Գլխավոր
Նորություններ
Առաջին անգամ Հայաստանում. ստերեոէէգ

Առաջին անգամ Հայաստանում. ստերեոէէգ

 

«Արաբկիր» բժշկական համալիրի նյարդավիրաբույժների եւ նյարդաբանների թիմը Հայաստան է բերում էպիլեպսիայի ախտորոշման եւ բուժման արդիական մեթոդները: Այս անգամ բուլղարացի գործընկերների հետ` Սոֆիայի Իվան Ռիլսկու անվան համալսարանական հիվանդանոցից, մեր բժիշկները ստերեոէէգ են կատարել. եզակի միջամտություն` էպիլեպսիայի օջախները հստակ հայտնաբերելու եւ հետագա վիրահատական բուժումը ճիշտ կազմակերպելու համար:
 

Մանրամասները` news.am-ի տեսանյութում:

 

14 տարեկան Էրիկը, որը մանկուց ունի դեղորայքակայուն էպիլեպսիա, այժմ հնարավորություն ունի վերջնականապես ազատվելու ցնցումներից։ «Արաբկիր» բժշկական համալիրում նա ժամանակակից հետազոտություն է անցել։ Կատարել են ստերեոէնցեֆալոգրաֆիա։ Դա ախտորոշիչ, իսկ որոշ դեպքերում՝ բուժիչ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ հայտնաբերել էպիլեպսիայի օջախները գլխուղեղում։ Հայաստանում այն կատարվել է առաջին անգամ։

 

Ի տարբերություն սովորական էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի, ստերեոէէգ–ն կատարվում է վիրահատական՝ քիչ ինվազիվ եղանակով։ Գլխուղեղի խորանիստ հատվածներում ստերեոտակտիկ համակարգի օգնությամբ տեղադրվում են հատուկ էլեկտրոդներ, որոնց միջոցով գրանցվում է Էպիլեպտիկ ակտիվությունը։
 

«Ստերեոէէգն համարվում է հետազոտություն նախևառաջ, բայց հետազոտության արդյունքներից ելնելով հնարավոր է նաև կատարել քիչ ինվազիվ բուժում էպիլեպսիայի։ Տեղադրվում են էլեկտրոդներ, այնուհետև նյարդաբանական թիմը հետազոտում է բոլոր կոնտակտները, և համապատասխան օջախները հայտնաբերելու դեպքում կատարվում է քննարկում՝ կատարել արդյոք կոագուլյացիա, թե տվյալ հատվածի վիրաբուժական հեռացում», – ասում է «Արաբկիր» ԲՀ–ի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը։
 

Էրիկի դեպքը յուրահատուկ էր՝ նրան հետազոտել էին բոլոր հնարավոր եղանակներով, սակայն էպիլեպտոգեն օջախը որոշել չէր հաջողվում։ Ճշգրիտ ախտորոշման համար նրա գլխուղեղում այժմ 12 էլեկտրոդ են տեղադրել, և բժիշկները հետևում են երեխայի ուղեղի ակտիվությանը՝ հետագա բուժման ընթացքը որոշելու համար։ 
 

«Ինչի մենք որոշեցինք կատարել այս պացիենտին ստերեոէէգ, որովհետև կար կասկած, թե որտեղից է ծագում էպիլեպտիկ ակտիվությունը։ Էրիկը ուներ օջախ, տեսանելի ՄՌՏ–ի վրա, բայց Էրիկի նոպաների նկարագրությունը, վիդեոտեսագրությունը, ինչպես նաև ԷԷԳ–ն չէր համընկնում, և կասկած էր հուրուցում  կլինիցիստների մոտ, որ օջախը, որը ենթակա է հեռացման, դա չէ։
 

Եվ մենք որոշեցինք, բացի այդ օջախից նաև էլեկտրոդներ տեղադրել առաջային հատվածներում, որոնք ավելի կասկածելի էին թվում ցնցման կլինիկական պատկեր առաջացնելու մեջ։ Եվ անմիջապես երկրորդ օրը տեղադրումից հետո  մենք համոզվեցինք, որ մեր հիպոթեզը ճիշտ էր, որ այդ օջախը որևէ կապ չուներ Էրիկի էպիլեպսիայի հետ, և ցնցումները նույն կողմի բայց շատ ավելի առաջային հատվածներից են ծագում։ Ու դա մեզ հնարավորություն է տալիս ճշգրիտ պլանավորելու սպասվելիք վիրահատությունը», – ասում է «Արաբկիր» ԲՀ–ի Նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը։  
 

«Արաբկիր» բժշկական համալիրում առաջին ստերեոէնցեֆալոգրաֆիան կատարվել է բուլղարացի բժիշկների մասնակցությամբ։ Սոֆիայից մանկական նյարդաբան Պետյա Դիմովան ասում է. Բիայնա Սուխուդյանի և «Արաբկիր» ԲՀ–ի նյարդավիրաբուժական թիմի հետ համագործակցում են արդեն 15 տարի։
 

«Հրաշալի թիմ է։ Սա դեռ առաջին դեպքն է, բայց իրենք ամեն ինչ գիտեն, և կարող են վիրահատել ապագայում, և օգնել պացիենտներին Հայաստանում։ Այս հիվանդանոցը, ղեկավարությունը շատ բան է անում, որպեսզի հետազոտման և բուժման բոլոր ժամանակակից մեթոդները հասանելի լինեն Հայաստանի քաղաքացիներին, հատկապես՝ երեխաներին», – ասում է Բուլղարիայից մանկական  նյարդաբան Պետյա Դիմովան։
 

Բժիշկներն այժմ հետևում են երեխայի սպոնտան ցնցումներին, ինչպես նաև կատարում են հատուկ ստիմուլյացիա, որպեսզի ընտրեն այն կոնտակտները, որոնք պետք է ենթարկվեն աբլյացիայի։ Փոքր օջախների դեպքում աբլյացիայից հետո խնդիրը կարող է վերջնականապես լուծվել, բայց որպես կանոն դա միայն ժամանակավոր ազդեցություն է ունենում։ Հիվանդության վերջնական բուժման համար անհրաժեշտ է էպիլեպտոգեն օջախը հեռացնել վիրահատական եղանակով։

Վերջին նորություններ
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» ԲԿ-ում
07 հունիս
Պրոֆեսոր Քրիստիան Բրեգերը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր` գաստրոէնտերոլոգիական եւ էնդոսկոպիկ ծառայությունների հետ շարունակական համագործակցության շրջանակում:   Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում որպես գաստրոէնտերոլոգիայի եւ սննդաբանության ծառայության ղեկավար երկարամյա փորձառություն ունեցող պրոֆեսորը մի շարք խնդրահարույց կլինիկական դեպքերի խորհրդատվական քննարկումներ է անցկացրել ինչպես «Արաբկիրի» գործընկերների, այնպես էլ այլ բժշկական հաստատությունների մասնակիցների հետ։   Պրոֆեսորի անմիջական դիտարկմամբ իրականացվել են մի շարք էնդոսկոպիկ միջամտություններ` գաստրոսկոպիա եւ կոլոնոսկոպիա բազմաստիճան բիոպսիաներով, ինչպես նաեւ միջմաշկային էնդոսկոպիկ գաստրոստոմայի` PEG-ի տեղադրումներ նյարդաբանական խանգարումներով երեխաների, որոնք ունեն կլման ակտի, այդպիսով եւ սնուցման լուրջ դժվարություններ:   Այցի շրջանակում Քրիստիան Բրեգերը հանդիպել եւ համագործակցության նոր գաղափարներ է քննարկել նաեւ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ: #arabkirmc #gastroenterology #գաստրոէնտերոլոգիա #endoscopy
Կարիեսի մասին իրազեկման օր
04 հունիս
Հունիսի 4-ը կարիեսի մասին իրազեկման օրն է   Կարիեսը քաղցր սննդից կամ բակտերիաներից ատամի էմալային մակերեսի վնասումն է, որի առաջին նշանները կարող են լինել աննկատ բծերի տեսքով: Դրանք հետագայում վեր են ածվում փոքր ու մեծ սեւ կետերի, հետո` խոռոչների, ինչն էլ «վտանգավոր ճանապարհ» է բացում ատամի նյարդ եւ արմատ` հասցնելով անգամ ատամի կորստի:   Ուշադիր եղեք երեխաների ատամների առողջության նկատմամբ, սիրելի ծնողներ, ճիշտ կազմակերպեք նրանց սննդակարգը, սովորեցրեք ճիշտ եւ ժամանակին լվանալ ատամները եւ դիմեք ատամնաբույժի` կարիեսի կանխարգելման համար: Ավելի հեշտ եւ արդյունավետ է կանխարգելել, քան բուժել կարիեսը եւ դրա հետեւանքները:   #cavity #arabkirmc #կարիես
17 տարվա համագործակցություն. պրոֆեսոր Զաուրենմանի այցը Արաբկիր
03 հունիս
  Ռեւմատոլոգիական ծառայության գործընկեր, պրոֆեսոր Տրաուդել Զաուրենմաննը կրկին «Արաբկիր» բժշկական համալիրում էր:     Տրաուդել Զաուրենմաննը մանկական ռեւմատոլոգ է` Շվեյցարիայի Ցյուրիխի եւ Վինտերտուրի հիվանդանոցներում երկ արամյան փորձառությամբ: Արդեն 17 տարի նա համագործակցում է «Արաբկիրի» ռեւմատոլոգիական ծառայության, մասնավորապես, ծառայության ղեկավար Գայանե Խլոյանի հետ:     Ինչպես անցած այցերի դեպքում` պրոֆեսորի հետ քննարկվել են բարդ դեպքեր, այս անգամ շուրջ 40 դեպք: Պրոֆեսորը հանդես է եկել նաեւ դասախոսությամբ` նվիրված օջախային եւ համակարգային սկլերոդերմային:   #ԱրաբկիրԲՀ #arabkirmc #ռևմատոլոգիա #rheumatology
Բարի տարեդարձ, Աշոտ Վարոսի
02 հունիս
‼️🎉«Արաբկիր» բժշկական համալիրի հենասյունային ծառայություններից մեկի` ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման ծառայության ղեկավար Աշոտ Վարոսի Գյուլբուդաղյանի 70-ամյակն է: Մասնագետ, որի նվիրական աշխատանքի շնորհիվ տասնամյակներ շարունակ հազարավոր երեխաների կյանքեր են փրկվել` բառի ամենաբուն իմաստով, մարդ, որի սրտացավության ու կարեկցանքի շնորհիվ սփոփվել են անգամ ամենածանր վիճակում հայտնված ծնողներն ու խաղաղվել նրանց մտքերը:    Շնորհավորում ենք, սիրելի Աշոտ Վարոսի, Ձեր ներդրումն անգնահատելի է, անչափելի` ոչ միայն մեր համալիրի, այլեւ ամբողջ հանրապետության մասշտաբով: Առողջություն, անսահման սեր եւ արեւշատություն ենք մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին ❤️   Աշխատանքն «ինտենսիվ թերապիայում» ինտենսիվ է, նկարահանումները` ճիշտ հակառակը: Այդ պատճառով առաջարկում ենք մեկ անգամ եւս դիտել Հանրային հեռուստաընկերության` ավելի վաղ պատրաստած տեսանյութերից մեկը` գյուղատնտեսական թունաքիմիկատից երեխայի ծայրահեղ ծանր թունավորման մասին: Մեկ անգամ եւս դիտեք, լսեք վաստակաշատ բժիշկ Աշոտ Գյուլբուդաղյանի խորհուրդները, սիրելի ծնողներ, եւ աչալուրջ եղեք երեխաների առողջության նկատմամբ:    
Երեխաների պաշտպանության միջազգային օր
01 հունիս
Սիրելի երեխաներ, մեր բոլորի ու յուրաքանչյուրի գանձեր,   շնորհավորում ենք ձեզ` ամենալուսավոր ու պայծառ տոնի` Հունիսի 1-ի առիթով: Այս օրը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր առաջին անգամ նշվել է 75 տարի առաջ` 1950 թվականին, երբ ձեզանից շատերի տատիկներն ու պապիկներն էին երեխաներ: Տարիներ անց դուք էլ ձեր երեխաների ու թոռների Հունիսի 1-ն եք նշելու` իմանալով, որ այն առաջին հերթին իրավունքների մասին է` խաղաղ, առողջ, անվտանգ ու ապահով ապրելու, կրթվելու, ներառվելու, ստեղծագործելու, ազատ, սիրով ու ջերմությամբ լի կյանք ունենալու իրավունքների: Եվ այսօր մենք, վաղը դուք` վաղվա մեծերը, ունենք պարտավորություն` ուժերի առավելագույն չափով պաշտպանելու այդ իրավունքները:   «Արաբկիր» բժշկական համալիրը ձեր առողջապահական իրավունքի ջատագովն է, պաշտապնն ու ծառան: Բժիշկների, բուժքույրերի, մայրապետների ու մյուս մասնագետների մեր ամբողջ թիմն իր գործընկերների հետ` Հայաստանից ու աշխարհի առաջատար երկրներից, աշխատում է օրինբուն` հանուն ձեր առողջության, զարգացման, վերականգնման, ներառման ու լիարժեք կյանքի:   Վայելեք կյանքն իր բոլոր գույներով, սիրելի երեխաներ, եղեք առողջ ու երջանիկ` ընտանեկան ու ընկերական ձեր միջավայրում, դարձրեք ձեր երազանքները նպատակներ ու գնացեք դրանց հետեւից: Առողջություն, խաղաղ երկինք ու անհոգ մանկություն բոլորիդ:   #arabkirmc #ԱրաբկիրԲՀ #հունիսի1
Արտակարգ իրավիճակներ. վարժանք
30 մայիս
Հնչում է տագնապի ազդանշանն ու աշխատակիցներն ու պացիենտներն արագ ուղղություն են վերցնում դեպի ապաստարան. արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման հերթական միջոցառումն էր «Արաբկիր» բժշկական համալիրում։   Օբյեկտային վարժանքի նպատակն իրազեկվածության բարձրացումն էր, հմտությունների բարելավումը։ Ներկա էին ավագ հրահանգիչներ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից եւ ավագ մասնագետ Արաբկիր վարչական շրջանի զորահավաքային բաժնից։ Անմիջական դիտարկման տակ անցկացված վարժանքին նրանց մասնագիտական գնահատականն ու գործնական խորհուրդներն, անխոս, կնպաստեն արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ գործողությունների ճիշտ կազմակերպմանը։