«Առաջարկում եմ գտնել հարցի կարգավորման այլ ճանապարհներ և ոչ` խաղաղ բնակչության կյանքի հաշվին». Արա Բաբլոյանը պատասխանել է iravunc.com-ի հարցին:
-
Արդեն 7-րդ օրն է ո'չ ռուս խաղաղապահները, ո'չ էլ Կարմիր խաչը հնարավորություն չունեն դեղորայք, սնունդ հասցնել Ստեփանակերտ, ծանր վիճակում գտնվող հիվանդներին Երևան չեն կարողանում տեղափոխել։ Հակարիի անցակետը ադրբեջանական կողմը փակ է պահում մարդասիրական բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համար։ Այն օրից, երբ ձախողվեց իրենց դրոշը կամրջից դեպի Կոռնիձոր տանող հատվածում տեղադրելու փորձը, Արցախում ապրողները ամբողջական մեկուսացման մեջ են։
Ի՞նչ առողջապահական խնդիրներ է իր հետ բերելու հումանիտար աղետը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Արաբկիր» ԲՀ-ի գիտական ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՑ, ով փաստեց.
-Այ՛ո, ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախն այս պահին էլ ավելի դժվար իրավիճակում է, որովհետև գիտենք, որ շրջափակումն էլ ավելի է խստացել և եթե մինչ այս հնարավոր էր Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախում ապրող մեր հայրենակիցներին դեղորայք ու բժշկական պարագաներ հասցնել և այնտեղից Հայաստան տեղափոխել պացիենտների, որոնց բուժումը հնարավոր չէր կազմակերպել Արցախում, ապա այս պահին, դա էլ հնարավոր չէ, այսինքն այդ մարդիկ կարող են պարզապես դատապարտված լինել մահնվան:
Ես կոնկրետ կարող եմ ասել, որ մենք Արցախում ունենք օրգան-փոխպատվաստված պացիենտներ, որոնք առանց մեր բժշկական ծառայությունների և մեր ուղարկած դեղամիջոցների, չեն կարող շարունակել ապրել: Ուրեմն ի ՞ նչ է նշանակում այս մոտեցումն ուղղակիորեն. ընտրեք` կամ մահ, կամ լինել Ադրբեջանի կազմու ՞ մ: Որպես բժիշկ, սա ինձ համար անընդունելի է:
Միևնույն ժամանակ պրոֆեսորը ընդգծում է.
-Մասնագիտական իմ կյանքում ես հարյուրավոր ադրբեջանցի երեխաների եմ բուժել և վստահեցնում եմ, որ նույնիսկ 80-ականների վերջին և 90-ականների սկբին, երբ խիստ լարված էին հարաբերությունները Ադրբեջանի հետ, երբևիցե տարբերություն չեմ դրել բուժման կարիք ունեցող ադրբեջանցի և հայ երեխաների միջև, սա մեր հումանիտար մասնագիտության հիմնարար սկզբունքներից է: Ուզում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները, նայելով իրենց երեխաների և թոռների աչքերին, կարողանան զգալ, թե ինչ է սպասում Արցախի փոքրիկներին` այս շրջափակման պատճառով:
Առաջարկում եմ գտնել հարցի կարգավորման այլ ճանապարհներ և ոչ` խաղաղ բնակչության կյանքի հաշվին: