Գլխավոր
Նորություններ
Առողջության մասին

Բարի Ամանոր և Սուրբ Ծնունդ
06 հունվար 23
Թող խաղաղվի երկինքն աշխարհի բոլոր անկյուններում, ապաքինվի առողջական խնդիր ունեցող ամեն փոքր ու մեծ, իրականա յուրաքանչյուրի նվիրական երազանքը՝ Սուրբ Ծննդյան հրաշքով:
Բարի Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
Ուշագրավ դեպքեր 2022
30 դեկտեմբեր 22
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ «Արաբկիր» բժշկական համալիրում տարին ամփոփվում է ուշագրավ դեպքերի ներկայացմամբ: Մասնագիտական տեսակետից հետաքրքիր պատմություններն, ինչ խոսք, շատ են, բայց միջոցառման ընդունված ձևաչափով ամեն ծառայություն ու բաժանմունք անդրադառնում է դրանցից մեկին` ամենաուշագրավին` համեմատելով այն իրենց և արտասահմանցի գործընկերների պրակտիկայում հանդիպած նմանատիպ այլ դեպքերի հետ, մեջբերելով բժշկագիտական գրականությունում առկա տեղեկություններ` տվյալ պաթոլոգիայի մասին և պատասխանելով ծագող հարցերին:
Միջոցառումն ավանդաբար կազմակերպում է Երիտասարդ բժիշկների և ռեզիդենտների խորհուրդը` AYPA-ն, որի սահմանած մրցանակները պակաս ուշագրավ չէին:
«Արաբկիրի» բժիշկների թիմն առողջություն ու խաղաղություն է մաղթում բոլորին` ջանք չխնայելով պացիենտների ապաքինման համար:

Ձմեռ պապիկի օգնականներն «Արաբկիրում»
26 դեկտեմբեր 22
Ձմեռ Պապիկի օգնականներն արդեն սկսել են կատարել իրենց բարի գործն ու մեկը մյուսին հերթ չտալով այցելում են մեր փոքրիկներին:
Նրանցից մեկը, որ այնքան նման էր իսկական Պապիկին, ինքն էլ իր օգնականների հետ` ներհիվանդանոցային DAA դպրոցից, շրջել է բաժիններով, նվերներ բաժանել, հարցուփորձ արել և ուրախացրել բուժվող փոքրիկներին:
Անակնկալներով էր եկել նաև երկրորդ օգնականը: Նա էլ Խոսքի զարգացման կենտրոնի հյուրն էր` Ձյունանուշի հետ: Նրանք լսել են փոքրիկների արտասանությունները, ուրախացել, որ երեխաների մոտ դա շատ հաջող է ստացվում:
Դե իսկ Պապիկի` մանկապարտեզ հասած օգնականին երեխաներն ամենաշատ հարցերն են տվել` փորձելով ճշտել` իսկապե՞ս Լապլանդիայից է գալիս և ինչու՞ առանց Ձյունանուշի: Հետո տարբեր լեզուներով երգել ու արտասանել են թանկագին հյուրի համար և ստացել սպասված փաթեթները:

Արցախցի փոքրիկին տեղափոխում են Երևան
24 դեկտեմբեր 22
«Արաբկիր» բժշկական համալիրի վերակենդանացման ծառայության թիմը ռեանիմոբիլով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխում ծանր վիճակում գտնվող արցախցի 4 ամսական երեխային
Երեխայի տեղափոխումը Արցախից Հայաստան հնարավոր է դարձել Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարությունների, Կարմիր խաչի, Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի և «Արաբկիր» բժշկական համալիրի համագործակցության շնորհիվ: Հիշեցնենք, որ երեխան օրեր շարունակ ծանր վիճակում գտնվում էր «Արևիկ» մանկական հիվանդանոցում, նրա մոտ հայտնաբերվել էր լեշմանիոզ հիվանդություն:
Շնորհակալություն Հայաստան տեղափոխված փոքրիկի և այս պահին Արցախում երեխաների կյանքի փրկության համար պայքարող բոլոր նվիրյալներին:

«Արաբկիրի» բժիշկները շրջափակված Արցախում
24 դեկտեմբեր 22
Արցախի շրջափակման նախորդ օրվանից Ստեփանակերտի ՛՛Արևիկ՛՛ մանկական հիվանդանոցում իր առաքելությունն է իրականացնում «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանների թիմը՝ ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանի ղեկավարությամբ: Սա մեր բժիշկների հերթական այցն էր Արցախ՝ Հայ օգնության ֆոնդի «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակում՝ «Արաբկիր» ԲՀ-ի և «Արևիկ» մանկական հիվանդանոցի համագործակցությամբ:
#roadoflife #Artsakh #Armenia #ArabkirMC
#Կյանքիճանապարհ #Արցախ #Հայաստան #ԱրաբկիրԲՀ
Բիայնա Սուխուդյանը հարցազրույց է տվել Սիվիլնեթին
[Բիայնա Սուխուդյան, մանկական նյարդաբան, Արաբկիր ԲՀ] Մենք եկել ենք այստեղ դեկտեմբերի 11-ին և մեր առաջին աշխատանքային օրվանից սկսվեց շրջափակումը:
[ՍիվիլՆեթ]Բիայնա Սուխուդյանը նյարդաբան է, «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական նյարդաբանության և էպիլեպսիայի ծառայության ղեկավարը: 11 օր առաջ նա եկել է Արցախ և հիմա չի կարողանում վերադառնալ Հայաստան: Պատերազմի ավարտից հետո Բիայնան և մի խումբ սրտացավ մանկական նյարդաբաններ պարբերաբար այցելում են Արցախ՝ բժշկական խորհրդատվություններ տրամադրելու համար:
Արդեն 12 օր է, ինչ Ստեփանակերտ - Գորիս մայրուղու ադրբեջանական շրջափակման պատճառով Բիայնան և 120.000 բնակիչներ գտնվում են Արցախում: Նրա գլխավոր մտահոգությունը դեղորայքի պակասն է:
[Բիայնա Սուխուդյան, մանկական նյարդաբան, Արաբկիր ԲՀ] Մենք տեսել ենք շատ սուր և քրոնիկ վիճակներ, որոնց դեպքում երեխաները կարիք ունեն այնպիսի դեղորայքի, որպիսիք այստեղ չկան, օրինակ ցավազրկողներ, որոշ անտիբիոտիկներ, հակացնցումային դեղեր, որոնք շատ կարևոր են էպիլեպսիայով երեխաների համար: Վաղ թե ուշ կունենանք մանկական սննդի պակաս ևս:
[ՍիվիլՆեթ] 120.000 հոգի, ներառյալ 3000 երեխա, գտնվում են շրջափակման մեջ: Շատ ընտանիքներ բաժանված են։
[Ռուբեն Վարդանյան, Արցախի պետնախարար] Պետք է պատրաստ լինենք բոլորս: Հիմա սա է իրականությունը: Չպետք է մենք ինքներս մեզ խաբենք: Որպես պետնախարար և շտաբի ղեկավար մենք քննարկում ենք այս իրավիճակի տարբեր լուծումներ և մինչև այդ որոշումները կայացնելը ուզում էի Ձեզ հետ քննարկել հնարավորությունները որոշման և ուզում էի Ձեր կարծիքը լսել:
[Բիայնա Սուխուդյան, մանկական նյարդաբան, Արաբկիր ԲՀ] Այժմ ունենք վիսցերալ լեյշմանիոզով մեկ երեխա, և շրջափակման բացակայության դեպքում նա, անշուշտ, պետք է տեղափոխվեր Հայաստան:
[ՍիվիլՆեթ] Մթերային խանութները և դեղատները գրեթե դատարկվել են։ 29 պացիենտ, այդ թվում 8 երեխա, գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նրանցից որոշներին պետք է շտապ տեղափոխել Հայաստան` ժամանակին բուժօգնություն ստանալու համար։
Արցախ, մեր սեր
20 դեկտեմբեր 22
Արցախ-Հայաստան կենսական ճանապարհը փակվելուց հետո Երևանում մնացած հրաշալի փոքրիկներին այսօր այցելեցին «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, բժշկական տնօրեն Նինա Արիկյանցը, մանկաբույժ Մարիամ Հախվերդյանը և «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Երեխաներն այստեղ էին եկել` մասնակցելու Մանկական Եվրատեսիլին. Ստեփանակերտի երաժշտական դպրոցների սաներ են, որոշները` մարզիկներ` բավական լուրջ հաջողություններով: Նրանք պատմեցին իրենց երազանքների մասին, որոնց մեջ այս պահին ամենագլխավորը տուն վերադառնալն է, ընտանիքներին միանալը:
Անցեք այս հղումով և վայելեք արդեն հանրաճանաչ դարձած փոքրիկ երգիչների կատարումները` լի սիրով ու կարոտով:

Զեղչեր տոներին ընդառաջ
02 դեկտեմբեր 22
Ամանորի տոներին ընդառաջ «Արաբկիր» ԲՀ լազերային էպիլյացիայի ծառայությունում մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ գործելու են զեղչեր:
Վերին և ստորին շրթունքներ – 1 500դրամ` 2 500-ի փոխարեն
Դեմք – 10 000դրամ` 15 000-ի փոխարեն
Ճակատ – 3 000դրամ` 5 000-ի փոխարեն
Այստոսկրեր – 3 000դրամ` 5 500-ի փոխարեն
Բակեր – 4 500դրամ` 6 500-ի փոխարեն
Կզակ – 3 500դրամ` 4 500-ի փոխարեն
Պարանոց – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն
Պարանոց /տղամարդու/ – 7 500 դրամ` 15 000-ի փոխարեն
Ծոծրակ – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն
Թևատակ – 5 000դրամ` 8 000-ի փոխարեն
Կրծքային շրջան – 12 000դրամ` 20 000-ի փոխարեն
Որովայն – 18 000դրամ` 30 000-ի փոխարեն
Պորտային շրջան – 6 000դրամ` 10 000-ի փոխարեն
Բիկինի – 10 000դրամ` 15 000-ի փոխարեն
Բիկինի խոր – 15 000դրամ` 20 000-ի փոխարեն
Ձեռքեր – 14 000դրամ` 18 000-ի փոխարեն
Ձեռքեր /արմունկից վերև/ - 6 000դրամ` 8 000-ի փոխարեն
Ձեռքեր /մինչև արմունկ/ - 8 000դրամ` 10 000-ի փոխարեն
Ոտքեր – 35 000դրամ` 50 000-ի փոխարեն
Ոտքեր /ազդրեր/ - 20 000դրամ` 30 000-ի փոխարեն
Ոտքեր /սրունքներ/ - 18 000դրամ` 25 000-ի փոխարեն
Մեջք – 25 000դրամ` 40 000-ի փոխարեն
Գոտկատեղ – 13 000դրամ` 20 000-ի փոխարեն
Նստատեղ – 13 000դրամ` 20 000-ի փոխարեն
Մազահեռացումն արվում է աշխարհահռչակ Candela ֆիրմայի GentleMaxPro սարքով, ալեքսանդրիտային մեթոդով՝ ապահովելով մազերի ռադիկալ հեռացում` առանց ցավի և հետևանքների, երկարատև արդյունքով:

Նոյեմբերի 20-ը` մանկաբույժների միջազգային օր
20 նոյեմբեր 22
Սիրելի մանկաբույժներ,
շնորհավորում ենք մասնագիտական տոնի առիթով ու ասում շնորհակալություն՝ ձեր նվիրումի ու ջերմության, փոքրիկների առողջացամնն ուղղված ձեր ջանքերի ու մասնագիտական բարձրակարգ օգնության համար: Ձեր գործն անգնահատելի է: Առողջ եղեք և վայելեք երջանկություն՝ ձեր ընտանիքների հետ:

Մանկաբուժություն և ծերաբուժություն. համաժողով
18 նոյեմբեր 22
«Պետք է հատուկ ուշադրություն դարձնենք երեխաների առողջությանը ոչ նրա համար, որ մենք ավելի ջերմ հակումներ ունենք դեպի երեխաները, այն նրա համար, որ հասկանանք՝ մենք գնում ենք առողջապահությու՞ն, թե՞ հիվանդաբուժություն: Այսօր պետք է կարողանանք միավորվել, ստեղծել այն համակարգը, որը կշարունակի զարգացնել մանկաբուժության այն մոտեցումները, որոնք կտան հնարավորություններ՝ ապահովելու մեր ապագան, մեր բնակչության առողջությունը». Արա Բաբլոյան
Կարդացեք ԵՊԲՀ-ում անցկացված «Մանկաբուժություն և ծերաբուժություն. բժշկագիտության երկու «հսկաներ», արդի խնդիրները և լուծումները» միջազգային համաժողովի մասին` հղումով:

Ոչ բուժաշխատողների նկատմամբ բռնությանը
17 նոյեմբեր 22
«Արաբկիր» բժշկական համալիրի ղեկավարությունն ու ողջ անձնակազմն իրենց խիստ անհանգստությունն ու վրդովմունքն են հայտնում երեկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բժշկուհու և անվտանգության աշխատակցի հետ տեղի ունեցածի առիթով:
Բժշկի, բուժաշխատողի նկատմամբ բռնությունը դատապարտելի վարքագիծ է, որ շարունակում է արատավորել մեր հասարակությունը` անկախ որևէ հանգամանքից:
Սիրելի հայրենակիցներ, թույլ մի տվեք ձեզ նման վարքագիծ, կարողացեք կառավարել ձեր զգացմունքները հատկապես բժշկական հաստատություններում, որտեղ աշխատում են նվիրյալներ` հանուն ձեր և ձեր հարազատների առողջության:

Նոյեմբերի 14-ը` Դիաբետի համաշխարհային օր
14 նոյեմբեր 22
Արդեն 31 տարի` 1991թ-ից, ինսուլինի գյուտի հեղինակներից մեկի` Ֆրեդերիկ Բանտինգի ծննդյան օրը` նոյեմբերի 14-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես Դիաբետի համաշխարհային օր: Սա առիթ է մեկ անգամ ևս խոսելու դիաբետի, դրա կանխարգելման ձևերի և դրա հետ ապրելու հնարավորության մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում ավելի քան 415 մլն մարդ շաքարային դիաբետ ունի: Կանխատեսվում է, որ մինչև 2030թ-ն այս թիվը կաճի` հասնելով 551 մլն-ի: Հայաստանում շաքարային դիաբետ ունեցողների թիվը հասնում է մոտ 110 հազարի, նրանցից մոտ 800-ը երեխաներ են: Ընդհանուր այս թիվը եռակի ավել է 2000-ականների սկզբի ցուցանիշներից: Դա տարբեր հիմնավորումներ ունի, որոնցից վերջին տարիներին առանձնակի մեծ է եղել սթրեսի և կորոնավիրուսային վարակի դերը: Ուրախացնում է այն, որ հիվանդացության թվի աճին զուգահեռ 3 անգամ քչացել են դիաբետից մահվան դեպքերը:
Բժիշկները խորհուրդ են տալիս պարբերաբար ստուգել արյան մեջ գլյուկոզայի քանակը և որևէ շեղման դեպքում անպայման դիմել նեղ մասնագետի: Դիաբետից խուսափելու համար կարևոր է ճիշտ կենսակերպը. քչաշարժությունն ու գերքաշայնությունը դիաբետի բերող ամենատարածված պատճառներից են:
«Արաբկիր» բժշկական համալիրի էնդոկրինոլոգիական ծառայությունը սպասարկում է նաև դիաբետ ունեցող պացիենտներին: Հիշեք, որ դիաբետի ճիշտ և գրագետ վերահսկողությունն ամենակարևորն են այս խնդրի հետ ապրելու և կյանքի որակը պահպանելու հարցում:
«Արաբկիրը» փոխել է Խադիջայի կյանքը
11 նոյեմբեր 22
Գեղեցկադեմ Խադիջան Ալժիրից է: «Արաբկիր» բժշկական համալիր է եկել «Միզապարկի էքստրոֆիա ունեցող պացիենտների ասոցիացիայի» /ABEC/ և մեր վիրաբուժական թիմի վաղեմի բարեկամ, Սիեթլի Մանկաբուժական հիվանդանոցի պրոֆեսոր Փոլ Մերգերյանի միջնորդությամբ:
25-ամյա աղջիկն ի ծնե ունեցել է միզապարկի զարգացման արատ, որի շտկմանն ուղղված մի շարք վիրահատական միջամտություններ են իրականացվել: Սակայն, պացիենտի մոտ, այնուամենայնիվ, պահպանվել է մշտական անմիզապահությունը` բերելով սոցիալական ու հոգեբանական մի շարք խնդիրներ: Խնդրի լուծման համար իրականացվել է միզապարկի ծավալի մեծացում` աղիքային սեգմենտով և Մոնտի-Միտրոֆանովի վիրահատություն:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ ծավալուն այդ վիրահատությունն ու հետվիրահատական շրջանը բարեհաջող են ընթացել, և Խադիջան անցած գիշեր վերադարձել է տուն` ազատված սոցիալական ու հոգեբանական դժվարություններից, որոնք, իր խոսքով, ունենում էր մինչ «Արաբկիր» գալը: Նա տեսազանգով հարցազրույց է տվել ասոցիացիայի նախագահին` պատմելով իր փորձառության մասին: Լսեք, թե ինչպես է Խադիջայի` Ֆեյսբուքում արած մի «search»-ը փոխել նրա կյանքը` Ալժիրից բերելով Հայաստան և նվիրելով նրան, իր բառով, ազատություն, որ թանկ է ամեն ինչից:
Շնորհակալություն, սիրելի բժիշկներ:

«Հայացք ներսից». Արա Բաբլոյան
10 նոյեմբեր 22
«Մեր խնդիրները միասնական են և մեր ապագան նույնպես պետք է միասնական լինի». Արցախի հանրային հեռուստաընկերության «Հայացք ներսից» հաղորդաշարի այս թողարկումն Արա Բաբլոյանի հետ է:
Շնորհակալություն, սիրելի գործընկերներ:

Անդրադարձ մամուլի հրապարակմանը
08 նոյեմբեր 22
Երեկ Oragir.news-ում հրապարակված «Անահիտ Ավանեսյանին և «Ուիգմորին» բիզնես շահե՞ր են կապում. նոր հիվանդանոցի բացումը ռիսկային է մանկաբուժության ոլորտի համար» հոդվածում արծարծվել է «Արաբկիր» բժշկական համալիրի անունը, ինչի առիթով մի շարք լրագրողներ հարցեր են ուղղել մեզ, որոնց պատասխանում ենք ընդհանուր, քանի որ հարցերը հիմնականում նույն բնույթի էին` ինչու նախարարը չի կասեցրել նոր կլինիկայի բացումը, ինչու են «տանում» մասնագետներին, ինչպես եք վերաբերվում նոր կլինիկայի բացմանը:
Նախևառաջ ցանկանում ենք հիշեցնել կամ տեղեկացնել, որ նախարարը չի կարող որևէ կերպ խոչընդոտել որևէ նոր կլինիկայի բացմանը: ՀՀ-ում Տնտեսական կարգը և Բժշկական օգնություն և սպասարկում իրականացողների իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ և «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով, որոնք երաշխավորում են տնտեսական գործունեության ազատություն, ազատ տնտեսական մրցակություն և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու իրավունք` սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում:
Նախարարությունն իրավասություն ունի վերահսկել տրամադրվող բժշկական ծառայությունների որակն ու սահմանված չափորոշիչներին համապատասխանությունը` անկախ բժշկական հաստատության կարգավիճակից և սեփականության ձևից: Եթե ծառայությունները չեն համապատասխանում որակի և մյուս չափորոշիչներին և դա կրում է շարունակական բնույթ, նախարարությունը կարող է կասեցնել տվյալ բժշկական կազմակերպության լիցենզիան, իսկ եթե համապատասխանում են, նախարարությունը կարող է տվյալ կլինիկային պատվիրել կամ չպատվիրել ծառայություններ, կամ ինչպես ընդունված է ասել` «տեղադրել կամ չտեղադրել պետպատվեր»:
Այսպիսով, նախարարության, որպես պետական գերատեսչություն, և բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների փոխհարաբերություններն այս կտրվածքով այսքանն են:
Անդրադառնալով «Արաբկիրից մասնագետներին «տանելուն»», ցանկանում ենք նշել, որ նախ` նոր բացվող կլինիկայի համար մասնագետներ հավաքագրվել են ոչ միայն մեր համալիրից, այլև հանրապետության այլ մանկական բժշկական հաստատություններից, հետո` այս հարցին նույնպես պետք է տալ օբյեկտիվ գնահատական. մասնագետները կարող են ունենալ տարբեր նպատակներ և փոխել իրենց աշխատանքի վայրը` իրենց նպատակներին հասնելու համար. մի մասը, կոպիտ ասած, ցանկություն չունի բուժել հասարակության անվճարունակ, աղքատ խավին, ձգտում է բուժել միայն վճարունակներին, մի մասը ձգտում է քիչ ջանքեր ներդնելով` ունենալ հնարավորություն ավելի շատ վաստակելու, մի մասն էլ ձգտում է էլ ավելի առաջընթաց ունենալ` բարելավելով իր կարգավիճակը գործունեության մեջ և, էլ ավելի մեծ պատասխանատվություն կրելով, տվյալ ծառայությունը կազմակերպել իր պատկերացումներով:
Բոլոր պարագաներում «Արաբկիր» բժշկական համալիրը հպարտ է, որ հանդիսանում է մանկաբուժության բնագավառի մասնագիտական դարբնոց, որտեղ երիտասարդ բժիշկներն ավարտելով իրենց մասնագիտացումը` կարող են աշխատել այլ բժշկական հաստատություններում:
Միանշանակ կարող ենք շեշտել, որ նրանք, ովքեր հիմնական նպատակ են դրել, կոպիտ ասած, «փող աշխատելը» և ոչ` մարդուն բուժելը, չեն համապատասխանում «Արաբկիրի» գաղափարախոսությանը:
Ինչ վերաբերում է մանկական բժշկական նոր հաստատության ստեղծմանը և մրցակցային նոր մարտահրավերների առաջացմանը, ապա մեր մոտեցումը միանշանակ է. եթե դա կբերի մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը և մատչելիությանը, ապա կհամապատասխանի մեր հիմնական նպատակին: Եթե դա կբերի ծառայությունների թանկացմանն ու դրանց մատուցման խտրականությանը, ապա բնակչությունն ինքը կորոշի, թե որտեղից օգտվել:
Մենք բազմիցս բարձրաձայնել ենք և շարունակում ենք պնդել, որ այսօր գործող մանկական բժշկական հաստատությունների, մասնավորապես, հայտնի 3 խոշոր կլինիկաների միջև մեծապես գերակայում է համագործակցությունը, քան մրցակցությունը: Մրցակցությունը կրում է առողջ բնույթ և ուղղված է ծառայությունների բարելավմանը:
Հույս ունենք, որ նորաստեղծ կլինիկան նույնպես այդ ճանապարհը պետք է ընտրի, քանի որ ոչ մի բժշկական հաստատություն առանձին վերցրած չի կարող լիարժեք լուծել գործունեության ընթացքում ծագող բոլոր խնդիրները:

Նյարդագիտական սիմպոզիում
31 հոկտեմբեր 22
Հոկտեմբերի 28-ին և 29-ին կայացել է Էդգար Հովսեփյանի անվան Առաջին կլինիկական նյարդագիտության սիմպոզիումը` «էպիլեպսիա» թեմայով:
Սիմպոզիումն անց է կացվել առցանց, որին մասնակցել է շուրջ 600 բժիշկ և բուժաշխատող` աշխարհի տարբեր երկրներից` Բուլղարիա, ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Հայաստան և այլն: Սիմպոզիումը նախագահել է «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը: Ներկայացվել է 12 դասախոսություն` 6 նիստով: Յուրաքանչյուր նիստից հետո տեղի է ունեցել մասնագիտական ծավալուն քննարկում:
Սիմպոզիումի մասնակիցներին տրվելու է ՀՀ Առողջապահության նախարարության շարունակական մասնագիտական զարգացման 6 տեսական կրեդիտ:
Էդգար Հովսեփյանն ամերիկահայ անվանի նյարդավիրաբույժ է և մեծ բարերար: Նրա անունն է կրում «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայությունը:
Դիտեք սիմպոզիումի առիթով պատրաստված տեսանյութը` պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի և «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայության մասին:

«Արաբկիրում» էր պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը
27 հոկտեմբեր 22
Գաստրոէնտերոլոգիական և էնդոսկոպիկ ծառայությունների հրավերով համագործակցության հերթական այցով կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի և սննդաբանության ծառայության ղեկավար Քրիստիան Բրեգերը: Պրոֆեսորի վարպետության դասընթացն այս անգամ «Միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի (PEG-ի) տեղադրումը երեխաներին» թեմայով էր, որին մասնակցում էին ոչ միայն «Արաբկիր», այլև «Սուրբ Աստվածամայր» և «Մուրացան» բժշկական կենտրոնների մասնագետները:
Պրոֆեսոր Բրեգերի անմիջական մասնակցությամբ կատարվել է PEG-ի տեղադրման 5 միջամտություն` նյարդաբանական խնդիրներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, հետևաբար և բերանային սնուցման մեծ դժվարություններ:
PEG-ը մանկական գաստրոէնտերոլոգիայի` աշխահում ամենատարածված մեթոդներից է, արագ է ու արդյունավետ, օգնում է խուսափել ոչ միայն թերսնուցման բարդություններից, այլև բարելավում է պացիենտի ու նրան խնամողների, ընտանիքի կյանքի որակը:
PEG-ի անհրաժեշտությունը որոշվում է բազմամասնագիտական թիմով:
Բուժքույրերի ՇՄԶ դասընթաց
10 հոկտեմբեր 22
Կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էին շվեյցարացի մեր բարեկամները` բուժքույրերի շարունակական մասնագիտական զարգացման ծրագրի շրջանակում: Եռօրյա դասընթացի բացմանը մասնակիցներին ողջունել են շվեյցարական «Սեմռա պլուս» հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, կրթության ծրագրերի պատասխանատու Մարլիզ Ֆլյուրին և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ Բուժքույրական խորհրդի նախագահ, բուժքույրական կրթական ծրագրերի համակարգող Ամալյա Մարտիրոսյանը:
Վերապատրաստման դասընթացի թեմաներն այս անգամ առնչվել են երիկամային սուր և խրոնիկական անբավարարության ժամանակ հեմոդիալիզին և պերիտոնեալ դիալիզին, ինչպես նաև հեմոդիալիզի և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներում աշխատելիս բուժքույրերի գործառույթներին, տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններին, բազմամասնագիտական թիմի անդամների, ինչպես նաև պացիենտների ու նրանց հարազատների հետ հաղորդակցությանը, կոնֆլիկտային իրավիճակներում ճիշտ վարվելակերպի կանոններին:
Հեմոդիալիզի վերաբերյալ դասընթացը վարել են Շվեյցարիայի Ժյուրա կանտոնի հիվանդանոցի հեմոդիալիզի բաժանմունքի դասավանդող բուժքույրեր Օդրի Շնեյդերն ու Օդ Շվարցը, իսկ Մանոն Ժիգանդենը և Անտոնի Ռասինը գործնական հմտություններով են փոխանակվել Ընդունարան և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բուժքույրերի հետ: Դասընթացին մասնակցել է շուրջ երկու տասնյակ բուժքույր: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մասնակիցներն ու դասընթացավարներ Օդրի Շնեյդերն ու Օդ Շվարցը ստացել են շարունակական մասնագիտական զարգացման 9 տեսական և 2 գործնական կրեդիտ:
Մարլիզ Ֆլյուրին հանդիպել է նաև «Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ, ամփոփել դասընթացն ու քննարկել համագործակցության հետագա ծրագրեր ևս:

Շնորհավոր Սեպտեմբերի 1
01 սեպտեմբեր 22
Առողջությունը մարդու ամենաթանկ ունեցվածքն է, կրթությունը` ազատությունը:
Սիրելի սովորողներ, մանկապարտեզի սաներից մինչև ուսանող ու ասպիրանտ մեր պացիենտներ, մենք կօգնենք ձեզ պահպանել ձեր ամենաթանկ ունեցվածքը` առողջությունը, դուք` կրթվեք, ինքնակրթվեք ու վայելեք ազատության բերկրանքը:
Շնորհակալություն բոլոր մանկավարժներին ու դասավանդողներին և բարի ընթացք ամենքիդ

Ապարանի առողջարանային ճամբար
01 սեպտեմբեր 22
ԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ
«Արաբկիր» ԲՀ-ի Ապարանի առողջարանային ճամբարի վերաբացումը` կորոնավիրուսային սահմանափակումներից հետո, ուրախություն է բերել երեխաներին: Ասում են` ճամբարը մեզ համար տուն է դարձել:
Շնորհակալություն շվեյցարական «Սեմռա» հիմնադրամին և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամին` երրորդ հերթափոխին մեծապես աջակցելու համար:
Ճամբարականներն ու նրանց ծնողներն այս տեսանյութում պատմում են Ապարանի գեղատեսիլ անկյունում անցկացրած օրերի մասին, նշում, որ սա առանձնահատուկ մի վայր է, որտեղ բոլորն անկեղծ են ու սիրով լի:

Հայաստան. լսողական աջակցություն 2022
24 օգոստոս 22
ԼՍՈՒՄ ԵՄ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ
«Հայաստան. լսողական աջակցություն» նախաձեռնության` 2022թ-ի առաքելության մասին պատմող տեսանյութն է. մեկշաբաթյա ինտենսիվ աշխատանք Գյումրիում և Երևանում, հարյուրավոր ժպիտներ՝ լսողությունը վերագտած մարդկանց դեմքերին, կամավորներ, որոնք պատմում են իրենց անմոռանալի զգացողությունների մասին և, իհարկե, միասնական թիմ, որն աշխատում է տարին կլոր՝ ապահովելով շահառուների հետխնամքի ծառայությունը նույնպես:
Ծրագիրն իրականացվում է 2017թ-ից` «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի, Արաբկիր բժշկական համալիրի և Սթարքի լսողության հիմնադրամի հետ համատեղ:
Շնորհակալություն, սիրելի բարերարներ, շնորհակալություն նախաձեռնության հիմնադիրներ, աջակիցներ ու գործընկերներ:
Երևան-Մինսկ. լյարդի փոխպատվաստում
30 հուլիս 22
«Արաբկիր» բժշկական համալիրում երեկ երեխայի լյարդի փոխպատվաստման 4-րդ վիրահատությունն է իրականացվել՝ մեր թիմի ու բելառուս գործընկերների համատեղ ջանքերով:
Բժիշկները խուսափում են վաղ խոսել նման բարդ վիրահատությունների արդյունքների մասին, քանի որ, ինչպես իրենք են ասում՝ վիրահատությունը գործի մի կեսն է միայն և չափազանց կարևոր է նաև հետվիրահատական փուլը: Պրոֆեսոր Ռումմոյի այս պահի գնահատմամբ՝ նման բարդ վիրահատություններին բնորոշ բոլոր դժվարություններով հանդերձ՝ զուտ վիրահատական մասն անցել է հաջող և առաջին օրվա տվյալները թույլ են տալիս զգուշավոր լավատեսությամբ ասել, որ ամեն ինչ լավ կլինի:
«Արաբկիր» բժշկական համալիրը շնորհակալություն է հայտնում փոխպատվաստման ամբողջ թիմին, ГУ "Минский НПЦ хирургии, трансплантологии и гематологии"-ի և Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ի մեր սիրելի գործընկերներին, հիմնադրամի սրտացավ աջակիցներին, ՀՀ առողջապահության նախարարություն-ը, Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարություն/MOH of Artsakh Rep.-ը՝ նվիրական ջանքերը համատեղելու և արցախցի փոքրիկին այս անասելի մեծ օգնությունը ցուցաբերելու համար:
#livertransplant #ArabkirMC #MinskScientificPracticalCenterforSurgeryTransplantionandHematology #լյարդիփոխպատվաստում #ԱրաբկիրԲՀ
«Արաբկիրում» են բելառուս գործընկերները
28 հուլիս 22
Կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում են լյարդի փոխպատվաստման գծով մեր գործընկերները Բելառուսից` պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի գլխավորությամբ: Այսօր նրանք հանդիպել են արդեն վիրահատված պացիենտներին և նրանց ծնողներին, գնահատել երեխաների վիճակն ու խորհրդատվություն իրականացրել այն պացիենտների համար, որոնք հայ գործընկերների կարծիքով լյարդի փոխպատվաստման կարիք ունեն:
Ի դեպ, պրոֆեսորներ Ռումմոյին ու Բաբլոյանին փոխպատվաստված լյարդով մեր փոքրիկ Միքայլեն է լուսանկարել:

Հազի մասին. Մարիամ Հախվերդյան
20 հուլիս 22
Հազի մասին մի շարք հարցերի պատասխանել է մեր բժիշկներից Մարիամ Հախվերդյանը: Լսեք, ճանաչեք հազն ավելի մանրամասն և ճիշտ կողմնորոշվեք, թե ինչ անել ու չանել, երբ երեխան հազում է:
https://www.facebook.com/UnicefArmenia/videos/1170086253555658
Խոսքի զարգացման կենտրոնից` դպրոց
13 հուլիս 22
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սուրդոկենտրոնին կից գործող խոսքի զարգացման կենտրոնի սաներն են: Տարեվերջյան հանդեսին ներկայացնում են իրենց սովորածը` երգել, պարել, արտասանել: Նրանց լսելու են եկել լսողական սարքեր տրամադրող «Հովարդ Ղարագյոզյան» հիմնադրամի ներկայացուցիչները, սուրդոկենտրոնի ղեկավար Թամարա Մանուկյանն ու ծնողները:
Կենտրոնում գործող սուրդոմանկավարժական 4 խմբում ընդգրկված է 40 երեխա, որոնք այստեղ են գալիս շաբաթական 4 օր` երկու անհատական և երկու երաժշտական-խմբակային պարապմունքի:
Լսողական խնդրով երեխաների խոսքի զարգացումը, հատկապես լսողության մեծ կորուստների դեպքում, բարդ, ժամանակատար ու նվիրում պահանջող գործ է: Մեր մասնագիտական թիմին հաջողվում է անել դա, ինչի վկայությունն այս պայծառ փոքրիկների խոսքն է, որով նրանք հանրակրթական դպրոցներ են գնում և սովորում տարեկիցների հետ: Այս տարի կենտրոնը դպրոց է ճանապարհում սաներից 12-ին:
Շնորհավոր, սիրելի փոքրիկներ, բարի ընթացք ձեզ դպրոցում և ամենուր:

Շնորհավորում ենք Արմեն Մուրադյանին
10 հուլիս 22
«Արաբկիր» բժշկական համալիրի թիմը սիրով շնորհավորում է ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանին` հոբելյանական 50֊րդ տարեդարձի առիթով։
Առողջություն, խաղաղություն, անսպառ եռանդ ու հաջողություններ Ձեզ, սիրելի Արմեն Աբգարի։ Թող իրականություն դառնան Ձեր բոլոր նպատակները` հանուն ապագա բժիշկների կրթության և մեր հասարակության առողջության։

Առաջին անգամ Հայաստանում. պարկինսոնիզմի վիրահատական բուժում
08 հուլիս 22
Սիրելի այցելուներ և գործընկերներ,
ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Պարկինսոնի հիվանդության նյարդավիրաբուժական բուժումն արդեն հնարավոր է նաև Հայաստանում` «Արաբկիր» բժշկական համալիրում:
Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայության մեր թիմը հաջողությամբ իրականացնում է գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա (Deep Brain Stimulation /DBS)։ Բուժման այս մեթոդն ունի երկար փորձով և գիտական տվյալներով ապացուցված բարձր արդյունավետություն՝ հսկելով հիվանդների շարժողական ֆունկցիան, կանխանգելելով և բուժելով դեղորայքային բուժման շարժողական բարդություններն ու զգալիորեն բարձրացնելով պացիենտների կյանքի որակը, ինքնուրույնության և աշխատունակության աստիճանը:
Վիրահատության ժամանակ գլխուղեղի խանգարված ֆունկցիայով համապատասխան կորիզներում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք աշխատում են կրծքավանդակի մաշկի տակ զետեղված նյարդախթանիչի օգնությամբ։ Նյարդախթանիչի ծրագրավորումն ու դրա հետագա կարգավորումը, որոնք իրականացնում է վերապատրաստված մասնագետը, թույլ են տալիս ունենալ կայուն և շարունակական հակապարկինսոնային կամ հակադիսկինետիկ արդյունք։
Նյարդավիրաբուժական այս միջամտությունը կիրառվում է նաև դեղորայքակայուն էսենցիալ դող ունեցող և գեներալիզացված դիստոնիայիով պացինետների բուժման համար։ Վիրահատվում են այն պացինետները, որոնք նախավիրահատական գնահատում են անցել և համապատասխանում են ընտրության չափանիշներին:
Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիային և սարքի հետագա կարգավորմանը տիրապետելու համար նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը վերապատրաստվել է Բուլղարիայում` Սոֆիայի «Սուրբ Իվան Ռիսլկի» համալսարանական հիվանդանոցում, նյարդաբան Զարուհի Թավադյանը` Ավստրիայում` Ինսբրուկի համալսարանի շարժողական խանգարումների կենտրոնում և Հունգարիայում` Ժեգեդի համալսարանական կլինիկայում։
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայություն` 060 400 300 և ներքին` 22 21 հեռախոսահամարով:
* Նյութը պատրաստված է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ պացիենտներին և գործընկերներին տեղեկություն տրամադրելու համար:

Մահացել է Ալբերտ Վանյանը
05 հուլիս 22
Մեծ ցավով և ափսոսանքով տեղեկացնում եմ, որ մահացել է մեր սիրելի ուսուցիչը` մանկական վիրաբույժ, պրոֆեսոր Ալբերտ Վանյանը։
Անգնահատելի է Ալբերտ Անդրանիկովիչի դերը Հայաստանի մանկական վիրաբուժության զարգացման գործում, անչափելի են նրա մարդկային արժանիքները, սերը երեխաների, իր երիտասարդ գործընկերների, մասնագիտության և հայրենիքի հանդեպ։
Ձեր գործն անմահ է, սիրելի պրոֆեսոր, շնորհակալություն Ձեզ, խաղաղություն Ձեր մարդասեր հոգուն։
Արա Բաբլոյան
Արևշատցիներն «Արաբկիրում»
29 հունիս 22
«Արաբկիր» բժշկական համալիրի փոքրիկ պացիենտներին հյուր էին եկել Արարատի մարզի Արևշատ գյուղի երաժշտական դպրոցի սաները: Ժողովրդական գործիքային իրենց կատարումներով նրանք տարբերվող դարձրեցին երեխաների օրը, ուրախ և հիշվող:
Գաղափարը հիանալի է` գյուղում ապրող այս պայծառ դեմքերը, որոնց երաժշտական դպրոցի նորոգման համար բարեգործությամբ գումար էր հավաքվել, իրենք էլ իրենց բարի գործն են անում` նպաստելով տարեկիցների բուժմանը` բարեգործական համերգով հավաքած փոքրիկ գումարով և, իհարկե, բարձր տրամադրությամբ:
Շնորհակալություն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ - HFC Armenia-ին և Արի գյուղ, գյուղում կյանք կա/Come to village, Life is here նախաձեռնությանը` փոքրիկ արևշատցիների հետ մեզ ծանոթացնելու համար:

Հուլիսի 1-ից` վճարումներն անկանխիկ
24 հունիս 22
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ,
«Անկանխիկ գործառնությունների մասին» այս տարի ընդունված օրենքով` բժշկական և կրթական հաստատություններն այս հուլիսի 1-ից Երևանում, հաջորդ տարվա հուլիսի 1-ից մարզկենտրոններում, իսկ 2024թ-ի հուլիսի 1-ից` հանրապետության ողջ տարածքում իրենց մատուցած ծառայությունների դիմաց ցանկացած վճար պետք է ընդունեն բացառապես անկանխիկ:
Ուստի խնդրում ենք «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ այցելելիս նկատի ունենալ, որ բոլոր վճարումներն ընդունվելու են բացառապես անկանխիկ եղանակով:
ԷԷԳ նոր սարք Արցախին
23 հունիս 22
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ Արցախի «Արևիկ» բուժմիավորմանը վիդեո-էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նոր սարք է նվիրել:
Տեխնիկական բնութագրիչներով այն լավագույններից մեկն է համարվում որոլտում: Սարքը հնարավորություն կտա կատարել կարճատև և երկարատև վիդեո-էէգ հետազոտություններ` նպաստելով էպիլեպիսիայի հայտնաբերմանն ու ախտորոշված դեպքերի վարմանը:
Սարքի գործարկման առիթով Արցախում էին «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանները: Ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, որը նաև Արցախի Առողջապահության նապարարության խորհրդատուն է` նյարդաբանական գծով, կարգավորել և առաջին հետազոտություններն է արել` գործնական խորհուրդներ տալով տեղի մասնագետներին: Սարքը սպասարկող տեխնիկը մինչ այդ ևս վերապատրաստվել էր «Արաբկիրում»:

Հունիսի 21. բուժաշխատողների օրը
21 հունիս 22
Սիրելի գործընկերներ,
շնորհավորում եմ բուժաշխատողների օրվա առիթով: Առողջություն և խաղաղություն եմ մաղթում յուրաքանչյուրիդ, երջանկություն` անձնական կյանքում, բարեկեցություն` ընտանիքում, առաջընթաց և հաջողություններ` աշխատանքում: Ձեր նվիրված աշխատանքի լավագույն գնահատականը փրկված կյանքերն են, առողջացած պացիենտները, ամեն փոքրիկի լուսավոր ժպիտը` տուն վերադառնալիս: Բարի ընթացք ձեր բարի առաքելությանը` որտեղ էլ որ լինեք:
Արման Բաբլոյան
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն
ԱրԲեՍ Պլյուս. մեծահասակաների վերականգնողական ծառայություն
14 հունիս 22
Այս ֆոտոպատմությունը «ԱրԲեՍ Պլյուսի» պացիենտներից մեկի` Հայկի մասին է: Ճիշտ կազմակերպված ու շարունակական աշխատանքը հաջող արդյունքներ է տալիս:
«ԱրԲեՍ Պլյուսը» «ԱրԲեՍ» առողջության կենտրոնի նորաբաց ծառայությունն է` ուղղված մեծահասակների վերականգնողական թերապիային:
Ծառայությունից կարող են օգտվել բոլորը, եթե ունեն
հենաշարժողական, նյարդամկանային խնդիրներ,
կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումներ,
մանկությունից մնացած նմանատիպ խնդիրներ:
Դրանք առավելապես արտահայտվում են
մեջքի, պարանոցի և հոդերի ցավերով,
խոշոր և մանր շարժումների սահմանափակումներով:
Պացիենտների հետ աշխատում է բազմամասնագիտական թիմը` առաջնորդվելով յուրաքանչյուրի համար մշակված անհատական վերականգնողական պլանով: Պարապմունքներն իրականացվում են արտահիվանդանոցային ռեժիմով, այսինքն պացիենտներն այստեղ չեն գիշերում:
Մանրամասների և հերթագրվելու համար` 060 40 30 30 և ներքին` 25 00, զանգել ժամը 09:30-16:30:
Հասցեն` Երևան, Փափազյան 32
Էլ. հասցե` [email protected]
Բաժանմունքի մասին` https://www.arabkirmc.am/hy/feature/rehabilitation/104
*Նյութը պատրաստվել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ պացիենտներին տեղեկություն տրամադրելու համար: