Լսողության նորածնային սկրինինգ

 

Ծանրալսությունը բնածին ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներից է, այն հանդիպում է 1000 նորածիններից 1-2-ի մոտ։ Լսողության խանգարումները վաղ տարիքում հանգեցնում են խոսքի զարգացման հապաղման և երեխայի հոգե-հուզական զարգացման խնդիրների:

Նորածինների լսողության սկրինինգը արագ և անցավ հետազոտություն է, որն օգնում է շուտ հայտնաբերել նորածնի լսողության հնարավոր խնդիրները և, անհրաժեշտության դեպքում, անցկացնել ավելի մանրակրկիտ հետազոտություն:

Երեխաների լսողական խանգարումները վաղ հայտնաբերելու, ախտորոշեշու և միջամտությունը կազմակերպելու համար Հայաստանում «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության Համագործակցող կենտրոն, «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ համատեղ 2007 թվականին մշակել է լսողության նորածնային սկրինինգի փորձնական ծրագիր։ 2008 թվականի հուլիսից «Արաբկիր» բժշկական համալիրն  իրականացնում է լսողության սկրինինգային հետազոտություններ և հանդիսանում է ծրագրի ռեֆերենս կենտրոնը։

Ճապոնիայի դեսպանության Grant Assistance for Grassroots Human Security Project (GGP) ծրագրի, «Hear the world» հիմնադրամի և Վորլդ Վիժն կազմակերպության համագործակցությամբ Հայաստանի 45 ծննդատուն և վերակենդանացման բաժանմուքններ ստացել են լսողության սկրինինգային սարքեր: Դա հնարավորություն է տալիս նորածինների ավելի քան 90%-ի մոտ անցկացնել լսողության սկրինինգ։ Արդյունքում՝ տարեկան 33000-34000 երեխայի սկրինինգային հետազոտություններ են անցկացվում և հայտնաբերվում լսողության պաթոլոգիա ունեցող մոտ 35 երեխա։ Ախտորոշված երեխաներն ներառվում են «Արաբկիր» բժշկական համալիրի սուրդոլոգիական կենտրոնի դիսխպանսեր վերահսկողության ծառայությունում,  ապահովվում անհրաժեշտ լսողական սարքերով և խոսքի զարգացման շարունակական պարապմունքների: Խոր ծանրալսության դեպքում երեխաներն ուղղորդվում են կոխլեար իմպլանտացիաի: 

«Արաբկիր» բժշկական համալիրի սուրդոկենտրոնը միակ մասնագիտացված մանկական կենտրոնն է Հայաստանում, որն իրականացնում է լսողության պաթոլոգիաներով երեխաների կլինիկական հետազոտություն և բժշկահոգեբանական-մանկավարժական վերականգնում։ Այսօր կենտրոնում հաշվառված են նեյրոսենսոր ծանրալսություն ունեցող մինչև 18 տարեկան 1100-ից ավելի երեխաներ՝ Հայաստանի բոլոր մարզերից։


Լսողության նորածնային սկրինինգի իրականացման կարգը Հայաստանում 

Նորածինների աուդիոլոգիական հետազոտությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է կառավարության կողմից:
Լսողության սկրինինգն իրականացվում է 2 փուլով

I փուլը (սկրինինգային) իրականացվում է ծննդատներում, նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում` ծնվելուց հետո 24-72 ժամվա ընթացքում:
Լսողության պաթոլոգիայի կասկածի դեպքում նորածինն ուղղորդվում է կրկնակի ստուգման, որն իրականացվում է 2-ից 4 շաբաթականում։ Վերասկրինինգն իրականացվում է Երևանի  մասնագիտացված կենտրոններում, մարզային ծննդատներում։

II փուլը (ախտորոշիչ) իրականացվում է մինչև երեխայի 3 ամսականը, մասնագիտացված կենտրոններում, այն դեպքում, երբ երեխայի մոտ սկրինիգային փուլի ավարտից հետո արձանագրվել է լսողական խանգարման կասկած:
Սքրինինգի երկրորդ փուլը ներառում է հետազոտություններ (իմպենդանսոմետրիա, օտոակուստիկ էմիսիա, հրահրված կարճ ալիքային լսողական պոնետնցիալների գրանցում), որոնք տալիս են լսողական խանգարման առկայության մասին առավելագույն ճշգրիտ տեղեկություններ: Հետազոտությունները կատարում են մասնագիտացված աուդիոլոգները: 

Երկու փուլերի հետազոտության արդյուքններն էլ ուղարկվում են առողջության առաջնային պահպանման օղակ` պոլիկլինիկական մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին: 
Ծնողներին տրամադրվում է հոգեբանների և սոցիոլոգների օգնությունը:

 



Ինչպե՞ս պատրաստվել հետազոտությանը
Սքրինինգային հետազոտությունը հատուկ նախապատրաստություն չի պահանջում, սակայն խորհուրդ է տրվում հետազոտությունն անցկացնել, երբ երեխան հանգիստ է կամ քնած (օրինակ՝ կերակրելուց 1 ժամ առաջ կամ 20 րոպե հետո)։

Գործընթացը տևում է ոչ ավել, քան 5 րոպե, արդյունքում սարքի էկրանին հայտնվում է PASS կամ REFER արտահայտությունը: PASS` ԱՆՑԵԼ Է պատասխանը նշանակում է, որ երեխան լսողական խանգարում չունի:  REFER` ՉԻ ԱՆՑԵԼ պատասխանը նշանակում է, որ կան որոշակի խնդիրներ և պահանջվում է կրկնակի հետազոտություն։