Գլխավոր
Նորություններ
Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում

Պարկինսոնի հիվանդության վիրահատական բուժում

Ապրիլի 11-ը բժշկական օրացույցում առանձնացված է որպես Պարկինսոնի հիվանդության մասին իրազեկման օր. առիթ՝ բարձրաձայնելու պարկինսոնիզմի, դրա ախտորոշման եւ բուժման ժամանակակից մեթոդների մասին:
 

news.am-ի տեսանյութն անդրադառնում է պարկինսոնիզմի նյարդավիրաբուժական բուժմանն «Արաբկիր» բժշկական համալիրում. որքան արդյունավետ կարող է լինել գլխուղեղի՝ նեյրոմոնիտորինգով կատարվող խորանիստ ստիմուլյացիան եւ որքան կարեւոր է այն՝ մարդու կյանքի որակը բարելավելու գործում:


  • 60-ամյա տղամարդը ավելի քան 10 տարի Պարկինսոնի հիվանդություն ունի։ Նա երկար տարիներ դեղորայքային բուժում է ստանում, բայց դեղերն այլեւս նրան չեն օգնում, ավելին՝ որոշակի բարդություններ են առաջացնում։ Տղամարդու մոտ խնդիրներ են առաջացել աշխատանքի, ընդհանուր սոցիալական ակտիվության, կյանքի որակի հետ կապված, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասում է նյարդաբան Զարուհի Թավադյանը։ «Արաբկիր» բժշկական համալիրի բժիշկները տղամարդուն առաջարկել են վիրահատական բուժում՝ ուղեղի խորանիստ ստիմուլյացիա, որը թույլ կտա նրան վերադառնալ ակտիվ կյանքին։

     «Պարկինսոնի հիվանդությունը պրոգրեսիվող խրոնիկական նյարդաբանական հիվանդություն է, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, հիմնականում դասական նշանները շարժողական են. դանդաղկոտություն, դող, արտահայտված քայլվածքի, հավասարակշռության խնդիրներ, մկանային ձգվածություն, կան նաեւ բազմաթիվ ոչ շարժողական նշաններ. դեպրեսիա, քնի խնդիրներ, ցավ եւ այլն, որոնք ուղեկցում են այդ հիվանդությունը։ Այդ ամեն ինչը գումարային մեծ ազդեցություն ունի կյանքի որակի վրա։

    Հիվանդության ընթացքում եւ դեղորայքային բուժման ընթացքում նաեւ պացիենտները ձեռք են բերում բարդություններ արդեն բուժման հետ կապված, ունեն դեղորայքի վրա ոչ կանոնավոր պատասխան, ունեն անկանոն շարժումներ, որոնք եւս դառնում են սահմանափակման արդյունք, եւ ի վերջո պահ է գալիս, որ արդեն պացիենտները դժվարանում են շարունակել իրենց բուժումը սովորական դեղամիջոցներով», –ասում է Զարուհի Թավադյանը, նշելով, որ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան որպես մեթոդ օգտագործվում է մոտ երկու տասնամյակ։ Այն թույլ է տալիս նաեւ շարունակական կարգավորումներ մտցնել պացիենտի շարժողական վիճակի մեջ ժամանակի ընթացքում, եւ պացիենտին պահել տարիներ շարունակ ակտիվ վիճակում։Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան վիրահատություն է, որի ժամանակ գլխուղեղի համապատասխան կենտրոններում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք միացվում են խթանիչ սարքին՝ կրծքավանդակում՝ մաշկի տակ տեղադրված նեյրոստիմուլյատորին։

    Այդ սարքը գեներացնում է էլեկտրական իմպուլսներ, որոնք ընկճում են գլխուղեղի անոմալ ակտիվությունը։ Դա բարդ եւ նուրբ վիրահատություն է, որի ժամանակ վիրաբույժները պետք է գտնեն էլեկտրոդների ճիշտ դիրքը՝ չվնասելով գլխուղեղի շարժողական կենտրոններն ու անոթները։ Նախկինում այն կատարվում էր տեղային անզգայացմամբ, քանի որ պացիենտը վիրահատության ժամանակ պետք է որոշակի առաջադրանքներ կատարեր, մեթոդի արդյունավետությունն ու անվտանգությունը գնահատելու համար։ Օրինակ, հայտնի է, որ ջութակահար Ռոջեր Ֆիշը ջութակ է նվագել այդ վիրահատության ընթացքում: Այսօր «Արաբկիր» բժշկական համալիրում գլխուղեղի խորանիստ սիտիմուլյացիան կատարում են ժամանակակից տեխնոլոգիայի՝ նեյրոմոնիթորինգի կիրառմամբ, եւ պացիենտին արթուն պահելու անհրաժեշտություն այլեւս չկա, ասում է նյարդավիրաբույժ Սեւակ Բադալյանը։

    «Մեր կենտրոնում գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում եւ նեյրոմոնիթորինգի հսկողությամբ, որն ունի մի շարք առավելություններ։ Նախեւառաջ հիվանդը, գտնվելով անզգայացման պայմաններում, ավելի հարմարավետ վիճակում է, եւ նեյրոմոնիթորինգը մեզ հնարավորություն է տալիս ճշգրտել էլեկտրոդի տեղակայման վայրը եւ խուսափել ստիմուլյացիայից առաջացող հնարավոր կողմնակի ազդեցություններից։ Նեյրոմոնիթորինգը դա մեթոդ է, որը բավականին հաճախ է ներկայումս կիրառվում։ Դա էլեկտրական շղթա է փակում, այսինքն, կատարվում է խթանում համապատասխան կենտրոնի եւ գրանցվում է ստիմուլը, այսինքն, հոսանքի պատասխանը ծայրամասային մկաններից։ Այսինքն, կլինի դիմային մկան, վերին, ստորին վերջույթների, հնարավոր է նաեւ դիմային նյարդից, ենթալեզվային, այսինքն՝ կախված վիրահատվող շրջանի առանձնահատկությունից։ Նպատակը՝ վնասումից խուսափելն է համապատասխան կենտրոնների եւ ուղիների», – ասում է նա։

    Վիրահատությունից առաջ բժիշկները մանրազնին ուսումնասիրում են պացիենտի գլխուղեղի ՄՌՏ–պատկերը, գտնում են թիրախ կորիզները եւ կատարում էլեկտրոդի վիրտուալ տեղադրում։ Այնուհետեւ անմիջապես վիրահատությունից առաջ կատարվում է կոնտրաստային ԿՏ–հետազոտություն, որի տվյալները համադրվում են ՄՌՏ–ի հետ։ Էլեկտրոդների տեղակայման վայրը ճշգրիտ որոշելու համար կիրառվում է հատուկ կոորդինատային համակարգ՝ ստերեոտակտիկ շրջանակ, պատմում է Նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը։

    «Միջամտությունը բաղկացած է մի քանի փուլից. Վիրահատության առաջին փուլում հիվանդի գլխին ամրացվում է հատուկ մետաղական սարք, որի օգնությամբ մենք ստեղծում ենք վիրտուալ կոորդինատային առանցք և համադրելով համակարգչային շերտագրության եւ ՄՌՏ հետազոտության արդյունքները համապատասխան ծրագրի միջոցով, մենք կարողանում ենք ստանալ մեզ անհրաժեշտ կոորդինատները, և համապատասխան կոորդինատներով մենք 0.6մմ ճշգրտությամբ տեղադրել էլեկտրոդները ճիշտ տեղում», – ասում է նա։   

    Նիկո Արզումանյանը նշում է՝ գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան պարկինսոնիզմի բուժման համար «Արաբկիր» բժշկական կենտրոնում կիրառվում է արդեն մեկ տարի, եւ բոլոր վիրահատվածները գոհ են արդյունքներից։ Այս ամենը հնարավոր է դարձել կենտրոնի ձեռք բերած նորագույն սարքավորումների եւ թվային տեխնոլոգիաների շնորհիվ։  Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան կիրառվում է ոչ միայն պարկինսոնիզմի բուժման համար, այլեւ մի շարք այլ նյարդաբանական, եւ անգամ հոգեբուժական խանգարումների դեպքում, ասում է Զարուհի Թավադյանը։

    «Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիան օգտագործվում է առաջին հերթին Պարկինսոնի հիվանդության ժամանակ, նաեւ ժառանգական կամ էսենցիալ դողի ժամանակ եւ մանկական պրակտիկայում դիստոնիայի որոշակի տեսակների ժամանակ։ Ներկա պահին ցուցումները խորանիստ ստիմուլյացիայի շատանում են, լայնանում է դաշտը, եւ ապագայում այդ մեթոդը օգտագործվելու է նաև այլ շարժողական խանգարումների համար, եւ ոչ միայն։ նաեւ հոգեբուժության մեջ, օրինակ, բայց ներկա պահին շարժողական խանգարումներից այս երեքն են. դասական պարկինսոնիզմ, էսենցիալ դող եւ դիստոնիա», – ասում է նա։

    Վիրահատությունից մոտ 3-4 շաբաթ անց, երբ պացիենտի վիրահատական վերքերը վերջնական կսպիանան, բժիշկները կգործարկեն նեյրոստիմուլյատորը եւ կկատարեն կարգավորումները։ Արդյունքում կշտկվի պացիենտի շարժումների դանդաղկոտությունը, դողը, քայլվածքը, խոսքը, կրճատվի դեղորայքի օգտագործումը, ինչը զգալիորեն կլավացնի նրա կյանքի որակը։

Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
07 հունիս
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:   Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաեւ միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով եւ սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել եւ համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy
Կարիեսի մասին իրազեկման օր
04 հունիս
Հունիսի 4-ը կարիեսի մասին իրազեկման օրն է   Կարիեսը քաղցր սննդից կամ բակտերիաներից ատամի էմալային մակերեսի վնասումն է, որի առաջին նշանները կարող են լինել աննկատ բծերի տեսքով: Դրանք հետագայում վեր են ածվում փոքր ու մեծ սեւ կետերի, հետո` խոռոչների, ինչն էլ «վտանգավոր ճանապարհ» է բացում ատամի նյարդ եւ արմատ` հասցնելով անգամ ատամի կորստի:   Ուշադիր եղեք երեխաների ատամների առողջության նկատմամբ, սիրելի ծնողներ, ճիշտ կազմակերպեք նրանց սննդակարգը, սովորեցրեք ճիշտ եւ ժամանակին լվանալ ատամները եւ դիմեք ատամնաբույժի` կարիեսի կանխարգելման համար: Ավելի հեշտ եւ արդյունավետ է կանխարգելել, քան բուժել կարիեսը եւ դրա հետեւանքները:   #cavity #arabkirmc #կարիես
17 տարվա համագործակցություն. պրոֆեսոր Զաուրենմանի այցը Արաբկիր
03 հունիս
  Ռեւմատոլոգիական ծառայության գործընկեր, պրոֆեսոր Տրաուդել Զաուրենմաննը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր:     Տրաուդել Զաուրենմաննը մանկական ռեւմատոլոգ է` Շվեյցարիայի Ցյուրիխի եւ Վինտերտուրի հիվանդանոցներում երկ արամյան փորձառությամբ: Արդեն 17 տարի նա համագործակցում է «Արաբկիրի» ռեւմատոլոգիական ծառայության, մասնավորապես, ծառայության ղեկավար Գայանե Խլոյանի հետ:     Ինչպես անցած այցերի դեպքում` պրոֆեսորի հետ քննարկվել են բարդ դեպքեր, այս անգամ շուրջ 40 դեպք: Պրոֆեսորը հանդես է եկել նաեւ դասախոսությամբ` նվիրված օջախային եւ համակարգային սկլերոդերմային:   #ԱրաբկիրԲՀ #arabkirmc #ռևմատոլոգիա #rheumatology
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
02 հունիս
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ:    
Երեխաների պաշտպանության միջազգային օր
01 հունիս
Սիրելի երեխաներ, մեր բոլորի ու յուրաքանչյուրի գանձեր,   շնորհավորում ենք ձեզ` ամենալուսավոր ու պայծառ տոնի` Հունիսի 1-ի առիթով: Այս օրը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 75 տարի առաջ` 1950 թվականին, երբ ձեզանից շատերի տատիկներն ու պապիկներն էին երեխաներ: Տարիներ անց դուք էլ ձեր երեխաների ու թոռների Հունիսի 1-ն եք նշելու` իմանալով, որ այն առաջին հերթին իրավունքների մասին է` խաղաղ, առողջ, անվտանգ ու ապահով ապրելու, կրթվելու, ներառվելու, ստեղծագործելու, ազատ, սիրով ու ջերմությամբ լի կյանք ունենալու իրավունքների: Եվ այսօր մենք, վաղը դուք` վաղվա մեծերը, ունենք պարտավորություն` ուժերի առավելագույն չափով պաշտպանելու այդ իրավունքները:   «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջապահական իրավունքի ջատագովն է, պաշտապնն ու ծառան: Բժիշկների, բուժքույրերի, մայրապետների ու մյուս մասնագետների մեր ամբողջ թիմն իր գործընկերների հետ` Հայաստանից ու աշխարհի առաջատար երկրներից, աշխատում է օրինբուն` հանուն ձեր առողջության, զարգացման, վերականգնման, ներառման ու լիարժեք կյանքի:   Վայելեք կյանքն իր բոլոր գույներով, սիրելի երեխաներ, եղեք առողջ ու երջանիկ` ընտանեկան ու ընկերական ձեր միջավայրում, դարձրեք ձեր երազանքները նպատակներ ու գնացեք դրանց հետեւից: Առողջություն, խաղաղ երկինք ու անհոգ մանկություն բոլորիդ:   #arabkirmc #ԱրաբկիրԲՀ #հունիսի1
Արտակարգ իրավիճակներ. վարժանք
30 մայիս
Հնչում է տագնապի ազդանշանն ու աշխատակիցներն ու պացիենտներն արագ ուղղություն են վերցնում դեպի ապաստարան. արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հերթական միջոցառումն էր «Արաբկիր» բժշկական համալիրում։   Օբյեկտային վարժանքի նպատակն իրազեկվածության բարձրացումն էր, հմտությունների բարելավումը։ Ներկա էին ավագ հրահանգիչներ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից եւ ավագ մասնագետ Արաբկիր վարչական շրջանի զորահավաքային բաժնից։ Անմիջական դիտարկման տակ անցկացված վարժանքին նրանց մասնագիտական գնահատականն ու գործնական խորհուրդներն, անխոս, կնպաստեն արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ գործողությունների ճիշտ կազմակերպմանը։