Ապրիլի 2. աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր
Այս օրը բժշկական օրացույցում առանձնացել է 2007թ-ից` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ: Նպատակը` խոսել և բարձրացնել հասարակության իմացությունը` աուտիզմ ունեցող մարդկանց, նրանց իրավունքների և հնարավորությունների մասին:
Այս տարի առաջին անգամ այդ մասին խոսելու են հենց իրենք` աուտիզմ ունեցող անհատներ, միջազգային ֆորումի ժամանակ ներկայացնելով իրենց փորձը` տարբեր տարածաշրջաններից: Օրվա կարգախոսն է` «Շարժվելով առաջ` գոյատևումից դեպի բարգավաճում»:
«Արաբկիր» բժշկական համալիրը աուտիզմ ունեցող երեխաների հարցերով զբաղվող առաջին կազմակերպություններից է մեր երկրում, եթե ոչ հենց ամենաառաջինը: Դեռ 90-ականների սկզբին մեր մասնագետները` «ԱրԲեՍ» առողջության կենտրոնից, վերապատրաստումներ են անցել ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում` մասնակից դառնալով մանկական վերականգնողաբանության, զարգացման մանկաբուժության և հարակից այլ ոլորտների ամենաթարմ ծրագրերով դասընթացների ու միջազգային գիտաժողովների և Հայաստան բերելով մասնագիտական այդ նորություններն ու այստեղ հիմք դնելով նոր ծառայությունների ստեղծմանը, այդ թվում և` աուտիզմի ախտորոշման, վերահսկողության ու երեխաների հետ մասնագիտացված թիմի աշխատանքի:
Կարևոր է հիշել, որ աուտիզմը, ինչպես և ցանկացած այլ խնդիր, կարող է պատահել ցանկացած մեկին, ոչ ոք ապահովագրված չէ, և տեղեկացված լինելն ու գրագետ քայլերով առաջ գնալը նման դեպքերում չափազանց կարևոր են: