Երեկ Oragir.news-ում հրապարակված «Անահիտ Ավանեսյանին և «Ուիգմորին» բիզնես շահե՞ր են կապում. նոր հիվանդանոցի բացումը ռիսկային է մանկաբուժության ոլորտի համար» հոդվածում արծարծվել է «Արաբկիր» բժշկական համալիրի անունը, ինչի առիթով մի շարք լրագրողներ հարցեր են ուղղել մեզ, որոնց պատասխանում ենք ընդհանուր, քանի որ հարցերը հիմնականում նույն բնույթի էին` ինչու նախարարը չի կասեցրել նոր կլինիկայի բացումը, ինչու են «տանում» մասնագետներին, ինչպես եք վերաբերվում նոր կլինիկայի բացմանը:
Նախևառաջ ցանկանում ենք հիշեցնել կամ տեղեկացնել, որ նախարարը չի կարող որևէ կերպ խոչընդոտել որևէ նոր կլինիկայի բացմանը: ՀՀ-ում Տնտեսական կարգը և Բժշկական օգնություն և սպասարկում իրականացողների իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ և «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով, որոնք երաշխավորում են տնտեսական գործունեության ազատություն, ազատ տնտեսական մրցակություն և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու իրավունք` սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում:
Նախարարությունն իրավասություն ունի վերահսկել տրամադրվող բժշկական ծառայությունների որակն ու սահմանված չափորոշիչներին համապատասխանությունը` անկախ բժշկական հաստատության կարգավիճակից և սեփականության ձևից: Եթե ծառայությունները չեն համապատասխանում որակի և մյուս չափորոշիչներին և դա կրում է շարունակական բնույթ, նախարարությունը կարող է կասեցնել տվյալ բժշկական կազմակերպության լիցենզիան, իսկ եթե համապատասխանում են, նախարարությունը կարող է տվյալ կլինիկային պատվիրել կամ չպատվիրել ծառայություններ, կամ ինչպես ընդունված է ասել` «տեղադրել կամ չտեղադրել պետպատվեր»:
Այսպիսով, նախարարության, որպես պետական գերատեսչություն, և բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունների փոխհարաբերություններն այս կտրվածքով այսքանն են:
Անդրադառնալով «Արաբկիրից մասնագետներին «տանելուն»», ցանկանում ենք նշել, որ նախ` նոր բացվող կլինիկայի համար մասնագետներ հավաքագրվել են ոչ միայն մեր համալիրից, այլև հանրապետության այլ մանկական բժշկական հաստատություններից, հետո` այս հարցին նույնպես պետք է տալ օբյեկտիվ գնահատական. մասնագետները կարող են ունենալ տարբեր նպատակներ և փոխել իրենց աշխատանքի վայրը` իրենց նպատակներին հասնելու համար. մի մասը, կոպիտ ասած, ցանկություն չունի բուժել հասարակության անվճարունակ, աղքատ խավին, ձգտում է բուժել միայն վճարունակներին, մի մասը ձգտում է քիչ ջանքեր ներդնելով` ունենալ հնարավորություն ավելի շատ վաստակելու, մի մասն էլ ձգտում է էլ ավելի առաջընթաց ունենալ` բարելավելով իր կարգավիճակը գործունեության մեջ և, էլ ավելի մեծ պատասխանատվություն կրելով, տվյալ ծառայությունը կազմակերպել իր պատկերացումներով:
Բոլոր պարագաներում «Արաբկիր» բժշկական համալիրը հպարտ է, որ հանդիսանում է մանկաբուժության բնագավառի մասնագիտական դարբնոց, որտեղ երիտասարդ բժիշկներն ավարտելով իրենց մասնագիտացումը` կարող են աշխատել այլ բժշկական հաստատություններում:
Միանշանակ կարող ենք շեշտել, որ նրանք, ովքեր հիմնական նպատակ են դրել, կոպիտ ասած, «փող աշխատելը» և ոչ` մարդուն բուժելը, չեն համապատասխանում «Արաբկիրի» գաղափարախոսությանը:
Ինչ վերաբերում է մանկական բժշկական նոր հաստատության ստեղծմանը և մրցակցային նոր մարտահրավերների առաջացմանը, ապա մեր մոտեցումը միանշանակ է. եթե դա կբերի մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը և մատչելիությանը, ապա կհամապատասխանի մեր հիմնական նպատակին: Եթե դա կբերի ծառայությունների թանկացմանն ու դրանց մատուցման խտրականությանը, ապա բնակչությունն ինքը կորոշի, թե որտեղից օգտվել:
Մենք բազմիցս բարձրաձայնել ենք և շարունակում ենք պնդել, որ այսօր գործող մանկական բժշկական հաստատությունների, մասնավորապես, հայտնի 3 խոշոր կլինիկաների միջև մեծապես գերակայում է համագործակցությունը, քան մրցակցությունը: Մրցակցությունը կրում է առողջ բնույթ և ուղղված է ծառայությունների բարելավմանը:
Հույս ունենք, որ նորաստեղծ կլինիկան նույնպես այդ ճանապարհը պետք է ընտրի, քանի որ ոչ մի բժշկական հաստատություն առանձին վերցրած չի կարող լիարժեք լուծել գործունեության ընթացքում ծագող բոլոր խնդիրները: