Գլխավոր
Նորություններ
Արցախցի փոքրիկն «Արաբկիր» ԲՀ-ում է

Արցախցի փոքրիկն «Արաբկիր» ԲՀ-ում է

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխան, որին ռուս խաղաղապահների միջոցով Արցախից ուղղաթիռով Հայաստան են տեղափոխել այսօր կեսօրին, ընդունվել է «Արաբկիր» բժշկական համալիր:
 

Նշենք, որ երեխան Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հանրապետական հիվանդանոց էր ընդունվել մի քանի օր առաջ՝ տոնզիլիտով և ցանով, ընդունվելուց մի քանի օր հետո բժիշկները փոքրիկի մոտ նկատել են քնկոտություն և տարօրինակ, ակամա շարժումներ: Նրանք կապ են հաստատել «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության իրենց գործընկերների հետ՝ մասնագիտական խորհրդատվության նպատակով: Արցախում այս պահին մանկական նյարդաբաններ չկան և մասնագիտական մշտական կապը «Արաբկիր» բժիշկների հետ պահպանվում է հեռահար կապի հնարավոր բոլոր միջոցներով:

Մի քանի տեսազանգերից և հեռակա դիտարկումներից հետո որոշվել է, որ պետք է անպայման մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա կատարել, քանի որ կասկած էր առաջացել, որ վիրուսը ներթափանցել է նյարդային համակարգ, ախտահարել գլխուղեղը՝ առաջացնելով վիրուսային էնցեֆալիտ: Արցախի բժշկների թիմը հրատապ կազմակերպել է հետազոտությունն ու ախտորոշումը հաստատվել է: Սակայն հետագա ավելի մանրամասն ախտորոշումը, որը կպարզեր, թե կոնկրետ որ վիրուսն է առաջացրել այդ խնդիրը, հնարավոր չի եղել, քանի որ Արցախի ճանապարհն արդեն մեկ շաբաթից ավել է՝ ամբողջովին փակ է, իսկ հատուկ վիրուսային այդ թեստերն արվում են միայն Հայաստանում: Բուժումը նույնպես հնարավոր չէ կազմակերպել Արցախում, քանի որ այս պահին Ստեփանակերտում չկան բավարար քանակի անհրաժեշտ դեղեր: Երեխայի առողջական վիճակը փաստացիորեն վտանգված էր, հատկապես այն պարագայում, որ ՄՌՏ-ով բացահայտվել է մեկ այլ լուրջ խնդիր ևս. բացի բորբոքումից երեխայի ուղեղում նկատվել է նաև արյունազեղում: Արցախի բժիշկները հրատապ և անձնվիրաբար արել են հնարավոր առավելագույնը՝ երեխայի վիճակը վերակենդանացման բաժանմունքում կառավարելու համար, սակայն այն, այնուամենայնիվ, օր օրի ծանրացել է, պարզ է դարձել, որ այդ ծանրությամբ երեխան չի կարող կառավարվել շրջափակված Ստեփանակերտում, պետք է նրան տեղափոխել Երևան: Տեղափոխման կազմակերպումը ձգվել է ևս 24 ժամ, որի ընթացքում երեխայի վիճակն ավելի է վատացել, նրա մոտ սկսվել են ցնցումներ և նշանակվել է հակացնցումային դեղորայք:
 

Երեխան ուղղաթիռով Արցախից տեղափոխվել է Սիսիան: Սիսիանից Երևան նրան տեղափոխել է «Արաբկիր» բժշկական համալիրի ռեանիմացիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի թիմը՝ հատուկ կահավորված ռեանիմոբիլով: Այս պահին փոքրիկը գտնվում է հետազոտության փուլում՝ նախապես դրված ախտորոշումն ավելի հստակեցնելու և բուժման հետագա տակտիկան որոշելու համար:

Վերջին նորություններ
Երբ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտելը կարող է դառնալ քրեորեն պատժելի արարք...
23 հուլիս
ՀՀ ԱԺ է ներկայացվել օրենքի նոր նախագիծ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսելով նոր օրինագծի մասին, նշել է, որ բուժաշխատողի աշխատանքը խոչընդոտող մարդը պետք է պատժվի:Առաջարկվող փոփոխության նպատակն է բացառել բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունները: Առավել մանրամասն` ռեպորտաժում:
Չոր աչքի համախտանիշի կարևոր նշանների մասին
21 հուլիս
Այրոցի, մրմուռի զգացողություն աչքերում, լուսավախություն, արցունքահոսություն, տեսողության ժամանակավոր աղավաղում և կոպերում ծանրության զգացողություն. այս նշանները կարող են հուշել չոր աչքի համախտանիշի մասին: Ինչ է դա և ինչ է պետք անել նման դեպքում. Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի ակնաբույժ Լիլիթ Մնացականյանը` «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի շրջանակում:
Ի՞նչ է մանկական ականջաբորբը և ինչպե՞ս խուսափել հնարավոր բարդություններից
20 հուլիս
«Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆոյի» տաղավարում խոսել է մանկական ականջաբորբի և օտիտի մասին: Լսեք, սիրելի ծնողներ, եղեք տեղեկացված և ժամանակին դիմեք մանկաբույժին, որն էլ կուղղորդի նեղ մասնագետի մոտ, եթե լինի դրա կարիքը:
Երեխաների և դեռահասների սրտի ռիթմի խանգարումների մասին
17 հուլիս
Սրտի ռիթմի խանգարում հնարավոր է ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների մոտ: Ինչու է դա պատահում, ինչպես է արտահայտվում, ինչ հետևանքներ կարող են լինել սրտի ռիթմի արագացումից կամ հակառակը` դանդաղումից: Ինչպես կարող են ծնողները ճանաչել սրտի ռիթմի խանգարումն ու ինչ պետք է անել նման դեպքում: «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին պատասխանել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական սրտաբան Էմմա Սարգսյանը:
Տենդը երեխաների մոտ
15 հուլիս
Ինչո ՞ւ են երեխաները ջերմում և ի ՞նչ պետք է անել նման դեպքերում: Լսեք «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Մարինե Առուստամյանի խորհուրդները: Բժշկուհին պատասխանել է «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: 
Մանկաբույժ Լիա Անդրեասյանը խոսում է տոնզիլիտի մասին
09 հուլիս
Տոնզիլիտը երեխաների մոտ. թեմա, որ հետաքրքրում է ծնողներից շատերին, որովհետև չկա մի փոքրիկ, որին գոնե մեկ անգամ չի պատահել տոնզիլիտը, այն, ինչին հաճախ անվանում ենք կոկորդի ցավ: Թեմային անդրադարձել է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժներից Լիա Անդրեասյանը` պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության «ԲուժԻնֆո» հաղորդաշարի հարցերին: