Կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էին մեր գործընկերները` Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և արյունաբանության գիտա-պրակտիկ կենտրոնից` պրոֆեսոր Օլեգ Ռումմոյի ղեկավարությամբ: Արդեն 4-րդ տարին շարունակվող համագործակցության հիմնական թեման երեխաների լյարդի փոխպատվաստումն է: Ձևավորված ավանդույթով նոր վիրահատությունների մանրամասները քննարկելուց բացի թիմն անպայման հանդիպում է նաև արդեն վիրահատված պացիենտների և նրանց ծնողների հետ, գնահատում երեխաների վիճակը:
Բելառուս բժիշկների այցի ընթացքում այս անգամ վիրահատվել է նաև 14-ամյա Ռաֆայել Խաչինյանը: Վիրահատությունն ընթացել է բարեհաջող, Ռաֆայելն այժմ հետվիրահատական ապաքինման փուլում է: Ընտանիքը Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից է: 14-ամյա տղայի մոտ ախտորոշվել էր լյարդի ֆիբրոզ, ցիռոզ և ցուցվել էր փոխպատվաստում: Վիրահատության համար անհրաժեշտ է եղել 19 մլն դրամ, որից 5 մլնը հատկացրել է կառավարությունը, իսկ 14-ը հավաքվել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» կազմակերպած դրամահավաքի շնորհիվ:
Շնորհակալ ենք, մեր պացիենտներին, նրանց թվում և Ռաֆայելին, ճանաչող ու չճանաչող բարեսիրտ մարդիկ: Ձեր նվիրատվությունների միջոցով մեր փոքրիկներին, նրանց ընտանիքներին ու բժիշկներին հաջողվում է անցնել բավական բարդ ճանապարհ: Ձեր աջակցությունն, իսկապես, անգնահատելի է: