Գլխավոր
Նորություններ
Երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները

Երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները

«Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական և այլն».
 

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրեն Արման Բաբլոյանը պատասխանել է news.am-ի հարցերին. առիթը` Երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, թեման` երեխաների առողջության իրավունքն ու մանկաբուժության խնդիրները:

  •  

    Պարոն Բաբլոյան, երեխաների առողջության իրավունքի հիմքում բժշկագիտության ամենակարևոր ճյուղերից մեկն է` մանկաբուժությունը: Որպես Հայաստանի ամենահեղինակավոր և բարձր` երրորդ մակարդակի մանկաբուժական հաստատություններից մեկի ղեկավար, ի՞նչ կարծիքի եք, ինպիսի՞ն է այսօր մանկաբուժությունը Հայաստանում, ի՞նչ հեռանկարներ կան մեզ մոտ այս ասպարեզում:

    Շնորհակալություն, թեման իսկապես չափազանց կարևոր է: Մեզանում շատ ընդունված արտահայտություն կա` երեխաները մեր ապագան են, սակայն մեր մոտեցումն այլ է` երեխաները մեր ներկան են, մեր այսօրը և հենց այսօր ունեն իրենց իրավունքները, այդ թվում` առողջության իրավունքը: Եվ այդ առումով մենք` պետությունը, հասարակությունը, բժիշկները, բոլորս, պետք է անենք ամենը, ինչ անհրաժեշտ է երեխաների առողջության իրավունքի պաշտպանության համար: Միևնույն ժամանակ, որպես ռազմավարություն, պետությունը պետք է հաշվի առնի, որ չի կարող ունենալ առողջ հասարակություն, եթե չապահովի այդ հասարակության հիմնաքարի` երեխաների, մանուկների առողջությունը: Այսինքն հասարակության առողջությունը ուղիղ համեմատական է երեխաների առողջությանը, այսօրվա երեխաների առողջությունը վաղվա չափահաս առողջ հասարակության գրավականն է, և երեխայի այսօրվա իրավունքը պաշտպանելով` մենք հետագա առողջ հասարակություն և անվտանգ երկիր ենք ակնկալում ունենալ: Ուրեմն մանկաբուժությունն առողջապահության մեջ առաջնային, ուրույն տեղ պիտի ունենա միշտ, այնպես, ինչպես ԱՀԿ-ի մոտեցումներով է և զարգացած երկրների բարձրակարգ առողջապահական համակարգերում` մայրությունն ու մանկությունն առաջնահերթություն են և դա չի քննարկվում:  Բայց ցավալի է, որ վերջին 20 տարիներին մանկաբուժություն մասնագիտության նկատմամբ հետաքրքրության անկում է նկատվում, և միայն նվիրյալներն են գնում այս ուղղությամբ:


    Հնարավո՞ր է , որ դա կապված էր մանկաբուժության ֆակուլտետի փակման հետ:

    Իհարկե, մանկաբուժության ֆակուլտետի փակումն ուներ իր  նշանակությունն այս հարցում, բայց խնդիրը միայն դրա հետ կապել ճիշտ չէ, որովհետև բնագավառը պետք է հետաքրքրություն առաջացնի նորավարտների մոտ ընդհանրապես, որպեսզի նրանք որոշեն գնալ մանկաբուժությամբ: Իսկ հետաքրքրություն առաջացնող գուցե ոչ ամենաառաջին, բայց առաջնային գործոններից մեկն աշխատանքի դիմաց վարձատրությունն է: Եվ եթե մենք համեմատում ենք երեխաների և մեծահասակների բժշկական ծառայությունների գները, տեսնում ենք, որ մոտեցումների մեծ տարբերություն կա: Մեծահասակների դեպքում դրանք դիֆերենցված են և ավելի մոտ են ծառայության իրական արժեքին, իսկ մանկականի դեպքում դրանք միջինացված են, ինչը չի մոտիվացնում նորավարտներին ընտրել մանկաբուժությունը: Նրանք նախընտրում են մեծահասակների բժշկական մասնագիտությունները, որպեսզի հետագայում կարողանան նպաստել իրենց ընտանիքների ավելի բարեկեցիկ կյանքին:

    Եթե մի փոքր ավելի ընդհանուր դիտարկենք, ի՞նչը կառանձնացնեիք, ի՞նչն է կարևոր Հայաստանում մանկաբուժության առջև ծառացած խնդիրների լուծման համար:

    Կարծում եմ մենք երեք հիմնական ուղղությամբ պետք է մտածենք. առաջինն առաջնային օղակի զարգացումն է, ինչը մեծապես կթեթևացնի հիվանդանոցային օղակի բեռը և հիվանդանոցների ռեսուրսները չեն ծախսվի այն հիվանդությունների կանխարգելման, խորհրդատվությունների, հետազոտությունների, բուժման վրա, որոնք կարելի է լիարժեքորեն իրականացնել առաջնային օղակում: Եվ սրան զուգահեռ երկրորդ ուղղությունն է`  հիվանդանոցային ծառայությունների զարգացումը: Սրանք խիստ փոխկապակցված են: Իսկ երրորդ ուղղությունն, անշուշտ, կրթությունն է, ինչպես բուհական, այնպես էլ՝ հետբուհական և շարունակական մասնագիտական զարգացումը, որպեսզի կարողանանք ապահովել անհրաժեշտ կադրեր ոլորտի համար: Սա, կարծում եմ, առաջիկա տարիներին առաջնահերթություն պետք է լինի, քանի որ մասնագիտական ռեսուրսների պակաս է նկատվում` արդեն նշված հանգամանքներից ելնելով:
     

    Եվ վերջում` Ձեր մաղթանքը` հունիսի 1-ի կապակցությամբ:

    Մաղթում եմ, որ մեր բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն խաղաղ ու ապահով, անվտանգ երկրում: Սա ամենաառաջնայինն է: Եվ իհարկե, ունենան հնարավորություններ` բոլոր տեսակի իրավունքների ապահովման տեսակետից` ինչպես առողջապահական, այպես էլ կրթական, սոցիալական և այլն:

 

 

 

 

 

 

 

Վերջին նորություններ
Երբ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտելը կարող է դառնալ քրեորեն պատժելի արարք...
23 հուլիս
ՀՀ ԱԺ է ներկայացվել օրենքի նոր նախագիծ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով նոր օրինագծի մասին, նշել է, որ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտող մարդը պետք է պատժվի:Առաջարկվող փոփոխության նպատակն է բացառել բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունները: Առավել մանրամասն` ռեպորտաժում:
Չոր աչքի համախտանիշի կարևոր նշանների մասին
21 հուլիս
Այրոցի, մրմուռի զգացողություն աչքերում, լուսավախություն, արցունքահոսություն, տեսողության ժամանակավոր աղավաղում և կոպերում ծանրության զգացողություն. այս նշանները կարող են հուշել չոր աչքի համախտանիշի մասին: Ինչ է դա և ինչ է պետք անել նման դեպքում. Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի ակնաբույժ Լիլիթ Մնացականյանը` «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի շրջանակում:
Ի՞նչ է մանկական ականջաբորբը և ինչպե՞ս խուսափել հնարավոր բարդություններից
20 հուլիս
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆոյի» տաղավարում խոսել է մանկական ականջաբորբի և օտիտի մասին: Լսեք, սիրելի ծնողներ, եղեք տեղեկացված և ժամանակին դիմեք մանկաբույժին, որն էլ կուղղորդի նեղ մասնագետի մոտ, եթե լինի դրա կարիքը:
Երեխաների և դեռահասների սրտի ռիթմի խանգարումների մասին
17 հուլիս
Սրտի ռիթմի խանգարում հնարավոր է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների մոտ: Ինչու է դա պատահում, ինչպես է արտահայտվում, ինչ հետևանքներ կարող են լինել սրտի ռիթմի արագացումից կամ հակառակը` դանդաղումից: Ինչպես կարող են ծնողները ճանաչել սրտի ռիթմի խանգարումն ու ինչ պետք է անել նման դեպքում: «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սրտաբան Էմմա Սարգսյանը:
Տենդը երեխաների մոտ
15 հուլիս
Ինչո ՞ւ են երեխաները ջերմում և ի ՞նչ պետք է անել նման դեպքերում: Լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Մարինե Առուստամյանի խորհուրդները: Բժշկուհին պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: 
Մանկաբույժ Լիա Անդրեասյանը խոսում է տոնզիլիտի մասին
09 հուլիս
Տոնզիլիտը երեխաների մոտ. թեմա, որ հետաքրքրում է ծնողներից շատերին, որովհետև չկա մի փոքրիկ, որին գոնե մեկ անգամ չի պատահել տոնզիլիտը, այն, ինչին հաճախ անվանում ենք կոկորդի ցավ: Թեմային անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը` պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: