Գլխավոր
Նորություններ
Ժան-Պիեռ Բեռնարի կիսանդրին «ԱրԲեՍ»-ում

Ժան-Պիեռ Բեռնարի կիսանդրին «ԱրԲեՍ»-ում

«ԱրԲեՍ» առողջության կենտրոնի բակում տեղադրվել է շվեյցարացի հումանիստ, «Արաբկիր» բժշկական համալիրի մեծ բարեկամ Ժան-Պիեռ Բեռնարի կիսանդրին` որպես սիրո եւ երախտագիտության նշան մի մարդու հանդեպ, որի հետ «Արաբկիրն» անցել է երկար ու բեղմնավոր ճանապարհ` սկսած 1988թ-ի երկրաշարժի օրերից:
 

Հիշատակի ոգեկոչման արարողությանը ներկա են եղել Ժան-Պիեռի կինն ու որդին` Ֆրանսուազ Բեռնարն ու Մարտեն Բեռնարը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանզը, Ժան-Պիեռի հայաստանցի գործընկերները, ընկերներն ու աշակերտները:
 

«Եթե ես սկսեմ պատմել մեր բարեկամության, մեր համատեղ ծրագրերի, դժվարությունների ու հաջողությունների պատմությունը, ապա օրեր հարկավոր կլինեն այդ ամենը ներկայացնելու: Ընդամենն ասեմ, որ այն, ինչ տեսնում եք դուք այսօր «Արաբկիր» բժշկական համալիրում, «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում, «Ապարանի» առողջարանային ճամբարում, այն ինչը ծառայում է այսօր հայ ժողովրդին, հայ մանուկներին` այդ ամեն ինչում, ինչպես ասում են, Ժան-Պիեռի մատը խառն է: Մենք չէինք լինի այսօր այն, ինչ կանք, եթե մեր կյանքում չլիներ Ժան-Պիեռը եւ եթե նա մեզ չսովորեցներ երազել: Ժան-Պիեռը մեր մեծ բարեկամն էր, մեր սիրելի ընկերը, մեր անգնահատելի խորհրդատուն, եւ անձամբ ինձ համար` եղբայր դարձած մարդ»,- իր խոսքում նշել է պրոֆեսոր Արա Բաբլոյանը:
 

«Հայաստանում դիվանագիտական իմ առաքելության ոչ երկար շրջանում ես հասկացա, որ Ժան-Պիեռը Հայաստան-Շվեյցարիա բարեկամության խորհրդանիշներից մեկն է, իսկ պրոֆեսոր Բաբլոյանի հետ նրա եղբայրության վերածված ընկերությունը` բազմաթիվ ծրագրերի ու գաղափարների աղբյուր` ուղղված առողջապահության զարգացմանն ու երեխաների կյանքի որակի լավացմանը Հայաստանում: Սա անգնահատելի է»,-ասել է դեսպան Ռոզենկրանզը:
 

Ներկաներին ողջունել են նաեւ ամենափոքրիկ արաբկիրցիները` Ժան-Պիեռի գաղափարով ստեղծված մանկապարտեզից` ներկայացնելով իրենց ջերմ կատարումները` հայերեն ու ֆրանսերեն:
 

Արա Բաբլոյանն ու Մարտեն Բեռնարը մշտադալար ծառեր են տնկել Ժան-Պիեռի կիսանդրու կողքին` հույսով, որ դրանք կապրեն երկար` ինչպես Հայաստան-Շվեյցարիա, «Արաբկիր» -Ժյուռա կանտոն, Արա Բաբլոյան-Ժան-Պիեռ բարեկամությունը:
 

Մարտեն Բեռնարը շնորհակալություն է հայտնել իրենց համար անչափ հուզիչ ու կարեւոր միջոցառման համար, նշելով, որ ամենաոգեւորողը փոքրիկներն են, որոնք մշտապես Ժան-Պիեռի մտքի մեջ էին ու նրա երազանքներում: «Եվ հիմա մենք ուրախ ենք, որ Ժան-Պիեռն այստեղ է՝ «ԱրԲեՍում»՝ այսքան կենդանի, այսքան բնական, պարզ ու իր նման համեստ այս ստեղծագործությամբ», ասել է Մարտեն Բեռնարը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով քանդակի հեղինակ Էմին Պետրոսյանին:

Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
07 հունիս
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:   Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաեւ միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով եւ սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել եւ համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy
Կարիեսի մասին իրազեկման օր
04 հունիս
Հունիսի 4-ը կարիեսի մասին իրազեկման օրն է   Կարիեսը քաղցր սննդից կամ բակտերիաներից ատամի էմալային մակերեսի վնասումն է, որի առաջին նշանները կարող են լինել աննկատ բծերի տեսքով: Դրանք հետագայում վեր են ածվում փոքր ու մեծ սեւ կետերի, հետո` խոռոչների, ինչն էլ «վտանգավոր ճանապարհ» է բացում ատամի նյարդ եւ արմատ` հասցնելով անգամ ատամի կորստի:   Ուշադիր եղեք երեխաների ատամների առողջության նկատմամբ, սիրելի ծնողներ, ճիշտ կազմակերպեք նրանց սննդակարգը, սովորեցրեք ճիշտ եւ ժամանակին լվանալ ատամները եւ դիմեք ատամնաբույժի` կարիեսի կանխարգելման համար: Ավելի հեշտ եւ արդյունավետ է կանխարգելել, քան բուժել կարիեսը եւ դրա հետեւանքները:   #cavity #arabkirmc #կարիես
17 տարվա համագործակցություն. պրոֆեսոր Զաուրենմանի այցը Արաբկիր
03 հունիս
  Ռեւմատոլոգիական ծառայության գործընկեր, պրոֆեսոր Տրաուդել Զաուրենմաննը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր:     Տրաուդել Զաուրենմաննը մանկական ռեւմատոլոգ է` Շվեյցարիայի Ցյուրիխի եւ Վինտերտուրի հիվանդանոցներում երկ արամյան փորձառությամբ: Արդեն 17 տարի նա համագործակցում է «Արաբկիրի» ռեւմատոլոգիական ծառայության, մասնավորապես, ծառայության ղեկավար Գայանե Խլոյանի հետ:     Ինչպես անցած այցերի դեպքում` պրոֆեսորի հետ քննարկվել են բարդ դեպքեր, այս անգամ շուրջ 40 դեպք: Պրոֆեսորը հանդես է եկել նաեւ դասախոսությամբ` նվիրված օջախային եւ համակարգային սկլերոդերմային:   #ԱրաբկիրԲՀ #arabkirmc #ռևմատոլոգիա #rheumatology
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
02 հունիս
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ:    
Երեխաների պաշտպանության միջազգային օր
01 հունիս
Սիրելի երեխաներ, մեր բոլորի ու յուրաքանչյուրի գանձեր,   շնորհավորում ենք ձեզ` ամենալուսավոր ու պայծառ տոնի` Հունիսի 1-ի առիթով: Այս օրը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 75 տարի առաջ` 1950 թվականին, երբ ձեզանից շատերի տատիկներն ու պապիկներն էին երեխաներ: Տարիներ անց դուք էլ ձեր երեխաների ու թոռների Հունիսի 1-ն եք նշելու` իմանալով, որ այն առաջին հերթին իրավունքների մասին է` խաղաղ, առողջ, անվտանգ ու ապահով ապրելու, կրթվելու, ներառվելու, ստեղծագործելու, ազատ, սիրով ու ջերմությամբ լի կյանք ունենալու իրավունքների: Եվ այսօր մենք, վաղը դուք` վաղվա մեծերը, ունենք պարտավորություն` ուժերի առավելագույն չափով պաշտպանելու այդ իրավունքները:   «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջապահական իրավունքի ջատագովն է, պաշտապնն ու ծառան: Բժիշկների, բուժքույրերի, մայրապետների ու մյուս մասնագետների մեր ամբողջ թիմն իր գործընկերների հետ` Հայաստանից ու աշխարհի առաջատար երկրներից, աշխատում է օրինբուն` հանուն ձեր առողջության, զարգացման, վերականգնման, ներառման ու լիարժեք կյանքի:   Վայելեք կյանքն իր բոլոր գույներով, սիրելի երեխաներ, եղեք առողջ ու երջանիկ` ընտանեկան ու ընկերական ձեր միջավայրում, դարձրեք ձեր երազանքները նպատակներ ու գնացեք դրանց հետեւից: Առողջություն, խաղաղ երկինք ու անհոգ մանկություն բոլորիդ:   #arabkirmc #ԱրաբկիրԲՀ #հունիսի1
Արտակարգ իրավիճակներ. վարժանք
30 մայիս
Հնչում է տագնապի ազդանշանն ու աշխատակիցներն ու պացիենտներն արագ ուղղություն են վերցնում դեպի ապաստարան. արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հերթական միջոցառումն էր «Արաբկիր» բժշկական համալիրում։   Օբյեկտային վարժանքի նպատակն իրազեկվածության բարձրացումն էր, հմտությունների բարելավումը։ Ներկա էին ավագ հրահանգիչներ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից եւ ավագ մասնագետ Արաբկիր վարչական շրջանի զորահավաքային բաժնից։ Անմիջական դիտարկման տակ անցկացված վարժանքին նրանց մասնագիտական գնահատականն ու գործնական խորհուրդներն, անխոս, կնպաստեն արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ գործողությունների ճիշտ կազմակերպմանը։