«Բարև ձեզ, ես Քեսիդի Մեգանն եմ և ուզում եմ պատմել ձեզ մի խնդրի մասին, որ կոչվում է էպիլեպսիա ու ասել, որ էպիլեպսիա ունեցող մարդիկ այնպիսին են, ինչպիսին մյուսները, մեկն են ձեզանից»: Իննամյա աղջնակի այս նամակն է առիթ դարձել Էպիլեպսիայի համաշխարհային օրվա հռչակման, որը հաճախ նաև «Մանուշակագույն օր» են անվանում: Նպատակը մեկն է՝ ճանաչելի դարձնել էպիլեպսիան մարդկանց համար և ասել, որ այն դատավճիռ չէ, էպիլեպսիայով մարդիկ նույնպես երազել գիտեն և, որ շատ կարևոր է, գիտեն ապրել էպիլեպսիայով, էպիլեպսիայի հետ:
Հայաստանում ապրող էպիլեպսիա ունեցող երեխաները բժշկական օգնություն և սպասարկում են ստանում «Արաբկիր» բժշկական համալիրում: Այստեղ իրականացվում են ինչպես ախտորոշման և բուժման, այնպես էլ դիսպանսեր վերահսկողության բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Վերջին տարիների մեծ ձեռքբերումներից են էպիլեպսիայի դեպքում կատարվող վիրահատությունները, որոնց արդյունավետությունը գնահատվել է ինչպես արտասահմանյան, այպես և արդեն մեր փորձով: «Արաբկիրի» նյարդաբանության և նյարդավիրաբուժության ծառայությունը սերտ համագործակցում է Եվրոպայի գործընկերների հետ, մասնավորապես Բուլղարիայի, որոնց անմիջական մասնակցությամբ էլ մեզ մոտ ներդրվել է նյարդավիրաբուժական այս պրակտիկան: