«Արաբկիր» բժշկական համալիրի Ապարանի առողջարանային ճամբարի այս տարվա սաներն են` վերջին հերթափոխի վերջին օրը, երբ վերջին անգամ միասին վայելում են, իրենց իսկ խոսքով, ամենահամեղ կերակուրը, հետո հնչում է երգ-պար ու վառվում խարույկը` որպես ճամբարային օրերի ամենաիսկական խորհրդանիշ:
Այս տարի ճամբարը 120 երեխայի է ընդունել` 4 հերթափոխով: Որոշ դեպքերում` կախված խնամքի և աջակցության կարիքից, երեխաներին ուղեկցել են նրանց մայրերը: Հոգատար ու ջերմ անձնակազմին` բժիշկներ, վերականգնողաբաններ, մանկավարժներ, հոգեբաններ, խոհարարներ, սանիտարներ և կազմակերպիչներ, միացել էին նաև մի խումբ կամավորներ, որոնցից շատերը նույնպես ժամանակին այս ճամբարի սաներն են եղել և լավ գիտեն, թե որքան բան են տալիս երեխաներին ամառային այդ 14 օրերը` Արայի լեռան ստորոտին, սոճիների թթվածնաշատ պուրակում: Հենց այդ տպավորություններն էին պատմում իրենց այցելած ծնողներին և հյուրերին այս տարվա ճամբարականները` խոսքը համեմելով ճամբարային օրերին արված հեաքրքրաշարժ տեսանյութերով, անհատական ու խմբային կատարումներով:
Նոր ուսումնական տարին նրանց համար նոր լիցքերով է սկսվել: Շնորհավորում ենք բոլորին և մաղթում լուսավոր ճանապարհ: