Գլխավոր
Նորություններ
Առողջության մասին

Բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել
09 դեկտեմբեր 24
Ի պատասխան լրագրողների հարցերի` տեղեկացնում ենք, որ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, և բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել։

Հանրային ռադիոյի անդրադարձը լսողական խանգարումներ ունեցող երեխաներին ուղղված ծրագիրն ամփոփող միջոցառման մասին
04 դեկտեմբեր 24
Դիտե՛ք Հանրային ռադիոյի անդրադարձը լսողական խանգարումներ ունեցող երեխաներին ուղղված ծրագիրն ամփոփող միջոցառման մասին։

Միավորելով ջանքերը՝ հանուն երեխաների առողջության և կյանքի որակի
04 դեկտեմբեր 24
Միավորելով ջանքերը՝ հանուն երեխաների առողջության և կյանքի որակի
«Արաբկիր» բժշկական համալիրի դահլիճն այս անգամ ակտիվ էր Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման եռուզեռով: Վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպությունն ու Յունիսեֆի հայաստանյան գրասենյակն ամփոփում էին համատեղ ծրագիրը՝ ուղղված լսողական խանգարումներ ունեցող երեխաների, ներառյալ փախստականների, կարիքների արձագանքմանն ու նրանց սոցիալական ներառման խթանմանը:
Ծրագրի հիմնական թիրախը լսողական խնդիրներ ունեցող արցախցի երեխաներն էին: Նախ հավաքագրվել և հստակեցվել են նրանց տվյալները, հետո՝ ստուգվել լսողությունն ու գնահատվել լսողական կարիքները, անհրաժեշտության դեպքում տրամադրվել լսողական սարքեր և սարքերի ներդիրներ: Երեխաների խոսքի զարգացման պարապմունքների համար լրամշակվել է դիդակտիկ նյութերի «Ձայնիր» փաթեթը՝ տարիքային երեք խմբերի հավաքածուներով և պատրաստվել են տեսանյութեր՝ ծնողներին անհրաժեշտ տեղեկություններով:
Ներկաներին ողջունել են «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանն ու Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: Նրանք կարևորել են խնդրի վաղ հայտնաբերումն ու վաղ միջամտությունը, վստահ լինելով, որ ցանկալի արդյունքի հասնելու ամենաարդյունավետ ճանապարհն այս երկու կետից է սկսվում և, իհարկե, ծնողների ու մասնագետների միասնությունից:
Միջոցառմանը ելույթ են ունեցել «Արաբկիր» բժշկական համալիրի խոսքի զարգացման կենտրոն հաճախող փոքրիկ արտիստներն ու նրանց ավագ բարեկամները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:
Շնորհակալություն բոլորին

«Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» դասընթացներ
22 նոյեմբեր 24
Շարունակվում են «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոնի» դասընթացներն` ուղղված մանկաբուժության ոլորտի բուժքույրերի շարունակական մասնագիտական զարգացմանը` տեսական ու գործնական սեմինարներով:

11 ամյա Վարդանի առաջին քայլերը՝ ծանր վրաերթից հետո
20 նոյեմբեր 24
Լինում են իրավիճակներ, երբ սովորական թվացող գործողություններն անգամ երազանք են դառնում, բժիշկները՝ նվիրյալ ու պրոֆեսիոնալ ուղեկիցներ՝ այդ երազանգի իրագործման ճանապարհին:
Այդպես է եղել և 11-ամյա Վարդանի դեպքում: Դաժան վրաերթից հետո տղային կյանք վերադարձնելու մասին է news.am-ի տեսանյութը: Այն ինչ անհավանական էր թվում, իրականություն են դարձրել «Արաբկիր» բժշկական համալիրի կլինիկական վերականգնողաբանության բաժանմունքի թիմը, գործընկերներն ու Վարդանի ընտանիքը։

Մանկաբույժների օր
20 նոյեմբեր 24
Այսօր Մանկաբույժների օրն է
Ուրախ ենք, որ «Արաբկիր» բժշկական համալիրը մեր երկրի մանկաբույժներից շատերի մասնագիտական դարբնոցն է և ուղենիշը: Հանուն փոքրիկների առողջության օր ու գիշեր աշխատող մեր մեծ ընտանիքում ոչ միայն մանկաբուժական մի քանի բաժանմունք և արտահիվանդանոցային կաբինետներ են գործում, այլև ԵՊԲՀ Մանկաբուժության 2-րդ ամբիոնն ու Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը` որպես գիտագործնական հետազոտությունների և մասնագիտական-կրթական աջակցության յուրահատուկ օղակ:
Սիրելի մանկաբույժներ, դուք եք, որ նվիրաբար ծառայում եք հասարակությանը` հանուն երեխաների առողջության ու կյանքի որակի, ձեր հոգատարության և մասնագիտական ջանքերի շնորհիվ է, որ կրկին ժպտում ու տուն են վերադառնում փոքրիկ պացիենտները:
Շնորհակալ ենք և շնոհավորում ենք

Մանկական ականջաբորբ
19 նոյեմբեր 24
Սիրելի ծնողներ, լսեք մանկական սուր ականջաբորբի մասին` «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանի մեկնաբանությամբ: «Բուժինֆո» հաղորդաշարի այս էջը հենց ձեզ համար է:

Օստեոիդ օստեոմայի հաղթական դեպք մեր թիմի համար
13 նոյեմբեր 24
Հազվադեպ հանդիպող հերթական դեպքն ու հերթական թիմային հաղթանակը «Արաբկիր» բժշկական համալիրում
17 տարեկան պացիենտը երեք տարի շարունակ գանգատվել է կոնքազդրային ձախ հոդի ցավից, վերջին շրջանում սկսել կաղալ: Բազմիցս հետազոտվել է և, ինչպես սովորաբար է լինում, դիմել ռևմատոլոգի խորհրդատվության, ստացել կոնքազդրային արթրիտի բուժում: Բուժման արդյունավետությունը չտեսնելով` պացիենտն ուղղորդվել է «Արաբկիր» բժշկական համալիր` օրթոպեդի խորհրդատվության: Օրթոպեդները կասկածել են օստեոիդ օստեոմա, նշանակել համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն, ինչն էլ հաստատել է տղայի ազդրոսկրի վզիկի վրա օստեոիդ օստեոմայի առկայությունը:
Օստեոիդ օստեոման հանդիպում է 100 000 մարդուց 1-2-ի մոտ, հիմնականում` 5-20 տարեկանում: Ոսկրային գոյացություն է, որի ծագումնաբանությունը շատ դեպքերում մնում է չբացահայտված: Կարող է տեղակայված լինել ոսկրային հյուսվածքի տարբեր մասերում, ավելի հաճախ` խողովակավոր ոսկրերի ծայրային հատվածներում: Առաջացնում է ցավ` հատկապես գիշերային ժամերին:
Պացիենտի կյանքի որակի վրա էականորեն ազդող ցավը վերացնելու նպատակով որոշվել է կատարել վիրաբուժական միջամտություն` համակարգչային տոմոգրաֆիկ վերահսկողությամբ: Դա հնարավորություն է տալիս հստակ որոշել դեպի օստեոմա վիրաբուժական սարքերի մուտքի ամենակարճ, քիչ տրավմատիկ և արդյունավետ ճանապարհն ու նվազագույն ինվազիվ եղանակով հասնել պաթոլոգիկ օջախին` չվնասելով անատոմիական կարևոր այլ հատվածներ: Նախապես ընտրված մուտքով օրթոպեդ-վիրաբույժը նախ պաթոլոգիկ օջախի մեջ անց է կացրել մետաղական ուղղորդիչ շյուղ, այնուհետև շյուղի մուտքի հատվածում կատարել մաշկի մոտ 1սմ երկարությամբ կտրվածք, հետո հատուկ շաղափի միջոցով ամբողջությամբ հեռացրել պաթոլոգիկ օջախը։ Վիրահատության ամբողջ ընթացքին հետևել է բժիշկ-ռադիոլոգը` վերահսկելով համակարգչային տոմոգրաֆիայով ստացվող պատկերները:
Պացիենտը միջամտության արդյունավետությունը զգացել է անմիջապես վիրահատությունից հետո` ցավի ռադիկալ վերացումով և հավասարակշռված քայլվածքի վերականգնումով:

Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության վրա
12 նոյեմբեր 24
Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը երեխաների և դեռահասների առողջության վրա ներկայացրել է Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ, դեռահասային բժիշկ Մարինա Մելքումովան:
Էներգետիկ ըմպելիքները պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր: Երեխաների սննդակարգում դրանք չպետք է տեղ ունենան:
Էներգետիկ ըմպելիքների վնասակար ազդեցություններն են`
զարկերակային ճնշման բարձրացումը,
սրտի աշխատանքի արագացումը,
տագնապի զգացողությունը, անհանգստությունը,
քնի խանգարումն, անքնությունը,
ջրազրկումը,
ծայրահեղ դեպքերում՝ մինչև սրտի ռիթմի խանգարումը, երիկամների սուր անբավարարությունը,
ցնցումները:
Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, տարեցտարի ավելանում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասների, անգամ երեխաների թիվը։
Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության (2022թ․) տվյալներով` Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։
Նույն թեմայով տեսանյութը` շուտով:

Նոյեմբերի 12՝ թոքաբորբի դեմ պայքարի օր
12 նոյեմբեր 24
Օրվա առիթով կրկին փոխանցում ենք «Արաբկիր» բժշկական համալիրի թոքաբանական-մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Գևորգ Բոյաջյանի խորհուրդներն ու առաջարկում անցնել հղումով` դեպի բաժանմունքի էջ, ծանոթանալ բաժանմունքի գործունեությանն ու փոքրիկ պացիենտների սիրելի անձնակազմին. մարդիկ, որ աշխատում են օր ու գիշեր, անտրտունջ ու անխոս` հանուն երեխաների առողջության:

Ռադիոլոգիայի միջազգային օր
08 նոյեմբեր 24
Այսօր Ռադիոլոգիայի միջազգային օրն է, բժիշկ֊ճառագայթաբանների մասնագիտական տոնը։
Շնորհավորում ենք, մաղթում բժշկության հետազոտական ճյուղի կարևոր այս մասի էլ ավելի բարելավում ու զարգացում։
Օրվա առիթով դիտեք news.am-ի հարցազրույցը Արաբկիր բժշկական համալիրի Ճառագայթային աշտորոշիչ բաժանմունքի ղեկավար Մարինե Գրիգորյանի հետ։

Լյարդի փոխպատվաստում փոքրիկին Նարեկին
06 նոյեմբեր 24
Լուսերես փոքրիկի` գորիսեցի Նարեկի մոտ 5 օրականում լեղուղիների ատրեզիա էր ախտորոշվել` ներլյարդային լեղուղիների բնածին բացակայություն: Երեխայի կյանքը կախված էր մեկ հնարավորությունից` լյարդի փոխպատվաստումից:
Փոքրիկն անմիջապես վերցվել է «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագետների (գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգների) հսկողության տակ և, համաձայն նման դեպքերի հաստատված չափորոշչի, նա պետք է մեծանար-հասներ 7-8 կիլոգրամ քաշի, ինչը սովորաբար լինում է 6-7 ամսականում, և ինչից հետո կիրականացվեր լյարդի փոխպատվաստումը:
Ամեն ինչ ընթանում էր բարեհաջող, Նարեկը մայրական կաթով կարողացել էր հասնել անհրաժեշտ քաշին, նախանշվել էր վիրահատության օրը` նոյեմբերի 1, մեր բժիշկների թիմն ու գործընկերները պատրաստվում էին այդ օրվան և եղավ անցանկալին. սուր շնչառական վարակի հետևանքով Նարեկի մոտ արագ զարգացան լյարդային անբավարարության երևույթներ, որոնք խախտեցին ամբողջ ծրագրերը: Խնդիրն արդեն ժամերի մեջ գործն արագ կազմակերպելն էր, ինչը, որքան էլ անհավանական կարող է թվալ, հաջողվեց:
Բելառուս մեր գործընկերների մի մասը Երևան եկավ Մինսկից, մի մասը` Մոսկվայից, մյուսը` Կորեայից: Փոխպատվաստման վիրահատությունն իրականացվեց հոկտեմբերի 29-ին: Նարեկին իր լյարդի մի մասը նվիրեց նվիրյալ հայրիկը:
Վիրահատությունն անցել է սահուն: Շնորհակալ ենք բոլոր մասնագետներին: Երեխան և բժիշկներն այս պահին դեռևս հետվիրահատական դժվար ճանապարհ են անցնում` քայլ առ քայլ առաջ գնալով և ամեն օր ավելի դրական արդյունքներ ունենալով:
Այս դժվարին օրերին, ինչպես միշտ, մեր «մեջքին էր կանգնած» Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը` ղեկավար Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունը, որը հնարավոր է դառնում հասարակության բարեսիրտ նվիրաբերություններով, չափազանց կարևոր է ոչ միայն բժշկական հաստատության համար, այլև մեր երկրի, քանի որ վիրահատության ծախսերը քառակի ավել են, քան պետությունը կարողանում է հատուցել: Սա պետություն, բարեգործական կազմակերպություն, բժշկական հաստատություն համագործակցության գեղեցիկ օրինակ է` հանուն երեխայի
կյանքի:
Կրկին շնորհակալ ենք բոլորին❤️
Առողջություն Նարեկին ու բոլոր երեխաներին❤️

Բժշկության թվայնացումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում
05 նոյեմբեր 24
Սիրելի գործընկերներ, հատկապես առողջապահության կազմակերպիչներ և պրակտիկ բժիշկներ,
անցեք հղումով ևդ կարդացեք Շվեյցարիայում լույս տեսած մի կարևոր աշխատություն` «Բժշկության թվայնացումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում» (''Digitalization of Medicine in Low- and Middle-Income Countries''):
Գիրքը լույս է ընծայել Springer Nature International հրատարակչությունը։ Խմբագիրներն ու հեղինակներն են ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) Լաբորատոր ծառայության և բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսը, Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, ԱՄՆ Կալիֆորնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն, ԱՀԿ փորձագետ Կարինե Սարգսյանը։
Գրքում արտացոլված են թվայնացման փորձերը, խնդիրները և հեռանկարները բժշկագիտության տարբեր ոլորտներում, անդրադարձ է արված հաջողության հետաքրքիր պատմությունների։
Գրքի որոշ գլուխներ հեղինակել են հայ մասնագետները։ Մասնավորապես, «Մանկաբուժության թվայնացումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում. հիմնավորում և ուղղություններ» գլխի հեղինակն, ի ուրախություն և հպարտություն մեզ, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի («Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ) ղեկավար, ԵՊԲՀ դոցենտ, ԱՀԿ փորձագետ, Սերգեյ Սարգսյանն է:

Ծծակների և շշերի ճիշտ ընտրության խորհուրդներ
05 նոյեմբեր 24
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Աստղիկ Միրզախանյանի խորհուրդներն ամենափոքրիկների ծնողներին են ուղղված: Թեման` ծծակների և շշերի ճիշտ ընտրությունը: Ինչ նյութերից են դրանք պատրաստված, արդյոք չեն խոչընդոտի կրծքով կերակրումը և ինչպես ախտահանել դրանք օգտագործումից առաջ իմացեք` «Բուժ ինֆո» հաղորդման ընթացքում։

Ինչպե՞ս ընտրել տակդիր փոքրիկի համար
04 նոյեմբեր 24
Մանկաբույժ Մերի Մարանդյանի խորհուրդները` փոքրիկի համար տակդիր ընտրելու թեմայով:
Արդյոք կան տարբերություններ աղջիկ և տղա երեխաների տակդիրների միջև, ինչպես ընտրել, հատկապես ինչին ուշադրություն դարձնել պատմում են «Բուժ-ինֆոյի» այս թողարկմանը։

Միզաքարային հիվանդությունը երեխաների մոտ
04 նոյեմբեր 24
Միզաքարային հիվանդությունը երեխաների մոտ: Ներկայացնում է մանկական նեֆրոլոգ Դիանա Ոսկանյանը: Լսեք, սիրելի ծնողներ, ուշադիր եղեք և ախտանշանների դեպքում անպայման դիմեք բժշկի:

Բուժքույրերի և թերապիստերի գերազանցության կենտրոն
01 նոյեմբեր 24
«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի և Հայ Օգնության ֆոնդի համագործակցության հերթական արդյունքը` «Բուժքույրերի և թերապիստերի գերազանցության կենտրոն»:
Նպատակը` նպաստել շարունակական մասնագիտական զարգացմանը` տեսական և գործնական դասընթացներով:
Առաջին դասընթացն անց է կացվել մանկաբուժական ուղղվածության բուժքույրերի համար: Հաջորդների մասին, սիրելի բուժքույրեր և թերապիստներ, իմացեք` հետևելով նորաստեղծ կենտրոնի էջին:

Մեր հանգստյան տունն Արտանիշում
27 հոկտեմբեր 24
Հայտնի բլոգեր Հարություն Հակոբյանը բացահայտել է մեր հանգստյան տունն Արտանիշում։
Համեցեք, դուք էլ վայելեք գեղեցկություն ու ջերմություն` Սևանի գողտրիկ ափերից մեկին։
Հարությունի հոլովակը կգտնեք հղումով։

Սիեթլի մանկական հիվանդանոցի բժիշկների թիմը «Արաբկիր» ԲՀ-ում
25 հոկտեմբեր 24
Վերջին տարիներին ավանդույթ դարձած այցով կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր Սիեթլի մանկական հիվանդանոցի բժիշկների թիմը` պրոֆեսոր Փոլ Մերգերյանի ղեկավարությամբ:
Նախապես դիտարկված և խորհրդատվության հրավիրված պացիենտները միայն «Արաբկիր» բժշկական համալիրից չէին: Հազվադեպ, բարդ և մասնագիտական հետաքրքրություն առաջացնող դեպքեր էին հավաքագրվել նաև այլ բժշկական կենտրոններից, մասնավորապես Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից և Մուրացան համալսարանական կլինիկայից:
Պացիենտներին վարող բժիշկները պրոֆեսոր Մերգերյանին, մանկական ուրոլոգ Մարգարետ Շնորհավորյանին և մանկական վիրաբույժ, կոլոպրոկտոլոգ Քեյթլին Սմիթին ներկայացրել և նրանց հետ քննարկել են շուրջ 6 տասնյակ ուրոլոգիական և վիրաբուժական դեպք, կատարել շուրջ 3 տասնյակ վիրահատություն: Վիրահատությունների մեծ մասը հազվադեպ հանդիպող դեպքեր են եղել՝ Հայաստանի համար նորարարական մոտեցումներով:
Պրոֆեսոր Մերգերյանի և նրա թիմի այցերը կրում են մասնագիտական-կրթական բնույթ Հայաստանի բոլոր կլինիկաների համար: Ծրագրի նպատակն է տարբեր կենտրոնների բժիշկների համար հնարավորություն ստեղծել ոչ միայն աշխարհի առաջատար կլինիկաներից ժամանած մասնագետների հետ խորհրդատվական քննարկումներ ունենալու, այլև նրանց հետ համատեղ վիրահատություններ կատարելու «Արաբկիր» ԲՀ-ում:

Դիմային նյարդի պարեզով ժպիտի վերականգնում ԱՄՆ-ի գործընկերների հետ
17 հոկտեմբեր 24
Հազվադեպ հանդիպող խնդիրներ ու նորարարական լուծումներ «Արաբկիր» բժշկական համալիրում
Այս անգամ news.am-ի ուշադրության կենտրոնում համալիրի Պլաստիկ, վերակառուցողական վիրաբուժության և լազերային բժշկության ծառայությունն է՝ ԱՄՆ-ից եկած գործընկերների հետ կատարած յուրահատուկ վիրահատություններով:
Նկարահանման պահին դիմային նյարդի պարեզով երեխայի ժպիտն էին վերականգնում «երազանքի վարպետները»։

Հոկտեմբերի 16․ անեսթեզիոլոգների մասնագիտական օրը
16 հոկտեմբեր 24
Հոկտեմբերի 16-ը անեսթեզիոլոգների մասնագիտական օրն է։
1846թ-ի հենց այս նույն օրն է ամերիկացի ատամնաբույժ Թոմաս Մորթոնն առաջին անգամ իրականացրել վիրահատություն` եթերիային անզգայացմամբ:
Այդ օրվանից գրեթե 180 տարի է անցել, նորացվել ու ավելի բազմազան են դարձել անզգայացնող նյութերն ու դրանց ազդեցության շրջանակները, անեսթեզիոլոգիան զարգացել և զարգանում է` որպես բժշկության կարևորագույն ճյուղ, առանց որի անհնար է պատկերացնել վիրահատական որևէ մեծ կամ փոքր միջամտություն:
Շնորհավորում ենք, սիրելի անեսթեզիոլոգներ: Դուք այն մասնագետներն եք, որոնց գործը հաճախ, հնարավոր է, աննկատ է մնում, դե, որովհետև «քնեցնում եք» պացիենտին , սակայն այն անգնահատելի է և արժանի մեծ երախտիքի:
https://arabkirmc.am/hy/services/48

Պալիատիվ բժշկական օգնության համաշխարհային օր
14 հոկտեմբեր 24
Այսօր Պալիատիվ բժշկական օգնության համաշխարհային օրն է:
Սա բժշկության այն ճյուղն է, որը ձեռք է մեկնում առողջական ամենածանր վիճակում հայտնված մարդկանց` նպատակ ունենալով մեղմել պացիենտի ցավը, աջակցել նրան և ընտանիքին` հիվանդության հետ կապված ֆիզիկական և հոգեբանական խնդիրների լուծման հարցում:
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում գործում է մանկական հիվանդանոցային պալիատիվ ծառայություն, որի Հայաստանում ներդրման ծրագիրն սկսվել է դեռևս 2015թ-ին` Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ջանքերով, ինչի մասին կարող եք կարդալ կից հղումով:

Պրոֆեսոր Յես Օլեսենին նվիրված Գլխացավերի իրազեկման արշավ
11 հոկտեմբեր 24
«Արաբկիր» բժշկական համալիրը նույնպես միացել է պրոֆեսոր Յես Օլեսենին նվիրված Գլխացավերի իրազեկման արշավին, որի շրջանակներում այսօր և վաղը մասնակցում ենք միջազգային գիտաժողովին և բժշկական էքսպոյին։ Համեցեք մարզահամերգային համալիր

Դոկտոր Րաֆֆի Հովհաննիսյանի անվան Միջազգային 3-րդ բժշկական գիտաժողով
09 հոկտեմբեր 24
Ուշադրություն, սիրելի գործընկերներ,
Դոկտոր Րաֆֆի Հովհաննիսյանի անվան Միջազգային 3-րդ բժշկական գիտաժողովին հաշված օրեր են մնացել: Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հղումով: Մասնակցությունն անվճար է: Թեման` Ինտերվենցիոն ռադիոլոգիայի նորամուծություններ լյարդի ցիռոզի ժամանակ:
https://www.facebook.com/icpdarm/posts/pfbid0CQAJFcotNCuseEbZmADQAkJEGudifEdG6eFBESh3KUZqwqsWumvL2fEgGvjcejiEl

«Հայաստան. լսողության աջակցություն» ծրագիր
08 հոկտեմբեր 24
«Հայաստան. լսողության աջակցություն» ծրագրի այս տարվա առաքելությունն ավարտված է. լսողական թվային և անալոգային սարքեր են հատկացվել շուրջ 1000 քաղաքացու, նրանց, ովքեր այս կամ այն պատճառով չեն ընդգրկվել պետական ծրագրերում:
Ծրագրի հայաստանյան գործընկերը «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամն է:
Դիտեք Հանրային հեռուստաընկերության Լուրերի անդրադարձը:

ԷԷԳ. դասընթաց միջին բուժաշխատողների համար
01 հոկտեմբեր 24
«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայությունը, «Բուժքույրերի և թերապիստների գերազանցության կենտրոն» հիմնադրամն ու Առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտն անց են կացրել ԷԷԳ տեխնիկների մասնագիտական դասընթաց` միջին բուժաշխատողների համար:
Դասախոսություններով հանդես են եկել հրավիրյալ մասնագետներ արտերկրից, մասնավորապես, նյարդաբանության դոցենտ, Յելի համապարփակ էպիլեպսիայի կենտրոնի տնօրեն Ալին Հերլոփյանը (ԱՄՆ), Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Կեքի հիվանդանոցի էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի տեխնիկ Գառնիկ Աբաջյանը (ԱՄՆ), նյարդաբանության դոցենտ, Կալիֆորնիայի Իրվայն համալսարանի էպիլեպիայի և կլինիկական նեյրոֆիզիոլոգիայի բաժնի ղեկավար, ներվիրահատական նեյրոմոնիտորինգի ծրագրի և նյարդաբանության օրդինատուրայի ղեկավար Լիլիթ Մնացականյանը (ԱՄՆ) և նյարդաբանության դոցենտ, Վեյն Կորնել քոլեջի կլինիկական նյարդաբանության բաժնի աշխատակից Գայանե Մելիքյանը (Քաթար):
Դասընթացը բացել և ամփոփել են «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար, ԱՆ ԱԱԻ նյարդաբանության դեցենտ Բիայնա Սուխուդյանն ու ԱՆ ԱԱԻ գիտության գծով փոխտնօրեն, նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանը:
Եռօրյա դասընթաց տեսական և գործնական փուլերին մասնակցել են էլեկտրաէնցեֆաոգրաֆիայի տեխնիկներ և միջին բուժաշխատողներ Հայաստանի մի շարք կլինիկաներից: Նրանք կստանան ՇՄԶ 9 տեսական և 1 գործնական կրեդիտ:

Մանկաբուժական կոնֆերանս
20 սեպտեմբեր 24
Մեկնարկել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցի համատեղ ջանքերով կազմակերպված Մանկաբուժության կոնֆերանսը:
Համաժողովի բացմանը մասնակիցներին ողջունել են պրոֆեսոր Արա Բաբլոյանը, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Աշոտ Սարգսյանը, Հայկական ակնաբուժական նախածի ղեկավար Նունե Եղիազարյանը, Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը և Լոս-Անջելեսի մանկական հիվանդանոցի պրոֆեսոր Եյալ Բեն-Այզեկը:
«Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկները ակտիվորեն մասնակցում են համաժողովին` ինչպես որպես խոսնակներ և ունկնդիրներ, այնպես էլ` գիտական կոմիտեի անդամներ:
Մանկաբուժական համաժողովի այս տարվա թիրախային լսարանում են մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, երեխաների և դեռահասների հոգեբույժները, վերականգնողաբանները, զարգացման մանկաբույժները, կլինիկական հոգեբանները, մանկական ինֆեկցիոնիստները, մանկական երիկամաբանները, մանկական ալերգոլոգներն ու իմունոլոգները, մանկական թոքաբանները:

Դեղագետի թափուր աշխատատեղ
17 սեպտեմբեր 24
«Արաբկիր» ԲՀ-ում առկա է դեղագետի թափուր աշխատատեղ` «Դեղագիտություն» մասնագիտության դիպլոմով անձանց համար:
Պարտականություններ
հիվանդանոցային դեղատանը ներդեղատնային պատրաստուկների պատրաստում, մանրակշռում, դեղաչափում դեղանյութերի և պատրաստուկների պահպանում և բաց թողնում
դեղատան վարիչի տված այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ
պատասխանատվության զգացում
պարտաճանաչություն
բծախնդրություն, ճշգրտություն
Պայմաններ
աշխատանքային գրաֆիկը` հնգօրյա, ժ. 09:00-16:45
որոշակի ժամկետով փորձաշրջան` նախնական հարցազրույցից հետո
Դիմել ցանկացողները կարող են ինքնակենսագրական ուղարկել [email protected] հասցեին` վերնագրում նշելով` դեղագետ:

Մանկաբուժական համաժողով
16 սեպտեմբեր 24
Հարգելի գործընկերներ,
սիրով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 19-20-ին, ժամը 13։00-19։00-ին տեղի կունենա Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համատեղ ջանքերով կազմակերպված Մանկաբուժական կոնֆերանսը։
Ավանդույթ դարձած գիտաժողովը նվիրված է մանկաբուժության արդիական հարցերին, մանկական հիվանդությունների կանխարգելման, բուժման և վարման նորագույն մոտեցումներին: Կոնֆերանսին դասախոսություններով և զեկուցումներով հանդես կգան Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի և ՀՀ ճանաչված մանկական բժիշկ-մասնագետները, նախատեսվում է հետաքրքիր կլինիկական դեպքերի ներկայացում, ինչպես նաև երեխայի զարգացման խնդիրների վերաբերյալ քննարկումներ:
Կոնֆերանսի ծրագիրը հաստատվել է ՀՀ ԱՆ կողմից, մասնակիցները 10 ՇՄԶ կրեդիտներ ստանալու հնարավորություն կունենան։
Համաժողովն անցկացվելու է հիբրիդային ձևաչափով՝ առկա (Դաբլթրի Հիլթոն Երևան հյուրանոցում) և առցանց (Zoom հարթակում): Ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:
Գրանցման համար այցելեք այս հղումով՝ https://us02web.zoom.us/.../WN_mj7jERWySKOqYE_hy6htcA...
Ծրագիրը հասանելի է learnwithopen․org հարթակում՝ https://learnwithopen.org/.../aecp-chla-22nd.../
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայկական ակնաբուժության նախագծի գրասենյակ՝ հեռ. (+374) 10 55 90 68, էլ. փոստ՝ [email protected] :
«Արաբկիր» ԲՀ Ապարանի առողջարանային ճամբար 2024
05 սեպտեմբեր 24
«Արաբկիր» բժշկական համալիրի Ապարանի առողջարանային ճամբարի այս տարվա սաներն են` վերջին հերթափոխի վերջին օրը, երբ վերջին անգամ միասին վայելում են, իրենց իսկ խոսքով, ամենահամեղ կերակուրը, հետո հնչում է երգ-պար ու վառվում խարույկը` որպես ճամբարային օրերի ամենաիսկական խորհրդանիշ:
Այս տարի ճամբարը 120 երեխայի է ընդունել` 4 հերթափոխով: Որոշ դեպքերում` կախված խնամքի և աջակցության կարիքից, երեխաներին ուղեկցել են նրանց մայրերը: Հոգատար ու ջերմ անձնակազմին` բժիշկներ, վերականգնողաբաններ, մանկավարժներ, հոգեբաններ, խոհարարներ, սանիտարներ և կազմակերպիչներ, միացել էին նաև մի խումբ կամավորներ, որոնցից շատերը նույնպես ժամանակին այս ճամբարի սաներն են եղել և լավ գիտեն, թե որքան բան են տալիս երեխաներին ամառային այդ 14 օրերը` Արայի լեռան ստորոտին, սոճիների թթվածնաշատ պուրակում: Հենց այդ տպավորություններն էին պատմում իրենց այցելած ծնողներին և հյուրերին այս տարվա ճամբարականները` խոսքը համեմելով ճամբարային օրերին արված հեաքրքրաշարժ տեսանյութերով, անհատական ու խմբային կատարումներով:
Նոր ուսումնական տարին նրանց համար նոր լիցքերով է սկսվել: Շնորհավորում ենք բոլորին և մաղթում լուսավոր ճանապարհ:
Արաբկիրից դպրոց` խոսքով և գործով
01 օգոստոս 24
«Արաբկիր» բժշկական համալիրի Լսողական խանգարումներ ունեցող երեխաների խոսքի զարգացման կենտրոնը կրկին մարդաշատ էր: Առիթը` ուսումնական տարվա ավարտը: Այո, բժշկական մեր հաստատությունում ամենամյա այս հանդիսությունը հենց այդպես է կոչվում, քանի որ այստեղ երեխաները հաճախում են մի քանի տարի շարունակ, շաբաթական 4 անգամ` մասնակցելով անհատական-սուրդոմանկավարժական և խմբակային` երաժշտապարային պարապմունք-թերապիաների, մասնագետների ու ծնողների նվիրական աշխատանքի շնորհիվ խոսել սովորում, կարդալ-գրել ու որպես «պատրաստի» աշակերտներ գնում դպրոց` շարունակելու 1.5-2 տարեկանից սկսված կրթական իրենց ճանապարհը:
Շնորհավորում ենք մեր այս տարվա 10 շրջանավարտներին, մաղթում բարի և հաջող ընթացք:

Երիկամի փոխպատվաստում. լապարասկոպիկ դոնոր-նեֆրԷկտոմիա
01 օգոստոս 24
Այն, ինչ անում են բժիշկները, հաճախ անհավանական է թվում: Մինչդեռ կյանքերը հենց այսպես են փրկվում՝ անհավանական թվացող պատմություններով:
Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» այս տեսանյութը 9-ամյա Լիլիթի մասին է և նրա սիրելի մայրիկի, որն իր երիկամն է տվել երեխային՝ երկրորդ անգամ նրան պարգևելով կյանք: Եվ այս ամենն, իհարկե, «Արաբկիր» բժշկական համալիրի օրգանների փոխպատվաստման թիմի անդադար ջանքերի ու նվիրումի շնորհիվ: