Կայացավ «Ալերգոլոգիա և իմունոլոգիա» Հայաստանի միջազգային սիմպոզիումը` «Արաբկիր» բժշկական համալիրի, Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի (ICPD) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (CHLA) համատեղ ջանքերով` Առողջապահության նախարարության, Հայաստանում գործող ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ համագործակցությամբ:
Սիմպոզիումն իրականացվել է հիբրիդային ձևաչափով` օնլայն և օֆլայն հարթակներով համախմբելով տարեբր մասնագետների` ալերգոլոգների, իմունոլոգների, ընտանեկան բժիշկների և թերապևտների, մանկաբույժների, վարակաբանների, մաշկաբանների, թոքաբանների, անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապիայի մասնագետների: Մասնագիտական այսպիսի բազմազանությունն այս ոլորտի համագործակցային բնույթի մասին է խոսում:
Ելույթներով հանդես են եկել մասնագետներ Հայաստանից, ԱՄՆ-ի և Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից և համալսարաններից: Համաժողովի պատվավոր հյուրերն էին Սյուզան Հալկեն` Հարավային Դանիայի համալսարանի մանկաբուժության գիտահետազոտական բաժնի մանկական ալերգոլոգիայի կլինիկական պրոֆեսոր, Ֆիլիպ Այգենմանը` Ժնևի համալսարանական հիվանդանոցի մանկական ալերգոլոգիայի պաժանմունքի պրոֆեսոր, Անա Մարգարիդա Նեվեսը` Լիսաբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի մանկաբուժության դոցենտ և մանկաբուժության ամբիոնի մանկական ալերգոլոգիայի բաժնի համակարգող:
Սիմպոզիումը նախագահել է Րաֆֆի Թաշչյանը` բ.գ.թ., հանրային առողջապահության մագիստրոս, Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի դոցենտ: Համանախագահներն են եղել Ֆիլիպ Այգենմանը` Ժնևի համալսարանական մանկական հիվանդանոցից և Աստղիկ Բաղդասարյանը` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ից: