Գլխավոր
Նորություններ
Համակարգչային տոմոգրաֆիա
21 ապրիլ 23
Հարգելի պացիենտներ, ի պատասխան ձեր հարցերի տեղեկացնում ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվում է համակարգչային տոմոգրաֆիա կամ, ինչպես ընդունված է ասել, КТ` բոլոր օրգան-համակարգերի հետազոտության համար, առանց տարիքային սահմանափակումների` և մեծերին և փոքրերին, ինչպես առանց կոնտրաստի, այնպես էլ կոնտրաստային նյութով, ինչպես առանց անզգայացման, այնպես էլ անզգայացումով` ելնելով ցուցումներից: «Արաբկիր» բժշկական համալիրում համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության, ինչպես նաև ճառագայթային ախտորոշիչ ծառայության այլ գործառույթների մասին կարող եք կարդալ հղումով:
Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում
11 ապրիլ 23
Ապրիլի 11-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես Պարկինսոնի հիվանդության մասին իրազեկման օր. առիթ՝ բարձրաձայնելու պարկինսոնիզմի, դրա ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների մասին:   news.am-ի տեսանյութն անդրադառնում է պարկինսոնիզմի նյարդավիրաբուժական բուժմանն «Արաբկիր» բժշկական համալիրում. որքան արդյունավետ կարող է լինել գլխուղեղի՝ նեյրոմոնիտորինգով կատարվող խորանիստ ստիմուլյացիան և որքան կարևոր է այն՝ մարդու կյանքի որակը բարելավելու գործում: 60-ամյա տղամարդը ավելի քան 10 տարի Պարկինսոնի հիվանդություն ունի։ Նա երկար տարիներ դեղորայքային բուժում է ստանում, բայց դեղերն այլևս նրան չեն օգնում, ավելին՝ որոշակի բարդություններ են առաջացնում։ Տղամարդու մոտ խնդիրներ են առաջացել աշխատանքի, ընդհանուր սոցիալական ակտիվության, կյանքի որակի հետ կապված, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասում է նյարդաբան Զարուհի Թավադյանը։ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկները տղամարդուն առաջարկել են վիրահատական բուժում՝ ուղեղի խորանիստ ստիմուլյացիա, որը թույլ կտա նրան վերադառնալ ակտիվ կյանքին։  «Պարկինսոնի հիվանդությունը պրոգրեսիվող խրոնիկական նյարդաբանական հիվանդություն է, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, հիմնականում դասական նշանները շարժողական են. դանդաղկոտություն, դող, արտահայտված քայլվածքի, հավասարակշռության խնդիրներ, մկանային ձգվածություն, կան նաև բազմաթիվ ոչ շարժողական նշաններ. դեպրեսիա, քնի խնդիրներ, ցավ և այլն, որոնք ուղեկցում են այդ հիվանդությունը։ Այդ ամեն ինչը գումարային մեծ ազդեցություն ունի կյանքի որակի վրա։ Հիվանդության ընթացքում և դեղորայքային բուժման ընթացքում նաև պացիենտները ձեռք են բերում բարդություններ արդեն բուժման հետ կապված, ունեն դեղորայքի վրա ոչ կանոնավոր պատասխան, ունեն անկանոն շարժումներ, որոնք ևս դառնում են սահմանափակման արդյունք, և ի վերջո պահ է գալիս, որ արդեն պացիենտները դժվարանում են շարունակել իրենց բուժումը սովորական դեղամիջոցներով», –ասում է Զարուհի Թավադյանը, նշելով, որ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան որպես մեթոդ օգտագործվում է մոտ երկու տասնամյակ։ Այն թույլ է տալիս նաև շարունակական կարգավորումներ մտցնել պացիենտի շարժողական վիճակի մեջ ժամանակի ընթացքում, և պացիենտին պահել տարիներ շարունակ ակտիվ վիճակում։Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան վիրահատություն է, որի ժամանակ գլխուղեղի համապատասխան կենտրոններում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք միացվում են խթանիչ սարքին՝ կրծքավանդակում՝ մաշկի տակ տեղադրված նեյրոստիմուլյատորին։ Այդ սարքը գեներացնում է էլեկտրական իմպուլսներ, որոնք ընկճում են գլխուղեղի անոմալ ակտիվությունը։ Դա բարդ և նուրբ վիրահատություն է, որի ժամանակ վիրաբույժները պետք է գտնեն էլեկտրոդների ճիշտ դիրքը՝ չվնասելով գլխուղեղի շարժողական կենտրոններն ու անոթները։ Նախկինում այն կատարվում էր տեղային անզգայացմամբ, քանի որ պացիենտը վիրահատության ժամանակ պետք է որոշակի առաջադրանքներ կատարեր, մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը գնահատելու համար։ Օրինակ, հայտնի է, որ ջութակահար Ռոջեր Ֆիշը ջութակ է նվագել այդ վիրահատության ընթացքում: Այսօր «Արաբկիր» բժշկական համալիրում գլխուղեղի խորանիստ սիտիմուլյացիան կատարում են ժամանակակից տեխնոլոգիայի՝ նեյրոմոնիթորինգի կիրառմամբ, և պացիենտին արթուն պահելու անհրաժեշտություն այլևս չկա, ասում է նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը։ «Մեր կենտրոնում գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում և նեյրոմոնիթորինգի հսկողությամբ, որն ունի մի շարք առավելություններ։ Նախևառաջ հիվանդը, գտնվելով անզգայացման պայմաններում, ավելի հարմարավետ վիճակում է, և նեյրոմոնիթորինգը մեզ հնարավորություն է տալիս ճշգրտել էլեկտրոդի տեղակայման վայրը և խուսափել ստիմուլյացիայից առաջացող հնարավոր կողմնակի ազդեցություններից։ Նեյրոմոնիթորինգը դա մեթոդ է, որը բավականին հաճախ է ներկայումս կիրառվում։ Դա էլեկտրական շղթա է փակում, այսինքն, կատարվում է խթանում համապատասխան կենտրոնի և գրանցվում է ստիմուլը, այսինքն, հոսանքի պատասխանը ծայրամասային մկաններից։ Այսինքն, կլինի դիմային մկան, վերին, ստորին վերջույթների, հնարավոր է նաև դիմային նյարդից, ենթալեզվային, այսինքն՝ կախված վիրահատվող շրջանի առանձնահատկությունից։ Նպատակը՝ վնասումից խուսափելն է համապատասխան կենտրոնների և ուղիների», – ասում է նա։ Վիրահատությունից առաջ բժիշկները մանրազնին ուսումնասիրում են պացիենտի գլխուղեղի ՄՌՏ–պատկերը, գտնում են թիրախ կորիզները և կատարում էլեկտրոդի վիրտուալ տեղադրում։ Այնուհետև անմիջապես վիրահատությունից առաջ կատարվում է կոնտրաստային ԿՏ–հետազոտություն, որի տվյալները համադրվում են ՄՌՏ–ի հետ։ Էլեկտրոդների տեղակայման վայրը ճշգրիտ որոշելու համար կիրառվում է հատուկ կոորդինատային համակարգ՝ ստերեոտակտիկ շրջանակ, պատմում է Նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը։ «Միջամտությունը բաղկացած է մի քանի փուլից. Վիրահատության առաջին փուլում հիվանդի գլխին ամրացվում է հատուկ մետաղական սարք, որի օգնությամբ մենք ստեղծում ենք վիրտուալ կոորդինատային առանցք և համադրելով համակարգչային շերտագրության և ՄՌՏ հետազոտության արդյունքները համապատասխան ծրագրի միջոցով, մենք կարողանում ենք ստանալ մեզ անհրաժեշտ կոորդինատները, և համապատասխան կոորդինատներով մենք 0.6մմ ճշգրտությամբ տեղադրել էլեկտրոդները ճիշտ տեղում», – ասում է նա։    Նիկո Արզումանյանը նշում է՝ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան պարկինսոնիզմի բուժման համար «Արաբկիր» բժշկական կենտրոնում կիրառվում է արդեն մեկ տարի, և բոլոր վիրահատվածները գոհ են արդյունքներից։ Այս ամենը հնարավոր է դարձել կենտրոնի ձեռք բերած նորագույն սարքավորումների և թվային տեխնոլոգիաների շնորհիվ։  Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան կիրառվում է ոչ միայն պարկինսոնիզմի բուժման համար, այլև մի շարք այլ նյարդաբանական, և անգամ հոգեբուժական խանգարումների դեպքում, ասում է Զարուհի Թավադյանը։ «Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան օգտագործվում է առաջին հերթին Պարկինսոնի հիվանդության ժամանակ, նաև ժառանգական կամ էսենցիալ դողի ժամանակ և մանկական պրակտիկայում դիստոնիայի որոշակի տեսակների ժամանակ։ Ներկա պահին ցուցումները խորանիստ ստիմուլյացիայի շատանում են, լայնանում է դաշտը, և ապագայում այդ մեթոդը օգտագործվելու է նաև այլ շարժողական խանգարումների համար, և ոչ միայն։ նաև հոգեբուժության մեջ, օրինակ, բայց ներկա պահին շարժողական խանգարումներից այս երեքն են. դասական պարկինսոնիզմ, էսենցիալ դող և դիստոնիա», – ասում է նա։ Վիրահատությունից մոտ 3-4 շաբաթ անց, երբ պացիենտի վիրահատական վերքերը վերջնական կսպիանան, բժիշկները կգործարկեն նեյրոստիմուլյատորը և կկատարեն կարգավորումները։ Արդյունքում կշտկվի պացիենտի շարժումների դանդաղկոտությունը, դողը, քայլվածքը, խոսքը, կրճատվի դեղորայքի օգտագործումը, ինչը զգալիորեն կլավացնի նրա կյանքի որակը։
Մանկական ագրեսիա
10 ապրիլ 23
Ինչու են երեխաներն ագրեսիվ վարք դրսևորում, ագրեսիայի ինչպիսի տեսակներ են հնարավոր, որոնք են դրանց հիմնական դրդապատճառներն ու ինչպես կարելի է հաղթահարել այս կամ այն կերպ արտահայտվող ագրեսիան: «Արաբկիր» բժշկական համալիրի հոգեբան Վարվառա Ավակիմյանը ներկայացրել է մանրամասներ մանկական ագրեսիայից` նշելով, թե որոնք են այս թեմայի շուրջ ամենատարածված միֆերն ու իրականությունները:
Առողջություն և գեղեցկություն. համակարգչային տոմոգրաֆիա
07 ապրիլ 23
Ապրիլի 7-ը Առողջության համաշխարհային օրն է, մեզ մոտ նաև` Մայրության և գեղեցկության տոնը: Եվ քանի որ առողջության պահպանման և հիվանդությունների բուժման կարևորագույն օղակներից մեկն ախտորոշումն է, առաջարկում ենք դիտել «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանի մասնակցությամբ «Առողջություն և գեղեցկություն» հաղորդաշարի թողարկումը` ճառագայթային ախտորոշման մասին:   Պահպանեք Ձեր ամենաթանկ ունեցվածքը` առողջությունը` կանխարգելելով և վաղ ախտորոշելով հիվանդությունները:
Պրոֆեսոր Մյոլլերը «Արաբկիր» ԲՀ-ում
04 ապրիլ 23
Ավարտվեց Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի Շնչառական բժշկության ծառայության ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Մյոլլերի այցը «Արաբկիր» բժշկական համալիր:   Երկօրյա դասընթացին հասցրել է մասնակցել շուրջ 100 բժիշկ` «Արաբկիրից» և այլ բժշկական հաստատություններից: Սեմինարի հիմնական թեմաներն առնչվել են մանկական շնչառական բժշկությանը` ախտորոշման և բուժման մանրամասներով: Պրոֆեսորը ներկայացրել է դրանց մասին ուղեցույցների վերջին թարմացումները, որոնք քննարկման թեժ առարկա են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել լսել վերջին նորությունները հենց ուղեցույցի հեղինակների խմբի ղեկավարից` սպառիչ պատասխան ստանալով մասնագիտական բազմաթիվ հարցերի վերաբերյալ:   Պրոֆեսորի հետ ավանդական դարձած հանդիպումների ամենասիրված հատվածը bedside theaching-ներն էին` քննարկումներն անմիջապես պացիենտների կողքին և նրանց հետ: Այս ձևաչափը բացառիկ հնարավորություն է հատկապես «Արաբկիր» ԲՀ-ում կլինիկական օրդինատուրա անցնողների համար` մասնակցելու աշխարհահռչակ պրոֆեսորի` պացիենտին զննելու և խնդիրը վերլուծելու գործընթացին:
Ապրիլի 2. Աուտիզմի մասին իրազեկման օր
03 ապրիլ 23
Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրվա առիթով news.am-ի «Հարցրու բժշկին» շարքի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի վերականգնողական ծառայության ղեկավար Գայանե Զաքարյանը: Լսեք, թե ինչպես կարելի է ճանաչել աուտիզմը, երբ է ճիշտ դիմել բժշկի, որոնք են այս խնդրի հիմնական պատճառները, աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքի ինչպիսի հիմնական մոտեցումների կան, որքանով կարող են աուտիզմ ունեցող մարդիկ հոգալ իրենց կարիքներն ու լինել ինքնուրույն:
Շնորհակալական նամակ Բելառուսի դեսպանին
28 մարտ 23
«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը շնորհակալական նամակ է հղել Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան պարոն Ալեքսանդր Կոնյուկին` ևս մեկ երեխայի կյանքի փրկության կարևոր գործում բելառուս մեր գործընկերների մեծ աջակցության համար:   Շնորհակալ ենք նաև մեր հավատարիմ բարեկամին` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին` երեխայի վիրահատության, Մինսկ գնալ-վերադառնալու հարցերում ցուցաբերած աջակցության համար։   Մեծարգո պարոն դեսպան, ընդունեք մեր երախտիքի խոսքը` ևս մեկ երեխայի կյանքի փրկության կարևոր գործում բելառուս մեր գործընկերների մեծ աջակցության համար: Խոսքը 14-ամյա տղայի` Խաչինյան Ռաֆայելի մասին է: Նա ծնվել է 2008թ-ին` լյարդի բնածին ֆիբրոզով, և տարիների ընթացքում անհրաժեշտություն է ծագել լյարդի փոխպատվաստման, որը հանդիսանում է այդ խնդրի լուծման միակ մեթոդը: Փոխպատվաստումն իրականացվել է 2023թ-ի հունվարի 31-ին, Երևանում` «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի և Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնի բժիշկների համատեղ ջանքերով` պրոֆեսոր Օլեգ Օլեգի Ռումմոյի ղեկավարությամբ: Վիրահատությունն անցել է հաջող, սակայն հետվիրահատական շրջանն ընթացել է ալիքաձև` երկու կրիզիսային դրվագով. երեխայի մոտ սկսվել էր փոխպատվաստված օրգանի սուր արտավանում: Առաջին դրվագում խնդիրը կարգավորվել է կոնսերվատիվ ընդունված միջոցներով, սակայն երկրորդ էպիզոդում դա հնարավոր չի եղել, ինչն էլ պատճառ է դարձել երկու կլինիկաների մասնագետների համատեղ որոշման` երեխային տեղափոխել Մինսկ` հետագա հետազոտման և բուժման նպատակով: Երեխան Մինսկ է տեղափոխվել մարտի 11-ին և վերադարձել մարտի 24-ին` առողջության կայունացած վիճակում: Այս դեպքը ոչ միայն մասնագիտական հզոր կարողությունների, այլև մեծ մարդասիրության, բարեսրտության, առողջ ու ազնիվ համագործակցության արդյունքների մասին է: Շնորհակալ ենք մեր փոքրիկ հայրենակցին, նրա ընտանիքին և, իհարկե, մեզ` որպես լյարդի փոխպատվաստման սկսնակ կլինիկայի մասնագետներ, մենակ չթողնելու համար: Ցանկանում ենք նշել նաև, որ ավիատոմսերի հարցում էլ մեծ աջակցություն է ցուցաբերել բելառուսական «Բելավիա» ընկերությունը, ինչի համար նույնպես խորապես շնորհակալ ենք: Հարգանքով` Արա Բաբլոյան Պրոֆեսոր, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար  
Ասուլիս. Էպիլեպսիայի օր
28 մարտ 23
«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության բաժնի վարիչ Անի Գևորգյանն ու «Կյանքի ճանապարհ» հիմնադրամի նախագահ Ելենա Բաղդասարյանը մասնակցել են էպիլեպսիայի օրվան նվիրված ասուլիսի` Սպուտնիկ Արմենիա ռադիոընկերությունում: Հնչել են մի շարք հարցերի պատասխաններ` էպիլեպսիայի, այս խնդրով ապրող մարդկանց հանդիպող դժվարությունների և դրանց հաղթահարման ձևերի մասին: Օրվա կարևոր ուղերձը` չընկալել էպիլեպսիան որպես դատավճիռ և չպիտակավորել մարդկանց` էպիլեպսիա ունենալու համար: Սա խնդիր է, որ կարող է պատահել բոլորին: Պետք է պարզապես սովորել ապրել էպիլեպսիայով և դրսևորել ճիշտ վարքագիծ` էպիլեպտիկ ցնցումների ժամանակ:   
Մարդը մեղավոր չէ, եթե ունի էպիլեպսիա
27 մարտ 23
Եվս մեկ անդրադարձ «Մանուշակագույն օրվա» խորհրդին: «Առավոտը» զրուցել է «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության բաժնի վարիչ Անի Գևորգյանի հետ: Կարդացեք, եղեք իրազեկված, փորձեք տարբերակել էպիլեպտիկ նոպան էպիլեպսիա հիվանդությունից, տեղեկացեք էպիլեպսիայի և էպիլեպտիկ ցնցումների հիմնական տեսակների, դրանց ծագման պատճառների ու ռիսկի գործոնների, բուժման ժամանակակից հնարավորությունների մասին, իմացեք, թե ինչպես պետք է պահեք ձեզ, եթե ձեր կողքին որևէ մեկը էպիլեպտիկ ցնցումներ է ունենում և, ամենակարևորը, հիշեք, որ էպիլեպսիան դատավճիռ չէ, պետք չէ մարդկանց պիտակավորել այս առիթով կամ թաքցնել խնդիրը` չպիտակավորվելու համար: Խնդիրներ ունենում են բոլորը, ոչ ոք ապահովագրված չէ, և ոչ ոք մեղավոր չէ, եթե ունի, օրինակ, էպիլեպսիա:   
Մարտի 26. Էպիլեպսիա. Մանուշակագույն օր
26 մարտ 23
Այսօր մարտի 26-ն է՝ էպիլեպսիայի մասին իրազեկման կամ ինչպես ընդունված է ասել՝ Մանուշակագույն օրը: Աշխարհում մոտ 50 մլն մարդ էպիլեպսիա ունի: Սա խնդիր է, բայց ոչ դատավճիռ: Ժամանակակից բժշկագիտությունն արդյունավետ առաջարկներ ունի էպիլեպսիա ունեցող մարդկանց՝ դեղորայքային, վիրաբուժական, անգամ՝ կենսակերպային: «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանների և նյարդավիրաբույժների թիմը Հայաստան է բերում արդի էպիլեպտոլոգիայի բոլոր նորություններն ու պացիենտների կողքին է՝ բուժման ամենաարդյունավետ մեթոդներով: «Արաբկիրում» է գործում մանկական էպիլեպսիայի դիսպանսերը, որտեղ գրանցված է 0-18 տարեկան 3600-ից ավել պացիենտ: Նրանց մեծամասնությունը ստանում է դեղորայքային բուժում, որոշներին ցուցվում է վիրահատությունը, ինչն արդեն նույնպես հնարավոր է մեր բժշկական համալիրում: Այս անգամ էպիլեպսիայի մասին ամենահաճախ հնչող հարցերի պատասխանները լսեք մեծահասակների նյարդաբան Լուսինե Վարդանյանից, եղեք տեղեկացված և դրսևորեք ճիշտ վարքագիծ, եթե ձեր կողքի մարդու մոտ էպիլեպտիկ ցնցումներ են սկսվում:  
Դասընթաց. մանկական ռեսպիրատոր բժշկություն
24 մարտ 23
Սիրելի գործընկերներ, հրավիրում ենք հատկապես թոքաբանների, ալերգոլոգների, մանկաբույժների, սրտաբանների ուշադրությունը,   «Արաբկիր» բժշկական համալիրում տեղի է ունենալու Մանկական ռեսպիրատոր բժշկության ուսուցման դասընթաց: Դասընթացի պատվավոր հյուրն է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի ռեսպիրատոր հիվանդությունների և քնի խանգարումների բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մյուլլերը:   Ներկայացվելու են դասախոսություններ նախադպրոցական տարիքում սուլող շնչառության, բրոնխիալ ասթմայի և դրա ախտորոշման, բրոնխիոլիտների/բրոնխիտների բուժման, սուր և խրոնիկական հազի թեմաներով: Դասախոսություններն անց են կացվելու մարտի 29-ին և 30-ին, ժամը 15:00-17:00, «Արաբկիր» ԲՀ-ի Կանաչ դահլիճում:   Դասընթացը կազմակերպվել է «Արաբկիր» ԲՀ-ի և Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի համագործակցությամբ: ՇՄԶ կրեդիտներ չեն նախատեսվում:   Գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով ` https://forms.gle/yHFnDUtcMZWjkX2q6
Նեյրովիրաբուժություն. էպիլեպսիա
21 մարտ 23
News.am-ի անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայությում վերջերս կատարված բարդ վիրահատությանը՝ ուղղված երեխայի գլխուղեղի ուռուցքի հեռացմանն ու այդպիսով էպիլեպտիկ դրվագների կանխմանը:   Նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանն ու նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը ներկայացրել են մանրամասներ տվյալ դեպքի, վիրահատության և ընդհանրապես՝ այս խնդրի ու դրա լուծման ժամանակակից միջոցների մասին:   «Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվել է 8–ամյա աղջնակի Էպիլեպսիայի վիրահատական բուժում՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի մոտ մի քանի տարի նկատվող էպիլեպտիկ նոպաների պատճառը գլխուղեղի բավականին մեծ ուռուցքն էր, որի հեռացման ընթացքում նեյրոմոնիտորինգի օգնությամբ շրջանցվել են շարժիչ նյարդաթելերը՝ երեխայի շարժողական ֆունկցիաները չվնասելու համար։ Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեց նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը, այս հիվանդի պարագայում խնդիրը ոչ թե բուն ուռուցքն էր, այլ ուռուցքի կողմից գլխուղեղի համապատասխան զոնաների սեղմումը և առաջացրած էպիլեպսիան։   Ի՞նչ է նեյրոմոնիտորինգը «Նեյրոմոնիտորինգը շատ կարևոր էր տվյալ վիրահատության համար, քանի որ ուռուցքը անմիջապես հարում էր ուղեղի շարժիչ զոնաներին և գլխուղեղի կեղևի շարժիչ զոնաներին, ինչպես նաև համապատասխան ուղիներին։ Ուռուցքի ամեն միլիմետրը հեռացնելիս մենք հատուկ գործիքով ստիմուլացնում ենք ուղեղի հյուսվածքը։ Կախված նրանից, թե հոսանքի ինչ ուժով ենք ստիմուլացնում, որպեսզի ստանանք արձագանք, մենք գնահատում ենք, թե ինչ հեռավորության վրա ենք գտնվում համապատասխան շարժիչ նյարդաթելերից։ Այս ամենի գլխավոր նպատակն այն է, որպեսզի վիրահատության արդյունքում, հետվիրահատական շրջանում մենք չունենանք որևիցե դեֆիցիտ, և որևէ կերպ չվնասենք մարմնի որևէ շարժման ունակությունը», – ասաց նա։ Նիկո Արզումանյանի խոսքով՝ Էպիլեպսիայի վիրահատական բուժումը՝ միաժամանակյա նեյրոմոնիտորինգով, այն նոր ուղղություններից է, որը յուրացնում են «Արաբկիր» բժշկական համալիրում։ Մինչև այժմ նման վիրահատություններն այստեղ կատարվում էին օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ, սակայն այժմ «Արաբկիր» ԲՀ–ի բժիշկները վիրահատարանում ինքնուրույն են աշխատում։ Վիրահատությունը տևել է մոտ 10 ժամ, քանի որ ուռուցքը բավականին մեծ ու պինդ է եղել։ Բժիշկներից բազմակի ջանքեր ու ժամանակ է պահանջվել՝ առանց գլխուղեղի անոթներն ու նյարդերը վնասելու այն հեռացնելու համար։ Ինչպես ներկայացրեց Արաբկիր բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, երեխան մի քանի տարի գտնվել է «Արաբկիր» ԲՀ բժիշկների հսկողության ներքո, նրա հիվանդությունն ի հայտ է եկել ցնցումներով, կատարվել են տարբեր հետազոտություններ՝ ՄՌՏ, վիդեո ԷԷԳ մոնիտորինգ, հայտնաբերվել է աջ գագաթային շրջանի ուռուցք և էպիակտիվություն նույն հատվածից։ «Առաջին անգամ Հայաստանում կատարվեց տրակտոգրաֆիա, որը թույլ տվեց հասկանալ, որ ուռուցքն իր մեջ կարևոր նյարդաթելեր չի պարունակում: Այնուամենայնիվ, մեր նյարդավիրաբույժները նախընտրեցին ավելի ապահով լինելու համար վիրահատության ժամանակ կիրառել նեյրոմոնիտորինգ», – ասաց նա։ Վիդեո ԷԷԳ Էպիլեպսիայի ախտորոշման ամենակարևոր հետազոտություններից մեկը մնում է էէԳ–ն՝ էլեկտրաէնցեֆալոգրամման։ Վիդեո ԷԷԳ–ն կամ տեսաէլեկտրաուղեղագրությունը «Արաբկիր» համալիրում կիրառվող նորագույն մեթոդներից է։ Այն տևական ժամանակահատվածում ուղեղի էլեկտրական ակտիվությունը գրանցող հետազոտություն է, որն էապես մեծացնում է էպիլեպսիայի օջախների ճշգրիտ ախտորոշման հավանականությունը։ «Էլեկտրոդներ են ամրացվում հատուկ պաստայով մեր փոքրիկների և մեծահասակների գլխին, և հիվանդները 24, 48 կամ 72 ժամ լինում են հիվանդանոցում։ Ապա բժշկի կողմից վերծանվում է այդ հետազոտությունը, փորձում է հասկանալ, որտեղից է գալիս այդ էլեկտրական ակտիվությունը։ Եթե մի շարք հետազոտություններ հաստատում են, համընկնում են, բոլորը ցույց են տալիս նույն էպիլեպտոգեն օջախը, ապա հիվանդի շանսերը հետագայում ազատվելու այդ հիվանդությունից վիրահատական միջամտությամբ բավականին բարձր է լինում», – բացատրեց նա։ Մի քանի ամիս անց վիրահատված երեխան նորից ԷԷԳ մոնիտորինգ կանցնի, վիրահատության արդյունավետությունը ստուգելու համար։ Նա ևս մի քանի տարի կընդունի իր դեղամիջոցները, որից հետո, բժիշկները վստահ են՝ վերջնակապես կազատվի էպիլեպսիայից և կապրի լիարժեք առողջ կյանքով։ Էպիլեպսիայի վիճակագրությունը Ծառայության ղեկավարի տվյալներով՝ Էպիլեպսիայի դեպքերի 70%-ը ենթակա է դեղորայքային բուժման, 30%-ի դեպքում հիվանդությունը դժվար է կառավարվում, և նրանց 15%-ին վիրաբուժական բուժում է ցուցված։ Հայաստանում էպիլեպսիա ունեցող բոլոր երեխաները «Արաբկիր» բժշկական համալիրի դիսպանսեր հսկողության տակ են։ Ոչ միայն երեխաները. էպիլեպսիայով և այլ նյարդաբանական հիվանդություններով բազմաթիվ մեծահասակ պացիենտներ էլ են բուժում ստանում հիվանդանոցում՝ ասում է Բիայնա Սուխուդյանը: «Մեր հսկողության տակ են 0-18 տարեկան բալիկները, նրանք 3600–ից ավելին են հիմա, բոլորն ունեն էպիլեպսիայի այս կամ այն տեսակները, գենետիկական կամ ձեռքբերովի։ Այսինքն այսօր մենք մեր հսկողության տակ ունենք բալիկներ, ինչպես նաև մեծեր, ընդհանուր առմամբ պետական ծրագիրը ներառում է մինչև 40 տարեկաններին, որոնք պոտենցիալ կարող են վիրահատության թեկնածուներ հանդիսանալ, և մեզ դիմում են նաև մեծահասակներ տարբեր դեղորայքակայուն էպիլեպսիաներով», – ասաց նա։  
Հայաստանի 6-րդ միջազգային համագումար
20 մարտ 23
Սիրելի գործընկերներ, հուլիսի 6-ից 8-ը կայանալու է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը:   Առաքելությունը` ամրապնդել Հայաստան-սփյուռք կապերը, քննարկել Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի հիմնախնդիրները, սահմանել գերակայությունները, նպաստել առողջապահական և բժշկական ոլորտների առաջադիմական փորձի փոխանակմանն ու տեղայնացմանը: Համագումարին ներկայացվելու են միջազգային ճանաչում ունեցող գիտնականների դասախոսություններ, կազմակերպվելու են գիտական սեկցիաներ, թեմատիկ սատելիտային սիմպոզիումներ և սեմինարներ: Երրորդ օրը, ձևավորված ավանդույթով, ներկայացվելու են Հայաստան-Սփյուռք համագործակցության շրջանակներում առողջության պահպանման և բժշկական կրթությանն ուղղված տարբեր ծրագրեր: Համագումարի նյութերը տպագրվելու են ժողովածուում։   Գրանցման և մասնակցության համար կարող եք անցնել հղումներով: https://www.facebook.com/watch/?v=123244887263922
Մաշկաբանություն. էքսիմեր լազեր
15 մարտ 23
Գարնան ու արևի հետ սովորաբար ակտիվանում են են նաև մաշկային խնդիրները: Սա լավ գիտեն հատկապես մարդիկ, ովքեր առնչվել են դրանց: Բայց ժամանակակից բժշկությունն առաջարկում է մի շարք միջոցներ` հանդարտեցնելու մաշկային խնդիրների սրացումներն ու ազատվելու դրանցից:   Օրինակ, էքսիմեր լազերը վիտիլիգոյի, պսորիազի, օջախային մազաթափության ու էկզեմայի ոչ տարածուն ձևերի բուժման եղանակներից մեկն է համարվում: Հատուկ երկարությամբ արձակվող ալիքների միջոցով հնարավոր է լինում մաշկի վրա ընտրողական հակաբորբոքային ազդեցություն գործել, կանխել այդ խնդիրների խորացումն ու վերահսկել դրանց ընթացքը: Ընդ որում, անհրաժեշտ միջամտությունների քանակն ու բուժման պլանը որոշում է բժիշկը:   Մաշկաբանները վստահեցնում են, որ սա մաշկային խնդիրների դեմ պայքարելու անվնաս, արդյունավետ ճանապարհ է:   «Արաբկիր» բժշկական համալիրի մաշկաբանական ծառայությանը կարող եք ծանոթանալ հղումով: https://arabkirmc.am/hy/services/105
Սիմպոզիում. մանկական ռադիոլոգիա
14 մարտ 23
Կայացավ մանկական ռադիոլոգիային նվիրված սիմպոզիումը` Ավստրիայի Գրացի համալսարանից ժամանած պատվարժան պրոֆեսոր Էրիկ Սորանտինի մասնակցությամբ:   Սիմպոզիումի օրերը հագեցած էին նորություններով ու բուռն քննարկումներով, որոնց մասնակցում էր մոտ 150 մասնագետ` «Արաբկիր» բժշկական համալիրից և մայրաքաղաքի ու մարզերի այլ բժշկական հաստատություններից:   Պրոֆեսոր Էրիկ Սորանտինը Ավստրիայի Գրացի համալսարանական կլինիկայի Ռադիոլոգիական ծառայության ղեկավարն է, նաև` Թվային տեղեկատվության և պատկերների մշակման գիտահետազոտական խմբի ղեկավարը: Նա կոորդինացնում է մուլտիդիսցիպլինար, մուլտիինստիտուցիոնալ ակադեմիական ցանցը` Կենտրոնական Եվրոպայում, որը միտված է կենսաբժշկական վիզուալիզացիայի և տեխնոլոգիաների զարգացմանը, դրանց ներդրմանը պրակտիկ բժշկության մեջ, ինչպես նաև ճառագայթումից պաշտպանությանը: Սիմպոզիումը լավ հնարավորություն էր` լսելու պրոֆեսոր Սորանտինի մոտիվացնող, կենդանի, ինտերակտիվ դասախոսությունները, մասնակցելու ուլտրաձայնային հետազոտության գործնական դասին, քննարկելու կլինիկական դեպքեր, ինչպես նաև ծառայությունների զարգացման հնարավորությունները: Սիմպոզիումը կազմակերպել էին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Ճառագայթային ախտորոշման ծառայությունը, Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն և Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան` Open Medical Institute-ի սատելիտային սիմպոզիումների ծրագրի շրջանակում: Մասնակիցներն Առողջապահության նախարարությունից կստանան շարունակական մասնագիտական զարգացման 10 կրեդիտ` 2-ը գործնական և 8-ը տեսական:
Բուն զրույց. Արա Բաբլոյան
12 մարտ 23
«Բուն TV»-ն հրապարակել է պրոֆեսոր Բաբլոյանի և «Առողջապահություն» շարքի հեղինակ Վիոլետա Զոփունյանի՝ ամիսներ առաջ տեսագրած զրույցը: Առողջապահական բարեփոխումների սկզբունքները Առողջապահությունն անկախության առաջին տարիներին Բուժաշխատողների մասնակցությունը բարեփոխումների մշակմանը Շարունակական մասնագիտական զարգացում Առողջության իրավունք և սոցիալական արդարություն Սրտային վիրաբուժության բարեփոխումներն ու ինֆարկտի կանխարգելումը Միջազգային փորձի օգտագործման ճիշտ ձևերը Հնարավո՞ր է փոխել համակարգը` առանց մարդկանց փոխելու
Շնորհավոր Մարտի 8
08 մարտ 23
Սիրելի կանայք,   իրավունքների պաշտպանության օրվա՝ Մարտի 8-ի առիթով առաջին հերթին ձեր առողջության, խաղաղ ապրելու, մայրության բերկրանքն ամբողջ կյանքում վայելելու, ստեղծագործելու իրավունքների իրացում եմ մաղթում և անսահման սեր, որն ուժ կտա՝ հաղթահարելու դժվարությունները:   Շնորհակալություն, որ ձեր գոյությամբ դարձնում եք մեր կյանքն ավելի հետաքրքիր ու ջերմ, ձեր գործունեությամբ՝ ավելի ապահով ու վստահելի և ձեր նվիրումով՝ ավելի իմաստավորված:    «Արաբկիր» ԲՀ տնօրեն Արման Բաբլոյան
Բնածին ծուռթաթություն
07 մարտ 23
Բնածին ծուռթաթություն: Ինչ է դա, ինչպես է արտահայտվում, որոնք են այս խնդրի լուծման ժամանակակից ձևերը և որքան արդյունավետ կարող են լինել դրանք: Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Վահե Յավրյանը: Լսեք բժշկին, եղեք տեղեկացված:
Լսողության համաշխարհային օրը
06 մարտ 23
Մարտի 3-ը Լսողության համաշխարհային օրն է` կարևոր օրերից մեկը բժշկական օրացույցում:   Աշխարհին մեզ կապող մեր զգայարաններից մեկը` լսողական զգայարանը, առանձնակի խնամքի և հոգատարության կարիք ունի: Հենց այս է օրվա այս տարվա կարգախոսը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Մասնագետները կոչ են անում ուշադիր լինել լսողության նկատմամաբ, պարբերաբար հետազոտվել առողջության առաջնային օղակում և հայտնաբերվող խնդիրների դեպքում անմիջապես իրականացնել քայլեր` ուղղված խնդրի խորացման կանխարգելմանը:     «Արաբկիր» բժշկական համալիրը Հայաստանում ապրող լսողական խնդիրներով երեխաների սպասարկման ամենամեծ կենտրոնն է: Այստեղ իրականացվում է 1200-ից ավել երեխաների դիսպանսեր վերահսկողություն: Սուրդոլոգիական ծառայության մեր թիմի ջանքերով փոքրիկները կարողանում են խոսել սովորել` անգամ լսողության խոր կորուստներ ունենալով և հաճախել հանրակրթական դպրոցներ` լիարժեք ներառվելով հասարակություն: https://arabkirmc.am/hy/services/93
Աշխատանքի ենք հրավիրում բուժքույրերի
02 մարտ 23
«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում մշտական հիմունքներով, հերթափոխային և ցերեկային աշխատանքային գրաֆիկով բուժքույրերի:   Պարտականություններ. կատարել բուժող բժիշկների նշանակումները` ճշգրիտ, լիարժեք, որակով և ժամանակին, ժամանակին կազմակերպել լաբորատոր/գործիքային հետազոտությունները և հետևել դրանց արդյունքների ստացմանը, իրականացնել պացիենտների բուժական խնամք, բուժական-ախտորոշիչ և կանխարգելիչ միջամտություններ` ըստ բժշկի նշանակման: Պահանջներ. միջին մասնագիտական կրթություն, մարդասիրություն, ընկերասիրություն, սովորելու պատրաստակամություն: Առավելություններ. ժամանակակից սարքավորումներով, բարձրորակ նյութերով և պարագաներով աշխատելու հնարավորություն, բժիշկների պրոֆեսիոնալ թիմում աշխատելու անգնահատելի փորձ, կանոնավոր մասնագիտական զարգացում: Փորձաշրջան. մինչ մեր թիմի լիարժեք անդամ դառնալը թեկնածուն անցնում է փորձաշրջան՝ մինչև 3 ամիս տևողությամբ, սակայն, փորձաշրջանի ընթացքով պայմանավորված, ժամկետը կարող է կրճատվել, փորձաշրջանն օգնում է ծանոթանալ ընկերության ներքին կանոնակարգերին, ձեռք բերել մասնագիտական պրակտիկ և տեսական հմտություններ, ծանոթանալ աշխատանքների կատարմանը։ Դիմելու համար Ձեր մոտիվացիոն նամակն ու կենսագրականն ուղարկեք [email protected] էլեկտրոնային հասցեին:
Սերգեյ Սարգսյանի հարցազրույցը Բուն TV-ում
01 մարտ 23
«Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը պատասխանել է «Բուն TV»-ի հարցերին. առավել տարածված հիվանդությունները երեխաների շրջանում, մանկական մահացության ցուցանիշները վերջին տարիներին, բժշկական ծառայությունների հասանելիությունը, պետպատվերն ու պացիենտների հոսքը, առողջապահության առաջնային օղակի դերն ու մարզերում աշխատելու կարևորությունը, բժշկի և ծնողների միջև արդյունավետ շփումը, մանկական պալիատիվ օգնությունը:
Բժշկական ապահովագրության մասին
28 փետրվար 23
Պրոֆեսոր Բաբլոյանը պատասխանել է «Երկիր մեդիայի» հարցերին: Թեման` բժշկական ապահովագրություն:
Սիմպոզիում. մանկական ռադիոլոգիա
27 փետրվար 23
Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ մարտի 7-ին և 9-ին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում տեղի կունենա մանկական ռադիոլոգիային նվիրված սիմպոզիում` Open Medical Institute ծրագրի շրջանակում:   Սիմպոզիումի պատվավոր հյուրն է լինելու Ավստրիայի Գրացի համալսարանական հիվանդանոցի մանկական ռադիոլոգայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Էրիկ Սորանտինը: Դասախոսություններից բացի պրոֆեսոր Սորանտինը հանդես է գալու նաև հոդերի սոնոգրաֆիայի գործնական դասընթացով:   Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել` անցնելով հետևյալ հղումով` https://forms.gle/ZpjnnhEjppwwbUvE7 Սիրով կսպասենք բոլորիդ:
«Արաբկիր»-Բելառուս. լյարդի փոխպատվաստում
16 փետրվար 23
Կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էին մեր գործընկերները` Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնից` պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի ղեկավարությամբ: Արդեն 4-րդ տարին շարունակվող համագործակցության հիմնական թեման երեխաների լյարդի փոխպատվաստումն է: Ձևավորված ավանդույթով նոր վիրահատությունների մանրամասները քննարկելուց բացի թիմն անպայման հանդիպում է նաև արդեն վիրահատված պացիենտների և նրանց ծնողների հետ, գնահատում երեխաների վիճակը:   Բելառուս բժիշկների այցի ընթացքում այս անգամ վիրահատվել է նաև 14-ամյա Ռաֆայել Խաչինյանը: Վիրահատությունն ընթացել է բարեհաջող, Ռաֆայելն այժմ հետվիրահատական ապաքինման փուլում է: Ընտանիքը Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից է: 14-ամյա տղայի մոտ ախտորոշվել էր լյարդի ֆիբրոզ, ցիռոզ և ցուցվել էր փոխպատվաստում: Վիրահատության համար անհրաժեշտ է եղել 19 մլն դրամ, որից 5 մլնը հատկացրել է կառավարությունը, իսկ 14-ը հավաքվել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» կազմակերպած դրամահավաքի շնորհիվ:   Շնորհակալ ենք, մեր պացիենտներին, նրանց թվում և Ռաֆայելին, ճանաչող ու չճանաչող բարեսիրտ մարդիկ: Ձեր նվիրատվությունների միջոցով մեր փոքրիկներին, նրանց ընտանիքներին ու բժիշկներին հաջողվում է անցնել բավական բարդ ճանապարհ: Ձեր աջակցությունն, իսկապես, անգնահատելի է:
Ապագա հայկականը. Մանե Թադևոսյան
14 փետրվար 23
Մանե Թադևոսյանը մեր երիտասարդ նյարդաբաններից է, նա, ով ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանի հետ բժշկական առաքելությամբ Արցախում էր և շրջափակման պատճառով շուրջ երկու ամիս մնաց Ստեփանակերտում: Ասում է` մեր երկրի ապագայի կերտումը տեսնում եմ միայն ներկայում` աշխատելով հայրենիքում և հայրենիքի համար:   Դիտեք «Ապագա հայկականը» նախագծի պատրաստած տեսանյութը` Մանեի մասնակցությամբ: 
Սիմֆոնիկ նվագախումբը «Արաբկիր» ԲՀ-ում
11 փետրվար 23
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի «Հավատ» ՀԿ-ն համատեղում են հասարակական արժեքներ ստեղծելու առաքելությանն ուղղված իրենց ջանքերը: Կողմերի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Վերջիններս համատեղ ուժերով կաշխատեն՝ նպաստելու լսողության խանգարում ունեցող երեխաների սոցիալականացմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լսողության հաշմանդամություն ունեցող երիտասարդների լիակատար և արդյունավետ ներառմանը: Համագործակցությունն ուղղված կլինի երեխաների համար լսողական սարքերի ձեռքբերման կամ բուժման նպատակով իրականացվող նախագծերին` երեխաներին պարգևելու գեղեցիկը ընկալելու, գնահատելու կարևորագույն զգացողությունը՝ լսողությունը: Համատեղ իրականացվելիք ծրագրերը միտված կլինեն նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաներին և երիտասարդներին դասական երաժշտությանը հաղորդակից դարձնելուն: Հուշագրի ստորագրման արարողության առթիվ հրավիրված միջոցառմանը ներկա էին նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք հանդես եկան իրենց կատարումներով՝ ներկայացնելով երաժշտական, ասմունքի ու պարի փոքրիկ համարներ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ լսողական դժվարություններ ունեցող երեխաների խնդիրները նաև նվագախմբի խնդիրներն են: «Մեր բոլորի ցանկությունն է ունենալ ավելի լավ հասարակություն, առողջ հաղորդակցություն, և այս համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի այստեղ նստած երեխաները տարիներ անց լինեն մեր ունկնդիրների թվում ու կարողանան հետևել թե՜ նվագախմբին, թե՜ երաժշտությանն ընդհանրապես»,- ասաց մաեստրո Սմբատյանը: «Հավատ» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարինե Հարությունյանը նկատեց. «Երաժիշտներն իրենց լսողության շնորհիվ Հայաստանը ներկայացնում են աշխարհին: Մեր երեխաներն աշխարհ մտնելու կարիք ունեն, բայց չունեն այն լսողությունը, որ մենք՝ որպես ծնողներ, կցանկանայինք: Գուցե այսօր այստեղ ներկա երեխաները երաժիշտներ չդառնան, բայց որ նրանք պիտանի մարդիկ են դառնում, մենք համոզվել ենք, և հույս ունենք, որ Սիմֆոնիկի հետ մեր բարեկամությունը միայն ու միայն նպաստելու է դրան»: Վատ լսող երեխաների ծնողների «Հավատ» ՀԿ-ն գործում է 1996 թվականից՝ «Արաբկիր» բժշկական համալիրի հանրապետական սուրդոկենտրոնին կից, որտեղ հաշվառված են Հայաստանում բնակվող և լսողության խնդիր ունեցող 0-18 տարեկան 1000-ից ավելի երախաներ և դեռահասներ: «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը նշեց, որ մեր բոլորի նպատակն է, որպեսզի երեխաները լինեն անկաշկանդ և առավելագույնս ներառվեն հասարակություն, և ստորագրված հուշագիրն ուղղված է այդ նպատակին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն իրենց հերթին գեղեցիկ կատարումներ պարգևեցին երեխաներին, ինչպես նաև նվերներ, այդ թվում՝ Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» նկարազարդ գիրքը: Տեսանյութը` հղումով:
Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնություն
03 փետրվար 23
Աշխարհի հայ բժիշկները միավորում են ջանքերը` հանուն Արցախի: Նրանք ստեղծել են «Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնություն»` պրոֆեսոր Արա Բաբլոյանի ղեկավարությամբ:   «Մարդը մարդ է, որտեղ էլ լինի` Արցախում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, թե Աֆրիկայում և ամեն տեղ ունի նույն իրավունքները: Եվ Արցախի հայերն ունեն իրավունք ապրելու և արարելու իրենց պապենական հողերում»: Լսեք պրոֆեսոր Բաբլոյանի և նախաձեռնության անդամներ Համբարձում Սիմոնյանի ու Արամայիս Գալումյանի հարցազրույցը` Արցախի հանրային հեռուստաընկերության «Էսքիզներ» հաղորդաշարում:
Հրավիրում ենք աշխատանքի գիշերային գանձապահի
23 հունվար 23
«Արաբկիր» բժշկական համալիրն աշխատանքի է հրավիրում գիշերային մատենավար-գանձապահի: Աշխատանքային ժամերը` 17:00-09:00: Հերթափոխը` ամեն 3-րդ օրը /մեկ օր աշխատանքի, երկու օր` տանը/: Համակարգչային գիտելինքերն ու հմտությունները պարտադիր են, աշխատանքային փորձը` ցանկալի: Ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակն ուղարկել [email protected] հասցեին:  
Միավորենք ջանքերը` հանուն Արցախի
18 հունվար 23
Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնության անդամներ Արա Բաբլոյանն ու Համբարձում Սիմոնյանը հանդիպել են Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի հետ։    
Համակարգչային տոմոգրաֆիա
18 հունվար 23
Հանրային ռադիոյի հրավերով «Ես առողջ եմ» հաղորդաշարի տաղավարում էր «Արաբկիր» բժշկական համալիրի ճառագայթային ախտորոշիչ ծառայության ղեկավար Մարինե Գրիգորյանը: Բժշկուհին ներկայացրել է մանրամասներ համակարգչային տոմոգրաֆիայի մասին, բացատրել, թե ինչ հետազոտություն է դա, երբ է ցուցվում, որքան արդյունավետ է այս կամ այն հիվանդության հայտնաբերման կամ գնահատման համար, ինչ տարբերություն կա համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաների միջև: Լսեք և ավեի շատ բան իմացեք հետազոտական գերժամանակակից այս մեթոդի, ինչպես նաև ճառագայթային ախտորոշման այլ մեթոդների մասին: 
Սերգեյ Սարգսյանը` վիրուսների մասին
17 հունվար 23
Սիրելի ծնողներ, լսեք Արմենպրեսսի փոդքաստը «Արաբկիր» ԲՀ-ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանի հետ, պաշտպանեք երեխաներին վիրուսներից` ամենապարզ ու հեշտ միջոցներով, ճանաչեք սուր շնչառական վարակների նշանները, հիշեք «չիկարելիներն» ու «կարելիները», ճիշտ կողմնորոշվեք, եթե հիվանդությունը գլուխ է բարձրացրել, իհարկե, բոլոր անհրաժեշտ դեպքերում կապի մեջ լինելով ձեր մանկաբույժի հետ:
Կյանք` փոխպատվաստված սրտով
16 հունվար 23
Փոխպատվաստված սրտով Հայաստանում ապրող միակ մարդը դիսպանսեր հսկողություն է անցնում «Արաբկիր» բժշկական համալիրում` փոխպատվաստված օրգաններով պացիենտների դիսպանսեր բաժանմունքում: Բաժանմունքը եզակի է հանրապետությունում: Այն սպասարկում է երիկամի, լյարդի փոխպատվաստումով բոլոր պացիենտներին, և, իհարկե, Սպուտնիկ Արմենիայի այս նյութի հերոսին` իրենից 20 տարով երիտասարդ սիրտ ունեցող Եղիշեին: Առողջություն ենք մաղթում
1
...
5
6
7
8
9
10
11
12
13