Սուրդոլոգիան քիթ-կոկորդ-ականջաբանության այն ճյուղն է, որն ախտորոշում և բուժում է լսողության խանգարումները, ինչպես նաև զբաղվում է լսողության խանգարումների փոխհատուցմամբ:
Լսողության թեթև իջեցումն անգամ կարող է լուրջ խոչընդոտ դառնալ երեխայի խոսքի և հոգեկան զարգացման մյուս ոլորտների համար: Զարգացման ընթացքում դրսևորվող բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է վաղ ախատորոշում, բժշկական հսկողություն և ռեաբիլիտացիա: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի սուրդոլոգիական ծառայությունում ժամանակակից սարքավորումների միջոցով իրականացվում է ծանրալսության ախտորոշման և հաղթահարման ողջ համալիրը:
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի սուրդոլոգիական դիսպանսերը Հայաստանի Հանրապետությանում միակն է, որտեղ նեյրոսենսոր ծանրալսություն ունեցող մինչև 18 տարեկան բոլոր երեխաներն ստանում են համապարփակ դիսպանսեր ծառայություններ.
- լսողության հետազոտություն,
- լսողական սարքերի հատկացում,
- լսողական սարքերի հարմարեցում և անհրաժեշտության դեպքում վերանորոգում,
- մինչև 6 տարեկան երեխաների խոսքի թերապիա,
- մինչև 6 տարեկան երեխաների պարի և ռիթմիկայի դասընթացներ
- հոգեբանական խորհրդատվություն,
- սոցիալական խորհրդատվություն,
- Համակարգչային դասընթացներ:
2008 թ-ից, ՀՀ առողջապահության նախարարությունում հաստատված ծրագրի համաձայն, մեր կենտրոնը «Էրեբունի» ԲՀ-ի հետ համատեղ իրականացնում է լսողության նորածնային սկրինինգ ՀՀ ամբողջ տարածքով:
Սուրդոլոգիական ծառայության մասնագետները կանոնավոր կերպով մասնակցում են Հայաստանում և եվրոպական տարբեր երկրներում կազմակերպվող փորձի փոխանակման և վերապատրաստման միջազգային դասընթացներին` վերջին զարգացումներին տեղեկանալու և նորամուծությունները յուրացնելու նպատակով:
Սուրդոլոգիական ծառայության բժիշկների եւ երեխաների ծնողների ջանքերով 1996թ-ից հիմնադրվել է Լսողական խնդիրներ ունեցող երեխաների մայրերի «Հավատ» հասարակական կազմակերպությունը, որը դարձել է սուրդոկենտրոնի ամենահավատարիմ գործընկերը՝ բազմաթիվ նախաձեռնություններով եւ ծրագրերով: Դրանցից վերջինը Ծնողական օնլայն դպրոց ծրագիրն է՝ 15 տեսադաս լսողության խանգարումներ ունեցող երեխաների ընտանիքների համար:
Սուրդոլոգիական ծառայությունում իրականցնում են նաև գիտական հետազոտություններ լսողության խանգարումների վաղ ախտորոշման, ադեկվատ լսողապրոթեզավորման և լսողական ընկալման գնահատման ոլորտներում:
Կենտրոնը հագեցված է ժամանակակից բոլոր սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են լսողության խանգարումների ախտորոշման համար.
- Օտոակուստիկ էմիսիայի գրանցման սարքը /OAE / իրականացնում է արտաքին մազիկավոր բջիջների ֆունկցիայի օբյեկտիվ գնահատում: Օգտագործվում է ինչպես սկրինինգի, այնպես էլ այլ հետազոտությունների հետ մեկտեղ համապարփակ աուդիոլոգիական քննության մեջ:
- Իմպենդանսոմետրը նախատեսված է միջին ականջի պաթոլոգիաների արագ ախտորոշման համար
- Կլինիկական աուդիոմետրը հնարավորոըթյուն է տալի անցկացնել բազմաթիվ տեստեր լսողության խանգարումների լիարժեք ախտորոշման համար, որոշել լսողության իջեցման բնույթը և աստիճանը:
- VRA-ը հնարավորություն է տալի կատարել տարածակողմնորոշային աուդիոմետրիա և գնահատել 6-24 ամսեկան երեխաների լսողության իջեցման մակարդակը:
- Լսողական հրահրված պոտենցիալի գրանցման սարք/ ABR, ASSR. գրանցում է ձայնային ազդակից առաջացած լսողական նյարդի և ուղեղի տարբեր կենտրոնների ակտիվությունը, հնարավորություն է տալի օբյեկտիվորեն գնահատել լսողության իջեցման բնույթը և աստիճանը:
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի սուրդոլոգիական ծառայությունում կատարվում են նաև.
- լսողական սարքերի հատկացում,
- լսողական սարքերի հարմարեցում և անհրաժեշտության դեպքում վերանորոգում