Գլխավոր
Նորություններ
Ժան-Պիեռ Բեռնարի կիսանդրին «ԱրԲեՍ»-ում

Ժան-Պիեռ Բեռնարի կիսանդրին «ԱրԲեՍ»-ում

«ԱրԲեՍ» առողջության կենտրոնի բակում տեղադրվել է շվեյցարացի հումանիստ, «Արաբկիր» բժշկական համալիրի մեծ բարեկամ Ժան-Պիեռ Բեռնարի կիսանդրին` որպես սիրո և երախտագիտության նշան մի մարդու հանդեպ, որի հետ «Արաբկիրն» անցել է երկար ու բեղմնավոր ճանապարհ` սկսած 1988թ-ի երկրաշարժի օրերից:
 

Հիշատակի ոգեկոչման արարողությանը ներկա են եղել Ժան-Պիեռի կինն ու որդին` Ֆրանսուազ Բեռնարն ու Մարտեն Բեռնարը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանզը, Ժան-Պիեռի հայաստանցի գործընկերները, ընկերներն ու աշակերտները:
 

«Եթե ես սկսեմ պատմել մեր բարեկամության, մեր համատեղ ծրագրերի, դժվարությունների ու հաջողությունների պատմությունը, ապա օրեր հարկավոր կլինեն այդ ամենը ներկայացնելու: Ընդամենն ասեմ, որ այն, ինչ տեսնում եք դուք այսօր «Արաբկիր» բժշկական համալիրում, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում, «Ապարանի» առողջարանային ճամբարում, այն ինչը ծառայում է այսօր հայ ժողովրդին, հայ մանուկներին` այդ ամեն ինչում, ինչպես ասում են, Ժան-Պիեռի մատը խառն է: Մենք չէինք լինի այսօր այն, ինչ կանք, եթե մեր կյանքում չլիներ Ժան-Պիեռը և եթե նա մեզ չսովորեցներ երազել: Ժան-Պիեռը մեր մեծ բարեկամն էր, մեր սիրելի ընկերը, մեր անգնահատելի խորհրդատուն, և անձամբ ինձ համար` եղբայր դարձած մարդ»,- իր խոսքում նշել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը:
 

«Հայաստանում դիվանագիտական իմ առաքելության ոչ երկար շրջանում ես հասկացա, որ Ժան-Պիեռը Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խորհրդանիշներից մեկն է, իսկ պրոֆեսոր Բաբլոյանի հետ նրա եղբայրության վերածված ընկերությունը` բազմաթիվ ծրագրերի ու գաղափարների աղբյուր` ուղղված առողջապահության զարգացմանն ու երեխաների կյանքի որակի լավացմանը Հայաստանում: Սա անգնահատելի է»,-ասել է դեսպան Ռոզենկրանզը:
 

Ներկաներին ողջունել են նաև ամենափոքրիկ արաբկիրցիները` Ժան-Պիեռի գաղափարով ստեղծված մանկապարտեզից` ներկայացնելով իրենց ջերմ կատարումները` հայերեն ու ֆրանսերեն:
 

Արա Բաբլոյանն ու Մարտեն Բեռնարը մշտադալար ծառեր են տնկել Ժան-Պիեռի կիսանդրու կողքին` հույսով, որ դրանք կապրեն երկար` ինչպես Հայաստան-Շվեյցարիա, «Արաբկիր» -Ժյուռա կանտոն, Արա Բաբլոյան-Ժան-Պիեռ բարեկամությունը:
 

Մարտեն Բեռնարը շնորհակալություն է հայտնել իրենց համար անչափ հուզիչ ու կարևոր միջոցառման համար, նշելով, որ ամենաոգևորողը փոքրիկներն են, որոնք մշտապես Ժան-Պիեռի մտքի մեջ էին ու նրա երազանքներում: «Եվ հիմա մենք ուրախ ենք, որ Ժան-Պիեռն այստեղ է՝ «ԱրԲեՍում»՝ այսքան կենդանի, այսքան բնական, պարզ ու իր նման համեստ այս ստեղծագործությամբ», ասել է Մարտեն Բեռնարը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով քանդակի հեղինակ Էմին Պետրոսյանին:

Վերջին նորություններ
Երբ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտելը կարող է դառնալ քրեորեն պատժելի արարք...
23 հուլիս
ՀՀ ԱԺ է ներկայացվել օրենքի նոր նախագիծ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով նոր օրինագծի մասին, նշել է, որ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտող մարդը պետք է պատժվի:Առաջարկվող փոփոխության նպատակն է բացառել բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունները: Առավել մանրամասն` ռեպորտաժում:
Չոր աչքի համախտանիշի կարևոր նշանների մասին
21 հուլիս
Այրոցի, մրմուռի զգացողություն աչքերում, լուսավախություն, արցունքահոսություն, տեսողության ժամանակավոր աղավաղում և կոպերում ծանրության զգացողություն. այս նշանները կարող են հուշել չոր աչքի համախտանիշի մասին: Ինչ է դա և ինչ է պետք անել նման դեպքում. Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի ակնաբույժ Լիլիթ Մնացականյանը` «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի շրջանակում:
Ի՞նչ է մանկական ականջաբորբը և ինչպե՞ս խուսափել հնարավոր բարդություններից
20 հուլիս
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆոյի» տաղավարում խոսել է մանկական ականջաբորբի և օտիտի մասին: Լսեք, սիրելի ծնողներ, եղեք տեղեկացված և ժամանակին դիմեք մանկաբույժին, որն էլ կուղղորդի նեղ մասնագետի մոտ, եթե լինի դրա կարիքը:
Երեխաների և դեռահասների սրտի ռիթմի խանգարումների մասին
17 հուլիս
Սրտի ռիթմի խանգարում հնարավոր է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների մոտ: Ինչու է դա պատահում, ինչպես է արտահայտվում, ինչ հետևանքներ կարող են լինել սրտի ռիթմի արագացումից կամ հակառակը` դանդաղումից: Ինչպես կարող են ծնողները ճանաչել սրտի ռիթմի խանգարումն ու ինչ պետք է անել նման դեպքում: «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սրտաբան Էմմա Սարգսյանը:
Տենդը երեխաների մոտ
15 հուլիս
Ինչո ՞ւ են երեխաները ջերմում և ի ՞նչ պետք է անել նման դեպքերում: Լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Մարինե Առուստամյանի խորհուրդները: Բժշկուհին պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: 
Մանկաբույժ Լիա Անդրեասյանը խոսում է տոնզիլիտի մասին
09 հուլիս
Տոնզիլիտը երեխաների մոտ. թեմա, որ հետաքրքրում է ծնողներից շատերին, որովհետև չկա մի փոքրիկ, որին գոնե մեկ անգամ չի պատահել տոնզիլիտը, այն, ինչին հաճախ անվանում ենք կոկորդի ցավ: Թեմային անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը` պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: