Սուրդոլոգիական ծառայություն

 

Սուրդոլոգիան քիթ-կոկորդ-ականջաբանության այն ճյուղն է, որն  ախտորոշում և բուժում է լսողության խանգարումները, ինչպես նաև զբաղվում է լսողության խանգարումների փոխհատուցմամբ:

 

Լսողության թեթև իջեցումն անգամ կարող է լուրջ խոչընդոտ դառնալ երեխայի խոսքի և հոգեկան մյուս գործընթացների զարգացման համար: Զարգացման ընթացքում դրսևորվող բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է կատարել վաղ ախատորոշում, բժշկական հսկողություն և ռեաբիլիտացիա: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի սուրդոլոգիական ծառայությունում ժամանակակից սարքավորումների միջոցով իրականացվում է ծանրալսության ախտորոշման և հաղթահարման ողջ համալիրը:

 

Սուրդոլոգիական ծառայության մասնագետները կանոնավոր մասնակցում են Հայաստանում և եվրոպական  տարբեր երկրներում կազմակերպվող փորձի փոխանակման և վերապատրաստման միջազգային դասընթացներին` վերջին զարգացումներին տեղեկանալու և նորամուծությունները Հայաստանում ներդնելու նպատակով:

Աշխատակազմ
Մեդիա
Գնացուցակ
Կապ
Լսողական խնդիր ունեցող երեխաների ծնողներին
03 մարտ
Լսողական խանգարումներ ունեցող երեխաների զարգացման ճանապարհի կարեւորագույն օղակներից մեկը ծնողականն է` խնդիրը, դրա հետեւանքները, լուծման ճանապարհներն ու երեխային գրագետ աջակցելու միջոցները ճիշտ պատկերացնող ընտանիքը: Լսողության օրվա առիթով մեր հրապարակումներից վերջինն ուղղված է հիմնականում հենց նրանց` ծնողներին:   Կարճ տեսանյութերի այս շարքը պատրաստվել է Յունիսեֆի Հայաստանի գրասենյակի եւ Վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպության համատեղ ծրագրով:  
Լսողության նորածնային սկրինինգ
03 մարտ
Լսողության օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիր էին եկել նաեւ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լրագրող-ուսանողները: 
Մարտի 3. լսողության համաշխարհային օրը
03 մարտ
Մարտի 3-ը Լսողության պահպանման համաշխարհային օրն է: Օրվա առիթով Հանրային ռադիոն հյուրընկալել էր «Արաբկիր» բժշկական համալիրի գործընկեր «Հավատ» հասարակական կազմակերպության նախագահ, «Արաբկիրի» հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանին:  
Մեր բժիշկները` պարկինսոնիզմի և լսողության հիգիենայի մասին
31 հունվար
    «Շանթ» հեռուստաընկերության «Բուժ ինֆո» հաղորդաշարի այս թողարկմանը հրավիրվել էին նաև մեր մասնագետները: Նյարդավիրաբույժ Նիկո Արզումանյանը պատասխանել է պարկինսոնի հիվանդության մասին հարցերին, իսկ սուրդոլոգ Նելլի Մոսեսովան` լսղության հիգիենայի: Դիտեք և եղեք տեղեկացված  
Հանրային ռադիոյի անդրադարձը լսողական խանգարումներ ունեցող երեխաներին ուղղված ծրագիրն ամփոփող միջոցառման մասին
04 դեկտեմբեր 24
Դիտե՛ք Հանրային ռադիոյի անդրադարձը լսողական խանգարումներ ունեցող երեխաներին ուղղված ծրագիրն ամփոփող միջոցառման մասին։ 
Միավորելով ջանքերը՝ հանուն երեխաների առողջության եւ կյանքի որակի
04 դեկտեմբեր 24
Միավորելով ջանքերը՝ հանուն երեխաների առողջության եւ կյանքի որակի «Արաբկիր» բժշկական համալիրի դահլիճն այս անգամ ակտիվ էր Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման եռուզեռով: Վատ լսող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպությունն ու Յունիսեֆի հայաստանյան գրասենյակն ամփոփում էին համատեղ ծրագիրը՝ ուղղված լսողական խանգարումներ ունեցող երեխաների, ներառյալ փախստականների, կարիքների արձագանքմանն ու նրանց սոցիալական ներառման խթանմանը: Ծրագրի հիմնական թիրախը լսողական խնդիրներ ունեցող արցախցի երեխաներն էին: Նախ հավաքագրվել եւ հստակեցվել են նրանց տվյալները, հետո՝ ստուգվել լսողությունն ու գնահատվել լսողական կարիքները, անհրաժեշտության դեպքում տրամադրվել լսողական սարքեր եւ սարքերի ներդիրներ: Երեխաների խոսքի զարգացման պարապմունքների համար լրամշակվել է դիդակտիկ նյութերի «Ձայնիր» փաթեթը՝ տարիքային երեք խմբերի հավաքածուներով եւ պատրաստվել են տեսանյութեր՝ ծնողներին անհրաժեշտ տեղեկություններով: Ներկաներին ողջունել են «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանն ու Հայաստանում Յունիսեֆի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: Նրանք կարեւորել են խնդրի վաղ հայտնաբերումն ու վաղ միջամտությունը, վստահ լինելով, որ ցանկալի արդյունքի հասնելու ամենաարդյունավետ ճանապարհն այս երկու կետից է սկսվում եւ, իհարկե, ծնողների ու մասնագետների միասնությունից: Միջոցառմանը ելույթ են ունեցել «Արաբկիր» բժշկական համալիրի խոսքի զարգացման կենտրոն հաճախող փոքրիկ արտիստներն ու նրանց ավագ բարեկամները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից: Շնորհակալություն բոլորին
Արաբկիրից դպրոց` խոսքով եւ գործով
01 օգոստոս 24
«Արաբկիր» բժշկական համալիրի Լսողական խանգարումներ ունեցող երեխաների խոսքի զարգացման կենտրոնը կրկին մարդաշատ էր: Առիթը` ուսումնական տարվա ավարտը: Այո, բժշկական մեր հաստատությունում ամենամյա այս հանդիսությունը հենց այդպես է կոչվում, քանի որ այստեղ երեխաները հաճախում են մի քանի տարի շարունակ, շաբաթական 4 անգամ` մասնակցելով անհատական-սուրդոմանկավարժական եւ խմբակային` երաժշտապարային պարապմունք-թերապիաների, մասնագետների ու ծնողների նվիրական աշխատանքի շնորհիվ խոսել սովորում, կարդալ-գրել ու որպես «պատրաստի» աշակերտներ գնում դպրոց` շարունակելու 1.5-2 տարեկանից սկսված կրթական իրենց ճանապարհը:    Շնորհավորում ենք մեր այս տարվա 10 շրջանավարտներին, մաղթում բարի եւ հաջող ընթացք:
Լսողության նորածնային սկրինինգ եւ վերականգնողական կենտրոն Մեղրիում
01 օգոստոս 24
Մեր երկրի առողջապահական ռազմավարական ծրագրերը մշտապես «Արաբկիր» բժշկական համալիրի ուշադրության կենտրոնում են: «Արաբկիրի» եւ գործընկերների ջանքերով Մեղրիի ծննդատանը լսողության նորածնային սկրինինգի ներդրումն ու Մեղրիի մանկական վերականգնողական կենտրոնի բացումն այդ մասին են խոսում:   Առողջապահության նախարարության նյութի հղումը:
Հարցրու բժշկին. լսողություն
03 մարտ 24
Լսողության համաշխարհային օրվա առիթով news.am-ի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի սուրդոլոգ Նելլի Մոսեսովան. ինչպե՞ս կարող են ծնողները հասկանալ, որ նորածին երեխան լսողության խնդիր ունի, ի՞նչ է լսողության նորածնային սկրինինգը, երբվանի՞ց է այն իրականացվում Հայաստանում և ի՞նչ արդյունքներ կան, որո՞նք են ի ծնե եւ ձեռբերովի ծանրալսության և խլության պատճառները, ծանրալսության և խլության բուժման ի՞նչ եղանակներ կան, սկրինինգի և խխունջային ներպատվաստման շնորհիվ կհասնե՞նք նրան, որ այլևս ժեստերի լեզվի կարիք չի լինի:   Ինչպե՞ս կարող են ծնողները հասկանալ, որ նորածինը լսողության խնդիր ունի: Երեխայի զարգացման առաջին տարիներին իհարկե շատ բարդ է գուշակել կա՞ ինչ-որ խնդիր լսողության հետ, թե` ոչ: Չնայած կան հստակ կետեր, որոնք երեխան պետք է կատարի իր զարգացման տարբեր փուլերում: Օրինակ` 1 ամսեկան երեխայից մենք առանձնապես ձայնին ռեակցիաներ չենք սպասում: Միայն մոտիկից հնչած` կտրուկ ու բարձր, ձայնին կարող ենք տեսնել կամ հայացքի կենտրոնացում կամ թեթև թափահարում: 3 ամսեկանին մոտ երեխաներն արդեն շատ ավելի լավ արձագանքում են մարդու ձայներին: Մոր ձայնն են սկսում ճանաչել: Նույնիսկ չտեսնելով մայրիկին նրանք ժպտում են, ուրախանում են: 6 ամսեկանին մոտ արդեն հայտնվում է բլբլոցը, կարողանում է հստակ հասկանալ` ձայնի աղբյուրը որ կողմից է, հետևում է ձայնի աղբյուրին: 1 տարեկանին մոտ մենք արդեն ակնկալում ենք երեխայից առաջին բառերը: Իհարկե, սրանք կարևոր են, բայց շատ ավելի ճշգրիտ կլինի կատարել գործիքային հետազոտություն: Հենց դրա պատճառով Հայաստանի ծննդատներում երեխայի ծնվելիս առաջին օրերին կատարվում է երեխայի լսողական սկրինինգ:   Ի՞նչ է լսողության նորածնային սկրինինգը:  Լսողության նորածնային սկրինինգը դա նորածինների լսողության զանգվածային հետազոտություն է: Այն կատարվում է փուլային: Առաջին փուլը կատարվում է ծննդատանը` երեխայի ծնվելու առաջին օրերին, մինչև դուրսգրումը: Եթե առաջանում է լսողության իջեցման կասկած, ապա հետազոտությունը պետք է կրկնվի: Կրկնվում է երեխայի մինչ 2 ամսեկանը: Նորից կասկած առաջանալու դեպքում արդեն կատարվում է լիարժեք աուդիոլոգիական հետազոտություն, երբ որ շատ ավելի դժվար մեթոդներ են օգտագործվում և ստուգում է լսողությունը, մենք կարողանում ենք արդեն հստակ պատկերացնել` կա՞ լսողության իջեցում, թե` ոչ, և եթե կա` ինչքա՞ն է լսողության իջեցումը:   Երբվանի՞ց է այն իրականացվում Հայաստանում և ի՞նչ արդյունքներ կան: Լսողության նորածնային սքրինինգը Հայաստանում իրականացվում է 2008 թվականի հուլիսից: Այն ժամանակ իրականացվում էր միայն 4 ծննդատներում, բայց 2018 թվականից ի վեր գրեթե բոլոր ծննդատները Հայաստանում ունեն հնարավորություն կատարել լսողական սկրինինգ: Ստացված արդյունքերը համապատասխանում են միջազգային տվյալներին: Մոտավորապես հազարին  մեկ երեխա է ծնվում լսողության իջեցումով:   Որո՞նք են ի ծնե ծանրալսության և խլության պատճառները: Ի ծնե ծանրալսության զարգացման պատճառները շատ տարբեր են: Սովորաբար լինում է մի անգամից ոչ թե մեկ պատճառ, այլ` մի քանիսը: Ամենահաճախ հանդիպող լսողության իջեցման պատճառը համարվում է ժառանգականությունը: 30-50% դեպքերում հենց ժառանգություն է բերում լսողության իջեցման: Իդեպ պետք է նշել, որ, չնայած, մենք կոչում ենք այն ժառանգական, բայց ոչ պարտադիր պայման է, որ ծնողներն ունենան նույն խնդիրը:Սովորաբար` 80% դեպքերում, վատ լսող երեխաները ծնվում են առողջ ծնողներից: Մյուս պատճառը դա հղիության պաթոլոգիկ ընթացքն է: Այն ամենն, ինչը կարող է բերել բնականոն հղիության խաթարմանը, նույն ազդակներն ազդում են նաև լսողության զարգացման վրա: Կարող ենք նշել, որ մեծ խումբ են կազմում մոր հղության ընթացքում կրած ինֆեկցիոն հիվանդությունները: Որոշ դեղամիջոցներ հղիության ընթացքում օգտագործելուց հետո կարող է զարգանալ ծանրալսություն, նաև վաղաժամ ծննդաբերությունից և նույնիսկ երբ որ 42 շաբաթն է անցնում` ուշ ծննդաբերությունից: Նաև ծննդաբերական տրավմաների հետևանքով կարող է զարգանալ ծանրալսություն, մոր վնասակար սովորությունից, մոր սոմատիկ հիվանդություններից, ինչպիսին են դիաբետը, արյան որոշ հիվանդություններ` անեմիան, այն ամենն, ինչ բերում է երեխայի սնուցման խանգարմանը, բերում է նաև լսողության իջեցմանը:   Որո՞նք են ձեռքբերովի ծանրալսության և խլության պատճառները: Ձեռքբերովի ծանրալսության հիմնական պատճառներն են ինֆեկցիոն հիվանդությունները: Առաջին տեղերում են կարմրուկ, Քովիդ`վերջին տարիներին, նույնիսկ սովորական սուր շնչառական վարակները կարող են բերել լսողության իջեցման, որոշ դեղամիջոցներ` քիմիոթերապիայի, տուբերկուլոզի բուժման ընթացքում օգտագործած: Կարող են լինել տրավմաներ` գանգուղեղային, որոնք նույնպես կարող են բերել լսողության իջեցման: Մի քիչ ավելի մեծ տարիքում միանում են նաև աղմուկից առաջացած լսողության իջեցման դեպքերը, որոնք մեր ժամանակներում բավականին մեծ տոկոս են կազմում, որովհետև հիմա բոլորը կրում են ականջակալներ, լսում են բարձր երաժշտություն: Այդ ամենը կարող է բերել լսողության իջեցմանը:   Ծանրալսության և խուլության բուժման ի՞նչ եղանակներ կան: Ծանրալսությունը բուժվում է սուր առաջացման առաջին 5 օրվա ընթացքում: Նույնիսկ 2 շաբաթ հետո արդեն բուժման բոլոր միջոցառումներն առանձնապես արդյունավետ չեն: Դրա համար խորհուրդ է տրվում, եթե դուք նկատել եք լսողության կտուկ նվազում, մի անգամից դիմել բժիշկի, որովհետև այդ ժամանակ ամեն րոպեն, ամեն ժամը շատ կարևոր են: Մյուս հնարավորությունն արդեն ոչ թե բուժել, այլ` կոմպենսացնել այն, ինչ մենք կորցրել ենք: Մենք կոմպենսացնում ենք լսողության իջեցումը լսողական սարքերով, իսկ եթե դրանք անարդյունավետ են, այդպես էլ է լինում շատ ժամանակ, այդ դեպքում արդեն դիմում ենք վիրաբուժական մեթոդներին և կատարվում է կոխլյառ իմպլանտացիա:   Հնարավո՞ր է հասնել նրան, որ խուլ ու համրերի հատուկ լեզվի կարիք այլևս չլինի: Այս պահին չնայած տեխնոլոգիաների զարգացմանը և նրան, որ մենք հիանալի լսողական սարքեր ունենք ու հնարավորություն ունենք կոխլյառ իմպլանտացիայի, կենտրոնական իմպլանտի տեղադրման, սակայն լինում են դեպքեր, երբ այդ ամենն անարդյունավետ է, և դեռ ժեստերի լեզուն ու այդ հնարավորությունը` շփվել ուրիշ մարդկանց հետ ուրիշ միջոցներով, պարզապես ժեստերով շատ կարևոր է որոշ երեխաների և մեծերի համար: Ինձ թվում է, իհարկե շատ արագ է ամեն ինչը զարգանում, հուսանք, որ մոտակա ժամանակները մարդիկ կկարողանան հասնել արդեն դրան, որ բոլոր հնարավոր դեպքերում կկարողանան զարգացնել թե խոսքը թե լսողությունը:
Մարտի 3. Լսողության համաշխարհային օրը
03 մարտ 24
Լսողության համաշխարհային օրվան ընդառաջ Հանրային հեռուսատընկերության լրատվականի թիմը հյուրընկալվել է «Արաբկիր» բժշկական համալիրի Խոսքի զարգացման կենտրոնում, որտեղ տարեկան լսողական խանգարումներ ունեցող 40 երեխա է հաճախում՝ շաբաթական 4 անգամ:   Սուրդոլոգիական ծառայության թիմի՝ բժիշկների, աուդիոմետրիստների, սուրդոթերապիստների, արտթերապիստների, հոգեբանների, եւ իհարկե, ծնողների նվիրյալ աշխատանքի արդյունքում երեխաները խոսել են սովորում եւ հաճախում հանրակրթական դպրոցներ:   - Քո անու՞նը... - Նարեկ: - Քանի՞ տարեկան ես: - Յոթ: Չորորդ աստիճանի բնածին ծանրալսությամբ Նարեկն առաջին դասարանում է սովորում: Արաբկիր բժշկական համալիրի խոսքի զարգացման կենտրոնում է ստուգելու իր գրանցած առաջընթացը:   Նարեկի մայր Սյուզաննա Հարությունյանը պատմում է. - 4.5 տարեկանում ունեցանք առաջին բառերը` մամա, պապա մեկ էլ ամի, ատաչ` կարմիր, կանաչ գույները որպես էդպիսին: Արդեն մեկ տարի հետո ընկեր Ռոզայի ցուցումով ես օրագիր պահեցի, որտեղ նշում էի բառերը հերթականությամբ: Պատահմամբ հաջորդ տարի նույն ամսաթվին բացում եմ լրացնելու ու տեսնում եմ` արդեն 270 ավել բառ ունենք:   Լսողության պահպանման միջազգային օրը կենտրոնում շատ հյուրեր կան: Նախկին սաներն են եկել` անձամբ շնորհակալություն ասելու: 7 ամյա Մարիամն արտասանում է: Արդեն որոշել է, բժիշկ է դառնալու` ատամնաբույժ: Ոչինչ չի էլ հուշում, որ փոքրիկը ժամանակին լսողության կամ խոսքի խնդիր է ունեցել:   Սուրդոթերապևտ Մարինե Գրիգորյանը պատմում է. - Ավելի ուշ է ախտորոշվել Մարիամիկը, ունեցել է որոշակի խոսքային տվյալներ, պրոթեզավորվել է և արդեն աշխատել ենք խոսքի որակի լավացման վրա:    Վաղ ախտորոշումը և միջամտությունները նպաստում են խնդիրների արագ հաղթահարմանն ու սոցիալիզացիային:   Սուրդոթերապևտ Մարինե Գրիգորյանը պատմում է. - Վառ օրինակ է վաղ միջամտության, երբ որ երեխան ժամանակին ստուգվել է, հայտնաբերվել է, ախտորոշվել է, պրոթեզավորվել է և ուղղորդվել է պարապմունքների:   Աշխատանքների շնորհիվ Աննան ունի խոսքի այնպիսի զարգացում ինչպիսին իր հասակակիցները: Խնդիրների վաղ հայտնաբերումն ու համապատասխան միջոցառումները հիմնական գործոններն են, որոնք կարող են նվազեցնել ծանրալսության ազդեցությունը երեխայի զարգացման վրա:   Բժիշկ-սուրդոլոգ Նելլի Մովսեսովան պատմում է. - ԱՀԿ-ի տվյալներով բնակչության 5% ունի լսողության տարբեր խնդիրներ: Երեխաների մոտ էլ դա ահագին շատ է հանդիպում: Նույնիսկ նոր ծնված երեխաների մոտ համարվում է ամենահաճախ պատահող պոթոլոգիաներից մեկն է: Հանդիպում է հազարից մեկ հոգու մոտ միջինում:   30-50% դեպքերում համարվում է, որ լսողության կորուստն ունի ժառանգական բնույթ, բայց կարող են լսողական խնդիրներով երեխաներ ծնվել նաև առողջ ծնողներից:    Բժիշկ-սուրդոլոգ Նելլի Մովսեսովան պատմում է. - Տարբեր են պատճառները, ինչից հետո կարող է լինել լսողության իջեցում: Մեծ մաս դեպքերում լսողության իջեցումը կարող է լինել որպես հետևանք սուր-շնչառական վարակներից հետո կամ տարբեր, ուրիշ հիվանդություններից հետո ու մեծ մաս դեպքերում կրում է ժամանակավոր բնույթ:   Նորածինների լսողության սքրինինգի ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականին, իսկ 2018 թվականից այն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Ժամանակակից բժշկությունը տալիս է բոլոր հնարավորությունները երեխաների լսողությունը լավացնելու համար: Եթե ուզում եք աշխարհին կապող լսողական զգայարանը չկորցնել` հետևեք Ձեր առողջությանը:
Դեպի դպրոց` խոսքի զարգացման կենտրոնից
17 հուլիս 23
Ուրախ հանդեսով է ավարտվել Լսողական խնդիրներ ունեցող երեխաների Խոսքի զանգացման կենտրոնի այս տարվա շրջանը եւս: Երեխաներն իրենց 8 ընկերներին ճանապարհել են հանրակրթական դպրոցներ, եւ կարեւորը` զարգացած խոսքով, ինչն անգնահատելի նշանակություն ունի նրանց հետագա ուսումնական ընթացքի եւ, ընդհանրապես, կյանքի համար:   Եթե հասարակության շատ քիչ, կարելի է ասել` հատուկենտ ներկայացուցիչներ են, որ գիտեն ժեստերի լեզու, որով հաղորդակցվում են խուլ եւ խոր ծանրալսությամբ մարդիկ, ուրեմն առավել քան առաջնային է դառնում այս երեխաների խոսքի զարգացումը, ինչին էլ ուղղված են «Արաբկիր» բժշկական համալիրի մասնագիտական թիմի ջանքերը: Երեխաների համար այստեղ, նախեւառաջ, լսողական ճիշտ սարքեր են ընտրվում եւ հարմարեցվում դրանք` ըստ լսողության աստիճանի եւ անհատական կարիքի: Դրան զուգահեռ կազմակերպվում են սուրդոթերապիստների հետ խորհրդատվական հանդիպումները, մի փոքր ավելի ուշ` կանոկակարգված պարապմունքները` երկու օր անհատական եւ երկու օր խմբակային-երաժշտական ժամանակացույցով: Այսպիսով, մեր փոքրիկները սկսում են սովորել ամենավաղ տարիքից` հաճախելով պարապմունքների, զգալով պատասխանատվություն եւ դառնալով ավելի կազմակերպված ու ինքնուրույն: Դա նկատում են նրանց դպրոցում ընդունող ուսուցիչները:   Բարի երթ ենք մաղթում, հետաքրքիր եւ հաճելի ճամփորդություն դպրոցում, մեր սիրելիներ:
Սուրդոթերապիստը` երեխայի խոսքի զարգացման մասին
26 մայիս 23
Լսողական խնդիրներ ունեցող երեխաների խոսքի զարգացման մասին հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել սուրդոթերապիստ Մարինե Գրիգորյանը:   Լսեք լսողության խանգարումների պատճառների, վաղ տարիքում լսողության կորստի բացահայտման մասին, իմացեք, թե ինչպե՞ս է փոխհատուցվում լսողության կորուստը, ինչ հետեւանքներ կարող է ունենալ մասնագիտական օգնության ուշացումը, որքան կարեւոր են բարձրակարգ լսողական սարքերը խոսքի զարգացման գործում, ինչպիսի նշանակալի դեր ունի սուրդոմանկավարժը չլսող երեխայի զարգացման գործում եւ թե որոնք են այս ոլորտի միֆերն ու հակամիֆերը:
Լսողության համաշխարհային օրը
06 մարտ 23
Մարտի 3-ը Լսողության համաշխարհային օրն է` կարեւոր օրերից մեկը բժշկական օրացույցում:   Աշխարհին մեզ կապող մեր զգայարաններից մեկը` լսողական զգայարանը, առանձնակի խնամքի եւ հոգատարության կարիք ունի: Հենց այս է օրվա այս տարվա կարգախոսը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Մասնագետները կոչ են անում ուշադիր լինել լսողության նկատմամաբ, պարբերաբար հետազոտվել առողջության առաջնային օղակում եւ հայտնաբերվող խնդիրների դեպքում անմիջապես իրականացնել քայլեր` ուղղված խնդրի խորացման կանխարգելմանը:     «Արաբկիր» բժշկական համալիրը Հայաստանում ապրող լսողական խնդիրներով երեխաների սպասարկման ամենամեծ կենտրոնն է: Այստեղ իրականացվում է 1200-ից ավել երեխաների դիսպանսեր վերահսկողություն: Սուրդոլոգիական ծառայության մեր թիմի ջանքերով փոքրիկները կարողանում են խոսել սովորել` անգամ լսողության խոր կորուստներ ունենալով եւ հաճախել հանրակրթական դպրոցներ` լիարժեք ներառվելով հասարակություն: https://arabkirmc.am/hy/services/93
Սիմֆոնիկ նվագախումբը «Արաբկիր» ԲՀ-ում
11 փետրվար 23
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի «Հավատ» ՀԿ-ն համատեղում են հասարակական արժեքներ ստեղծելու առաքելությանն ուղղված իրենց ջանքերը: Կողմերի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Վերջիններս համատեղ ուժերով կաշխատեն՝ նպաստելու լսողության խանգարում ունեցող երեխաների սոցիալականացմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լսողության հաշմանդամություն ունեցող երիտասարդների լիակատար և արդյունավետ ներառմանը: Համագործակցությունն ուղղված կլինի երեխաների համար լսողական սարքերի ձեռքբերման կամ բուժման նպատակով իրականացվող նախագծերին` երեխաներին պարգևելու գեղեցիկը ընկալելու, գնահատելու կարևորագույն զգացողությունը՝ լսողությունը: Համատեղ իրականացվելիք ծրագրերը միտված կլինեն նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաներին և երիտասարդներին դասական երաժշտությանը հաղորդակից դարձնելուն: Հուշագրի ստորագրման արարողության առթիվ հրավիրված միջոցառմանը ներկա էին նաև լսողական խնդիրներ ունեցող երեխաներ, որոնք հանդես եկան իրենց կատարումներով՝ ներկայացնելով երաժշտական, ասմունքի ու պարի փոքրիկ համարներ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ լսողական դժվարություններ ունեցող երեխաների խնդիրները նաև նվագախմբի խնդիրներն են: «Մեր բոլորի ցանկությունն է ունենալ ավելի լավ հասարակություն, առողջ հաղորդակցություն, և այս համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի այստեղ նստած երեխաները տարիներ անց լինեն մեր ունկնդիրների թվում ու կարողանան հետևել թե՜ նվագախմբին, թե՜ երաժշտությանն ընդհանրապես»,- ասաց մաեստրո Սմբատյանը: «Հավատ» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարինե Հարությունյանը նկատեց. «Երաժիշտներն իրենց լսողության շնորհիվ Հայաստանը ներկայացնում են աշխարհին: Մեր երեխաներն աշխարհ մտնելու կարիք ունեն, բայց չունեն այն լսողությունը, որ մենք՝ որպես ծնողներ, կցանկանայինք: Գուցե այսօր այստեղ ներկա երեխաները երաժիշտներ չդառնան, բայց որ նրանք պիտանի մարդիկ են դառնում, մենք համոզվել ենք, և հույս ունենք, որ Սիմֆոնիկի հետ մեր բարեկամությունը միայն ու միայն նպաստելու է դրան»: Վատ լսող երեխաների ծնողների «Հավատ» ՀԿ-ն գործում է 1996 թվականից՝ «Արաբկիր» բժշկական համալիրի հանրապետական սուրդոկենտրոնին կից, որտեղ հաշվառված են Հայաստանում բնակվող և լսողության խնդիր ունեցող 0-18 տարեկան 1000-ից ավելի երախաներ և դեռահասներ: «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը նշեց, որ մեր բոլորի նպատակն է, որպեսզի երեխաները լինեն անկաշկանդ և առավելագույնս ներառվեն հասարակություն, և ստորագրված հուշագիրն ուղղված է այդ նպատակին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն իրենց հերթին գեղեցիկ կատարումներ պարգևեցին երեխաներին, ինչպես նաև նվերներ, այդ թվում՝ Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» նկարազարդ գիրքը: Տեսանյութը` հղումով:
Խոսքի զարգացման կենտրոնից` դպրոց
13 հուլիս 22
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սուրդոկենտրոնին կից գործող խոսքի զարգացման կենտրոնի սաներն են: Տարեվերջյան հանդեսին ներկայացնում են իրենց սովորածը` երգել, պարել, արտասանել: Նրանց լսելու են եկել լսողական սարքեր տրամադրող «Հովարդ Ղարագյոզյան» հիմնադրամի ներկայացուցիչները, սուրդոկենտրոնի ղեկավար Թամարա Մանուկյանն ու ծնողները:    Կենտրոնում գործող սուրդոմանկավարժական 4 խմբում ընդգրկված է 40 երեխա, որոնք այստեղ են գալիս շաբաթական 4 օր` երկու անհատական եւ երկու երաժշտական-խմբակային պարապմունքի:   Լսողական խնդրով երեխաների խոսքի զարգացումը, հատկապես լսողության մեծ կորուստների դեպքում, բարդ, ժամանակատար ու նվիրում պահանջող գործ է: Մեր մասնագիտական թիմին հաջողվում է անել դա, ինչի վկայությունն այս պայծառ փոքրիկների խոսքն է, որով նրանք հանրակրթական դպրոցներ են գնում եւ սովորում տարեկիցների հետ: Այս տարի կենտրոնը դպրոց է ճանապարհում սաներից 12-ին:    Շնորհավոր, սիրելի փոքրիկներ, բարի ընթացք ձեզ դպրոցում եւ ամենուր:
Լսողության համաշխարհային օրը
03 մարտ 22
Մարտի 3-ը լսողության համաշխարհային օրն է: Այս տարվա կարգախոսը` «Խնայել լսողությունը ամբողջ կյանքի համար»: «Արաբկիր» ԲՀ-ի մանկական սուրդոլոգիական ծառայությունը, որի դիսպանսերում գրանցված է մոտ 1200 երեխա, լսողության խնդիրների կանխարգելման, դրանց վաղ ախտորոշման եւ երեխաների խոսքի զարգացմանն ուղղված վաղ միջամտությունների կազմակերպման առաջատարն է Հայաստանում: Համագործակցելով արտասահմանցի գործընկերների հետ` մեր մասնագետների թիմը կարողանում է անել առավելագույնը` հանուն լսողական խնդիրներով երեխաների առողջության եւ կյանքի որակի: Լսողական խնդիրների մասին մի շարք հարցերի պատասխաններ լսեք սուրդոլոգիական կենտրոնին կից գործող «Հավատ» հասարակական կազմակերպության «Ծնողական դպրոց» տեսաշարում: https://www.youtube.com/watch?v=WATcYmeSq14...    
Լսողության հետազոտություն
Անվանում
Գին
Երեխաներին
Մեծահասակներին
Հատուկ գին

Warning: Undefined property: stdClass::$special_price_2 in /home/arabkirmc/web/test.arabkirmc.am/public_html/assets/pages/services.php on line 221
Խաղային աուդիոմետրիա
7 000
Տոնալ աուդիոմետրիա
7 000
Տիմպանոմետրիա
3 000
Օտոակուստիկ էմիսիա
4 000
Լսողության ստուգում ABR սարքի միջոցով
15 000
Լսողության ստուգում ABR սարքի միջոցով, ընդհանուր անզգայացմամբ
45 000
*Ցուցադրված գներն ունեն տեղեկացնող բնույթ։ Գները կարող են փոփոխվել։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ վերջնական արժեքները պարզելու համար։
Հասցե
Մամիկոնյանց 30, պոլիկլինիկայի մասնաշենք, 3-րդ հարկ եւ Խոսքի զարգացման կենտրոնի մասնաշենք, մուտքը` պոլիկլինիկայից աջ
Հեռախոս
010 23 68 80, 010 23 19 53
015 400 300 /11 96/, 015 400 300 /11 98/
Էլ.հասցե