«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կարող են դիմել բոլոր ցանկացողները` առաջնորդվելով հետևալ կետերով:
1. Շտապ և անհետաձգելի դեպքերի համար շուրջօրյա աշխատում է «Արաբկիր» բժշկական համալիրի ընդունարանը` «Ընդունարան և անհետաձգելի բժշկական օգնություն» բաժանմունքը: Օրինակ, երբ երեխան բարձր ջերմություն ունի, թուլություն, գիտակցության մթագնում կամ կորուստ, սուր ցավեր մարմնի որևէ հատվածում, և Դուք կանչել եք «Շտապ օգնություն», բժիշկը եզրահանգել է, որ երեխային պետք է շտապ ստացիոնար բուժօգնություն ցույց տալ: Հնարավոր է «Շտապ օգնություն» չեք կանչել, բայց ինքներդ տեսնում եք, որ երեխայի վիճակը նման է վերոնշյալին, կարող եք հենց ինքներդ բերել նրան «Արաբկիր» ԲՀ` «Ընդունարան»: Նման դեպքերում ուղեգրի և նախապես հերթագրվելու կարիք չկա:
2. Եթե երեխան բժշկական օգնության և սպասարկման կարիք ունի, սակայն նրա վիճակը չի գնահատվում որպես շտապ և անհետաձգելի օգնության կարիք ունեցողի, «Արաբկիր» ԲՀ կարող եք դիմել որպես պլանային այցելություն, որի համար պետք է ունենալ համապատասխան ուղեգիր: Ուղեգրեր հատկացնում են առողջության առաջնային օղակի` պոլիկլինիկաների բժիշկները: Ուղեգրերը կարող են տրվել
- նեղ-մասնագիտական խորհրդատվության համար,
- ախտորոշման ճշտման նպատակով,
- հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների համար,
- հիվանդանոցային բուժօգնության նպատակով:
Ուղեգրերն ուղարկվում են առողջապահական էլեկտրոնային համակարգով, առայժմ միայն 1-ին տեսակի՝ նեղ-մասնագիտական խորհրդատվության համար տրվող ուղեգրերն են շրջանառվում թղթային տարբերակով:
Ուղեգրի վրա համապատասխան նշում կատարում է պոլիկլինիկայի բժիշկը, ինչը հստակ ցույց է տալիս, թե ինչի համար այն կարող է կիառվել բժշկական համալիրում: Տրված ուղեգիրը գործում է տրվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Ուղեգիրը վերցնելուց հետո պետք է զանգեք համապատասխան բաժին և հերթագրվեք: Բժշկական համալիր գալիս անպայման վերցրեք նաև երեխայի ծննդյան վկայականի պատճենը, ՀԾՀ-ի /սոցքարտի/ պատճենը և ծնողներից որևէ մեկի անձնագրի պատճենը, որպեսզի գրանցում կատարվի:
3. Եթե երեխան «Արաբկիր» ԲՀ-ում դիսպանսեր վերահսկողություն է անցնում՝ համաձայն Առողջապահության նախարարության սահմանած տարեկան այցելությունների մասին սխեմաների, և դուք նրան պարբերաբար բերում եք «դիսպանսեր» կաբինետ, անպայման զանգեք- հերթագրվեք, հետո եկեք` խնայելով Ձեր և բժշկի ժամանակը:
4. Եթե Դուք նախընտրում եք դիմել «Արաբկիր» ԲՀ
- պլանային այցով, բայց առանց պոլիկլինիկայի մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի ուղեգրի պետք է վճարեք Ձեր փոքրիկի բժշկական օգնության և սպասարկման համար` պետության կամ ապահովագրական ընկերության փոխարեն: Սակայն այս դեպքում նույնպես պետք է նախապես հերթագրվեք: Վճարելը չի ազատում հերթագրումից:
- «Ընդունարան»` երեկոյան ժամերին, երբ չեն աշխատում տեղամասային պոլիկլինիկաները և երեխայի վիճակը ընդունարանի բժիշկը չի գնահատել որպես սուր, ապա պետք է վճարեք Ձեր փոքրիկի բժշկական օգնության և սպասարկման համար: Ընդունարանի աշխատանքի յուրահատկությունից և ծանրաբեռնվածությունից ելնելով` հնարավոր է որոշակի ժամանակ սպասեք:
5. «Արաբկիր» ԲՀ-ը սպասարկում է նաև մեծահասակներին: Այս դեպքում ծառայությունները մատուցվում են հիմնականում վճարովի հիմունքներով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Կան հետազոտություններ և միջամտություններ, որոնց համար պետությունն ուղեգիր չի տալիս: Նման դեպքերում ծառայության համար պետք է վճարեն պացիենտը կամ նրա հարազատները` սեփական միջոցներով կամ, եթե ապահովագրված է, ապահովագրական ընկերության միջոցով:
- Պետպատվերով բժշկական ծառայություններ մատուցվում են միայն ՀՀ քաղաքացիներին: