«Արաբկիր» ԲՀ-ում էին Բուլղարիայի Սուրբ Իվան Ռիլսկու հիվանդանոցի նյարդավիրաբույժներ Կրասիմիր Մինկին` դոցենտ, գլխավոր վիրաբույժ, Կալոյան Գաբրովսկին` ասիստենտ, ինչպես նաև Պետիա Դիմովան` դոցենտ, էպիլեպտոլոգ:
Բուլղարացի և հայ նյարդավիրաբույժների թիմը վիրահատել է ծանր, դեղորայք-կայուն էպիլեպսիա ունեցող մի խումբ պացիենտների, որոնց մոտ խնդիրներն ի հայտ էին եկել տարբեր պատճառներով` գլխուղեղի բնածին արատներ, վաղ հասակում տարած կաթվածներ, բորբոքումներ, հիպոկամպալ սկլերոզ և այլն:
Մինչ վիրահատությունը նրանք անցել են երկարատև վիդեո-ԷԷԳ մոնիտորինգ, ՄՌՏ և ՊԷՏ հետազոտություններ, կատարվել էր անցած հետազոտությունների համակարգչային համադրում և պոստ-պրոցեսինգ: Պացինետներից շատերի մոտ հաջողվել էր կատարել նաև ցնցումային ԷԷԳ, որն ավելի էր հստակեցրել էպիլեպտոգեն օջախի ճիշտ տեղակայումը:
Կատարված վիրահատությունները, որոնց մեջ նաև եզակիներ Հայաստանի համար, ինչպիսիք են հեմիսֆերոտոմիան, «everything but motor" վիրահատությունը, մինչ այժմ ցույց են տվել 95տոկոս արդյունավետություն և կարող են պացիենտների մեծ մասին ազատել հակացնցումային դեղի քրոնիկ ընդունումից:
Վիրահատություններն իրականացվել են արթուն և քնած նեյրոմոնիտորինգի ներքո: