Ասթման բարդ հիվանդություն է, որն առաջանում է գենետիկական և շրջակա միջավայրի գործոնների ազդեցությամբ: Այն աշխարհում ամենատարածված խրոնիկական հիվանդությունն է երեխաների և դեռահասների շրջանում և ամենատարածվածներից մեկը` մեծահասակների մոտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասթման ճանաչել է որպես աղքատության և՛ պատճառ, և՛ հետևանք` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում: ԱՀԿ-ի գնահատմամբ` ասթման ազդում է 339 միլիոն մարդու վրա` ամբողջ աշխարհում:
Ասթմայի համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական շնչառական միությունը (ERS) և ասթմայի համաշխարհային նախաձեռնությունը (GINA) միավորել են ջանքերը՝ քննարկելու GINA 2023 ռազմավարության զեկույցում մեծահասակների, դեռահասների և երեխաների համար ասթմայի կառավարման վերաբերյալ առաջարկությունների հիմնական թարմացումները` կարևորելով թեմայի հիմնական հարցադրումները.
- ինչպես կլիմայի փոփոխությունն ու օդի աղտոտվածությունը կարող են ազդել ասթմա ունեցողների վրա,
- ինչ կարող են անել բժիշկները՝ իրենց պացիենտներին անհրաժեշտ ամենահարմար ինհալյատորն ընտրելու համար,
- ինչ է պետք անել` երաշխավորելու պացիենտներին ավելի առողջ ապագա` ազգային, եվրոպական և գլոբալ մակարդակներում:
Հայաստանում ասթմա ունեցող երեխաներն ու դեռահասները սպասարկվում են «Արաբկիր» բժշկական համալիրում: Շնչառական բժշկության և ալերգոլոգիայի մեր ծառայությունում այսօր հնարավոր են ասթմայի ախտորոշման, բուժման և կառավարման ժամանակակից բոլոր մեթոդներն ու միջոցները` շնորհիվ արտասահմանյան կլինիկաների, մասնագիտական ասոցիացիաների հետ մեր բժիշկների սերտ համագործակցության, շարունակական մասնագիտական զարգացման և տեխնիկական մեծ հագեցվածության:
Ասթման դատավճիռ չէ: Վաղ ախտորոշումն ու բժշկական ճիշտ մոտեցումն այն դարձնում են կառավարելի և հաղթահարելի: