Գլխավոր
Նորություններ
Տարիների անխոնջ աշխատանքի գնահատականը` ԱՀԿ-ից

Տարիների անխոնջ աշխատանքի գնահատականը` ԱՀԿ-ից

 Տարիների անխոնջ աշխատանքի գնահատականը` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից
 

???? Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտին շնորհել է «Համագործակցող կենտրոն» (WHO collaborating centre) կարգավիճակ` երեխաների և դեռահասների առողջության ոլորտում: Նման կենտրոնի կարգավիճակ ունեն Եվրոպական տարածաշրջանի 8 երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Իռլանդիա, Նորվեգիա, Ռուսաստան) հաստատություններ:

Հայաստանն 9-րդն է` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ով:
 

???? Կարգավիճակի շնորհմման առիթով այսօր «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում կամզակերպված միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արմեն Գասպարյանը,  ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոն, ներկայացուցիչներ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամից, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակից, հյուրեր և գործընկերներ տեղական և միջազգային տարբեր կառույցներից:
 

???? «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել կարևոր այս օրն իրենց ժամանակը մեզ հետ կիսելու համար, նշել, որ 2003թ-ին, երբ «Արաբկիր» բժշկական համալիրի կազմում ստեղծվել է Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, շատերը զարմացել են` չպատկերացնելով նպատակը: Սակայն այն, ինչ կատարել է ինստիտուտն այս տարիների ընթացքում, պտուղներ է տվել ոչ միայն Հայաստանի տարածքում, այև այլ երկրներում, ինչն էլ դարձել է գրավականներից մեկը` ԱՀԿ-ի նման բարձր վստահությանն արժանանալու համար: Ընդ որում` ինստիտուտը երեխաների զարգացմանն ու վերականգնողական ծառայությունների ներդրման, դեռահասների և դպրոցահասակների առողջությանը, մանկաբուժական օգնության որակի բարելավմանն ուղղված ծրագրերն ամբողջապես իրականացնում է Առողջապահության նախարարության ռազմավարության շրջանակներում:
 

???? Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը ներկայացրել է ինստիտուտի գործունեությունն ամենատարբեր ուղղություններով. կրթական-հետազոտական-տեղեկատվական ծրագրերից մինչև գործնական բժշկություն, որտեղ առանձնահատուկ դեր ունեն վերականգնողաբանությունը, նորածնային սկրինինգը, արագ արձագանքման ծրագրերը, բուժքույրերի և հարբժշկական մասնագետների վերապատրաստումները և այլն: Վերջին, ամենաթարմ ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ  Եվրոպական մանկաբուժական խորհուրդը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ին շնորհել է եվրոպական ստանդարտներին համապատասխանող մանկական ալերգոլոգիայի թրեյնինգ կենտրոնի կարգավիճակ:
 

???? Ներկաներին տեսակապով ողջունել և շնորհավորել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի երեխաների և դեռհասների առողջության ծրագրի ղեկավար, բուժօգնության որակի ապահովման պատասխանատու Մարտին Վեբերը:
 

???? ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Դատտան բարձր է գնահատել «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տարիների աշխատանքը, նշելով, որ բազմաթիվ առիթներ է ունեցել տպավորված լինելու կատարվող աշխատանքներով, որոնք, իսկապես, գերազանցության մակարդակի են, ինչն էլ հիմք է հանդիսացել ԱՀԿ-ից տարածաշրջանային մակարդակով նման բացառիկ կարգավիճակի արժանանալու համար: Սիդարթա Դատտան իր խոսքում կարևորել է երեխաների և դեռահասների առողջության, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մեծ փորձառությունը, տվյալահեն, գիտահետազոտական մոտեցումները` ավելացնելով, որ առողջապահության ոլորտում բավական հաջողություններ, կուտակած փորձ ունեցող գերազանցության կենտրոններ կան, որոնք նույնպես ունեն հնարավորություն ստանալու ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակ, ինչը հնարավորություններ է ստեղծում ավելի լայն համագործակցության և ավելի բարձր արդյունքների հասնելու համար:
 

???? Նախարար Անահիտ Ավանեսյանն իր խոսքում նշել է, որ օրը պատմական է և նման իրադարձությունն ուրախություն է բոլորի համար, որովհետև սա հանրային և պետական նշանակության իրադարձություն է: «Ուրախ ենք, որ այս կենտրոնն է առաջինը ստանում ԱՀԿ-ի հետ համագործակցող կենտրոնի կարգավիճակ: Մեր երկիրն առաջին իսկ հնարավորության դեպքում, անգամ համեստ միջոցներով, ընդլայնելում է հենց երեխաների և դեռահասների առողջության պահպանման, վերականգնման և բարելավման ծրագրերը, և այս քաղաքականությունը շարունակական է», -ասել է նախարարը:
 

???? Ստանալով ԱՀԿ համագործակցող կենտրոնի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը` Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել, ասելով. «Մենք ուրախ ենք, որ կարողանում ենք ոչ միայն վերցնել գիտելիքներ և փորձառություն` աշխարհի առաջատար առողջապահական կազմակերպություններից, այլև տալ դրանք այլ երկրների նույնպես: Սա մարդկության առաջընթացի բանաձևն է»:

Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
07 հունիս
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:   Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաեւ միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով եւ սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել եւ համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy
Կարիեսի մասին իրազեկման օր
04 հունիս
Հունիսի 4-ը կարիեսի մասին իրազեկման օրն է   Կարիեսը քաղցր սննդից կամ բակտերիաներից ատամի էմալային մակերեսի վնասումն է, որի առաջին նշանները կարող են լինել աննկատ բծերի տեսքով: Դրանք հետագայում վեր են ածվում փոքր ու մեծ սեւ կետերի, հետո` խոռոչների, ինչն էլ «վտանգավոր ճանապարհ» է բացում ատամի նյարդ եւ արմատ` հասցնելով անգամ ատամի կորստի:   Ուշադիր եղեք երեխաների ատամների առողջության նկատմամբ, սիրելի ծնողներ, ճիշտ կազմակերպեք նրանց սննդակարգը, սովորեցրեք ճիշտ եւ ժամանակին լվանալ ատամները եւ դիմեք ատամնաբույժի` կարիեսի կանխարգելման համար: Ավելի հեշտ եւ արդյունավետ է կանխարգելել, քան բուժել կարիեսը եւ դրա հետեւանքները:   #cavity #arabkirmc #կարիես
17 տարվա համագործակցություն. պրոֆեսոր Զաուրենմանի այցը Արաբկիր
03 հունիս
  Ռեւմատոլոգիական ծառայության գործընկեր, պրոֆեսոր Տրաուդել Զաուրենմաննը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր:     Տրաուդել Զաուրենմաննը մանկական ռեւմատոլոգ է` Շվեյցարիայի Ցյուրիխի եւ Վինտերտուրի հիվանդանոցներում երկ արամյան փորձառությամբ: Արդեն 17 տարի նա համագործակցում է «Արաբկիրի» ռեւմատոլոգիական ծառայության, մասնավորապես, ծառայության ղեկավար Գայանե Խլոյանի հետ:     Ինչպես անցած այցերի դեպքում` պրոֆեսորի հետ քննարկվել են բարդ դեպքեր, այս անգամ շուրջ 40 դեպք: Պրոֆեսորը հանդես է եկել նաեւ դասախոսությամբ` նվիրված օջախային եւ համակարգային սկլերոդերմային:   #ԱրաբկիրԲՀ #arabkirmc #ռևմատոլոգիա #rheumatology
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
02 հունիս
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ:    
Երեխաների պաշտպանության միջազգային օր
01 հունիս
Սիրելի երեխաներ, մեր բոլորի ու յուրաքանչյուրի գանձեր,   շնորհավորում ենք ձեզ` ամենալուսավոր ու պայծառ տոնի` Հունիսի 1-ի առիթով: Այս օրը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 75 տարի առաջ` 1950 թվականին, երբ ձեզանից շատերի տատիկներն ու պապիկներն էին երեխաներ: Տարիներ անց դուք էլ ձեր երեխաների ու թոռների Հունիսի 1-ն եք նշելու` իմանալով, որ այն առաջին հերթին իրավունքների մասին է` խաղաղ, առողջ, անվտանգ ու ապահով ապրելու, կրթվելու, ներառվելու, ստեղծագործելու, ազատ, սիրով ու ջերմությամբ լի կյանք ունենալու իրավունքների: Եվ այսօր մենք, վաղը դուք` վաղվա մեծերը, ունենք պարտավորություն` ուժերի առավելագույն չափով պաշտպանելու այդ իրավունքները:   «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջապահական իրավունքի ջատագովն է, պաշտապնն ու ծառան: Բժիշկների, բուժքույրերի, մայրապետների ու մյուս մասնագետների մեր ամբողջ թիմն իր գործընկերների հետ` Հայաստանից ու աշխարհի առաջատար երկրներից, աշխատում է օրինբուն` հանուն ձեր առողջության, զարգացման, վերականգնման, ներառման ու լիարժեք կյանքի:   Վայելեք կյանքն իր բոլոր գույներով, սիրելի երեխաներ, եղեք առողջ ու երջանիկ` ընտանեկան ու ընկերական ձեր միջավայրում, դարձրեք ձեր երազանքները նպատակներ ու գնացեք դրանց հետեւից: Առողջություն, խաղաղ երկինք ու անհոգ մանկություն բոլորիդ:   #arabkirmc #ԱրաբկիրԲՀ #հունիսի1
Արտակարգ իրավիճակներ. վարժանք
30 մայիս
Հնչում է տագնապի ազդանշանն ու աշխատակիցներն ու պացիենտներն արագ ուղղություն են վերցնում դեպի ապաստարան. արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հերթական միջոցառումն էր «Արաբկիր» բժշկական համալիրում։   Օբյեկտային վարժանքի նպատակն իրազեկվածության բարձրացումն էր, հմտությունների բարելավումը։ Ներկա էին ավագ հրահանգիչներ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից եւ ավագ մասնագետ Արաբկիր վարչական շրջանի զորահավաքային բաժնից։ Անմիջական դիտարկման տակ անցկացված վարժանքին նրանց մասնագիտական գնահատականն ու գործնական խորհուրդներն, անխոս, կնպաստեն արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ գործողությունների ճիշտ կազմակերպմանը։