Հերթական երկշաբաթյա այցով «Արաբկիր» բժշկական համալիրում էին մեր գործընկերները` Ամերիկայի Միացյալ Նահանգներից. Սիեթլի մանկական հիվանդանոցի պրոֆեսոր, մանկական ուրոլոգ Փոլ Մերգերյանն ու մանկական վիրաբույժ Քեյթլին Սմիտթը:
Ուրո-վիրաբուժական ծառայության մեր թիմի հետ ԱՄՆ-ից եկած մասնագետները 40-ից ավել խորհրդատվություններ են իրականացրել և կատարել վիրահատություններ` ուղղված հազվադեպ հանդիպող զարգացման արատների բուժմանը. էպիսպադիա, սեռի զարգացման խանգարումներ, ադրենոգենիտալ համախտանիշ, հիպոսպադիայի բարդ ձևեր, ինչպես նաև հետանցքի և ուղիղ աղու զարգացման արատներ, հաստ աղու զարգացման արատ` Հիշպունգի հիվանդության ձևով, թարախաբորբոքային սուր հիվանդություններ` հարուղիղաղիքային խուղակների տեսքով:
Վիրահատություններն ընթացել են բարեհաջող, պացիենտներն այժմ հետվիրահատական փուլում են: Խորհրդատվությունների առանձին ժամեր են տրամադրվել ոչ միայն առաջնային պացիենտներին, այլև նրանց, ովքեր ավելի վաղ տարել են նման հիվանդություններ և վիրահատություններ և շարունակաբար վերահսկվում են բժիշկների կողմից: