Շնչառական խնդիրները բավական տարածված են ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում: Դրանք կարող են ծագել տարբեր պատճառներով և պահանջել մասնագիտական տարբեր մոտեցումներ:
«Արաբկիր» բժշկական համալիրում համատեղված են շնչառական խնդիրների լուծման բոլոր ճանապարհները` ախտորոշման, բուժման, կանխարգելման և վերահսկողության օղակներով: Տարբեր ծառայությունների մեր թիմերի համատեղ ջանքերով պացիենտներն ազատվում են այդ խնդիրներից և շարունակում ապրել` լիարժեք շնչելով:
News.am-ի տեսանյութը շնչառության խանգարումների և դրանցից ազատվելու ժամանակակից ձևերի մասին է:
Քթային դժվարաշնչությունը կարող է լինել տարբեր պատճառներով: Քթի փակվածությունը կարող է առաջանալ վարակիչ հիվանդությունների պատճառով կամ կարող է լինել անատոմիական շեղումների կամ նորագոյացությունների հետևանք:
«Արաբկիր» բժշկական համալիրի ՔԿԱ մեծահասակների և մանկական ծառայության ղեկավար Գուրգեն Հարությունյանը նշում է. մեծահասակների և երեխաների մոտ դժվարաշնչության ամենահաճախ հանդիպող պատճառները տարբեր են.
Մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպող խնդիրը միջնապատի թեքվածությունն է։ Դրա հիմնական երկու պատճառներ կան՝ առաջինը, երբ միջնապատի հիմնական աճառային հատվածը, որը բաժանում է քթի աջ և ձախ հատվածները, ավելի արագ է աճում, քան գանգի ոսկրերը, և չտեղավորվելով այդ հատվածում, սկսում է դեֆորմացվել։ Մյուս՝ առավել հաճախ հանդիպող պատճառները քթի տրավմաներն են, թեկուզ մանկական տարիքում ստացած, որն այդ ժամանակ չի արտացոլվում, բայց աճին ու զարգացմանը զուգահեռ կրկին միջնապատը դեֆորմացվում է և խանգարում շնչառությանը։
Միջնապատին զուգահեռ գնում է խեցիների հիպերտրոֆիան, որի պատճառները կարող են լինել միջնապատի թեքվածությունը և երկար ժամանակ քթի անոթասեղմիչ կաթիլների օգտագործումը։ Այս խնդիրը կարող է զուգակցվել պոլիպներով, որոնք բերում են քթային անցուղիների փակման։
Երեխաների մոտ ամենահաճախը հանդիպում է ադենոիդ հյուսվածքի գերաճը, որը գտնվում է քթըմպանում։ Այդ հյուսվածքը 9-10 տարեկանում հետ զարգացում է ունենում և խնդիրը վերանում է, բայց շատ դեպքերում հյուսվածքն ունենում է գերաճ, որը խանգարում է շնչառությանը։ Բուժումը կախված է հյուսվածքի գերաճի աստիճանից։
Քթում պոլիպների առկայության դեպքում պարտադիր կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա՝ պոլիպների ամբողջական տեղակայումը և վիրահատության ծավալը որոշելու համար։ «Արաբկիրում» այսօր այս վիրահատությունը կատարվում է էնդոսկոպիկ եղանակով.
Ներկայումս քթի խոռոչում պոլիպների վիրահատությունը քթի և հարակից խոռոչներում մեր կլինիկայում կատարվում է ժամանակակից էնդոսկոպների օգնությամբ, որոնց դեպքում վնասը նվազագույնի է հասցվում, ոչ մի տեղից կտրվածք չի արվում և վիրահատությունները արվում են քթանցքների միջոցով՝ մոնիտորների վերահսկողությամբ։
Էնդոսկոպից բացի կենտրոնի ՔԿԱ ծառայությունը հագեցած է նաև այլ ժամանակակից սարքերով, որոնցով կատարվում է խեցիների աբլյացիա։
Շատ պացիենտների անհանգստանցում է խեցիների հիպերտրոֆիան։ Կան պացիենտներ, ովքեր ունեն դժվարաշնչություն միջնապատի հետ կապված բայց այժմ ևս ունեն դժվարաշնչության գանգատներ։ Դրա հիմնական պատճառը խեցիների հիպերտրոֆիան է։ Կան խեցիների բուժման ժամանակակից մոտեցումներ․ ինչպես վիրահատական միջամտություն, որի դեպքում կատարվում է խեցիների վազատամիա, վատերոպոզիցիա, այնպես էլ ամբուլատոր պայմաններում կարելի է կատարել խեցիների վիրահատություն։ Մեր կլինիկայում ունենք Olympus ֆիրմայի Selon սարքը, որը ժամանակակից, պահպանողական, խնայողական և արագ մեթոդ է։ Խեցիների աբլյացիա է կատարվում, որի ժամանակ խեցիները կրճատվում են և ունենում ենք բավականին լավ էֆեկտ։
Մեկ այլ մեծ խումբ, որը հանգեցնում է շնչառական բարդությունների, ալերգիկ ռինիտն է: Եվ այս խմբի բուժման համար անհրաժեշտ է դիմել ոչ միայն ԼՕՌ մասնագետին, այլև ալերգոլոգին: «Արաբկիր» բժշկական համալիրում այս խնդիրը լուծում են համալիր մոտեցմամբ։ Օտորինոլարինգոլոգը ձեզ անպայման կուղարկի ալերգոլոգիական ծառայություն ստուգման, եթե կասկածի, որ ձեր դժվարաշնչության պատճառը ալերգիան է։ Իսկ ալերգիայի հետևանքները, որոնք հանգեցրել են շնչառության դժվարության, կբուժի ԼՕՌ մասնագետը։ Գուրգեն Հարությունյանի խոսքով՝ հատկապես պետք է ուշադիր լինել պոլիպների նկատմամբ, որոնք կարող են ալերգիկ ծագում ունենալ և կապված լինել բրոնխիալ ասթմայի հետ։
Դրա համար նման դեպքերում շատ հաճախ դիմում ենք ալերգոլոգի խորհրդատվության և հիվանդությունները վարվում են իրար հետ։ Ասթմայի հայտնաբերման դեպքում մինչ պոլիպի հեռացման վիրահատությունը պարտադիր է հիվանդներին նախապատրաստել և դա կատարվում է ալերգոլոգիների վերահսկողության տակ, կատարվում են շնչառական թեստեր, գնահատվում է ասթմայի ծանրության աստիճանը, նշանակվում բուժում, նախապատրաստում հիվանդին և գնում վիրահատության։
Շատ հանդիպում են նաև ալերգիկ ռինիտները, որոնք բերում են դժվարաշնչության, խեցիների այտուցվածության, անընդհատ լորձարտադրության՝ փռշտոցներով։ Կարող են լինել ինչպես սեզոնային, այնպես էլ շուրջտարյա ալերգիկ ռինիտներ։ Բուժումը այստեղ կատարվում է ոչ միայն քիչ-կոկորդ ականջաբանի կողմից կաթիլների նշանակմամբ, այլև ալերգոլոգի հետ համատեղ, որ նրանք նշանակեն բուժում, որոշեն ալերգենի տեսակը։
Լինում են դեպքեր, երբ ալերգիկ ռինիտը կա, բայց կա նաև արտահայտված միջնապատի թեքվածություն, որ անգամ խեցիների կրճատվելու ֆոնի վրա մեկ է՝ թեքվածությունը խանգարելու է շնչառությանը։ Այդ դեպքում գնում ենք վիրահատական միջամտության․ ուղղվում է միջնապատը, կրճատվում են խեցիները։
Գոյություն ունի մի հասկացություն, երբ միջնապատը վիրահատելուց հետո հիվանդները հարցնում են՝ մեր գանգատները կվերանան, թե չէ։ Վիրահատության արդյունքում այդ մարդու ալերգիկ ռինիտը չի վերանալու, սակայն երբ մենք ուղղում ենք միջնապատը և օդը սկսում է ճիշտ հոսել, ալերգիայի ժամանակ խեցիների մեծացման դեպքում շնչառությունը այդ աստիճան դժվարացած չի լինի։
Շնչառական բժշկության և ալերգոլոգիական ծառայության ղեկավար Աստղիկ Բաղդասարյանն ասում է. ալերգիայի ախտորոշումն իրականացվում է երկու փուլով.
Առաջին փուլում մաշկային բրիք թեստերն են, որոնք հնարավորություն են տալիս մեծ քանակով հաճախակի հանդիպող ալերգենների նկատմամբ ստուգել գերզգայնությունը կամ սենսիբիլիզացիան և առաջարկել ալերգիկ ռինիտի կոնսերվատիվ բուժում, որը լինում է երկու տեսակի՝ սեզոնային բուժում և վերջնական բուժում, որը կոչվում է ալերգեն սպեցիֆիկ իմունոթերապիա։ Դրա համար անհրաժեշտ է նաև մոլեկուլյար դիագնոստիկա, որը ևս կարողանում ենք իրականացնել, այսինքն երբ ուզում ենք պարզել, թե որ լուծույթներն են անհարժեշտ թիրախավորված բուժում իրականացնելու համար, քանի որ տարբեր մարդիկ տարբեր ալերգեններից կամ դրանց տարբեր հատվածներից են ունենում ալերգիա։ Որպեսզի մենք ճիշտ ընտրենք բուժումը, նպատակաուղղված, այդ մոլեկուլյար դիագնոստիկան ենք իրականացնում արյան թեստերի միջոցով և առաջարկում իմունոթերապիա, որը տևում է 3-5 տարի։ Մեքն աշխատում ենք նվազագույն տևողությամբ իրականացնել բուժումը՝ 3 տարի, որն օգնում է հետագա կյանքի տարիների համար ալերգիկ ռինիտի աշխատնիշները նվազեցնել 60-80 տոկոսով, ինչը նշանակում է, որ եթե մարդը սեզոնի ընթացքում՝ 3-4 ամիս, օգտագործում են ամենօրյա դեղեր և անգամ այդ պարագայում չեն կարողանում նորմալ շնչել, անգամ զարգացնում են ստորին շնչուղիների բորբոքում՝ ասթմա, այս դեպքում 60-80 տոկոսով ամեն տարի նվազում է դեղերի օգտագործման քանակը և համապատասխանաբար նաև ասթմայի զարգացման ռիսկը։
Ալերգիայի և ասթմայի հետազոտության համար «Արաբկիր» բժշկական համալիրն ունի եզակի շնչառական լաբորատորիա, որտեղ որոշում են թոքերի ստատիկ և դինամիկ ծավալները, հետազոտում են տարբեր բիոմարկերներ, ստուգում թոքերի և սրտի աշխատանքը ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ.
Քանի որ ալերգիաները հաճախ ուղեկցվում են ասթմայով, մենք ունենք Հայաստանում եզակի շնչառական լաբորատորիա, որը հնարավորություն է տալիս որոշել թոքերի ստատիկ և դինամիկ ծավալները։ Կամ որ նույնն է՝ որքան օդ է տեղավորվում թոքերում, ինչ արագությամբ է մարդը արտշնչում, երբ մարդը շնչում է, որքան մնացորդային օդ է մնում թոքերում, և արդյոք այդ ցուցանիշները օբյեկտիվ են։ Քանի որ մենք հաճախ երեխաների հետ ենք գործ ունենում, որոնք դժվարանում են տեխնիկապես ճիշտ իրականացնել, կամ մեծահասակների, որոնք հիվանդության պատճառով դժվարություններ ունեն և այսպես կոչված բոդիպլետիսմոգրաֆիան մեզ թույլ է տալիս օբյեկտիվ ծավալները որոշել՝ անկախ պացիենտի կամքից։ Հիմնվելով այդ օբյեկտիվ տվյալների վրա՝ կարողանում ենք ախտորոշումը հաստատել կամ մերժել։
Ունենք նաև բիոմարկերների հետազոտություն։ Այսինքն երբ ուզում ենք իմանալ՝ արդյոք մարդու շնչուղիներում կա խրոնիկ բորբոքում և արդյոք նշանակվող բուժումը ժամանակավոր է լինելու, թե երկարատև, մենք որոշում ենք՝ արտաշնչական ազոտի օքսիդի հետազոտությամբ, որը ալերգիկ բորբոքման բիոմարկեր է շնչուղիներում և այժմ աշխարհում, հիմնականում՝ զարգացած երկրներում կիրառվում է ասթմայի ախտորոշման հաստատման համար։
Ունենք նաև ախտորոշման հաստատման թեստեր։ Քանի որ մենք աշխատում ենք նաև զինակոչիկների հետ, ում դեպքում շատ կարևոր է հասկանալ, թե արդյոք մարդը խնդիր ունենում է ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում, և եթե ունենում է, ինչ տիպի խնդիր է՝ շնչառությամբ է պայմանավորված, սրտի աշխատանքով, թե առկա են նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Այս դեպքում ունենք երկու հետազոտության տեսակ։ Մեկը ֆիզիկական ծանրաբեռնվածության ասթմայի թեստն է, որի դեպքում մարդը վազում է և մենք կարողանում ենք վազքի ընթացքում որոշել՝ ինչպիսի փոփոխությունների են ենթարկվում շնչուղիները։ Մյուսը թույլ է տալիս բացի շչուղիներից ստուգել նաև սիրտը, այսինքն էլեկտրասրտագրություն, միաժամանակ որոշում ենք՝ մարդը ինչքան թթվածին է արտաշնչում, ինչքան ածխաթթու գազ է արտաշնչում ներշնչման, որքան թթվածին է ներշնչում, այդ ընթացքում սիրտը ինչպես է աշխատում, և կարողանում ենք որոշել, թե այդ ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակումը օրգանիզմի որ օղակի սխալ աշխատանքի պատճառով է տեղի ունենում կամ գուցե ոչ մարզված լինելու։ Այս հետազոտությունը մենք հաճախ կիրառում ենք նաև սպորտսմենների մարզունակությունը պարզելու համար։
Աստղիկ Բաղդասարյանն ասում է`քիթը շնչուղիների ծխնելույզն է։ Երբ այն փակված է, ստորին շնչուղիներում նույնպես կարող է խնդիր առաջանալ, քանի որ վերին և ստորին շնչուղիները կապված են իրար հետ: Ծխնելույզով` օդատար համակարգ, ապա հիմնական օրգաններ` թոքեր և հակառակը. «Արաբկիրում» ուշադրության կենտրոնում են առողջ շնչառության բոլոր հատվածները` ախտորոշող, բուժող, պահպանող և կանխարգելով բոլոր եղանակներով: