Սիրելի այցելուներ և գործընկերներ,
ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Պարկինսոնի հիվանդության նյարդավիրաբուժական բուժումն արդեն հնարավոր է նաև Հայաստանում` «Արաբկիր» բժշկական համալիրում:
Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայության մեր թիմը հաջողությամբ իրականացնում է գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիա (Deep Brain Stimulation /DBS)։ Բուժման այս մեթոդն ունի երկար փորձով և գիտական տվյալներով ապացուցված բարձր արդյունավետություն՝ հսկելով հիվանդների շարժողական ֆունկցիան, կանխանգելելով և բուժելով դեղորայքային բուժման շարժողական բարդություններն ու զգալիորեն բարձրացնելով պացիենտների կյանքի որակը, ինքնուրույնության և աշխատունակության աստիճանը:
Վիրահատության ժամանակ գլխուղեղի խանգարված ֆունկցիայով համապատասխան կորիզներում տեղադրվում են էլեկտրոդներ, որոնք աշխատում են կրծքավանդակի մաշկի տակ զետեղված նյարդախթանիչի օգնությամբ։ Նյարդախթանիչի ծրագրավորումն ու դրա հետագա կարգավորումը, որոնք իրականացնում է վերապատրաստված մասնագետը, թույլ են տալիս ունենալ կայուն և շարունակական հակապարկինսոնային կամ հակադիսկինետիկ արդյունք։
Նյարդավիրաբուժական այս միջամտությունը կիրառվում է նաև դեղորայքակայուն էսենցիալ դող ունեցող և գեներալիզացված դիստոնիայիով պացինետների բուժման համար։ Վիրահատվում են այն պացինետները, որոնք նախավիրահատական գնահատում են անցել և համապատասխանում են ընտրության չափանիշներին:
Գլխուղեղի խորանիստ ստիմուլյացիային և սարքի հետագա կարգավորմանը տիրապետելու համար նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը վերապատրաստվել է Բուլղարիայում` Սոֆիայի «Սուրբ Իվան Ռիսլկի» համալսարանական հիվանդանոցում, նյարդաբան Զարուհի Թավադյանը` Ավստրիայում` Ինսբրուկի համալսարանի շարժողական խանգարումների կենտրոնում և Հունգարիայում` Ժեգեդի համալսարանական կլինիկայում։
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայություն` 060 400 300 և ներքին` 22 21 հեռախոսահամարով:
* Նյութը պատրաստված է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ պացիենտներին և գործընկերներին տեղեկություն տրամադրելու համար: