Գլխավոր
Նորություններ
Նեյրովիրաբուժություն. էպիլեպսիա

Նեյրովիրաբուժություն. էպիլեպսիա

News.am-ի անդրադարձը «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբուժական ծառայությում վերջերս կատարված բարդ վիրահատությանը՝ ուղղված երեխայի գլխուղեղի ուռուցքի հեռացմանն ու այդպիսով էպիլեպտիկ դրվագների կանխմանը:
 

Նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանն ու նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը ներկայացրել են մանրամասներ տվյալ դեպքի, վիրահատության և ընդհանրապես՝ այս խնդրի ու դրա լուծման ժամանակակից միջոցների մասին:

  •  

«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվել է 8–ամյա աղջնակի Էպիլեպսիայի վիրահատական բուժում՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի մոտ մի քանի տարի նկատվող էպիլեպտիկ նոպաների պատճառը գլխուղեղի բավականին մեծ ուռուցքն էր, որի հեռացման ընթացքում նեյրոմոնիտորինգի օգնությամբ շրջանցվել են շարժիչ նյարդաթելերը՝ երեխայի շարժողական ֆունկցիաները չվնասելու համար։

Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեց նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Նիկո Արզումանյանը, այս հիվանդի պարագայում խնդիրը ոչ թե բուն ուռուցքն էր, այլ ուռուցքի կողմից գլխուղեղի համապատասխան զոնաների սեղմումը և առաջացրած էպիլեպսիան։
 

Ի՞նչ է նեյրոմոնիտորինգը

«Նեյրոմոնիտորինգը շատ կարևոր էր տվյալ վիրահատության համար, քանի որ ուռուցքը անմիջապես հարում էր ուղեղի շարժիչ զոնաներին և գլխուղեղի կեղևի շարժիչ զոնաներին, ինչպես նաև համապատասխան ուղիներին։ Ուռուցքի ամեն միլիմետրը հեռացնելիս մենք հատուկ գործիքով ստիմուլացնում ենք ուղեղի հյուսվածքը։

Կախված նրանից, թե հոսանքի ինչ ուժով ենք ստիմուլացնում, որպեսզի ստանանք արձագանք, մենք գնահատում ենք, թե ինչ հեռավորության վրա ենք գտնվում համապատասխան շարժիչ նյարդաթելերից։ Այս ամենի գլխավոր նպատակն այն է, որպեսզի վիրահատության արդյունքում, հետվիրահատական շրջանում մենք չունենանք որևիցե դեֆիցիտ, և որևէ կերպ չվնասենք մարմնի որևէ շարժման ունակությունը», – ասաց նա։

Նիկո Արզումանյանի խոսքով՝ Էպիլեպսիայի վիրահատական բուժումը՝ միաժամանակյա նեյրոմոնիտորինգով, այն նոր ուղղություններից է, որը յուրացնում են «Արաբկիր» բժշկական համալիրում։ Մինչև այժմ նման վիրահատություններն այստեղ կատարվում էին օտարերկրյա գործընկերների մասնակցությամբ, սակայն այժմ «Արաբկիր» ԲՀ–ի բժիշկները վիրահատարանում ինքնուրույն են աշխատում։

Վիրահատությունը տևել է մոտ 10 ժամ, քանի որ ուռուցքը բավականին մեծ ու պինդ է եղել։ Բժիշկներից բազմակի ջանքեր ու ժամանակ է պահանջվել՝ առանց գլխուղեղի անոթներն ու նյարդերը վնասելու այն հեռացնելու համար։

Ինչպես ներկայացրեց Արաբկիր բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, երեխան մի քանի տարի գտնվել է «Արաբկիր» ԲՀ բժիշկների հսկողության ներքո, նրա հիվանդությունն ի հայտ է եկել ցնցումներով, կատարվել են տարբեր հետազոտություններ՝ ՄՌՏ, վիդեո ԷԷԳ մոնիտորինգ, հայտնաբերվել է աջ գագաթային շրջանի ուռուցք և էպիակտիվություն նույն հատվածից։

«Առաջին անգամ Հայաստանում կատարվեց տրակտոգրաֆիա, որը թույլ տվեց հասկանալ, որ ուռուցքն իր մեջ կարևոր նյարդաթելեր չի պարունակում: Այնուամենայնիվ, մեր նյարդավիրաբույժները նախընտրեցին ավելի ապահով լինելու համար վիրահատության ժամանակ կիրառել նեյրոմոնիտորինգ», – ասաց նա։

Վիդեո ԷԷԳ

Էպիլեպսիայի ախտորոշման ամենակարևոր հետազոտություններից մեկը մնում է էէԳ–ն՝ էլեկտրաէնցեֆալոգրամման։ Վիդեո ԷԷԳ–ն կամ տեսաէլեկտրաուղեղագրությունը «Արաբկիր» համալիրում կիրառվող նորագույն մեթոդներից է։ Այն տևական ժամանակահատվածում ուղեղի էլեկտրական ակտիվությունը գրանցող հետազոտություն է, որն էապես մեծացնում է էպիլեպսիայի օջախների ճշգրիտ ախտորոշման հավանականությունը։

«Էլեկտրոդներ են ամրացվում հատուկ պաստայով մեր փոքրիկների և մեծահասակների գլխին, և հիվանդները 24, 48 կամ 72 ժամ լինում են հիվանդանոցում։ Ապա բժշկի կողմից վերծանվում է այդ հետազոտությունը, փորձում է հասկանալ, որտեղից է գալիս այդ էլեկտրական ակտիվությունը։ Եթե մի շարք հետազոտություններ հաստատում են, համընկնում են, բոլորը ցույց են տալիս նույն էպիլեպտոգեն օջախը, ապա հիվանդի շանսերը հետագայում ազատվելու այդ հիվանդությունից վիրահատական միջամտությամբ բավականին բարձր է լինում», – բացատրեց նա։

Մի քանի ամիս անց վիրահատված երեխան նորից ԷԷԳ մոնիտորինգ կանցնի, վիրահատության արդյունավետությունը ստուգելու համար։ Նա ևս մի քանի տարի կընդունի իր դեղամիջոցները, որից հետո, բժիշկները վստահ են՝ վերջնակապես կազատվի էպիլեպսիայից և կապրի լիարժեք առողջ կյանքով։

Էպիլեպսիայի վիճակագրությունը

Ծառայության ղեկավարի տվյալներով՝ Էպիլեպսիայի դեպքերի 70%-ը ենթակա է դեղորայքային բուժման, 30%-ի դեպքում հիվանդությունը դժվար է կառավարվում, և նրանց 15%-ին վիրաբուժական բուժում է ցուցված։

Հայաստանում էպիլեպսիա ունեցող բոլոր երեխաները «Արաբկիր» բժշկական համալիրի դիսպանսեր հսկողության տակ են։ Ոչ միայն երեխաները. էպիլեպսիայով և այլ նյարդաբանական հիվանդություններով բազմաթիվ մեծահասակ պացիենտներ էլ են բուժում ստանում հիվանդանոցում՝ ասում է Բիայնա Սուխուդյանը:

«Մեր հսկողության տակ են 0-18 տարեկան բալիկները, նրանք 3600–ից ավելին են հիմա, բոլորն ունեն էպիլեպսիայի այս կամ այն տեսակները, գենետիկական կամ ձեռքբերովի։

Այսինքն այսօր մենք մեր հսկողության տակ ունենք բալիկներ, ինչպես նաև մեծեր, ընդհանուր առմամբ պետական ծրագիրը ներառում է մինչև 40 տարեկաններին, որոնք պոտենցիալ կարող են վիրահատության թեկնածուներ հանդիսանալ, և մեզ դիմում են նաև մեծահասակներ տարբեր դեղորայքակայուն էպիլեպսիաներով», – ասաց նա։

 

Վերջին նորություններ
Երբ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտելը կարող է դառնալ քրեորեն պատժելի արարք...
23 հուլիս
ՀՀ ԱԺ է ներկայացվել օրենքի նոր նախագիծ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով նոր օրինագծի մասին, նշել է, որ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտող մարդը պետք է պատժվի:Առաջարկվող փոփոխության նպատակն է բացառել բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունները: Առավել մանրամասն` ռեպորտաժում:
Չոր աչքի համախտանիշի կարևոր նշանների մասին
21 հուլիս
Այրոցի, մրմուռի զգացողություն աչքերում, լուսավախություն, արցունքահոսություն, տեսողության ժամանակավոր աղավաղում և կոպերում ծանրության զգացողություն. այս նշանները կարող են հուշել չոր աչքի համախտանիշի մասին: Ինչ է դա և ինչ է պետք անել նման դեպքում. Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի ակնաբույժ Լիլիթ Մնացականյանը` «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի շրջանակում:
Ի՞նչ է մանկական ականջաբորբը և ինչպե՞ս խուսափել հնարավոր բարդություններից
20 հուլիս
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆոյի» տաղավարում խոսել է մանկական ականջաբորբի և օտիտի մասին: Լսեք, սիրելի ծնողներ, եղեք տեղեկացված և ժամանակին դիմեք մանկաբույժին, որն էլ կուղղորդի նեղ մասնագետի մոտ, եթե լինի դրա կարիքը:
Երեխաների և դեռահասների սրտի ռիթմի խանգարումների մասին
17 հուլիս
Սրտի ռիթմի խանգարում հնարավոր է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների մոտ: Ինչու է դա պատահում, ինչպես է արտահայտվում, ինչ հետևանքներ կարող են լինել սրտի ռիթմի արագացումից կամ հակառակը` դանդաղումից: Ինչպես կարող են ծնողները ճանաչել սրտի ռիթմի խանգարումն ու ինչ պետք է անել նման դեպքում: «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սրտաբան Էմմա Սարգսյանը:
Տենդը երեխաների մոտ
15 հուլիս
Ինչո ՞ւ են երեխաները ջերմում և ի ՞նչ պետք է անել նման դեպքերում: Լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Մարինե Առուստամյանի խորհուրդները: Բժշկուհին պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: 
Մանկաբույժ Լիա Անդրեասյանը խոսում է տոնզիլիտի մասին
09 հուլիս
Տոնզիլիտը երեխաների մոտ. թեմա, որ հետաքրքրում է ծնողներից շատերին, որովհետև չկա մի փոքրիկ, որին գոնե մեկ անգամ չի պատահել տոնզիլիտը, այն, ինչին հաճախ անվանում ենք կոկորդի ցավ: Թեմային անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը` պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: