Գլխավոր
Նորություններ
Օստեոիդ օստեոմայի հաղթական դեպք մեր թիմի համար

Օստեոիդ օստեոմայի հաղթական դեպք մեր թիմի համար

Հազվադեպ հանդիպող հերթական դեպքն ու հերթական թիմային հաղթանակը «Արաբկիր» բժշկական համալիրում
 17 տարեկան պացիենտը երեք տարի շարունակ գանգատվել է կոնքազդրային ձախ հոդի ցավից, վերջին շրջանում սկսել կաղալ: Բազմիցս հետազոտվել է և, ինչպես սովորաբար է լինում, դիմել ռևմատոլոգի խորհրդատվության, ստացել կոնքազդրային արթրիտի բուժում: Բուժման արդյունավետությունը չտեսնելով` պացիենտն ուղղորդվել է «Արաբկիր» բժշկական համալիր` օրթոպեդի խորհրդատվության: Օրթոպեդները կասկածել են օստեոիդ օստեոմա, նշանակել  համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն, ինչն էլ հաստատել է տղայի ազդրոսկրի վզիկի վրա օստեոիդ օստեոմայի առկայությունը:  
 Օստեոիդ օստեոման հանդիպում է 100 000 մարդուց 1-2-ի մոտ, հիմնականում` 5-20 տարեկանում: Ոսկրային գոյացություն է, որի ծագումնաբանությունը շատ դեպքերում մնում է չբացահայտված: Կարող է տեղակայված լինել ոսկրային հյուսվածքի տարբեր մասերում, ավելի հաճախ` խողովակավոր ոսկրերի ծայրային հատվածներում: Առաջացնում է ցավ` հատկապես գիշերային ժամերին:
 Պացիենտի կյանքի որակի վրա էականորեն ազդող ցավը վերացնելու նպատակով որոշվել է կատարել վիրաբուժական միջամտություն` համակարգչային տոմոգրաֆիկ վերահսկողությամբ: Դա հնարավորություն է տալիս հստակ որոշել դեպի օստեոմա վիրաբուժական սարքերի մուտքի ամենակարճ, քիչ տրավմատիկ և արդյունավետ ճանապարհն ու նվազագույն ինվազիվ եղանակով հասնել պաթոլոգիկ օջախին` չվնասելով անատոմիական կարևոր այլ հատվածներ:  Նախապես ընտրված մուտքով օրթոպեդ-վիրաբույժը նախ պաթոլոգիկ օջախի մեջ անց է կացրել մետաղական ուղղորդիչ շյուղ, այնուհետև շյուղի մուտքի հատվածում կատարել  մաշկի մոտ 1սմ երկարությամբ կտրվածք, հետո հատուկ շաղափի միջոցով ամբողջությամբ հեռացրել պաթոլոգիկ օջախը։ Վիրահատության ամբողջ ընթացքին հետևել  է բժիշկ-ռադիոլոգը`  վերահսկելով համակարգչային տոմոգրաֆիայով ստացվող պատկերները:  
 Պացիենտը միջամտության արդյունավետությունը զգացել է անմիջապես վիրահատությունից հետո` ցավի ռադիկալ վերացումով և հավասարակշռված քայլվածքի վերականգնումով:

Վերջին նորություններ
Երբ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտելը կարող է դառնալ քրեորեն պատժելի արարք...
23 հուլիս
ՀՀ ԱԺ է ներկայացվել օրենքի նոր նախագիծ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով նոր օրինագծի մասին, նշել է, որ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտող մարդը պետք է պատժվի:Առաջարկվող փոփոխության նպատակն է բացառել բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունները: Առավել մանրամասն` ռեպորտաժում:
Չոր աչքի համախտանիշի կարևոր նշանների մասին
21 հուլիս
Այրոցի, մրմուռի զգացողություն աչքերում, լուսավախություն, արցունքահոսություն, տեսողության ժամանակավոր աղավաղում և կոպերում ծանրության զգացողություն. այս նշանները կարող են հուշել չոր աչքի համախտանիշի մասին: Ինչ է դա և ինչ է պետք անել նման դեպքում. Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի ակնաբույժ Լիլիթ Մնացականյանը` «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի շրջանակում:
Ի՞նչ է մանկական ականջաբորբը և ինչպե՞ս խուսափել հնարավոր բարդություններից
20 հուլիս
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆոյի» տաղավարում խոսել է մանկական ականջաբորբի և օտիտի մասին: Լսեք, սիրելի ծնողներ, եղեք տեղեկացված և ժամանակին դիմեք մանկաբույժին, որն էլ կուղղորդի նեղ մասնագետի մոտ, եթե լինի դրա կարիքը:
Երեխաների և դեռահասների սրտի ռիթմի խանգարումների մասին
17 հուլիս
Սրտի ռիթմի խանգարում հնարավոր է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների մոտ: Ինչու է դա պատահում, ինչպես է արտահայտվում, ինչ հետևանքներ կարող են լինել սրտի ռիթմի արագացումից կամ հակառակը` դանդաղումից: Ինչպես կարող են ծնողները ճանաչել սրտի ռիթմի խանգարումն ու ինչ պետք է անել նման դեպքում: «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սրտաբան Էմմա Սարգսյանը:
Տենդը երեխաների մոտ
15 հուլիս
Ինչո ՞ւ են երեխաները ջերմում և ի ՞նչ պետք է անել նման դեպքերում: Լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Մարինե Առուստամյանի խորհուրդները: Բժշկուհին պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: 
Մանկաբույժ Լիա Անդրեասյանը խոսում է տոնզիլիտի մասին
09 հուլիս
Տոնզիլիտը երեխաների մոտ. թեմա, որ հետաքրքրում է ծնողներից շատերին, որովհետև չկա մի փոքրիկ, որին գոնե մեկ անգամ չի պատահել տոնզիլիտը, այն, ինչին հաճախ անվանում ենք կոկորդի ցավ: Թեմային անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը` պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: