Գլխավոր
Նորություններ
Շնորհակալական նամակ Բելառուսի դեսպանին

Շնորհակալական նամակ Բելառուսի դեսպանին

«Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը շնորհակալական նամակ է հղել Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան պարոն Ալեքսանդր Կոնյուկին` ևս մեկ երեխայի կյանքի փրկության կարևոր գործում բելառուս մեր գործընկերների մեծ աջակցության համար:

 

Շնորհակալ ենք նաև մեր հավատարիմ բարեկամին` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին` երեխայի վիրահատության, Մինսկ գնալ-վերադառնալու հարցերում ցուցաբերած աջակցության համար։

  •  

Մեծարգո պարոն դեսպան,

ընդունեք մեր երախտիքի խոսքը` ևս մեկ երեխայի կյանքի փրկության կարևոր գործում բելառուս մեր գործընկերների մեծ աջակցության համար:

Խոսքը 14-ամյա տղայի` Խաչինյան Ռաֆայելի մասին է: Նա ծնվել է 2008թ-ին` լյարդի բնածին ֆիբրոզով, և տարիների ընթացքում անհրաժեշտություն է ծագել լյարդի փոխպատվաստման, որը հանդիսանում է այդ խնդրի լուծման միակ մեթոդը:

Փոխպատվաստումն իրականացվել է 2023թ-ի հունվարի 31-ին, Երևանում` «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի և Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնի բժիշկների համատեղ ջանքերով` պրոֆեսոր Օլեգ Օլեգի Ռումմոյի ղեկավարությամբ:

Վիրահատությունն անցել է հաջող, սակայն հետվիրահատական շրջանն ընթացել է ալիքաձև` երկու կրիզիսային դրվագով. երեխայի մոտ սկսվել էր փոխպատվաստված օրգանի սուր արտավանում: Առաջին դրվագում խնդիրը կարգավորվել է կոնսերվատիվ ընդունված միջոցներով, սակայն երկրորդ էպիզոդում դա հնարավոր չի եղել, ինչն էլ պատճառ է դարձել երկու կլինիկաների մասնագետների համատեղ որոշման` երեխային տեղափոխել Մինսկ` հետագա հետազոտման և բուժման նպատակով:
Երեխան Մինսկ է տեղափոխվել մարտի 11-ին և վերադարձել մարտի 24-ին` առողջության կայունացած վիճակում:

Այս դեպքը ոչ միայն մասնագիտական հզոր կարողությունների, այլև մեծ մարդասիրության, բարեսրտության, առողջ ու ազնիվ համագործակցության արդյունքների մասին է: Շնորհակալ ենք մեր փոքրիկ հայրենակցին, նրա ընտանիքին և, իհարկե, մեզ` որպես լյարդի փոխպատվաստման սկսնակ կլինիկայի մասնագետներ, մենակ չթողնելու համար:

Ցանկանում ենք նշել նաև, որ ավիատոմսերի հարցում էլ մեծ աջակցություն է ցուցաբերել բելառուսական «Բելավիա» ընկերությունը, ինչի համար նույնպես խորապես շնորհակալ ենք:

Հարգանքով`
Արա Բաբլոյան
Պրոֆեսոր, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար
 

Վերջին նորություններ
Երբ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտելը կարող է դառնալ քրեորեն պատժելի արարք...
23 հուլիս
ՀՀ ԱԺ է ներկայացվել օրենքի նոր նախագիծ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով նոր օրինագծի մասին, նշել է, որ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտող մարդը պետք է պատժվի:Առաջարկվող փոփոխության նպատակն է բացառել բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունները: Առավել մանրամասն` ռեպորտաժում:
Չոր աչքի համախտանիշի կարևոր նշանների մասին
21 հուլիս
Այրոցի, մրմուռի զգացողություն աչքերում, լուսավախություն, արցունքահոսություն, տեսողության ժամանակավոր աղավաղում և կոպերում ծանրության զգացողություն. այս նշանները կարող են հուշել չոր աչքի համախտանիշի մասին: Ինչ է դա և ինչ է պետք անել նման դեպքում. Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի ակնաբույժ Լիլիթ Մնացականյանը` «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի շրջանակում:
Ի՞նչ է մանկական ականջաբորբը և ինչպե՞ս խուսափել հնարավոր բարդություններից
20 հուլիս
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆոյի» տաղավարում խոսել է մանկական ականջաբորբի և օտիտի մասին: Լսեք, սիրելի ծնողներ, եղեք տեղեկացված և ժամանակին դիմեք մանկաբույժին, որն էլ կուղղորդի նեղ մասնագետի մոտ, եթե լինի դրա կարիքը:
Երեխաների և դեռահասների սրտի ռիթմի խանգարումների մասին
17 հուլիս
Սրտի ռիթմի խանգարում հնարավոր է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների մոտ: Ինչու է դա պատահում, ինչպես է արտահայտվում, ինչ հետևանքներ կարող են լինել սրտի ռիթմի արագացումից կամ հակառակը` դանդաղումից: Ինչպես կարող են ծնողները ճանաչել սրտի ռիթմի խանգարումն ու ինչ պետք է անել նման դեպքում: «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սրտաբան Էմմա Սարգսյանը:
Տենդը երեխաների մոտ
15 հուլիս
Ինչո ՞ւ են երեխաները ջերմում և ի ՞նչ պետք է անել նման դեպքերում: Լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Մարինե Առուստամյանի խորհուրդները: Բժշկուհին պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: 
Մանկաբույժ Լիա Անդրեասյանը խոսում է տոնզիլիտի մասին
09 հուլիս
Տոնզիլիտը երեխաների մոտ. թեմա, որ հետաքրքրում է ծնողներից շատերին, որովհետև չկա մի փոքրիկ, որին գոնե մեկ անգամ չի պատահել տոնզիլիտը, այն, ինչին հաճախ անվանում ենք կոկորդի ցավ: Թեմային անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը` պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: