Հնչում է տագնապի ազդանշանն ու աշխատակիցներն ու պացիենտներն արագ ուղղություն են վերցնում դեպի ապաստարան. արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հերթական միջոցառումն էր «Արաբկիր» բժշկական համալիրում։
Օբյեկտային վարժանքի նպատակն իրազեկվածության բարձրացումն էր, հմտությունների բարելավումը։ Ներկա էին ավագ հրահանգիչներ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից և ավագ մասնագետ Արաբկիր վարչական շրջանի զորահավաքային բաժնից։ Անմիջական դիտարկման տակ անցկացված վարժանքին նրանց մասնագիտական գնահատականն ու գործնական խորհուրդներն, անխոս, կնպաստեն արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ գործողությունների ճիշտ կազմակերպմանը։