Քանի որ ուրոլոգիական և վիրաբուժական խնդիրների լուծումը հաճախ ներառում է հոգեբանական, դեղորայքային և վիրաբուժական աշխատանքներ, համալիրում մենք լայնորեն կիրառում ենք հետևյալ հինգ բուժական միջոցները.
- զրույց և խորհրդատվություն` փոխադարձ լիակատար վստահության մթնոլորտում,
- դեղորայքային բուժում,
- բաց եղանակով կատարվող վիրահատություններ,
- էնդոսկոպիկ եղանակով ախտորոշում և վիրահատություններ,
- լապարոսկոպիկ եղանակով ախտորոշում և վիրահատություններ:
Համալիրում աշխատող փորձառու ուրոլոգները հմտորեն կիրառում են այս եղանակները թե’ առանձին,թե’ դրանք զուգորդելով` ըստ այցելուի կարիքների և խնդիրների: Նման մոտեցման շնորհիվ ապահովվում է բուժման հնարավոր լավագույն արդյունքը, հետևաբար` առողջության առավել վերականգնումն ու պահպանումը: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում Ձեզ կառաջարկվի ճիշտ այն բուժումը, որն անհրաժեշտ է լավագույն արդյունքն ապահովելու համար Ձեր խնդրի դեպքում:
«Արաբկիր» ԲՀ-ի մասնագետները լայնորեն կիրառում են բժշկության խոշորագույն նվաճումներից մեկը` լապարոսկոպիան միզասեռական համակարգի մի շարք հիվանդությունների բուժման համար`
- ցանկացած չափի և քանակության միա/երկկողմանի երիկամային կիստաներ,
- երիկամի հեռացում,
- երիկամի մասնահատում,
- քարերի հեռացում երիկամից, միզածորանից, միզապարկից,
- մակերիկամի հեռացում,
- շագանակագեղձի հեռացում չարորակ ուռուցքի հետևանքով (այսպես կոչված ռադիկալ պրոստատէկտոմիա) և այլն:
Լապարոսկոպիայի առավելություններն են` վերքի շատ փոքր չափերը, շատ կարճ հոսպիտալիզացիան, ներհիվանդանոցային խնամք գրեթե չի պահանջվում, շատ արագ վերականգնումը և վերադարձը նորմալ գործունեությանը զուգակցվում են բաց վիրահատությունների առավելությունների հետ (խնդրի միանվագ և լիակատար լուծում, օրգանի և նրա վիճակի մանրամասն գնահատական, հետազոտություններով չհայտնաբերված խնդիրների բացահայտում և անմիջական լուծում, և այլն): Լապարոսկոպիան բժշկագիտության վերջին նվաճումներից մեկն է, որի ժամանակ վիրահատությունները կատարվում են երկու կամ երեք աննշան կտրվածքների միջով օրգանիզմի ներքին միջավայր մտցրած գործիքների և տեսախցիկի օգնությամբ:
Անշուշտ, այսօր լավագույնը համարվող բուժման այլ եղանակները նույնպես կիրառվում են «Արաբկիր» ԲՀ-ում, ինչպիսին է, օրինակ, շագանակագեղձի ադենոմայի կապակցությամբ կատարվող ներմիզուկային մասնահատումը կամ հետին միզուկի կափյուրների ներմիզուկային հատումը (ռուսերեն` ТУР), ինչպես նաև այլ էնդոսկոպիկ միջամտությունները:
Այսպիսով, մեր գործունեության շրջանակներում կիրառվող ժամանակակից մոտեցումները, բացառիկ ուշադրությունը հիվանդի և նրա կարիքների նկատմամբ, բուժման բոլոր հնարավոր տարբերակների լայն կիրառումը գրավիչ են դարձնում «Արաբկիր» ԲՀ-ը ինչպես հայաստանցիների, այնպես էլ մեր հանրապետության սահմաններից դուրս բնակվող պացիենտների համար: