Գլխավոր
Նորություններ
Մանկական օրթոպեդիա. ծուռթաթություն եւ դիսպլազիա

Մանկական օրթոպեդիա. ծուռթաթություն եւ դիսպլազիա

news.am-ի տեսանյութը բնածին ծուռթաթության եւ կոնքազդրային հոդի դիսպլազիայի մասին է` որպես մանկական օրթոպեդիայում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներ:
 

Մանրամասները ներկայացրել է «Արաբկիր» բժշկական համալիրի օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Վահե Յավրյանը:

 

Մանկական օրթոպեդիայում երկու ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաները՝ բնածին ծուռթաթությունն ու կոնքազդրային հոդի դիսպլազիան են։ Ըստ վիճակագրության՝ ծուռթաթության գործակիցը 1.5 է` 1000 նորածինի դեպքում, 40 երեխա ծնվում է կոնքազդրային հոդի դիսպլազիայով կամ թերզարգացած հոդով,եւ2-ը ՝ լրիվ հոդախախտով։

Երկու խնդիրների լուծման մոտեցումներում վերջին տարիներին մեծ փոփոխություններ են եղել, որոնք թույլ են տալիս խուսափել երեխաների հաշմանդամությունից։
 

«Արաբկիր» բժշկական համալիրի Օրթոպեդիայի ու վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Վահե Յավրյանն ասում է` ծուռթաթության դեպքում նախկինում երեխաները մի քանի անգամ վիրահատվում էին, եւ 15 տոկոսը ունենում էր հաշմանդամություն ամբողջ կյանքի համար։

Ամեն ինչ փոխվեց 2000–ականներին, երբ ներդրվեց Պոնսեթիի մեթոդը։ Այն առաջին անգամ Հայաստան է բերել հենց Վահե Յավրյանը, 2012թվականին ` հեղինակ Իգնասիո Պոնսետիի աշխատավայրում` Այովայի համալսարանում սովորելուց եւ «Արաբկիր» բժշկական համալիր վերադառնալուց հետո:
 

«Պոնսեթիի մեթոդը իրենից ներկայացնում է հատուկ մեթոդիկայով գիպսավորում, որը պետք է անել ճիշտ, ինչպես որ նկարագրված է։ Դրա արդյունավետությունն ապացուցված է միլիոնավոր ծուռթաթ երեխաների բուժման արդյունքում։ Դրանից հետո գալիս է երկրորդ փուլը, որն իր մեջ ներառում է աքքիլեսյան ջլի ենթամաշկային հատում։ Այս փուլը պարտադիր է ծուռթաթ երեխաների 95 տոկոսի համար։ Դրանից հետո գալիս է երրորդ էտապը, երբ երեխաները պետք է կրեն բրեյսեր։ Հայաստանում կիրառվում է այովա բրեյս տեսակի բրեսեր։ Կան նաեւ այլ տեսակի բրեյսեր, բայց այովա բրեսը հենց Այովայի համալսարանի կողմի դիզայնով մշակված բրեսն է։ Բուժման այս երեք կոմպոնենտները ունեն բուժման նույն կարեւորությունը։ Այսինքն չի կարելի ասել, որ կարեւոր է փոքր վիրահատությունը, գիպսավորումը կամ բրեսը, բոլոր համակցությունն է տալիս այն արդյունքը, որ ունենք այսօր», – ասում է բժիշկ Յավրյանը։
 

Այս մեթոդի կիրառման շնորհիվ Հայաստանում 2012 թվականից մինչ օրս ոչ մի երեխա բարդ վիրահատություն չի տարել եւ ծուռթաթության պատճառով հաշմանդամություն չունի:
 

«Հիմա ծուռթաթության բուժման լավ արդյունք համարում ենք թաթը, որը ոչ միայն ամբողջ մակերեսով հենվում է, այլ պահպանել է իր ֆունկցիոնալությունը եւ թաթի հոդերում շարժումների ծավալը։ Ես միշտ ծնողներին ասում եմ, որ եթե մենք մնանք ճիշտ պրոտոկոլի մեջ, եւ եթե դուք ուզենաք, որ ձեր երեխան ֆուտբոլով զբաղվի, նա կարող է այդ թաթով զբաղվել ֆուտբոլով», – ասում է նա։
 

Վահե Յավրյանը նաեւ նշում է, որ ծնողներն իրենք կարող են հեշտությամբ ախտորոշել ծուռթաթությունը. թաթը հնարավոր չէ ձեռքով ուղղել։
 

«Բնածին ծուռթաթությունն 4-բաղադրիչային դեֆորմացիա է, որը չի ուղղվում պարզապես ձեռքի շարժումով։ Խնդիրը շարակցական հյուսվածքում է եւ հիմնականում կապանների կարճության մեջ Է, որի հետեւանքով առաջանում է թաթը կազմող ոսկորների հոդախախտ եւ ենթահոդախախտ։ Դրան անհնար է շփոթել դիրքային խնդիրների հետ, որոնք կարող են լինել ներարգանդային փուլում, քանի որ դրանք շատ հեշտ ուղղվում են ձեռքով։ Սովորաբար ուսանողներին ասում եմ, որ ծուռթաթությունը կարիք չունի ախտորոշման բժշկի կողմից, քանի որ դա այնպիսի արտահայտված դեֆորմացիա է, որ ծնողն ինքը ծննդաբերությունից հետո տեսնում է այն։ Եթե դեֆորմացիան ձեռքով ուղղելիս ամբողջովին ուղղվում է, ուրեմն դա բնածին ծուռթաթություն չէ», - ասում է մանկական վնասվածքաբանը։
 

Բժիշկը կլինիկական բարդ դեպք է ներկայացնում. վերջերս մի 5 տարեկան երեխայի են ընդունել, որը մինչ այդ ծուռթաթության ոչ մի բուժում չէր ստացել։ 
 

«Մեզ համար տարօրինակն այն էր, որ երեխան մինչ այդ որեւէ բուժում չէր ստացել։ Նախկինում դժվար կլիներ պատկերացնել, որ 5 տարեկան ծուռթաթությունը հնարավոր է գիպսավորմամբ բուժել։ Բայց քանի որ մենք գրականությամբ ծանոթ ենք, որ պոնսետիի մեթոդը ոչ միայն նորածնային տարիքի համար է կիրառում, հոդվածներ կան մինչեւ 10 տարեկաների համար, որոշեցինք, որ երեխան պետք է բուժվի հենց այս մեթոդով։

Երեխան ստացավ գիպսավորում, դրվեց 7 գիպս, որից հետո կատարեցինք աքիլլեսյան ջլի ենթամաշկային հատում,եւայժմ երեխան կրում է օրտեզ։ Արդյունքները ավելի քան բավարար էին։ Մենք ունենք ամբողջ մակերեսով հենվող եւ բավականին ֆունկցիոնալ թաթ 5 տարեկան չբուժված դեպքի համար», – նշում է նա։

 

Իսկ ի՞նչ են կոնքազդրային հոդի դիսպլազիան եւ հոդախախտը:

Բժիշկը նշում է` կոնքազդրային հոդի հադախախտի հետ կապված մարդկանց մոտ թյուր պատկերացում կա, թե դա ծննդաբերության ժամանակ վնասվածքի հետեւանք է։ Իրականում դա բնածին խնդիր է՝ կոնքազդրային հոդի դիսպլազիա կամ թերզարգացած հոդ, որի վերջին աստիճանը հենց հոդախախտն է։
 

«Սա մեծ խնդիր էր օրթոպեդիայի համար, քանի որ կլինիկական զննումը եւ սիմպտոմները, որոնք մենք գիտեինք եւ գիտենք, թույլ էին տալիս ախտորոշել այն երեխաներին, որոնք ծնվել էին արդեն հոդախախտով եւ խիստ սահմանափակում էր ախտորոշումն այն երեխաների համար, որոնք ծնվել են դիսպլազիայով։ Բացի կլինիկական զննումից ունեինք այլընտրանք, որը ռենտգեն հետազգությունն էր, որը ամբողջովին թույլ չէր տալիս ախտորոշել։

1960-70-ական թվականներից ավստիրացի պրոֆեսոր Գրաֆի կողմից սկսվեց կիրառվելեւաստիճանաբար ներդրվել նորածինների կոնքազդրային հոդերի սոնոգրաֆիկ հետազոտությունը, որը հետագայում բժշկական համայնքի կողմից ընդունվեց որպես ապացուցված ախտորոշման մեթոդեւայժմ համարվում է ախտորոշման ոսկե ստանդարտ», – պատմում է մասնագետը։
 

Վահե Յավրյանը Ավստրիայում ուսանել է հենց Գրաֆի մոտ, հետո մեկ տարի փորձարկել է մեթոդը Երեւանյան ծննդատներից մեկում։ Առողջապահության նախարարության հետ երկարատեւ աշխատանքից հետո կոնքազդրային հոդի ուլտրաձայնային հետազոտությունը ներդրվել է Հայաստանում` որպես նորածնային համապետական սկրինինգային ծրագրի մաս։ Բժիշկ Յավրյանը հպարտությամբ նշում է. նույնիսկ ոչ բոլոր եվրոպական երկրներում է գործում այդպիսի սկրինինգային ծրագիր։ Ծրագրի շնորհիվ Հայաստանում այսօր գրեթե չունենք այդ խնդրի պատճառով հաշմանդումություն ունեցող երեխա։
  

«Մեթոդն ունի շատ բարձր ճշգրություն՝ 99,9 տոկոս։ Այն ամբողջությամբ թույլ է տալիս հայտնաբերել անգամ ամենափոքր թերզարգացած կոնքազդրային հոդըեւհամապատասխան միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի երեխան ժամանակին ստանա բուժում։ 2007 թվականին պաշտոնական տվյալներով մենք ՀՀ-ում ամեն տարի ունենում էինք 20 երեխա, որոնք առաջին կարգի հաշմանդամ էին դառնում կոնքազդրային հոդի հոդախախտ կամ զարգացող հոդախախտ։ Մեզ մոտ այդ պատճառով հաշմանդամության ցուցանիշն ամենաբարձրն էր։ Երբ ես նոր էի սկսում, իմ ուսուցիչը տարեկան շուրջ 30 երեխայի բաց վիրահատություն էր անում։ Եվ որպեսզի հասկանանք, թե ինչպիսի փոփոխություն մտցրեց սքրինինգի ներդրումը մեր հանրապետությունում, կարող եմ ասել, որ անցյալ տարի կոնքազդրային հոդի հոդախախտի պատճառով հաշմանդամություն ստացած 4 դեպք ենք ունեցել։ Կա ոսկե օրենք, որի համաձայն ունենք վաղ ախտորոշումեւուշ ախտորոշում։ վաղ ախտորոշումը նշանակում է, որ եթե երեխան ունի խնդիր, այդ խնդիրը պետք է առաջին 3 ամսում դիֆերենցված լինի։ Բուժումն այդ ժամանակ սկսելիս մենք գիտենք՝ դիսպլաստիկ է, թե հոդախախտված, հավանականությունը, որ կստանաս անատոմիապես լավ,ֆունկցիոնալ հոդ, ամբողջ կյանքի ընթացքում 98 տոկոս է», – նշում է Յավրյանը։  
 

«Արաբկիր» բժշկական համալիրում ծնողներին տրամադրվում է հատուկ տեղեկատվական թերթիկ, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե ինչպես պետք է խնամել կոնքազդրային հոդի դիսպլազիայով երեխային, որպեսզի հոդախախտ չզարգանա։

Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
07 հունիս
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:   Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաեւ միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով եւ սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել եւ համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy
Կարիեսի մասին իրազեկման օր
04 հունիս
Հունիսի 4-ը կարիեսի մասին իրազեկման օրն է   Կարիեսը քաղցր սննդից կամ բակտերիաներից ատամի էմալային մակերեսի վնասումն է, որի առաջին նշանները կարող են լինել աննկատ բծերի տեսքով: Դրանք հետագայում վեր են ածվում փոքր ու մեծ սեւ կետերի, հետո` խոռոչների, ինչն էլ «վտանգավոր ճանապարհ» է բացում ատամի նյարդ եւ արմատ` հասցնելով անգամ ատամի կորստի:   Ուշադիր եղեք երեխաների ատամների առողջության նկատմամբ, սիրելի ծնողներ, ճիշտ կազմակերպեք նրանց սննդակարգը, սովորեցրեք ճիշտ եւ ժամանակին լվանալ ատամները եւ դիմեք ատամնաբույժի` կարիեսի կանխարգելման համար: Ավելի հեշտ եւ արդյունավետ է կանխարգելել, քան բուժել կարիեսը եւ դրա հետեւանքները:   #cavity #arabkirmc #կարիես
17 տարվա համագործակցություն. պրոֆեսոր Զաուրենմանի այցը Արաբկիր
03 հունիս
  Ռեւմատոլոգիական ծառայության գործընկեր, պրոֆեսոր Տրաուդել Զաուրենմաննը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր:     Տրաուդել Զաուրենմաննը մանկական ռեւմատոլոգ է` Շվեյցարիայի Ցյուրիխի եւ Վինտերտուրի հիվանդանոցներում երկ արամյան փորձառությամբ: Արդեն 17 տարի նա համագործակցում է «Արաբկիրի» ռեւմատոլոգիական ծառայության, մասնավորապես, ծառայության ղեկավար Գայանե Խլոյանի հետ:     Ինչպես անցած այցերի դեպքում` պրոֆեսորի հետ քննարկվել են բարդ դեպքեր, այս անգամ շուրջ 40 դեպք: Պրոֆեսորը հանդես է եկել նաեւ դասախոսությամբ` նվիրված օջախային եւ համակարգային սկլերոդերմային:   #ԱրաբկիրԲՀ #arabkirmc #ռևմատոլոգիա #rheumatology
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
02 հունիս
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ:    
Երեխաների պաշտպանության միջազգային օր
01 հունիս
Սիրելի երեխաներ, մեր բոլորի ու յուրաքանչյուրի գանձեր,   շնորհավորում ենք ձեզ` ամենալուսավոր ու պայծառ տոնի` Հունիսի 1-ի առիթով: Այս օրը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 75 տարի առաջ` 1950 թվականին, երբ ձեզանից շատերի տատիկներն ու պապիկներն էին երեխաներ: Տարիներ անց դուք էլ ձեր երեխաների ու թոռների Հունիսի 1-ն եք նշելու` իմանալով, որ այն առաջին հերթին իրավունքների մասին է` խաղաղ, առողջ, անվտանգ ու ապահով ապրելու, կրթվելու, ներառվելու, ստեղծագործելու, ազատ, սիրով ու ջերմությամբ լի կյանք ունենալու իրավունքների: Եվ այսօր մենք, վաղը դուք` վաղվա մեծերը, ունենք պարտավորություն` ուժերի առավելագույն չափով պաշտպանելու այդ իրավունքները:   «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջապահական իրավունքի ջատագովն է, պաշտապնն ու ծառան: Բժիշկների, բուժքույրերի, մայրապետների ու մյուս մասնագետների մեր ամբողջ թիմն իր գործընկերների հետ` Հայաստանից ու աշխարհի առաջատար երկրներից, աշխատում է օրինբուն` հանուն ձեր առողջության, զարգացման, վերականգնման, ներառման ու լիարժեք կյանքի:   Վայելեք կյանքն իր բոլոր գույներով, սիրելի երեխաներ, եղեք առողջ ու երջանիկ` ընտանեկան ու ընկերական ձեր միջավայրում, դարձրեք ձեր երազանքները նպատակներ ու գնացեք դրանց հետեւից: Առողջություն, խաղաղ երկինք ու անհոգ մանկություն բոլորիդ:   #arabkirmc #ԱրաբկիրԲՀ #հունիսի1
Արտակարգ իրավիճակներ. վարժանք
30 մայիս
Հնչում է տագնապի ազդանշանն ու աշխատակիցներն ու պացիենտներն արագ ուղղություն են վերցնում դեպի ապաստարան. արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հերթական միջոցառումն էր «Արաբկիր» բժշկական համալիրում։   Օբյեկտային վարժանքի նպատակն իրազեկվածության բարձրացումն էր, հմտությունների բարելավումը։ Ներկա էին ավագ հրահանգիչներ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից եւ ավագ մասնագետ Արաբկիր վարչական շրջանի զորահավաքային բաժնից։ Անմիջական դիտարկման տակ անցկացված վարժանքին նրանց մասնագիտական գնահատականն ու գործնական խորհուրդներն, անխոս, կնպաստեն արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ գործողությունների ճիշտ կազմակերպմանը։