առանձնացվել կարևոր այս օրը: Սա առիթ է պատմելու փխրուն մի օրիորդի` Ֆլորենս Նայթինգեյլի խիզախ որոշումների մասին` ընդդիմանալով ծնողների ցանկությանը թողնել բարեկեցիկ կյանքը, մեկնել Գերմանիա` սովորելու բուժքույրական գործ և հետագա ողջ կյանքում լինել վիրավորների ու կարիքավորների կողքին` որպես ամենաիսկական քույր:   Ղրիմի պատերազմի հուշագրություններում Ֆլորենսի մասին հետագայում ասվելու էր. «Նվիրյալների իր խմբով Անգլիայից Ղրիմ հասած «լապտերով տիկինը», որն ամբողջ գիշեր շրջում էր անքուն վիրավորների շարքերով` մեկին մի բաժակ ջուր, մյուսին դեղահաբ տալով, հաջորդին` պարզ մարդկային մի ժպիտ պարգևելով: Հենց նրան էր վստահվել Սկյուտարի բանակային հոսպիտալի ղեկավարությունը և վիրավոր զինվորների բախտն այդ առումով բերել էր»: Պատերազմից հետո Ֆլորենսը Ղրիմից Բրիտանիա վերադարձավ որպես մի իսկական հերոս, որին շնորհակալագիր հանձնեց անձամբ Թագուհին` խնդրելով չդադարեցնել աշխատանքը: Այդ ժամանակ է, որ Ֆլորենսը հիմնադրեց բուժքույրերի վերապատրաստման «Նայթինգեյլ» դպրոցը` կրթելով նոր սերունդների և փոխանցելով իր գիտելիքներն ու հմտությունները երիտասարդ գործընկերներին:   Մենք ուրախ ենք փաստել, որ «Արաբկիր» բժշկական համալիրի բուժքույրական հզոր թիմը բուժքույրական ժամանակակից գործի պիոներ Ֆլորենս Նայթինգեյլի ամենարաժանի հետևորդներից է: Շվեյցարացի բարեկամների հետ հիմնադրած մեր Բուժքույրական խորհուրդը ևս հետամուտ է բուժքույրերի մասնագիտական զարգացմանն ու առաջընթացին` պարբերաբար անցկացվող դասընթացներով ու կոնֆերանսներով: Մեր հմուտ բուժքույրերն այսօր ոչ միայն շարունակաբար վերապատրաստվում, այլև վերապատրաստում են երիտասարդ մասնագետների` ինչպես «Արաբկիրից», այնպես էլ այլ բժշկական հաստատություններից:   Սիրելի բուժքույրեր, շնորհավորում ենք ձեր տոնը, մաղթում ենք ձեզ թռիչքի երանելի զգացողություն` մասնագիտական ձեր պատասխանատու դաշտում, առաջ ընթացեք ու ճամփորդեք` անդադար սովորելով: Եվ եթե մի օր քայլեք Լոնդոնի Ուաթերլոու հրապարակով, մի պահ կանգ առեք, ժպտացեք ու խոնարհվեք Ֆլորենս Նայթինգեյլի արձանի առջև:
«Արաբկիր-Սթոնի Բրուք» համագործակցություն
08 մայիս 23
«Արաբկիր» բժշկական համալիրում էր Նյու Յորքի Սթոնի Բրուք պետական համալսարանից ժամանած անեսթեզիոլոգիական-վիրաբուժական թիմը` մեր հայրենակից, մանկական անեսթեզիոլոգ, բժշկագիտության դոկտոր Վահե Թադևոսյանի ղեկավարությամբ:   Սա երկար տարիների համագործակցության շրջանակում կատարած հերթական այցելությունն էր` նորարարական փորձով, հմտություններով միմյանց հետ կիսվելու, փոխանակվելու նպատակով: Համատեղ խորհրդատվություններից, քննարկումներից, վիրահատարանում աշխատանքից բացի ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հանդես են եկել նաև կլինիկական հետաքրքիր դեպքերի և գիտական նոր նյութերի ներկայացմամբ, շեշտելով, որ իրենց համար չափազանց կարևոր են այս այցերը, քանի որ ամեն անգամ իրենք էլ «Արաբկիր» ԲՀ-ի գործընկերներից են որոշակի բաներ սովորում և կիրառում դրանք պրակտիկայում:
Բարի տարեդարձ, պրոֆեսոր Բաբլոյան
05 մայիս 23
Բարի տարեդարձ, սիրելի Արա Սայենի,   առողջություն, խաղաղություն ենք մաղթում, հնարավորություններ` երեխայակենտրոն, մարդակենտրոն Ձեր բոլոր գաղափարների իրականացման համար: Հայաստանում և Արցախում առողջապահության ոլորտին, հատկապես մանկաբուժությանն ուղղված Ձեր ջանքերն ու նվիրումն անգնահատելի են, շնորհակալ ենք:   Արևշատություն ու անսպառ եռանդ Ձեզ, որպեսզի վայելեք Ձեր ամենաբազմազան ծրագրերի պտուղները և, ինչպես միշտ, նախաձեռնեք նորերը` հանուն հայ մանուկների և մեծերի:
Ասթմայի համաշխարհային օրը
03 մայիս 23
Ասթման բարդ հիվանդություն է, որն առաջանում է գենետիկական և շրջակա միջավայրի գործոնների ազդեցությամբ: Այն աշխարհում ամենատարածված խրոնիկական հիվանդությունն է երեխաների և դեռահասների շրջանում և ամենատարածվածներից մեկը` մեծահասակների մոտ:   Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասթման ճանաչել է որպես աղքատության և՛ պատճառ, և՛ հետևանք` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: ԱՀԿ-ի գնահատմամբ` ասթման ազդում է 339 միլիոն մարդու վրա` ամբողջ աշխարհում:   Ասթմայի համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական շնչառական միությունը (ERS) և ասթմայի համաշխարհային նախաձեռնությունը (GINA) միավորել են ջանքերը՝ քննարկելու GINA 2023 ռազմավարության զեկույցում մեծահասակների, դեռահասների և երեխաների համար ասթմայի կառավարման վերաբերյալ առաջարկությունների հիմնական թարմացումները` կարևորելով թեմայի հիմնական հարցադրումները. ինչպես կլիմայի փոփոխությունն ու օդի աղտոտվածությունը կարող են ազդել ասթմա ունեցողների վրա, ինչ կարող են անել բժիշկները՝ իրենց պացիենտներին անհրաժեշտ ամենահարմար ինհալյատորն ընտրելու համար, ինչ է պետք անել` երաշխավորելու պացիենտներին ավելի առողջ ապագա` ազգային, եվրոպական և գլոբալ մակարդակներում: Հայաստանում ասթմա ունեցող երեխաներն ու դեռահասները սպասարկվում են «Արաբկիր» բժշկական համալիրում: Շնչառական բժշկության և ալերգոլոգիայի մեր ծառայությունում այսօր հնարավոր են ասթմայի ախտորոշման, բուժման և կառավարման ժամանակակից բոլոր մեթոդներն ու միջոցները` շնորհիվ արտասահմանյան կլինիկաների, մասնագիտական ասոցիացիաների հետ մեր բժիշկների սերտ համագործակցության, շարունակական մասնագիտական զարգացման և տեխնիկական մեծ հագեցվածության:   Ասթման դատավճիռ չէ: Վաղ ախտորոշումն ու բժշկական ճիշտ մոտեցումն այն դարձնում են կառավարելի և հաղթահարելի:
Ժան-Պիեռ Բեռնարի կիսանդրին «ԱրԲեՍ»-ում
29 ապրիլ 23
«ԱրԲեՍ» առողջության կենտրոնի բակում տեղադրվել է շվեյցարացի հումանիստ, «Արաբկիր» բժշկական համալիրի մեծ բարեկամ Ժան-Պիեռ Բեռնարի կիսանդրին` որպես սիրո և երախտագիտության նշան մի մարդու հանդեպ, որի հետ «Արաբկիրն» անցել է երկար ու բեղմնավոր ճանապարհ` սկսած 1988թ-ի երկրաշարժի օրերից:   Հիշատակի ոգեկոչման արարողությանը ներկա են եղել Ժան-Պիեռի կինն ու որդին` Ֆրանսուազ Բեռնարն ու Մարտեն Բեռնարը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանզը, Ժան-Պիեռի հայաստանցի գործընկերները, ընկերներն ու աշակերտները:   «Եթե ես սկսեմ պատմել մեր բարեկամության, մեր համատեղ ծրագրերի, դժվարությունների ու հաջողությունների պատմությունը, ապա օրեր հարկավոր կլինեն այդ ամենը ներկայացնելու: Ընդամենն ասեմ, որ այն, ինչ տեսնում եք դուք այսօր «Արաբկիր» բժշկական համալիրում, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում, «Ապարանի» առողջարանային ճամբարում, այն ինչը ծառայում է այսօր հայ ժողովրդին, հայ մանուկներին` այդ ամեն ինչում, ինչպես ասում են, Ժան-Պիեռի մատը խառն է: Մենք չէինք լինի այսօր այն, ինչ կանք, եթե մեր կյանքում չլիներ Ժան-Պիեռը և եթե նա մեզ չսովորեցներ երազել: Ժան-Պիեռը մեր մեծ բարեկամն էր, մեր սիրելի ընկերը, մեր անգնահատելի խորհրդատուն, և անձամբ ինձ համար` եղբայր դարձած մարդ»,- իր խոսքում նշել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը:   «Հայաստանում դիվանագիտական իմ առաքելության ոչ երկար շրջանում ես հասկացա, որ Ժան-Պիեռը Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խորհրդանիշներից մեկն է, իսկ պրոֆեսոր Բաբլոյանի հետ նրա եղբայրության վերածված ընկերությունը` բազմաթիվ ծրագրերի ու գաղափարների աղբյուր` ուղղված առողջապահության զարգացմանն ու երեխաների կյանքի որակի լավացմանը Հայաստանում: Սա անգնահատելի է»,-ասել է դեսպան Ռոզենկրանզը:   Ներկաներին ողջունել են նաև ամենափոքրիկ արաբկիրցիները` Ժան-Պիեռի գաղափարով ստեղծված մանկապարտեզից` ներկայացնելով իրենց ջերմ կատարումները` հայերեն ու ֆրանսերեն:   Արա Բաբլոյանն ու Մարտեն Բեռնարը մշտադալար ծառեր են տնկել Ժան-Պիեռի կիսանդրու կողքին` հույսով, որ դրանք կապրեն երկար` ինչպես Հայաստան-Շվեյցարիա, «Արաբկիր» -Ժյուռա կանտոն, Արա Բաբլոյան-Ժան-Պիեռ բարեկամությունը:   Մարտեն Բեռնարը շնորհակալություն է հայտնել իրենց համար անչափ հուզիչ ու կարևոր միջոցառման համար, նշելով, որ ամենաոգևորողը փոքրիկներն են, որոնք մշտապես Ժան-Պիեռի մտքի մեջ էին ու նրա երազանքներում: «Եվ հիմա մենք ուրախ ենք, որ Ժան-Պիեռն այստեղ է՝ «ԱրԲեՍում»՝ այսքան կենդանի, այսքան բնական, պարզ ու իր նման համեստ այս ստեղծագործությամբ», ասել է Մարտեն Բեռնարը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով քանդակի հեղինակ Էմին Պետրոսյանին:
Իրաքահայ Արինն «Արաբկիր» ԲՀ-ում
28 ապրիլ 23
Տասնամյա Արինն «Արաբկիր» բժշկական համալիրում է արդեն մի քանի ամիս: Դաժան ավտովթարը փոխել է իրաքահայ երեխայի կյանքը՝ թողնելով նրան առանց ծնողական խնամքի ու առաջ բերելով առողջական մի շարք խնդիրներ:   Փոքրիկը տեղափոխվել է Հայաստան և Առողջապահության նախարարության աջակցությամբ ու «Արաբկիրի» բժշկական թիմի ջանքերով արդեն բավական առաջընթաց ունի:    Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է Արինի պատմությանը:
1
...
4
5
6
7
8
9
10
11
12
...
13