Պատանեկան իդիոպաթիկ արթրիտի օրվա առիթով «Արաբկիր» բժշկական համալիրում էր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Երեխաների, ծնողների, բժիշկների հետ անմիջական շփման այս ձևաչափը համահունչ է միջազգային օրվա հիմնական նպատակին` բարձրացնել իրազեկվածությունն ու ասել, որ շնորհիվ բժշկագիտության ձեռքբերումների` այս խնդիրն արդեն մեծապես կառավարելի է, հաղթահարելի են դժվարություններն ու բուժական ճիշտ տակտիկայի ու արդյունավետ դեղերի միջոցով կարելի է պահպանել ու լավացնել երեխաների կյանքի որակը:
«Արաբկիր» բժշկական համալիրն այս գաղափարների կրողն է տասնամյակներ շարունակ: Հենց այդ գաղափարներով է, որ ստեղծվել և Հայաստանի ռևմատոլոգներից շատերի համար մասնագիտական ձևավորման յուրահատուկ դարբնոց է դարձել մանկական ռևմատոլոգիական ծառայությունը` ախտորոշիչ, բուժական և դիսպանսեր վերահսկողության լայնածավալ գործառույթներով:
«Արաբկիր» բժշկական համալիրի և Առողջապահության նախարարության համատեղ ջանքերով 2024թ-ից հնարավոր է դարձել պատանեկան իդիոպաթիկ արթրիտ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին ձեռք մեկնած կարևոր ու աննախադեպ մի ծրագիր ևս. երեխաներն անհրաժեշտ դեղերը ստանում են պետական պատվերի շրջանակում: